Գարնան պատրանք են հյուսում ամենուր։
Եվ իմ մեջ ահա բույներ եմ փնտրում
Ես նրանց համար,
Որ աշնան ցուրտը չդիպչի հանկարծ։
Հետո ասում եմ՝ սիրելի հավքեր,
Ձեր բույնն իմ մեջ է,
համեցեք, խնդրեմ,
Ուզում եմ լցվել ես ձեր աղմուկով,
Իմ մեջ պարուրել ձեր տխրությունը՝
Հեռացման համար
Ձեր իսկ թեւերին փայփայած-բերած
անուշ գարունքվա.
Եվ մի չվեցեք...
Իմ մեջ ձեզ նման մի ճերմակ աղջիկ
Ձեր փետուրները կշոյի սիրով,
կշրշա բառեր,
Որ ձեզ կթվա՝ ձեր երգերից են,
Ապա կտեսնեք,
Թե այդ աղջիկը ձեզանից խնդրած
Մեն մի փետուրի տաք շոյանքներով
Ինչպես է բուժում ցավերն աշխարհի։
Լսո՞ւմ եք, հավքեր, դուք մի չվեցեք,
Մենակ մի թողեք այն լավ աղջկան,
Իջեք ուսերին,
Թեւերին իջեք, ծնկների վրա
Հյուսեք երգը ձեր ամենաքնքուշ,
Եվ գարունները երբեք չեն խամրի։
Նրա շոյանքով կփոխվեք իսկույն,
Կդառնաք մի-մի հազարան բլբուլ
Ու ձեր երգերով
Դրախտ կհյուսվի շուրջը աղջկա,
Քարերը անգամ կանաչ կհագնեն...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Աշուն է սակայն։
Կանգնել եմ մենակ
Ու տխուր ձայնով ձեռքս երկարել
չվող երամին...
Դառը ծաղրանքով գլխարկս առել,
Նրանց հետեւից տանում է քամին։