Նոր-Ջուղայի դպրոցները/Ե
Ե․
1800 թուականին Նոր-Ջուղայում մի չքաւոր ընտանիքում ծնւում է Մանուկ Յորդանանեանը։ Նրա ծնողները աղքատ էին և դժուարութեամբ ձեռք բերում իրենց օրական պարէնը՝ ջուլհակութեան արհեստով։
Մանուկը իր պատանեկութեան օրերը անց է կացնում Նոր Ջուղայում, հօրն օգնելով նրա պարապմունքների մէջ և պատրաստւում հօրից յետոյ շարունակելու նրա արհեստը՝ ջուլհակութիւնը։
Այս ժամանակները Նոր-Ջուղայի այն շրջանն էր, երբ Ֆաթալի-Շահը ժառանգելով պարսից գահը, թէև վերջ էր տուել իր նախորդների օրով յատկապէս հայերին տանջելու համար ստեղծուած մի շարք հարստահարութիւններն ու կեղեքումները, թէև բռնութեան ճիրաններում խոշտանգուած Նոր-Ջուղայի սակաւաթիւ հայերը սկսել էին կամաց-կամաց շունչ քաշել և իրենց արդար վաստակի տէրը դառնալ, սակայն դժբախտաբար բռնութեան թողած պակասը բնութիւնն է շտապում լրացնել։
1815 թուին վրայ է հասնում «Սադրի» կոչուած սովը, որ ամբողջ երեք տարի է տևում։ Այս ժամանակամիջոցում, չքաւորութիւնն այն աստիճան հալում, մաշում է Նոր-Ջուղայեցի հայերին, որ նրանց ուղղակի օրուայ հացի կարօտ է դարձնում։
1816 թուին տեղի է ունենում «Ջամբօռների» կոչուած կռիւը, որ նոյնպէս բաւական թանգ է նստում Նոր-Ջուղայի հայերին։
Ահա այսպիսի մի դառն ժամանակ 18 տարեկան Մանուկ Յորդանանեանը երկար վարանումից յետոյ, վճռում է օտարութեան մէջ բախտ որոնել և թողնելով իր դժբախտ ծննդավայրը, դիմում է պանդխտութեան։
Նա գնում է ուղղակի Ջաւա, ուր տ․ Մարիամ Յարութիւնեանի եղբայր՝ աղա-Գևորգ Մանուկեանը գրկաբաց ընդունսւմ է իր հայրենակից երիտասարդ Մանուկին, իր խնամակալութեան ներքոյ վերցնում նրան և վարժեցնում առևտրական գործի մէջ։
Մանուկ Յորդանանեանը հինգ տարուայ ընթացքում բաւականաչափ հմտանալով իրեն վիճակուած մասնագիտութեան՝ առևտրական գործերի մէջ, խնդրում է իր բարերար աղա-Գէորգից միջոց շնորկել իրեն առանձին գործելու, ինքնուրոյն պարապմունք ունենալու։ Մանուկի խնդիրը հարգւում է և 1824 թուին նա գնում է Սուրբայիա։
Սուրբայիայում, մի քանի տարուայ ծանր և անդուլ աշխատանքից յետոյ, Մանուկ Յորդանանեանին յաջողւում է վերջապէս ձեռք բերել մի պատկառելի անուն և հարստութիւն։ 1835 թուից սկսած նա տէր է դառնում շաքարի մի գործարանի, որ նրա արդիւնաբեր աղբիւրներից մէկն է լինում։
