Շեքսպիր. Համլետ, թարգմ. Գարեգին Հ. Բաբազյան
1900
ՇԵՔՍՊԻՐ. ՀԱՄԼԵՏ
Թարգմ. Գարեգին հ. Բաբազյան. Վիեննա, 1899,
Մխիթարյան տպարան
Թարգմանությունը ապակու տակ դրած մի վարդ է. գրեթե անկարելի է, որ թարգմանիչը տա բնագրի հարազատ բույրն ու հրապույրը։ Սակայն միշտ պահանջելի է, որ նա հավատարիմ մնա գործի մտքին և հասկանալի տա ընթերցողին։ Այս պահանջը մեծանում է մանավանդ, երբ թարգմանվում է այնպիսի մի երկ, որի ամեն մի խոսքն ու նախադասությունը, չափած ու կշռած, ունեն իրանց խոր նշանակությունն ու հաստատ տեղը։ Այսօրինակ գործերից է Շեքսպիրի Համլետը, որ անգլերենից թարգմանել է պ. Բաբազյան։ Այս Համլետի երրորդ հայերեն թարգմանությունն է։ 1889 թվին Թիֆլիսում հրատարակվեց պ. Ս. Արծրունու թարգմանությունը։ 1894 թվին Թիֆլիսում հրատարակվեց Համլետի երկրորդ՝ Հովհաննես Խան-Մասեհյանի արած թարգմանությունը անգլերենից։
Վերջապես ահա երրորդը — պ. Բաբազյանի թարգմանությունը, նույնպես բնագրից, տպված Վիեննայում։ Պ. Բաբազյան, որ՝ հավակնություն չունի խորհելու, թե իր թարգմանությունը թերություններե զերծ եղած լինի, հրատարակում է այն, քանզի պ. Ս. Արծրունու թարգմանությունը անչափ տարբեր է բնագրից, իսկ պ. Մասեհյանի թարգմանությունը «որի վրա քննադատություններ եղան ազգային թերթերի մեջ, չի ներկայեր այն հանգամանքները, զոր այսպիսի կարևոր գործի մը թարգմանությունը կպահանջե»։
Չգիտեմ, բացի թերությունները, որ թարգմանիչը խոստովանում է, թե իր գործն էլ կունենա, ուրիշ ինչ հանգամանքներ են, որ այսքան նվաստացնում են պ․ Մասեհյանի թարգմանությունը, բայց ազգային թերթերի մեջ («Տարազ» 1896, № № 40, 41, 43, 44 և 45) այդ գործի մասին խոսողներից մեկն էլ ես եմ եղած և չեմ հավանում պ. Բաբազյանի այդ խոսքերը։
Ահա մենք սրտագին ողջունելով նրա աշխատությունը, համառոտ ցույց կտանք նույն տեսակ թերություններ, ինչ որ ժամանակին նկատել ենք պ. Մասեհյանի թարգմանության մեջ։ Եվ թող նա չկարծի, թե այս տեսակ նկատողություններով դիտավորություն ունենք հերքելու իր, ինչպես և իր նախորդի, գործի լրջությունն ու կարևորությունը։
Օրինակներ բերենք։
Համլետ Պոլոնիուսին ասում է.
— Այո՛, պարոն, պարկեշտ լինել ինչպես աշխարհս կքալե, կընշանակե տասն հազարեն մին ընտրել։ 54։
Քերականորեն սխալ այս նախադասության միտքը միանգամայն հակասում է Համլետի հայացքներին և իսկույն մատնում է իրան։
Պ. Մասեհյան այսպես է թարգմանել.
— Ա՛յ, լինել ազնիվ այսպիսի աշխարհում, այդ է՝ լինել ընտրյալ տասն հազարներից։
Հանգուցյալ Ադամյանի դերի մեջ այսպես է եղել, — Այո՛, լինել ազնիվ մարդ, նշանակում է լինել ընտրյալ տասն հազարներից։
Բայց ջնջել է և իր ձեռքով գրել այսպես.
— Այո՛, աշխարհիս այս ընթացքի մեջ հազիվ կարելի է տասն հազար մարդոց մեջ մի ազնիվ մարդ գտնել։
Օֆելիան Համլետի հիշատակները վերադարձնելով ասում է.
