Նորից՝ Արմենուհի Տիգրանյանին
Նորից՝ Արմենուհի Տիգրանյանին
Ես այն աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Չկա փրկության մի երկիր,
Չկա փրկության ճանապարհ:
Մարդիկ — ես սիրում եմ նրանց —
Բայց այլ է կարոտը իմ անհուն.
Այս գորշ աշխարհի վրա
Կարող ես սփոփել — միայն դո՜ւ:
Միայն դո՜ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ, —
Ուզում եմ միշտ քե՜զ հետ լինել:
Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ —
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ...
9. III. 1920