1841 թուին Մանուկը հիւանդանում է և բժիշկների խորհրդով պարտաւորւում է գնալ Եւրոպա օդափոխութեան։ Այս ճանապարհորդութեան ժամանակ, նա ի միջի այլոց այցելում է և Վենետիկ՝ ս․ Ղազարի կղզին․ հանդիպում է այնտեղ մեր բազմաշխատ և բազմերախտ Մխիթարեան հայրերին և ուսումնասիրում նրանց գործունէութիւնը, ամբողջ ուխտը իր սարք ու կարգով։ Մեր հարուստ վաճառականներին յատուկ են եղել յաճախ տարօրինակութիւններ, բնաւորութեան հետաքրքիր ու բացառիկ գծեր։ Մանուկ Յորդանանեանը նոյնպէս անմասն չէ լինում այդ յատկութիւնից, բայց և ցոյց է տալիս մի շատ հաճելի և հազուագիւտ տարօրինակութիւն։
Դիւր է գալիս նրան Վենետկի Մխիթարեան վանքը իր Մուրատ—Ռաֆայէլեան դպրոցով և նա վճռում է չընդունել Վենետիկը որպէս լոկ այցելութեան արժանի մի եւրոպական վայր, այլ երկար կանգ առնել այնտեղ, մնալ ալդ խաղաղ վանքումը և օգտուել այդ պատմական կղզեակից։ Մի խօսքով, նա ցանկանում է նորից մանկանալ և ուսում ստանալ այնտեղ։ Այդպէս էլ անում է։ Ջաւայի կեանքից զզուած Մանուկ Յորդանանեանը, 43 տարեկան հասակում աշակերտում է առ ոստ Հայոց Նահապետի՝ Հայր Ալիշանի և ըստ կարելւոլն կրթւում նրանից, հաւանականօրէն գրաբար հայերէնի մէջ, ինչպէս ցոյց են տալիս նրա նամակները։ Ապա, Եւրոպալի բոլոր նշանաւոր քաղաքները շրջագայելուց լետոյ, վերադառնում է Սուրբայիա և տեղափոխւում Բատաւիա։
Մանուկ Յորդանանեանը բնաւորութեամբ լինում է շատ համեստ և սակաւապէտ, կրօնասէր, բարեպաշտ և նախանձախնդիր Հայաստանեայց Եկեղեցու սովորութիւններին։ Նրա խօսակցութեան գլխաւոր առարկան և մտածողութեան միակ իդէալն է լինում ազզային Եկեղեցու բարգաւաճումն և իր ազգակիցների յառաջադիմութիւնը։
Նրա սրտին մօտ է լինում և իր ծննդավայրը՝ բազմակարօտ Նոր-Ջուղան, որտեղից բոլոր իրեն դիմողներին նպաստում է և օգնութեան հասնում։ Բայց որպէսզի իր ազգականներին ու հայրենակիցներին ձրիակերութեան չվարժեցնէ և առ հասարակ վատ օրինակ տուած չլինի նրանց, առաջնորդ Թադդէոս արք-եպիսկոպոսին ուղղած մի նամակում ի միջի այրց գրում է հետևեալ բնորոշ տողերը․
յղել, այլ ցաւիմ, զի տարեկան տուրք ստացեալ, ամենևին
զաշխատանաց անփոյթ լինիցին, նոյն և տեսեալ
զաւակք նոցին ուսանին այնպէս, անաշխատ մեծանան
և լինին մուրացկան։ Ճշմարիտն ասեմ, հասարակապէս
ատեցող աշխատանաց են Ջուղայեցիք․ ականատես և
ականջալուր եմ, քանզի գործել և աշխատելն արհամարհութիւն
անձին համարեն և գնոջ ժամանակն դատարկութեամբ
անցուցանելն՝ պատիւ ինքնեանց։ Աբդարև
ունին պիտոյս տրոց աղքատք, այսինքն որբք, այրիք,
պակասաւորք և ծերացեալք, որք չունին կարողութիւն
գործելոյ։ Բայց առողջ և առոյգ երիտասարդաց և կարող
անձանց ձրի դրամ տալն յանցանք է, զի ծուլութեան
և պղերգութեան առիթ լինիցի նոցա և սերնդոց
նոցին»։
Որչա՜փ առողջ կարծիք և ճշմարիտ դիտողութիւն։ Մանուկ Յորդանանեանը հետաքրքրւում է միաժամանակ և Նոր-Ջուղայի քաղաքական կեանքով և ուրախանում նրա անդորրութեամբ ու յառաջադիմութեամբ։
Առաջնորդ Թադդէոս արք-եպս․ Բէկնազարեանն ի նկատի ունենալով, որ թէև Նոր-Ջուղան արդէն ունի տղայոց երեք դպրոցներ, սակայն առ ի չգոյէ օրիորդաց դպրոցի, հասարակութեան կէս մասը դեռևս մնում է կոյր և խարխափում է տգիտութեան խաւարի մէջ․ ուստի 1857 թուին դիմում է Մանուկ Յորդանանեանին, մի օրիորդական դպրոց հիմնելու առաջարկութեամբ։
Մի զարմանալի զուգադիպութեամբ, Մանուկ Յորդանանեանը նոյնպէս այդ միևնոյն ժամանակները մտածելիս է լինում մի օրիորդական դպրոց բանալու մասին, յղացած է լինում նրա մէջ Նոր-Ջուղայի իգական սեռին կրթութիւն տալու վեհ գաղափարը։ Ուստի Առաջնորդի նամակը ստանալով և նրանում շօշափուած առաջարկութիւնն իր սրտին մօտ զգալով, 1858 թուին Նոր-Ջուղայի ս․ Կատարինեան կուսանաց վանքի ծոցումը հաստատել է տալիս նոյն վանքի անունով մի օրիորդաց դպրոց, հոգալով նրա բոլոր ծախքերը։
Յետոյ իր Եւրոպա կատարած ճանապարհորդութեան ընթացքում, տեսնելով և զգացած լինելով, որ մի ազգի մտաւոր ու բարոյական յառաջիմութեանը նպաստող գործօններից գլխաւորն մամուլն՝ տպագրութիւնն է, բաւական գումար ծախսելով մի մամուլ է ուղարկում իր հայրենիքը՝ Նոր-Ջուղա, որպէս նուէր Ամենափրկչեան ս․ վանքին։
1858 թուի Օգոստոսին, առաջին անգամ բացւում է Նոր-Ջուղայաում Ս․ Կատարինեան ազգային օրիորդաց դպրոցը, յատկապէս իգական սեռի կրթութեանը նուիրուած մի հաստատութիւն, որ այդ ժամանակները բոլոր հայաբնակ կենտրոնների համար կարելի է ասել, հազուագիւտ և խորթ բան է լինում:
Յիշատակութեան արժանի է Կուսանաց վանքի այն ժամանակուայ մայրպետ կոյս Սանդուխտը, որ ընկնում է դռնէ դուռն և ծնողներին համոզում իրենց աղջիկներին դպրոց ուղարկելու, ձրիապէս ուսումն ստանալու համար։ Նրա ջանքերը մեծ մասամբ ի դերև են ելնում, որովհետև շատ ծնողների համար դեռևս տարօրինակ էր թւում օրիորդներին կրթութիւն տալը, աւելորդ, մինչ իսկ վնասակար էր համարւում աղջիկներին գրագիտութիւնը․ «Աղջիկն որ գրել-կարդալ սովորեց, կսկսի ջահելներին չիթի գրել և ուրիշ շատ բաներ դուրս կգայ»։ Ահա համարեա բորորի համոզմունքը, բոլորի հարեմական դատողութիւնը և այն թիւր հասկացութիւնը, որով սիրում են ամեն մի տգեղ վարմունք վերագրել կրթութեան, կապել դպրոցի հետ։
Ինչ որ է, բաւական նեղութեամբ ճարւում են 28 աշակերտուհիներ: 1858 թուի Յուլիսի 27-ին կատարւում է Օրիորդաց դրպոցի օրհնութեան հանդէսը և Օգոստոսի 1-ին բացւում դպրոցը 28 հիմնադիր աշակերտուհիներով։ Աշակերտուհիները իրենց հասակի և պատրաստութեան համաձայն բաժանւում են երեք դասերի և զբաղւում Կուսանոցի սեղանատան մէջ, որը ծառայում է որպէս առժամանակեայ դասարան։
Յիշեալ թուականից շատ առաջ ժամանակներում նոյնպէս, երբ օրիորդաց դրպոց ունենալու գաղափարն անգամ չկար, Նոր-Ջուղայի իգական սեռի մէջ գտնւում են գրագէտ անհատներ։ Ամեն մի գրագէտ մայր գիտեցածը աւանդելիս է լինում աղջկան, սա էլ հերթին՝ իր աղջկանը և այսպէս յաջոըդաբար։[1] Սակայն 1858 թուից սկսւում է Նոր-Ջուղայի ընդհանուր իգական սեռի կրթութեան գործը, հիմք է դրւում այն վսեմ ձեռնարկին, որ կոչւում է «Կանանց դաստիարակութիւն», թէև չափազանց սահմանափակ ծրագրով և բիւտճէով։
Սակայն ինչքան էլ ողորմելի ծրագրով և բիւտճէով սկսուած լինի, այնու ամենայնիւ մեծ գործ է եղել և աւելի ևս մեծանում է, երբ աչքի առաջ ենք ունենում ժամանակը, խաւար միջավայրն ու չափազանց աննպաստ պայմանները։
1860 թուին աշակերտուհիների աւելանալովը կարիք է զգացւում դպրոցի շէնքը հետզհետէ ընդարձակելու և նոր սենեակներ աւելացնելու․ ուստի դիմում են դարձեալ Մանուկ Յորդանանեանին, խնդրելով նրա աջակցութիւնը։ Մանուկը յարգում է սոյն խնդիրը և անմիջապէս ուղարկում նոր նպաստ, որով հնարաւորութիւն է տրւում դպրոցի հոգաբարձութեանը նոր սենեակներ աւելացնելու, և նոր աշակերտուհիներ ընդունելու։
Մանուկ Յորդանանեանը բացի օրիորդաց դպրոցի սահմանափակ բիւտճէն ապահովելուց, նպատակ է ունենում նաև՝ մեռնելիս իր ամբողջ հարստութիւնը կտակել նոյն դպրոցին։ Սակայն դժբախտաբար, նա իր կեանքի վերջալուսին ձախորդութեան է հանդիպում և սնանկանում է։ Այնուամենայնիւ, նա չէ մոռանում եղածի մի մասը կտակել ս․ Կատարինեան օր․ դպրոցին և միւս մասն էլ՝ դարձեալ Նոր-Ջուղայում հիմնուելիք մի Հոգևոր դպրոցի։
Մանուկ Յորդանանեանը մեռնում է 1879 թուին, 79 տարեկան հասակում։
1892 թուին նորեկ առաջնորդ Եսայի արք-եպս․ Աստուածատրեանը վճարելով Ազգ․ Կեդրոնական դպրոցի պարտքը, աւարտում է նաև նոյն դպրոցի հսկայ շինութիւնը և ստորին դասարաններում հնուց մնացած գրաբար հայերէնի տեղը մտցնում մայրենի լեզուի դասաւանդումը։
Յետոյ զգալով ժամանակի պահանջները, և քաջ ըմբռնելով որ Մանուկ Յորդանանեանի կտակած գումարի տոկոսներովը ս․ Կատարինեան օրիորդաց դպրոցը երկար ժամանակ չէ կարող իր գոյութիւնը պահպանել, ուստի նիւթականապէս միացնում է նրան Ազգ․ Կեդրոնական դպրոցի հետ և անուանում «Նոր-Ջուղայի ազգային երկսես․ դպրոցներ»։
