ՇԻՐԱԶԻՆ

Եվ հեղեղ եղավ սիրո, ծաղկունքի,
Եվ ծաղիկները սեղմած իր կրծքին,
Աղջիկների թեժ սրտերում թողած
Հնչյունները իր նրբահյուս երգի,
Նա տուն էր դառնում:
Ով բարեւում էր` ծաղկունքով էր նա
        Ողջույնը առնում:
Ծաղկունքը չասվող խոսքերի բուրմունք,
Չգրված երգեր,
Կարոտանք ու սեր,
Վերցնում էին մարդիկ ժպիտով,
Ձեռքերը սրտին` խոնարհվում էին,
Մեծարում նրան խոսուն լռությամբ
        Ու անցնում էին…
Ծաղիկ էր տալիս` ամեն ողջույնի:
Բայց երբ տուն հասավ, տխրեց նա սաստիկ
Եվ լացելու չափ մղկտաց հոգին:
 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Նա դեռ ծաղիկներ ուներ իր ձեռքին: