Շան կարոտներ

Շան կարոտներ


Պատուհանիս տակ հիմա որբ մղկտում է մի շուն.
Սիրտս լսում է նրան — և սիրտս քեզ է հիշում:

Նա տխուր է ու մենակ, ոչ ոք չունի հիմա նա —
Ու գանգատը դժնդակ լուսինը չի՜ իմանա:

Դուրսը ամպ է ու մշուշ, անաստղ երկինք ու գիշեր.
Մղկտում է այսքան ուշ, գանգատվում է առանց սեր:

Հեռուն թարթում է տարտամ գազե լապտերը բեկուն.
Ինչ շո՛ւտ մարեց այս անգամ արևավառ երեկոն...

Ինչ շո՛ւտ մարեց ցերեկի զվարթ աղմուկը, ու մութ
Գիշերն իջավ` անհոգի, անմխիթար ու անգութ:

Ցերեկը լա՛վ է այնքան, ցերեկը խինդ է բերում —
Փողոցների խրախճան, անմխիթար դեգերում:

Խոհանոցի դռան մոտ, կամ խանութի մոտ հացի —
Սպասումներ ու ամոթ՝ խո՛ւլ տագնապներ փողոցի:

Բայց ցերեկները չունեն մղկտուքը գիշերվա
Ու հոգու ցավը անհուն ցերեկը չի՜ երևա:

Մղկտում է հիմա նա, սիրտը գգվանք է ուզում,
Սիրտը ճչում է հիմա, մղկտում է անլեզու: -

Բայց սիրտ չունեմ էլ քո խեղճ մղկտանքը լսելու.
— Քնի՛ր, քնի՛ր եղիր խե՛ղճ, անօգնական ու հլու:

Չի ուղարկի ո՜չ մի փայլ մեզ լուսինը հիմա էլ —
— Շո՜ւն, կարոտի՛ իմ եղբայր, դառնաթախիծ իմ ընկեր...