ՆՎԻՐԻՐ ՄԻ ՎԱՐԴ


Այնպես ես նայում անցնող աղջկան՝
ասես լսում ես երգ ու մեղեդի...
Ու իրենք-իրենց
եթե չեն ասվում խոսքերն ասվելիք,
ուրեմն՝ պետք չէ մտածել բառեր,
ուրեմն՝ պետք չէ որոնել գույներ -
պարզապես մի վարդ նվիրիր նրան։

Այնպես ես նայում հեռացող ճամփին՝
ասես տանում է քեզ ու աղջկան...
Ու իրենք-իրենց
եթե չեն արվում քայլերն արվելիք,
ուրեմն՝ պետք չէ ուղիներ փնտրել,
ուրեմն՝ պետք չէ որոնել բույրեր -
պարզապես մի վարդ նվիրիր նրան։

Այնպես ես նայում դու հեռուներին՝
ասես թռչում ես՝ գրկած աղջկան...
Ու իրենք-իրենց
եթե չեն ծնվում համբույր ու գգվանք,
ուրեմն՝ պետք չէ վերծանել պահը,
ուրեմն՝ պետք չէ հորինել հուրեր -
պարզապես մի վարդ նվիրիր նրան։

Այնպես ես նայում խորքը քո սիրո՝
ասես հայացքն ես չափում աղջկա...
Ու իրենք-իրենց
թե չեն հասկացվում սիրտ ու չասվելիք,
ուրեմն՝ պետք չեն հեռացման դավեր,
ուրեմն՝ պետք է բաժանվել անխոս -
պարզապես մի վարդ նվիրիր նրան։