Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Պատմողական նախադասություն

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Պատմողական նախադասություն
ՊԱՏՄՈՂԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Պատմողական նախադասություններով խոսողը պատմում, հաղորդում է իր իմացածը, հաստատում կամ ժխտում որևէ իրողություն: Ի տարբերություն այլ հնչերանգներ ունեցող նախադասությունների, պատմողական նախադասությունների արտահայտած միտքն ունի առարկայական (օբյեկտիվ) բովանդակություն։ Այդ պատճառով էլ նրանցում ավելի շատ գործածվում են սահմանական եղանակի, ինչպես նաև պայմանական, ենթադրական, հարկադրական ու ըղձական եղանակների բայեր։ Այլ կերպ ասած՝ պատմողական նախադասություններում չկա խոսողի (պատմողի) ենթակայական (սուբյեկտիվ) ընդգծված հնչերանգը։ Այստեղ նախադասության հնչերանգը, տեմպը, ռիթմը շատ «խաղաղ» են, ընդ որում, ձայնն աստիճանաբար դանդաղ բարձրանում է ու նույն «խաղաղությամբ» կամաց իջնում մինչև հնչերանգի ավարտը։ Պատմողական նախադասություններում տրամաբանական շեշտը գերազանցապես ընկնում է ստորոգյալի վրա։ Այսպիսի նախադասությունները լայն գործածություն ունեն, որովհետև մարդն ավելի շատ ասում, պատմում, հաղորդում, նկարագրում է երևույթներն ու իրողությունները, քան հարցնում, հրամայում կամ արտահայտում իր վերաբերմունքը։

Օրինակ՝ «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել», «Մի խաղաղ ու տխուր առավոտ էր», «Լուռ կանգնած էր միշտ Մարոն» (Հ.Թ.), «Լուսաբացին նա բարձրացավ կախաղան» (Վ.Տ.), «Իմ կարոտած սրտի համար ուրիշ ոչ մի հեքիաթ չկա» (Ե.Չ.), Աշուն է: Ցուրտ ու տխուր օրերից մեկն էր: «Մոսկվա: Կրեմլ: Վախճանվել է Իլյիչը» (Ե.Չ.):

Ի դեպ, այս և այլ բնույթի նախադասությունները կապ չունեն կառուցվածքային տեսակների հետ, այսինքն՝ թե՛ պարզ, թե՛ բարդ նախադասությունները կարող են ունենալ զանազան երանգ կամ բնույթ: