Ոգու անպարտելիությունը
ՈԳՈՒ ԱՆՊԱՐՏԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Վահագն Դավթյանը պատմական այս կամ այն դրվագը գեղարվեստական նյութ դարձնելուց առաջ կատարում է խիստ ընտրություն, այսինքն, ձգտում է, որպեսզի պատմական փաստը ժողովրդի համար բնութագրական լինելուց բացի, անպայման ունենա նաեւ պատմա-ուսուցողական նշանակություն, այլապես այն գրական որեւէ արժեք իրենից ներկայացնել չի կարող՝ ինչքան էլ կատարյալ լինի իր գեղարվեստական լուծումների ու կատարումների մեջ։
Ասել է թե՝ ի մի են բերվում, ամբողջացվում են անցյալի, ավելի ճիշտ՝ պատմության դասերը, տվյալ դեպքում՝ արվեստի լեզվով։ Իր սկզբունքների մասին լավ է ասել բանաստեղծը «Պատմության խորհուրդը» հոդվածում. «Եվ ի՞նչ է հուշում, ավելին, ի՞նչ է հրամայում մեզ պատմության խորհուրդը։ Ամենից առաջ՝ դասեր քաղել այդ պատմությունից եւ ապա՝ նայել առաջ»19։
Նույն այդ հոդվածի մեջ բանաստեղծը խոսում է պատմական այն փաստերի մասին, որոնք հիմք են ծառայել գրելու «Ծուխ ծխանի» պոեմը. « Պատմության հնագույն փաստերից մեկը, որ Պլուտարքոսն է բերել ու հասցրել մեզ, ասում է, որ երբ հռոմեական լեգեոններն արշավում էին արեւելք, Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի թատրոնում, այդ նույն ժամանակ Էվրիպիդեսի «Բաքոսուհիներ» դրաման էր բեմադրվում, որ հայոց թագավոր Արտավազդ երկրորդը՝ Տիգրան Մեծի որդին» (հետագայում տմարդորեն գլխատվեց Կլեոպատրայի եւ Անտոնիոսի ձեռքով), երեւելի բանաստեղծ էր ու դրամատուրգ, որ նրա, ավաղ, մեզ չհասած դրամաներն իր մահվանից անգամ հարյուր տարի հետո բեմադրվել են նույն ողբերգակների գործերին հավասար հաջողությամբ»։
Ի դեպ, չնայած պատմական միանգամայն տարբեր ժամանակաշրջաններ են ներկայացվում Վ. Դավթյանի այդ պոեմի եւ Դ. Դեմիրճյանի «Վարդանանքի» մեջ, բայց եւ այնպես, դրանցում բարձրացված հարցերի մեջ կա ներքին հոգեբանություն։ Եվ դա այդպես էլ պետք է լինի, որովհետեւ երկուսում էլ մեծ ճշմարտացիությամբ են ներկայացված պատմական իրողությունն ու հայ ժողովրդի աննկուն ոգին։
Դավթյանն իր բոլոր ստեղծագործություններում հանդես է գալիս հենց որպես այդ ոգու դրոշակակիրներից մեկը։ Նրա կողմից արձակ շարադրված պատմական փաստը դարձյալ եւ նորից այդ ոգու հաղթանակի ընդգծումն է հանդիսանում («Պատմության խորհուրդը»). «-Երբ պարսից Հազկերտ թագավորը կրոնափոխության միջոցով ուզեց մեկընդմիշտ վերջ տալ հայ ժողովրդի ինքնությանը, ապա հայերը Վարդան զորավարի գլխավորությամբ արժանի հակահարված տվին բռնակալին՝ սկզբում գրով, իսկ ապա՝ սրով։ Իրենց նամակում հայերը Հազկերտին գրեցին. «Ոչ հրեշտակները եւ ոչ մարդիկ, ոչ սուրը եւ ոչ հուրը, ոչ ջուրը եւ ոչ էլ այլ դառն հարվածը «կարող է ստիպել, որ մոռանան իրենց հավատը, լեզուն, գիրը, իրենց հայրենիքը «ոչ այժմ եւ ոչ էլ հետո, ոչ հավիտյանս եւ ոչ էլ հավիտյանից հավիտյանս»։ Ու երբ Հազկերտը փիղ ու բաբանով ներխուժեց Հայաստան, հայերը սրով ելան նրան ընդառաջ, ելան այնպիսի ցասումով, այնպիսի ինքնամոռացությամբ կռվեցին, այնպես հերոսաբար զոհվեցին ու նահատակվեցին, որ Հազկերտը քաշվեց իր որջն ու հրաժարվեց իր դիվային մտքից։