«…Անոնք իրենց անույշ բույրը կորուսին, ետ առեք զանոնք, քանզի ազնիվ հոգվո մը համար՝ ճոխ նվերներն իրենց արժեքը կկորսնցնեն, երբ նվիրատուք անբարեսեր կդառնան»։ 79—80։
Օֆելիայի բողոքն այն մասին չէ, թե Համլետ անբարեսեր է դարձել, այլ անտարբեր, ինչպես որ գործ է ածել և պ. Մասեհյան։ Այսպես են տրամադրում և Օֆելիայի խոսքերը, թե՝ մի ժամանակ, երբ ընծայեցիք «անոնց կընկերանային այնպիսի քաղցրաբույր խոսքեր, որ ավելի ևս ճոխ կընծայեին զանոնք»։ Այդ քաղցրաբույր խոսքերը հիշեցնելով ու անտարբեր անվանելով, Օֆելիան ուզում է սիրո խոստովանություն, նորից քաղցրաբույր խոսքեր դուրս կորզել Համլետի բերանից, որ լսեն թաքնված թագավորն ու Պոլոնիուսը և ստուգեն, թե Համլետ անտարբեր է դեպի Օֆելիան թե չէ, սիրո կսկի՞ծն է պատճառ, որով նա կտառապի, թե ուրիշ վտանգավոր մի պատճառ կա, որի կասկածն անհանգիստ է անում հանցավոր արքային։
Համլետը դերասանին ասում է․
— Ըսե՛ք, կխնդրեմ, այն հատվածը արագությամբ, ինչպես ես արտասանեցի, և այլն։ 83։
Արագությամբը թարգմանիչը սահուն բառի տեղն է գործածել։ Համլետ իր խոսքի շարունակության մեջ խրատ է կարդում դերասանական արվեստի մասին և ասում է. նույնիսկ կրքի հեղեղի ու փոթորկի ժամանակ պետք է չափավորություն պահել գործողությունը խոսքին հարմարեցնել, խոսքը գործողության։ Նա չէր կարող այդպես հորդորել դերասանին։
Պ. Մասեհյան ասում է՝ թեթև և ազատ։
Кетчер. ասում է плавно. Соколовский — легко и развязно.
Հանգ<ուցյալ> Ադամյանի դերի մեջ ասված է — հեշտությամբ և ազատ։
Այս խոսակցության մեջ Համլետ հիշում է Թերկամնդ և Հերոդ (Հերովդես) անունները։ Պ. Բաբազյան ծանոթության մեջ ասում է — հին ժամանակվան դերասաններ։
Այնինչ Թերկամանդ սառակինոսների մի կուռք էր, որին վերագրում էին չար ու դաժան բնավորություն, իսկ Հերովդեսը, Հրեաստանի հայտնի Հերովդեսն է, որ Շեքսպիրի ժամանակները սովորաբար ներկայացնում էին միստերիաների մեջ։
Գոնզագոյի սպանությունը ներկայացնելիս դուրս է գալիս Լուչիանոս։ Համլետ բացատրում է. — Այս Լուչիանոս անուն մեկն է, եղբորորդի թագավորին։
Օֆել.— Դուք խմբերգին տեղը շատ լավ կըբռնեք, տեր իմ։
Համ. — Պիտի կարենայի բացատրել, ինչ որ ձեր և ձեր սիրահարին մեջ կդառնա, և այլն։ 95։
Խոսքը բացատրության մասին է և իշխանը պարծենում է՝ իբրև լավ բացատրող։ Բայց ինչ ունի այստեղ խմբերգը։ Պ. Մասեհյանն էլ գործ է ածել երգիչների մի ամբողջ խումբ։ Այս хор բառն է, որ ռուս թարգմանիչներն իրանց թարգմանությունների մեջ хор էլ թողել են։ Хор — Շեքսպիրի ժամանակները կոչվում էր այն մարդը, այն դերասանը, որ խաղամիջոցներին դուրս էր գալիս պիեսի մութ տեղերը բացատրում, մեկնում և զբաղեցնում հասարակությանը։ Մեր թարգմանիչները երևի այս хор-ը շփոթել են հունական хор-ի հետ և առաջ է եկել այսպիսի կոպիտ սխալ՝ բացատրողի փոխարեն դուրս է եկել երգիչների խումբ։
Համլետ, մոր հետ տեսակցության տեսարանի մեջ, վարագույրի հետևից սրով զարկում է Պոլոնիուսին և բացականչում.
— Մեռած, տոլարի մը համար մեռա՜ծ. 108։
Համլետ ասում է,— «Մի դուկատ գրավ կգամ, որ սա մեռած է», ինչպես թարգմանել է պ. Մասեհյան։ Հանգ<ուցյալ> Ադամյանն իր դերի մեջ իր ձեռքով գրել է գրավ կդնեմ, որ մեռավ, այո մեռավ։
Թագավորը Համլետին հայտնում է, որ պատրաստվի Անգլիա երթալու։ Համլետ այդ խոսակցության մեջ ասում է․
— Մնաս բարյավ, սիրելի մայր իմ։
Թագ.— Եվ հայրդ, որ կըսիրե քեզի, Համլետ։
Համ.— Իմ մայրս․ հայր և մայր՝ այր և կին է․ այր և կին մի մարմին է․ այսպես ուրեմն մայր իմ։ Օ՛ն յԱնգղիա։ 125։
Այս տողերը կարդացողը կարող է կարծել, թե Համլետ մնաս բարյավ է ասում մորը, այնինչ մայրը իսկի չկա այդ տեսարանում։ Պ. Մասեհյան պարզ է դուրս բերել.
