Փողոցային պճրուհին

Եղիշե Չարենց

Փողոցային պճրուհին


 

ՇԱՄԻՐԱՄ



Նորից անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:

Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրված՝ անհագ վառվել են էլի:

Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:

Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին,
Ո´չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:

Մտի՛ր ակումբը հիմա, մտիր թատրոնն ու կաֆեն՝
Հազար արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:

Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ—
Արքաների համար նոր — բավական է մի ժպիտ.—

Միայն ակնարկ մի թեթև — և կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթև տարպանքներին հրակեզ.—

Կգան մեկ-մեկ ու սիրով — ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:

Եւ այնպիսի՝ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:

— Բայց կլինի մի գիշեր — ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:

Նորի՛ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի—
Ու սարսափով մի անօգ նորից կելնես դու կռվի:

Եւ որպէսզի չտրվի նա ախտաժետ քո հրին—
Ոտքի կելնե նրա հետ հազարամեա Նայիրին:

Եւ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը հետ, երկիրը քեզ կմնա:

Նա կմեռնի, որպէս զոհ — բայց չես հաղթի դու նրան.
Դառն է խորհուրդը սիրո, շամբշոտաշուրթ Շամիրամ։


1920