Պատմական երկու կարեւոր փաստերին անդրադառնալն այս հոդվածում ամենեւին էլ պատահական չէ, դա տրամաբանական ու օրինաչափ է։ Այն եւս խոսում է գեղարվեստական երկու երկերի թեմատիկ հոգեհարազատության մասին, որը նույնքան էլ բնական է։ Ասել է թե՝ Դավթյանը հենվել է Դեմիրճյանի գրական-գեղարվեստական լավագույն ավանդներին, կերտել չափածո մի գործ, որտեղ գեղագետի նրա սկզբունքները խարսխված են պատմական իրողության եւ ճշմարտացիության վրա։ Չէ որ Արտավազդ երկրորդ թագավորի գլխատումով ժողովուրդը ֆիզիկապես է միայն պարտվում, ոգու հաղթանակը նրա կողմն է։ Արտավազդ թագավորի մեջ նրա ժողովրդի անմեռ ոգին է։ Հենց այս գաղափարն է դրել իր պոեմի հիմքում Վահագն Դավթյանը։
Պատմական նյութից չի շեղվել բանաստեղծը։ Պարթեւներից պարտված Անտոնիոսը նենգություն ու խորամանկություն է ցուցաբերում հայոց Արտավազդ թագավորի նկատմամբ, ի վերջո նրան հաջողվում է իր ծուղակը գցել ոչ միայն Արտավազդ երկրորդին, այլ նաեւ հայոց թագուհուն եւ նրա երկու որդիներին՝ Տիգրանին ու Արտավազդին։ Գերվելուց խույս է տալիս թագաժառանգ Արտաշեսը20։
Անտոնիոսը հաղթահանդես է կազմակերպում Ալեքսանդրիայում, որտեղ եւ Կլեոպատրային «ընտանյոք հանդերձ նվիրեց նաեւ հայոց թագավորին, որ շղթայված էր ոսկե շղթաներով։ Իսկ Կլեոպատրան բազմության մեջ նստած էր ոսկեզօծ կահույքին, արծաթապատ բեմում»21
Եվ ինչքան էլ խնդրում են, աղերսում, նույնիսկ ազատելու խոստումներ տալիս, Արտավազդը չի խոնարհվում Կլեոպատրայի առաջ։ Վերջինս Արտավազդին զնդան է նետում։ Ի վերջո նրան գլխատում են։ Իսկ ինչ վերաբերում է Անտոնիոսին եւ Կլեոպատրային, նրանք ինքնասպան են լինում։
Հայոց թագավորի անընկճելի ոգին հարատեւում է. «Ուսանելի էր նրա մահը, այն կենսափորձ հաղորդեց հայ ժողովրդին, իսկ դժվարին ճանապարհին սովորեցրեց ճանաչել թշնամիներին, դիմագրավել նրանց կամ նրանցից խուսափելու միջոցներ գտնել։ Հատկապես մեծ էր կորուստը այն պատճառով, որ Արտավազդը սոսկական թագավոր չէր, բախտի բերմամբ թագաժառանգ ծնված ու գահը ժառանգած։ Նա մեզ հայտնի առաջին մտավորականն էր»22
23
Պոեմում լուծումը տարվում է այլ ճանապարհով։ Ինչու է կատարել այս շեղումը բանաստեղծը։ Նա պոեմում հոգեբանորեն ճիշտ ընթացք է տվել «հոռոմների ծախու հոմանուհու» վճիռների դրդապատճառներին։ Բանաստեղծը Կլեոպատրայի մեջ ավելի է խորացրել նրա հեշտասիրությունը.
