Ա

Բարձրաբերձ բլուրի վրա,
Ավանում այն հին, հայրենի,
Ամրացած հնավանդ իր բնին՝
Բարձրացել էր բարդին այն բուրյան,—
Բարձրացել էր բարդին նաիրյան
Եվ թե՛ լույս, թե՛ մութ օրերում
Իր իրանն էր մեղմ օրորում—
Եվ սիրում էինք մենք նրան։

Բ

Կար պոետ մի՝ անունը Տերյան,
Մի պոետ մեղմախոս ու խեղճ,—
Նա մի օր եկավ ու երգեց
Այդ բարդու հմայքը բուրյան.—
Եվ սիրեց մեր ոգին նրան,
Պոետին այդ տխուր ու բարի,
Որ կառչած բարդու այդ ծառին՝
Մորմոքաց իր վիշտը նաիրյան։

Գ

Նաիրյան խեղճ ոգին էր այդ,
Որ հեռու-հեռու հյուսիսից,
Որպես նոր մի, նաիրյան Ուլիս
Դարձել էր իր տունն հնավանդ,—
Դարձել էր հոգնած ու տխուր,
Քաղաքներ տեսած ու ծովեր,
Դարձել էր տնակն իր ավեր,
Իր երկիրը դեռ թե՛ մութ, թե՛ խուլ:

Դ

Նա եկավ, երգեց ու գնաց
Դեպի հեռուներն աշխարհի,
Բայց երգը իր կառչած մնաց
Իր երկրի հնավանդ ծառին.
Սարյակի նման փետրաթափ,
Թաքնըված նրա սաղարթում՝
Նրա երգը խեղճ ու հիվանդ
Մորմոքում էր անօգ ու տրտում։

Ե

Օ՜, Նորքում բարձրացած բարդի՝
Տերյանի նման մորմոքող.
Մենք կառչել էինք մեր ոգով
Քո դեղին ու եղկ սաղարթին.
Դա մեր երգն էր վերջին, որ թառած
Մեր երկրի անպտուղ ծառին—
Ցնորում էր անմիտ մի երազ՝
Կտըրված անհուն աշխարհից...

Զ

Կանգնած էր բարդին հնավանդ
Բլուրի վրա հայրենի
Եվ թվում էր հին մի ավանդ՝
Կտակած մեր մեռած ծայրերից.
Հողմերի դիմաց ահավոր
Նա պահել էր եղկ մի սաղարթ —
Եվ թվում էր սաղարթը մեզ այդ
Ապաստան հողմերից ահահոտ...

Է

Եվ ոգին, նաիրյան ոգին,
Տատրակի նման թևաթափ,
Ընտանի իր հին մորմոքին,
Հեծում էր իր վիշտը տևական,—
Հեծում էր Տերյանի ձայնով,
Նաիրյան այդ վերջին պոետի,
Թե չկա՜ փրկության օր
Աշխարհում մռայլ ու մթին։—

Ը

Թե խավարը պիտի խտանա
Եվ պիտի բարձրանա քամի,
Որ ահեղ մրրիկի նման
Մեզ պիտի ոտնատակ անի,
Պիտի պիրկ արմատից հանի
Այս բարդին, որի սաղարթում
Նաիրյան վերջին գուսանի
Ոգին էր ահից թպրտում...

Թ

Օ՜, որքա՜ն էր մեզ հարազատ,
Դարերով պարտված մեր ոգուն,
Որ տեսել էր հազար խարազան,
Բայց կրկին մնացել տոկուն,—
Օ, որքա՜ն էր մեզ հարազատ
Այդ ահը, որ դարձած արդեն երգ,
Խարիսխի նման սրբազան
Մեզ պահում էր շղթայված իր հետ...

Ժ

Բայց ահա բարձրացավ մի օր
Այն հողմը — ուրագանն արյունոտ,
Սամումի նման ահավոր
Տարածվեց աշխարհի հունով,—
Ոտնատակ արավ աշխարհում
Բյուրավոր քաղաքներ ու շեներ,
Ավերեց երկիրը իր ողջ
Եվ անապատ շինեց...

ԺԱ

Մանգաղի նման մահաբեր
Նա հնձեց օրերում այն սև
Բարձրաբերձ այգեստանը մեր,
Մեր երգի պարտեզը լուսե.—
Շարժելով մահու գերանդին՝
Նա հնձեց բերքի նման սուրբ —
Նաիրյան գուսաններ անթիվ,
Եվ ամբո՛ղջ մի անմահ ժողովուրդ...

ԺԲ

Եվ արդեն մոտենում էր մանգաղը
Մեր երկրի սրբազան բարդուն,
Որ կանգուն էր դեռ ցուրտ ու պաղ
Արարատյան դաշտում,—
Երբ մրրիկ մի ուրիշ, փրկարար
Շառաչեց Հյուսիսից կենսաբեր —
Եվ գարնան գետի պես վարար
Ողողեց լեռնաշխարհը մեր։—

ԺԳ

Հողմերի հանդեպ այն դաժան
Մերկացել էր արդեն այն բարդին
Եվ սաղարթը նրա սրբազան
Մահամերձ՝ տագնապում էր արդեն,—
Կացինի նման բարձրացած
Կախվել էր արդեն իր վրա
Հայրենի բռունցք մի դաժան,
Որ պիտի կործաներ նրան...

ԺԴ

Թռել էր արդեն իր միջից
Մեր երկրի բարձրաբերձ ոգին
Եվ պատրաստ էր արդեն իր վճիտ
Հեզությամբ ավանդել հոգին,—
Երբ մրրիկը նոր, կենսաբեր,
Ցնցելով մերկ իրանը նրա —
Ներշնչեց կորով մի վսեմ
Եվ կազդուրեց նրան։

ԺԵ

Առաջին անգամ այն օրից,
Երբ վերջին պոետը նաիրյան
Իր քնքուշ երգով օրորեց
Ու փայփայեց նրան,—
Առաջին անգամ այն օրից
Նա զգաց կենսատու մի շունչ,
Որ գալիս էր սրբելու նորից
Իր սաղարթը մահաբեր փոշուց։—

ԺԶ

Այն օրից, երբ երգով տխրաբառ
Այն պոետը անցավ առհավետ,—
Մեզ երգեց ուրի՜շ հրավեր
Աշխարհի հեռուն հրավառ.
Անձրևեց մեր հոգում ամա
Խնդությո՛ւն մի անխորտակ ու վեհ —
Եվ ոգին մեր թևաբաց թևեց
Դեպի ա՛յլ ցնորք մի անմահ։

ԺԷ

Մեր ոգին, ոգին նաիրյան,
Որ գիտեր լոկ մորմոք ու լաց —
Առաջին անգամ թևաբաց
Սավառնեց աշխարհում համայն, —
Մոռացած իր մորմոքը ունայն,
Իր բույնը թողած այն խեղճ—
Սավառնեց ճիգով մի ահեղ
Դեպի աշխարհը լայն։—

ԺԸ

Առաջին անգամ նա թռավ
Դեպի հուր հեռուներ անծանոթ
Գտնելու հրե մի անոթ
Ըղձերի համար իր հրակ,—
Շառաչող հողմերին այն ուրախ
Նա իր բորբ տենչանքը տվեց —
Եվ լսեց երկիրը նրան,
Եվ հառնեց՝ ըմբոստ ու վեհ:

ԺԹ

Նո՜ր ջրեր էին վարարել
Մեր երկրի գետերում արդեն,
Եվ մի ա՛յլ արև էր վառել
Մեր երկրի հուրհուրան արտերը.
Եվ մահու կացնից ազատված
Մեր երկրի սրբազան բարդին
Հրահուր խնդությամբ լցված
Սպասում էր երգի ու վարդի։—

Ի

Բայց ոգին նաիրյան երգի,
Հողմերի շնչով օրորուն,
Աշխարհի խնդությամբ հրկեզ՝
Սավառնում էր երկա՜ր դեռ հեռուն, —
Մենք երկա՜ր, երկա՜ր դեռ պիտի
Կիզվեինք հողմերում հանուր,
Որ մեր երգը դառնար երկաթե,
Եվ ոգին մեր՝ անկոր ու անհուն։—

