Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Ստորոգելիական վերադիր և հանգույց
Երկար ժամանակ ստորոգելիական վերադիր է համարվել բաղադրյալ ստոոոգյալի այն մասը, որն արտահայտվում է նյութական բոլոր խոսքի մասերով, ինչպես նաև կապային կառուցվածքներով։ Այնինչ պետք է ասել, որ դրանք, եթե խնդիրների ու պարագաների դեր են կատարում, ստորոգելիական վերադիր լինել չեն կարող։ Ստորոգելիական վերադիր են լինում գոյականները (հատուկ և հասարակ), ածականները, թվականները, առարկա և նրա հատկանիշ ցույց տվող դերանունները, անորոշ, ենթակայական (վիճակ-հատկանիշ ցույց տվող հարակատար) դերբայները, ինչպես նաև փոխանվանաբար կիրառվող լեզվական ամեն մի միավոր։
Բերենք օրինակներ՝
- Սուրենը ջրագնդորդ է (դարձավ, համարվում է, կոչվում է, ճանաչվում է, ձևանում է...)։
- Սուրենը ջանասեր է (համարվում է, կոչվում է...)։
- Տղաները քսանհինգն են (հիսունն, հարյուրն են...)։
- Մարդն այդպիսին էր (սա է, նա է, ո՞վ է...)։
- Դա վազել չէ:
- Այս ջուրը խմելու չէ:
- Ապակին շուտ կոտրվող է:
- Ծառի վրայի ծիրանը խակ է, իսկ սրանք հասած են:
Հարկ է նշել նաև, որ անորոշ, ենթակայական և հարակատար դերբայները, գործածվելով գոյականաբար և ածականաբար, ստորոգելիական վերադիր են լինում՝ պատասխանելով գոյականի ու ածականի հարցերին։
Բոլոր այն դեպքերում, երբ էական կամ վերացական բայերի հետ գործածվող բառը ոչ թե առարկա կամ հատկանիշ է ցույց տալիս, այլ հանդես է գալիս խնդիրների և պարագաների գործառույթով, բայական անդամի լրացում է լինում։
Օրինակ՝
- Արտավազդը քաղաքում է:
- Դուք ինչպե՞ս եք:
- Գետի ընթացքը շատ դանդաղ է:
- Ժողովը երեկ էր։
- Ձմերուկը երեք տոննա է կշռում։
- Հայրս աշխատանքի է:
- Ամեն ինչ մեզ մոտ օրենքով է։
- Հնում շատ անախորժությունները պակասությունից էին լինում։
- Զինվորը միշտ իր ընկերների հետ էր։
Ընդգծվածներն ըստ կարգի տեղի, ձևի ժամանակի, չափի, նպատակի, հիմունքի, պատճառի, միասնության պարագաներ են, որովհետև «ընդհանուր ստորոգյալի» (էական կամ վերացական բայի) լրացումներ են, ունեն իրենց որոշակի հարցը, լիովին համապատասխանում, իրար «ծածկում են» ձևաբանականն ու շարահյուսականը։ Ճիշտ այսպես էլ զանազան քերականական հարաբերություններ արտահայտող կապեր, հանդես գալով այլևայլ բառերի հետ, այս կամ այն շարահյուսական պաշտոնն են կատարում։ Այսպես. Սուրենն ինձ մոտ է (տեղի պարագա)։ Ես ընկերներիս հետ էի (միասնության պարագա), Խնջույքը հաղթանակի առթիվ էր (հիմունքի պարագա), Կռիվը քո պատճառով էր (պատճառի պարագա) և այլն։
Իսկևիսկ պարագաների նման կաոող են գործածվել նաև զանազան անուղղակի խնդիրներ, որոնք, սակայն, համեմատաբար սակավ կիրառություններ ունեն։ Այսպես. Այս գիրքը քեզ համար է (շահի անուղղակի խնդիր), նրա զայրույթը քո դեմ է (հանգման անուղղակի խնդիր), Բարձրացող գոլորշին հողի վերին շերտից է լինում (անջատման անուղղակի խնդիր)։ Հարվածը եղել է բութ գործիքով (միջոցի անուղղակի խնդիր)։ Այս նվերն էլ մեր կոլեկտիվի կողմից է (ներգործող անուղղակի խնդիր)...
