Նոր-Ջուղայի դպրոցները
Թ
 Ը
Ժ 

Թ․



1905 թուին Ազգ․ երկսեռ դպրոցների Հոգաբարձութիւնը նկատելով որ Նոր-Ջուղայի պէս մի տեղում չկան այնպիսի շահաւէտ գործեր, որոնցով կարելի լինի ապրուստ հայթայթել, որոշում է հիմնել մի կանոնաւոր «Արհեստագիտական դպրոց», որտեղ հնարաւոր լինի զանազան անհրաժեշտ արհեստներ սովորեցնել կատարելագործուած ձևով և այդպիսով ժողովրդի տնտեսական քայքայուած վիճակը որոշ չավով բարւոքել։

Իբրև գործի սկզբնաւորութիւն, Ազգ Կեդրոնական դպրոցում բանում է Կօշկակարանոց, վարձում է մի վարպետ կօշկակար և արտասահմանից բերել է տալիս անհրաժեշտ գործիքներ ու նիւթեր։ Նախնական ծախքերը և արհեստաւորի ռոճիկը հոգալու համար՝ որոշում է ամսական նպասաներ ստանալ Նոր-Ջուղայի եկեղեցիներից ու Ազգ ․ հաստատութիւններից։ Բանում է նաև մի կազմատուն։[1]

Կալկաթայի «Աբգար և Ընկ․» անդամներ՝ պարոնայք Յարութիւն Գր․ Աբգարեանց և Աբգար Ալէքս․ Աբգարեանց ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նոր-Ջուղայի տղաների մեծ մասը իրենց բնագաւառում գործ ու աշխատանք չը գտնելուն պատճառով, հնաւանդ սովորութեան համաձայն միշտ գաղթում են Հնդկաստան, մտածում են Նոր-Ջուղայեցի պատանիներին պիտանի արհեստներով կապել իրենց ծննդավայրի հետ, որով և օտարների հետ ձուլուելու առաջն առնել։[2]

Այս իսկ նպատակով 1906 թուին իրենց նախահօր հաստատած «Նոր-Ջուղայի Հայկեան Հայրենասիրական դպրոցին» (էջ 10) յատկացրուած դրամագլխի վրայ նոր նպաստ աւելացընելով՝ 37,000 ռուփի են կտակում և Նոր-Ջուղայի Ազգ․ Կեդրոնական դպրոցում մի Արհեստագիտական բաժանմունք բաց անում, անուանելով նրան «Նոր Հայկեան հայրենասիրական ձրի արհեստագիտական դպրոց»։

Սոյն գումարի տոկոսներով նախ ընդարձակւում են Կօշկակարանոցն ու Կազմատունը, ապա բացւում Ջուլհականոցի, Երկաթագործարանի և Խառատանոցի բաժանմունքներ։ Կազմատունն ու Խառատանոցը հետզհետէ փակւում են աշակերտ չունենալու պատճառով, յետոյ փակւում է Երկաթագործարանն՝ դարձեալ նոյն պատճառով։ Իսկ Կօշկակարանոցն ու Ջուլկհականոցը տարէ-ցտարի ճոխանում են, աշակերտներ արտադրում և յուսալից ապագայ խոստանում։

Բացի «Արհեստագիտական Դպրոց»-ից, Աբգար և Ընկերութիւնը ապահովում է նաև երկու ֆօնդ «Ողորմութեան Աւանդ» անունով՝ հանգ․ Սէթ, Յարութիւն և Գրիգոր Աբգարեանցների յիշատակին, որոնց տոկոսներով տարեկան 500 թումանաչափ մի գումար է բաժանւում Նոր-Ջուղայի աղքատներին։[3]

Ինչպէս որ «Քառասնից Մանկանց» տօնին ս․ Կատարինեան կուսանաց վանքում հանգ․ Մանուկ Յորդանանեանի յիշատակին և «Ս․ Գէորգայ զօրավարի» տօնին՝ ս․ Գէորգ եկեղեցում հանգ․ Գէորգ Քանանեանի յիշատակին, նոյնպէս և «Աբգարու Հայոց անդրանիկ թագաւորի» տօնին՝ ս․ Աստուածածնի եկեղեցում Աբգարեանց ննջեցեալների յիշատակին պատարագ է մատուցւում, քարոզ խօսւում և հոգեհանգիստ կատարւում ի ներկայութեան Քահանայական դասի, Ազգ․ երկսեռ դպրոցների աշակերտութեան և ուսուցչական խմբի։


Տողատակեր

խմբագրել
  1. «Տնտես․ և Կրթ․ տեղեկագիր» 1905—1906 թ․ էջ 24։
  2. «Նոր-Ջուղայի Լրաբեր» 1906 թ․ No 10։
  3. Կէս դարից աւելի Կալկաթայի Աբգարեանց առևտրական տան ներկայացուցիչները Նոր-Ջուղայի Ազգ․ դպրոցներին, հիւանդանոցին, եկեղեցուն, ազգականներին, աղքատներին և առ հասարակ բոլոր դիմողներին տասնեակ հազարներ են նպաստել և նպաստում․ սակայն պէտք է նկատել, որ իրենց անունով մի ա-ռանձին հաստատութիւն տակաւին գոյութիւն չունի, որով Աբգարեան անունը Քանանեան և Պօղոսխանեան անունների պէս յաւէրժանայ Նոր-Ջուղայում։ Ցանկալի է որ այդ պակասն լրացրուի և որ և է նպատակով մի պատկառելի հաստատութիւն ևս աւելանայ Նոր-Ջուղայում «Աբգարեան» անունով։