ԻԱ

Ինչքան է՛լ կարոտով անձուկ
Սպասեր բարդին մեր երգին—
Մեզ մի ա՛յլ կարոտ էր խանձում,
Մի ուրիշ — անսահման երկիր.—
Եվ մինչև դառնայինք կրկին
Մենք երկիրը մեր՝ նո՛ր երգերով—
Դեռ որքա՜ն այն արևը փրկիչ
Մեգ պիտի կիզեր իր հրով։

ԻԲ

Եվ ճախրում էր նա, մեր ոգին,
Մեր երկրի դաշտերից հեռու,
Ունկնդիր աշխարհի մորմոքին,
Աշխարհի տագնապով եռուն,—
Ուռճանում էր նա անհագուրդ,
Հրկիզվում աշխարհի հրով,
Ամբարում էր իմաստ ու խորհուրդ,
Որ լցվի անհո՜ւն երգերով։—

ԻԳ

Եվ այսպես երկա՜ր սավառնեց
Մեր ոգին հեռու-հեռուները,
Իր ամբողջ վեհությամբ հառնեց
Մոռացած մեր երկրի առուները,—
Առաջին անգամ նա տեսավ
Բորբ աշխարհը իր դեմ, ինչպես ի՛րը,—
Հյուսիսից ճառագած լույսով
Թոթափեց դեմքից հին մոխիրը։—

ԻԴ

Եվ այժմ ահա նա կրկին
Դառնում է դեպի հին իր տունը,
Որ հզոր շառաչով երգի
Աշխարհում՝ իր նո՛ր խնդությունը։—
Ո՛չ տխուր է նա հիմա, ո՛չ խեղճ,
Ո՛չ անհուն աշխարհում կորած,
Նա բերել է հուր մի անշեջ
Եվ անահ գոյության երազ։

ԻԵ

Նա երգում է այսօր հողմաձայն
Նվագներ մեր երկրի համար նոր,
Երգերում մեր շաչում է հրցայտ,
Շեփորում է պողպատե ձայնով,—
Աշունքվա երգով ոսկեբառ
Վերհիշում է մերթ իր մորմոքը,
Մեր գրած գրքերում արդար
Երազում անմահ իր ցնորքը...

ԻԶ

Օ՜, դու չե՛ս այսօր մեր ցնորքը,
Նո՛րք, անօ՜գ մահացող ավան.—
Ելնում է մի նո՜ր Երևան
Եվ նայում է մեր նո՜ր ոգու խորքը.
Օ, ուրի՛շ, դա ուրի՛շ մի Նորք է՝
Բարձրացած ճիգերով մեր այն —
Մեր ոգուց՝ թեկուզ նաիրյան,
Բայց ուրի՛շ խոհերով բորբոք։—

ԻԷ

Մեզ համար անհուն ու բուրյան է
Օ՜, Նո՜րք, քո ցնորք-բարդին,—
Հարազատ է հնում մեզ Տերյանը,
Ինչպես բույրը քո հին սաղարթի.
Բայց սաղարթը այդ արդեն ծե՛ր է,
Արդեն հուշ է — մշուշ ոսկեման,—
Եվ ամենը, որ մի օր անցել է —
Մեզ համար լոկ ե՛րգ է հիմա...

ԻԸ

Մենք կոչված ենք այսօր, որ համայն
Աշխարհի սրտում ոսկեհուն
Անվհատ շեփորենք հիմա
Խնդությունը մեր — քո՛ խոսքերով—
Մենք կոչված ենք հիմա, որ քարիդ
Եվ ջրիդ ինքնությամբ լցված —
Ավետենք համա՛յն աշխարհն
Այս առավոտը բացված։—

ԻԹ

Եվ կառչի թող հիմա մեր երգը
Մեր բարդու բարձրաբերձ բնին,
Որ ելնող աշխարհի համերգում
Ինքնահուն նվագներ ծնի,—
Որ հավետ ապրի աշխարհում
Օ՜, Նո՛րք, քո ցնորքը բուրյան,—
Այս թռի՛չքը մեր լայնահուն
Եվ բարբա՛ռը այս նաիրյան...