Պետք է համառ դեռ կիզեն…
* * *
Պետք է համառ դեռ կիզեն,
Պետք է մաշեն, որպես խունկ,
Սիրտը մեր վիշտ ու երկունք —
Խոր է խորհուրդն ու վսեմ…
Պետք է տոկալ ու գթալ,
Պետք է այրվել ու սիրել
Եվ աննկուն համբերել,
Պետք է անվերջ հավատալ…
Նա թևերով հրավառ,
Նա զորքերով լուսեղեն
Գուցե գալիս է արդեն
Դեպի երկիրն իմ խավար։
Սիրտ, հավատա, որ լուսե
Վառ է մի նոր Բեթղեհեմ —
Գուցե պարզված են արդեն,
Բաց են թևերը բոցե…
Նա պիտի գա լուսեղեն,
Նա պիտի գա հրավառ —
Դեպի երկիրն իմ խավար. —
Խոր է խորհուրդն ու վսեմ…