ՇՈՂՈՄԸ

Այնպես քաղցր, այնպես լուռ է,
Հո ժպիտ չէ շուրթին, հուր է.
Հազար արժե մի կես խոսքը,
Իսկ ժպիտը մի... համբույր է։

Այնպես մեղսոտ, այնպես լուռ է,
Հո ժպիտ չէ դեմքին, թուր է.
Բարեւների գինը հարցրեք,
Ժպիտների առեւտուր է։

Այնպես ծուռ-մուռ, այնպես լուռ է,
Հո ժպիտ չէ սրտում, ջուր է...
Մի օր կանգնեց հայելու դեմ.
-Այս հայելին,- ասաց,- ծուռ է։