Այս միացման բարերար հետևանքն է լինում այն, որ խառն եկամուտից հնարաւորութիւն է տրւում մտցնել Օրիորդաց դպրոցում նոր առարկաներ և աւելացնելով նոր ուսուցիչներ, աշխատել ուսման մակերևոյթը որոշ չափով հաւասարեցնելու տղայոց դպրոցի հետ։
Մինչև 1898 թիւը ս․ Կատարինեան օր․ դպրոցի աշակերտուհիներն հետզհետէ այնքան աւելացած են լինում, որ ինչքան էլ մեծ սենեակներն երկուսի են դարձնում, ինչքան էլ այս ու այն անկիւնու մ նոր սենեակներ աւելացնում, դարձեալ հնարաւորութիւն չէ լինում բոլորին ամփոփել միևնոյն դպրոցում։ Ուստի յարմար է դատւում օրիորդաց դպրոցին կից՝ ս․ Յովհաննու եկեղեցու բակի սենեակներն էլ ծառայեցնել դասարանների։ Բայց դարձեալ հնարաւոր չէ լինում, կարգապահութիւն չէ պահպանւում, դասախօսութեան համար անյարմարութիւններ են լինում, իսկ տաք եղանակին ուղղակի անտանելի դառնում:
Այսպէս ուրեմն, դաստիարակութեան պահանջները, որ այժմ բաւական փոխուած և բարդուած էին, պահանջում էին իրենց որոշ յարմարութիւնները, որոնց անհրաժեշտ էր գոհացումն տալ։ Եւ ահա 1899 թուին Հոգաբարձութեան նախաձեռնութեամբ և առաջնորդ Մաղաքիա եպս․ Տէրունեանի ջանքերով բացւում է մի հանգանակութիւն, որին բացի Նոր-Ջուղայեցիներից, նպաստում են նաև Հնդկահայերն ու Ջաւահայերը և հաւաքւում է 4000 թումանաչափ մի գումար։[2]
1900 թուին, Մանուկ Յորդանանեանի հիմնած դպրոցի 42-րդ տարում, կառուցւում է այժմեան «Ս․ ԿԱՏԱՐԻՆԵԱՆ 0ՐԻՈՐԴԱ8 ԴՊՐՈՑԸ», որի դահլիճում փակցնւում է մի մարմարեայ արձանագիր Մանուկ Յորդանանեանի անունով, որպէս յիշատակ նոյն դպրոցի նախկին հիմնադրի։ Իսկ Օրիորդաց նախկին դպրոցը իր ամբողջ կազմով, իր բոլոր սարք ու կարգով Կուսանաց վանքի նկուղներից փոխադրւում է այս նոր կառուցուած առանձին դպրոցը։ 1908 թուին ս․ Կատարինեան օրիորդաց դպրոցի հաստատութեան 50-րդ տարին լրացած լինհլով, առաջնորդ-փոխանորդ Հ․ Բագրատ վարդապետ Վարդազարեանն ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրիորդաց դպրոցի դրամագլուխը մի շատ ողորմելի բան է, մտածում է տօնել 50-ամեայ յոբելեանը և առիթից օգտուելով՝ հանգանակութիւն բաց անել մի «անձեռնմխելի դրամագլուխ» գոյացնելու յօգուտ նոյն դպրոցի։
Հ․ Բագրատ վարդապեաի ծրագիրը յաջողութեամբ պսակւում է։ Մայիսի 25-ին շքեղ հանդիսակատարութեամ բ տօնւում է ս․ Կատարինեան Օրիորդաց դպրոցի 50-ամեայ յոբելեանը[3] և «անձեռնմխելի դրամագլուխ» անուան ներքոյ Նոր-Ջուղայում Հայուհեաց Բարեգործական ընկերութեան վարչութեան ձեռքով և Հնդկաստանում ու Ջաւայում՝ վիճակաւոր քահանաների ձեռքով հաւաքւում է 5000 թումանաչափ մի դրամագլուխ։
Սոյն գումարով 1911 թուին առաջնորդ Սահակ արք-եպս․ Այվատեանը Թումանեանց Թէհրանի ներկայացուցիչ Ալէքսան-խան Թունեանցի միջոցով, յաջողում է Զէլլէսօլթանի որդի Ջէլալէ-դօվլէից Փէրիա գաւառի հայաբնակ Բոլորան գիւղը գնել Նոր-Ջուղայի Ազգ․ երկսեռ դպրոցների անունով, որով դպրոցների բիւտճէի վրայ տարեկան միջին թւով 1200 թումանաչափ աւելանում է։
Տողատակեր
խմբագրել- ↑ Օրինակ, 1800-ական թուականների ծնունդ Նոր-Ջուղայեցի մի կին (տ․ Մարթա Դաւիթխանեան) մանուկ հասակում այնքան հայերէն է սովորած լինում, որ 1876 թուին Թէհրանից իր աղջկան գրած նամակներում թողել է հետևեալ տողերը։
ա) «Ազիզ ջա՛ն, գրումաս որ ջանովամ դինջ, ո՛չ սրտով, մէրդ մեռնի,
քո հասակն ի՞նչ ա որ դու էդքան դարդ քաշես։ Ազի՛զ սիրտդ ուրախ պահիր,
Աստուած քո տէրն շատ պահի, քո եղբայրն շատ պահի, սիրտդ մի գձել,
Աստուած խիզանից է՛լ կտա։ Քո մարդն ու քո մին անճար եղբայրն ղարիբութիւնում
ան, բադ շգումի մի՛ անել, նրանց համար լաւ չի։ Վախտ-բի
վախտ սիրտդ մի՛ դառնացնել, Աստծ՚ոյ վատն չգայ, միշտ սիրտդ ուրախ
պահիր, որ Աստուած էլ ուրախութիւն տայ։ Բասկի ֆիքր աս անում, ընդուր
դինջ չես, ֆիքրն ջան կըկոտրի, սիրտ կը կոտրի․․․․․»։
բ) «Ազիզ-ջա՛ն, Թաւրիզ գնալու լուրը լսէլաս տխրէլաս, ի՞նչ անեմ,
եղբորդ թողնեմ, գամ Ջուղա, օրն բոլոր նստեմ ֆիքր անեմ, ասեմ եարաբ
տղէս էն ղարիբ տեղն ի՞նչ դարձաւ: Ազի՛զ, Աստուած պահի, դու մարդ
ունես, տեղդ բարեկամ ունես, տուն ու տեղ ունես, դու ինքդ կատարեալ
քէֆանի աս, կարող աս քեզ կառավարես, քո մարդովն, քո տանովն խոշ ելնես։
Ես քո մոտն չելնեմ քեզ համար աւելի զանազանութիւն չունի, բայց
եղբօրդ մօտն չելնեմ աշխատանքը կփչանայ, զատի տէր չի ելնել, Տէրն ո՛չ
արած մի տեղն ցաւի, տէր-տիրական չունի, ղարիբ տեղն նազանին ջվանս
կփչանայ, Ազի՛զ ջա՛ն, այժմս խնդրումամ քեզանից, որ մի տխրել վասն իմ
գնալն առ Թաւրիզ․ թող գնամ, որ քո եղբայրն ղարիբութեան մէջ չփչանայ
և ես մի միջոց որ սաղ ամ, ուրախ և դինջ ապրեմ, իմ քաշած նեղութիւններն
մոռանամ, և ձեռս տաք ելնի, շատ ունենամ, ամէն ժամանուկ էլ մին ծաղկով
քեզ խոշ անեմ»։Որչա՜փ նմանութիւն Խ․ Աբովեանի գողտրիկ ոճին։
- ↑ Հնդկաստանի, Ջաւայի և Բրմաստանի նպաստները հանգանակւում են Տէր Պսակ խաչ․ քահ․ Յակովբջանեանցի ձեռքով։
- ↑ «Նոր—Ջուղայի Լրաբեր» 1908 թ․ No 5։