Նորից իմ ճամփան գնում է հեռուն, հեռուն է տանում…
* * *
Նորից իմ ճամփան գնում է հեռուն, հեռուն է տանում
Եվ օրորում է թախծալի երգով գնացքն այս անկանգ,
Նորից ես անտուն, նորից հեռավոր, նորից անանուն,
Եվ իմ հոգու մեջ, և շուրջըս նորից աղետ ու վտանգ…
Բացվում են իմ դեմ անծիր ծավալվող երկրներն այս նոր,
Եվ քանի գնում, այնքան երազ ես թվում, այնքան վառ,
Եվ քանի գնում, այնքան բաղձալի, այնքան լուսավոր
Եվ դյութական է հնչում քո ձայնը, հայրենիք թշվառ…
Դառնացած սիրտս դառնում է նորից քո սրտին ցավոտ,
Վշտացած հոգիս կրկնում է նորից խոսքերը տրտում,
Հիշում եմ նորից գյուղերը խավար, քաղաքներն աղոտ
Եվ ժողովուրդն այն` արհավիրքի և մահու դեմ արթուն։
Որքան ցավել է իմ սիրտը, այնքան թող զվարթ լինի քո սիրտը լուսեղ,
Որքան դառնություն տվել ես դու ինձ — այնքան թող լինի քո օրը խնդուն,
Որքան մաշել ես սիրտս սառնությամբ և քինով ահեղ,
Այնքան քեզ վայելք, այնքան սիրո երգ, այնքան օրհնություն։