Համլետն ասում է. …Մնաս բարև սիրելի մայր իմ։
Թագ.— Ես քո սիրող հայրդ եմ, Համլետ։ Համ. — Իմ մայրս… Հայր և մայր այր և կին են. այր և կին՝ մի մարմին են. ուրեմն՝ դուք մայրս եք։
Համլետ՝ հորեղբայր հորն է մայր անվանում, որ «Անչափ խանդաղատելով նրա մասնավոր ապահովաթյան համար… շուտափույթ ղրկում Է Անգլիա»։
Խելագարված Օֆելիան երգում Է.
Քանզի րոպին, սիրուն թոչուն,
Է իմ միակ ուրախություն։
Րոպին ծանոթության մեջ բացատրում է — «Կարմրալանջ թռչուն մը»։ 137։
Այս մի հին սիրային երգի կտոր է։ Պ. Մասեհյան այդ տողերն այսպես է թարգմանել.
«Իմ սիրական անույշ Ռուբենն
Է իմ միակ ուրախություն»։
Գերեզմանափորը Համլետի հետ սրախոսում ու բառախաղություններ է անում։ Համլետ բացականչում է. «Անպիտանն որչափ բացարձակ է իր պատասխաններուն մեջ…»։
Տեղին անհարմար և միանգամայն հակասող մի բառ։ Ընդհակառակը, Համլետ ուզում է ցույց տալ, որ նա իսկի բացարձակ չէ իր պատասխանների մեջ, և խոսքն այսպես է շարունակում.
«Քարտես ի ձեռին խոսելու է հետը, եթե ոչ ամենափոքր երկդիմի բառ մը պիտի մատնե մեզի։ Արդարև, Հորեշիո, երեք տարիներն ի վեր կըդիտեմ, թե դարս շատ բծախնդիր եղած է…» 157։
Բացարձակ բառի տեղ Кетчер և Каншин գործ են ածում придирчив. Մասեհյան թարգմանել է.
«Ինչպես նրբամիտ է թշվառականը, պետք է սրա հետ կողմնացույցով խոսել…»։
Կարճ կտրելով այս նկատողությունները, այժմ ցույց տանք բաց թողած կտորները։ Այդ կտորները ես կարտագրեմ Մասեհյանի թարգմանությունից։
Օֆելիան Համլետի ընծաները վերադարձնելով ասում է. — «Դուք ինձ հավատացնում էիք, թե սիրում եք ինձ»։
Համլ.— Իսկ դու չըպիտի հավատայիր ինձ, որովհետև, առաքինությունը չէ կարող այնպես պատվաստվել մեր փտած ծառաբունի վրա, որ մի համ մնացած չլինի մեր քիմքում։ Ես քեզ չէի սիրում։
Օֆել.— Ուրեմն ևս ավելի խաբված եմ եղել։
Խելագարված Օֆելիան պալատում երգում է.
|
Նա պատասխանում է.
|
Ո՞րքան ժամանակ է, որ սա այսպես է։
Հոր մահվան բոթն առած՝ Լաերտ գալիս է Դանիա և մոլեգնած ներս ընկնում պալատ, ապիրատ թագավորից իր հայրն է ուզում։ Թագուհին մեջ է ընկնում խնդրելով —հանդարտորեն, սիրելի Լաերտս։
Արյան այն կաթիլը, որ հանդարտ լինի, անունս կկնքի պոռնըկի որդի, դա հորս կանպատվե, և նույնիսկ այստեղ, առաքինի մորս անբիծ ճակատին կդրոշմե երկաթով բոզության սպին։
Այս կտորները չկան պ. Բաբազյանի թարգմանության մեջ։ Պակաս տեղեր կան նույնպես և 16, 90 և 95 երեսներում, իսկ 33 երեսում Համլետի խոսքերը հայրն է ասում։ Ապա այսպիսի նախադասություններ ունի։ …խնդրեցի իրմե, որ մեզի հետ մանրամասն հսկե այս գիշեր.2։
Փոխանակ արթուն հսկե։
Թե գործն այս կետին պիտի հասնե՜ր… 15։
Փոխանակ ասելու — մի՞թե գործն այս կետին պիտի հասնե՜ր։
«Տեր իմ, նա իր սիրով, բայց պատվաբեր ձևերով կհոգնեցներ զիս. 25։
Փոխանակ ասելու — նա իր սերը ինձ հայտնում էր պատվաբեր ձևերով։
Շատ խորթ են հնչում այս բացականչությունները.
|
Գրքի սրբագրությունն այնքան անփույթ է կատարված, որ մարդ չի հավատում, թե Մխիթարյան տպարանից է դուրս եկած, կարծես Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերության հրատարակություններից լինի։ Այսպիսի տառասխալներ են պատահում.
Ռիտո, փոխանակ՝ Դիդո, 66. Նիրկանյան, փոխանակ՝ Հիրկանյան, կուզե, փոխանակ՝ կուտե. 124. գաք, փոխանակ՝ գնաք, դուրս, փոխանակ՝ դարս, 173։ Տառասխալներ, որ փոխում են ամբողջ նախադասության միտքը։