ՇԱՆԹԱՀԱՐ ԿԱՂՆԻՆ


Ամառ էր թեժ,
Մի խենթ ամառ.
Բերք ու բարով
Խոնարհվել էր
Ամեն մի ծառ։
Իսկ ծեր կաղնին
Հպարտ կանգնել
Այգում մեր հին,
Կանգնել անթեք
Ու շրշում էր
Անուշ մի երգ։
Կաղնու տակ էր
Պապս նստում,
Առու-առու
Կնճիռները
Դեմքին բարդում,
Իր եւ այգու
Մանկությունից
Հուշեր պատմում։
Բայց ես հաճախ
Չիմանալով
«Դիպչում» էի
Նրա հոգուն.
-Ախր կաղնուց
Մեզ ի՞նչ օգուտ,-
Ասում էի,-
Ավելորդ է
Նա մեր այգում։
-Չէ՛, չի լինում
Ավելորդ ծառ,
Հսկա կաղնին
Թեւ-թիկունք է
Այգու համար,-
Խոսում էր նա,
Շրշում կարծես
Կաղնու նման.-
Հող չի ուզում,
Ջուր չի ուզում
Մեզնից, բալա՜ս,
Նա ինքն իրեն,
Իր կամքով է
Բուսել այստեղ՝
Քարերում այս.
Շատ ծառերից
Մեզ ի՞նչ վնաս...
Հապա մի տե՛ս՝
Արմատներով
Ոնց է սեղմում
Ու հող դարձնում
Քար ու ավազ։

  • * *

Հետո մի օր
Ամպ ու սարեր
Խուլ որոտով
Իրար եկան,
Ու խոժոռվեց
Բարեժպիտ
Պապս անգամ։
Ամպից պոկված
Մի սեւ կտոր
Իջավ նրա
Աչք ու ունքին.
-Շանթ էր, պայթեց,
Սրահարվեց
Մեր հին կաղնին։

Անձրեւն անցավ։
Ես պապի հետ
Այգի հասա։
Թախծում էին
Ծաղիկ ու ծառ։
Ի՞նչ է եղել։-
Կանաչ կաղնին
Շանթը ձգել,
Առել կրծքին,
Առել կրծքին
Ու վառվում էր՝
Շանթ ու բոցից
Փրկած այգին։

Կանգնել էի
Արձանացած.
Ներում էի
Կաղնուց հայցում,
Ափսոսանքի
Ու գոհության
Խոսքեր ասում։

  • * *

Իսկ պապիկիս
Աչքերի մեջ
Լճացել էր
Մի բուռ արցունք։