Կարծում ենք, որ այսպիսի կառուցվածքները ժողովրդախոսակցական լեզվից են թափանցել գրավոր խոսք։ Այդ են վկայում նաև այդպիսի կառույցների համանիշ նախադասությունները, ինչպես, օրինակ՝ Այս գիրքը քեզ համար է գնված, նրա զայրույթը դեմ է ուղղված և այլն։ Հավանաբար բանավոր խոսքում զեղչվել են համապատախան բայ-ստորոգյալները, որոնց փոխարինել են էական կամ վերացական բայերը (հմմտ., օրինակ` Կռիվը քո պատճառով ծագեց և՝ Կռիվը քո պատճառով էր, քո պատճառով եղավ, Գոլորշին ջրից է առաջանում և՝ Գոլորշին ջրից է...)։
Ուրեմն՝ ստորոգելիական վերադիրը բաղադրյալ ստորոգյալի այն անվանական մասն է, որն արտահայտելով առարկայական և հատկանշային իմաստներ, վերագրվում է ենթակային, այստեղից էլ՝ ստորոգելիական վերադիր անվանումը։ Իսկ ինչպե՞ս են դրանք վերագրվում-ստորոգվում ենթակային։ Դրանց վերագրում-ստորոգումը կատարում է էական կամ վերացական բայը, որը կոչվում է հանգույց: Օրինակ՝ Յուրի Գագարինը առաջին տիեզերագնացն է աշխարհում։ Նա հեքիաթային մարդ էր: Երկինքը կապույտ չէր: Աշոտը դու ես: Դուք արվեստագե՞տ եք...
Այս նախադասություններում առկա է էր, չէր, ես, եք վերացական կամ էական բայերը տիեզերագնաց, մարդ, կապույտ, դու, արվեստագետ ստորոգելիական վերադիրները կապում, ստորոգում-հանգուցում են Յուրի Գագարինը, նա, երկինքը, Աշոտը և դուք ենթականերին։ Ահա այդ կապել-հանգուցելու շնորհիվ էլ կոչվում է հանգույց: Հանգույցի դերով հանդես են գալիս նաև մի շարք վերացական բայեր, որոնց թիվն անցնում է հարյուրից, ինչպես՝ դառնալ, թվալ, երևալ, համարվել, հանդիսանալ, պատկերվել, կոչվել, նշանակվել, օծվել, գալ, զգալ, աշխատել, ձևանալ, ձևացնել, ընկնել, կանգնել, հոչակվել, ընտրվել, մնալ, առաջադրվել և այլն։
Օրինակ` «Ծովիկը մի զարմանալի աղջիկ է երևում» (Րաֆֆի)։ Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց» (Ե. Չ.), «Մսրա Մելիքն էր նստած թագավոր» (Հ. Թ.)։
Ենթական ու ստորոգյալը համարվում են նախադասության գլխավոր անդամներ։ Ճիշտ է, ընդգծվածները վերացական կամ էական բայի դեր ունեն, բայց այլ նախադասություններում կարող են գործածվել իրենց բայական, բառական, նյութական լրիվ արժեքներով՝ կատարելով ինքնուրույն ստորոգյալի դեր։ Այսպես.
Աշոտը մեր գործարանում ինժեներ է նշանակվել:
Անահիտը բուժքույր է աշխատում:
Նա մարդ ծնվեց. մարդ էլ ապրեց ամբողջ կյանքում:
Շեքսպիրն աշխարհում հռչակված է իբրև հանճարեղ դրամատուրգ:
Արմենը համագումարի պատգամավոր է ընտրվել:
Գնահատականը նշանակվել է իմ կողմից։
Անահիտն աշխատում է ազնվորեն:
Նա ծնվեց գյուղում և այնտեղ էլ ապրեց ամբողջ կյաքում: Շեքսպիրը աշխարհում վաղուց արդեն հռչակված է:
Արմենը ընտրվել է մեր կողմից:
Պարզ է, որ առաջին խմբի օրինակներում ընդգծված կառույցները բաղադրյալ ստորոգյալներ են, իսկ երկրորդ խմբի օրինակները՝ պարզ ստորոգյալներ։ Առաջին խմբի օրինակներում ընդգծված բաղադրյալ ստորոգյալներում առկա բայերը կոչվում են վերացական, որովհետև ոչ թե իրենց բուն, այլ ընդհանուր նշանակությամբ են գործածվում. այլ բան է, օրինակ, գնահատականը նշանակվեց, բոլորովին ուրիշ է Սուրենը նշանակվեց բյուրոյի քարտուղար...
Ինչպես հայտնի է, վերացական բայերի դերով կարող են հանդես գալ նաև մի շարք ներգործական սեռի բայեր, ինչպես՝ նա քեզ վատ մասնագետ չի համարում։ Պրոֆեսորը Արտակին բժիշկ դարձրեց և այլն: Ընդգծված բառերը ոչ թե ուղիղ խնդիր են, այլ՝ ստորոգելիական վերադիր։ Դրանում կարելի է համոզվել՝ վերոհիշյալ նախադասությունները կրավորական կառուցվածքով փոխարինելով, ինչպես՝ Դու նրա կողմից վատ մասնագետ չես համարվում, Արտակը պրոֆեսորի կողմից (շնորհիվ) բժիշկ նշանակվեց։ Ավելացնենք նաև, որ ինչպես օժանդակ, այնպես էլ իբրև հանգույց գործածվող բայերը կարող են զեղչվել (նա գրում է, լսում, մտածում)։ Հակադրական հարաբերության դեպքում զեղչված միավորի փոխարեն նշանակվում է բութ. Ես խոսում եմ, իսկ դու՝ լսում, Արմենը բժիշկ է, իսկ Վահանը՝ նկարիչ: «Արարատ» թիմը՝ ՍՍՀՄ-ի գավաթակիր: