Շիրվանզադեի հոբելյանը
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 262
ծ. ― էջ 614

Այստեղ մենք խոսք չենք անելու Շիրվանզադեի տաղանդի ու նրա դրական արժանիքի վրա, այլ միայն ուզում ենք վկայել, որ հայ ժողովուրդը եթե մարդիկ ունի, որոնց պետք է հարգի հոբելյանով, դրանցից մինը Շիրվանզադեն է։ Հոբելյանական տոներին ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի, գալիս է հարգելու, պսակելու ինքը իրեն, իր շնորհքը, իր մտավոր-հոգեկան ուժերը, ուժեր, որ ընդունակ լինեին պատկառանք ներշնչելու ո՛չ միայն ազգի ընդհանրությանը, այլև օտարին։ Այդ տեսակետից «Ցավագարի», «Քաոսի», «Արտիստի» և շատ ուրիշ վիպական ու բեմական գրվածքների հեղինակը հանդիսանում է անվիճելի արժանավոր հոբելյար։

Մենք միայն կցանկանայինք, որ արժանավոր մարդու հոբելյանն էլ տոնվեր արժանավայել կերպով։ Կցանկանայինք՝ ավելի մեծ տարածության վրա լսվեր հայ ժողովրդի խրախուսական ձայնը, որ երեսուն տարուց հետո գալիս է մայրական խոսք բերելու իր տաղանդավոր զավակին։ Կցանկանայինք, որ գրական այս տոնին հայտնվեին և՛ ռուսահայը և՛ տաճկահայը, և՛ պարսկահայը, և՛ Հնդկաստանի, Ամերիկայի ու Բուլղարիայի գաղթական հատվածները, և ոչ միայն այս տոնին, այլև միշտ, նման տոներին, և դա դառնար սովորություն։

Եվ հենց այդպիսով էլ արդարացրած կլինեինք այս տեսակ տոների բարոյական մեծ նշանակությունը։ Կցանկանայինք, որ տաժանելի երեսուն տարիներից հետո տևական հանգստի հնարավորություն տրվեր նրան, միայն մի պայմանով — վերացած լինեին հարգանքի այն բոլոր միջոցներն ու ձևերը, որ մեր հոբելյարների ստացած պսակների փշերն են կազմում և մարդ չի հասկանում հարգանքի համար են թե՞ վիրավորանքի։ Մանավանդ Շիրվանզադեն, որպես դրամատուրգ, այդ կողմից մեծ հարմարություն է տալիս։ Ամեն մի քաղաքում կարելի էր դնել նրա դրամաներից և տալ հոբելյանական ներկայացումներ։ Այդ ներկայացումները և նրա երկերի մասին եղած դասախոսությունները շատ բան կապահովեին միանգամայն գեղեցիկ ճանապարհով և կհեշտացնեին