Կլեոպատրան, էգը...
Եվ վերջապես
Կլեոպատրան՝ այդ գող Անտոնիոսի
Ճարպոտ ձեռքերի մեջ գալար եկած,
Ճարպոտ շրթունքները կրքով պագած,
Կլեոպատրան, էգը...
Ծախու, ծախու,
Հոռոմների ծախու հոմանուհին,
Հոռոմների զազիր շունչը շնչած էգը...
Նա, որ «Կեսարի ձեռքով» իր եղբորն անգամ կառափնարան է տարել։ Ու, վերջապես, չէ որ Անտոնիոսին էլ Եգիպտոսի թագուհին գրավել է իր «իգությամբ», բայց Արտավազդին գրավել նրան չի հաջողվում, որի համար էլ, ըստ պոեմի, գլխատում է նրան։ Մեր ժողովրդի հոգու վեհությունն է Արտավազդի մեջ։ Եվ այդպես էլ նրան ներկայացրել է բանաստեղծը։ Արտավազդը իր ժողովրդի հերոսականության մարմնացումն է։
Հայոց թագավոր Արտավազդը մեծ հայրենասեր է։ Ամենածանր պահին էլ նրա աչքի առաջ հառնում է Հայաստանը, որը եւ ուժ ու կորով է հաղորդում նրան՝ չհանձնվել, հպարտ քայլել ու հաղթական։
Ալեքսանդրիայում կայացած հաղթահանդեսը, որ սարքել էր Անտոնիոսը՝ իր դառը պարտությունները պատմության քողով մշուշելու-ծածկելու համար, պոեմում ներկայացվում է մի փոքրիկ, բայց խիստ համոզիչ դրվագով։ Ահա.
Անտոնիոսը մարտակառքով սուրաց կրկին,
Կանգնեց հայոց արքայի դեմ,
Կանգնեց գոռոզ...
Եվ, սակայն ոչ,
Չհոխորտաց, այլ... շշնջաց.
-Գլուխ թեքիր, գոռոզ արմեն,
Անսա խոսքիս, գլուխ թեքիր,
Եվ ինձանից ետ կստանաս կյանքդ փրկված...
Բայց չխոսեց հայոց արքան։
-Ով Արտաբազ, անսա խոսքիս եղբայրական,
Աղերսանքիս անսա, արմեն...
Բայց չխոսեց հայոց արքան։
Կլեոպատրան ելավ տեղից մետաքսների ցոլք ու փայլով,
Մետաքսների ցոլք ու փայլով տուրեւառեց արեւի հետ
Ու շուրթերի թաքուն դողով երգեց ասես.
-Հայոց արքա Արտաբազին իր զնդանը տարեք կրկին։
Եվ չհնչեց ոչ մի շեփոր,
Չորոտաց ոչ մի թմբուկ,
Լոկ մի ծնծղա լռության մեջ ընկավ գետին
Ու ծիծաղեց պղնձաձայն։
Մի կողմից այստեղ ցույց է տրվում Անտոնիոսի հոգու մեղկությունը, նրա նսեմությունը, մյուս կողմից ընդգծվում է «հայոց հպարտ արքայի» արքայականությունը։ Անտոնիոսը հայոց արքային դիմում է նույնիսկ «եղբայրական» խոսքով, միայն թե նա գլուխ խոնարհի Կլեոպատրայի առաջ։ Չէ որ նա ուզում է իր «բոզ հոմանուհուն» ներկայացնել որպես նվեր ոչ միայն հայոց արքային, այլ առաջին հերթին՝ այդ արքայի... խոնարհումը։
Բանաստեղծը վարպետությամբ է ցույց տալիս Կլեոպատրայի առաջին վճիռը ընդամենը մի քանի բառով։ Ոչ մի շեփոր չի հնչում, չի որոտում ոչ մի թմբուկ. «Լոկ մի ծնծղա լռության մեջ ընկավ գետին Ու ծիծաղեց պղնձաձայն»։ Այսինքն՝ թագուհու ուղեղում ոչ մի միտք չկար, ոչ մի վճիռ չկար, բացի մի ցանկությունից, հայոց արքային զնդան տանել ու հետո նրանով իր «հեշտասիրություններին» հագուրդ տալ։ Ահա ծնծղայի պղնձագույն ծիծաղի խիստ գեղարվեստական, դավթյանական իմաստավորումը։
Արտավազդ արքան քայլում է միշտ «հայացքը հեռու Արարատի ցոլքին»։ Եվ այդ փոքրիկ, բայց տրամաբանորեն մեծիմաստ տողով Դավթյանը ցույց է տալիս հայոց արքայի արարատացումը, հավատարմությունը իր ժողովրդին ու էությանը, դա ոչ թե արքայի աչքերի, այլ հոգու հայացքն է։ Ու, միեւնույն է, որքան էլ հեռու լինեն, սահմանազատված հազարավոր կապերով, Արարատը եւ արարատությունը յուրաքանչյուր հայի արյան մեջ են։ Հենց դա է արքայի անհաղթելիությունը, դրա մեջ է նրա անընկճելիությունը։ Այդ ամենի անունը անվեհերություն է, նաեւ՝ տղամարդկային, արուական վսեմություն։ Իսկ Եգիպտոսի թագուհին այդ անընկճելիներին ընկճելուց է իր ծարավին հագուրդ տալիս.
Կլեոպատրա, հայացքիդ տակ
Շեկ առյուծներն անապատի
Սողուն դարձած, գալիս, ոտքերն են քո լիզում,
Կլեոպատրա, հայացքիդ տակ
Սողունները անապատի
Ծառս են լինում ու մոլեգնում են կախարդված։
Կլեոպատրա, ծամիդ հյուսկեն թոկ ես արել
Եվ գցել ես պարանոցին թագավորաց,
Քո մատների շոյանքը մեղմ
Ստրկության խարան է խոր
Ճակատներին թագավորաց,
Կլեոպատրա, քո այդ քնքուշ ոտքերի տակ
Տերություններն են խարխլվում թագավորաց...
Սակայն ուրիշ, միանգամայն ուրիշ է հայոց արքան՝ Արտավազդը, որի հայացքը վերծանում է կարծես Արարատի ցոլքի երփներանգումները. Արարատը չի խոնարհվում երբեք, Արարատի առաջ խոնարհվում են... որքան հուզմունք ու խորք կա անգամ արքայի «ոսկե շղթաների» զնգոցում։ Հայոց արքայի քայլվածքում խոհ ու մտահոգություն չկա խոնարհվելու կամ չխոնարհվելու մասին, դա որոշված է նրա համար ի սկզբանե, նրա աչքերում Հայաստանն է ցոլցլում.
Հայոց արքան ասես կուռք է մի կուռ,
Որ Վահագնի մարմար պատվանդանից իջել
Եվ քայլում էր...
Գանգուր գիսակներին
Ձյուն է դիպել թեթեւ, թեթեւ եղյամ։
Քայլում է նա, ասես դրոշմում է հողին
Կշիռը իր անձի...
Նրա արյան հպարտության առաջ, ի վերջո, ծունկի է գալիս Կլեոպատրան՝ կինը, նրա ձայնը դառնում «դողդոջ»` ինչպես ձգված լարի թրթիռ։
-Հայոց արքա, հպարտ արքա
Քո արյական հպարտությամբ
Սրտիդ ուզածը պահանջիր...
-Տուր ինձ ծուխը իմ ծխանի...
Արտավազդի սրտով ու շուրթերով խոսում է հայ ժողովուրդը։ Վահագն Դավթյանը կերտել է ոչ միայն թագավորի, այլ հայրենասեր զավակի կերպար, որի գունային գծերը այնքան համոզիչ են ու հավաստի, բնական ու խիստ բնութագրական։ Արտավազդի մահն անգամ մեծ տիրությունների միջեւ ընկած հայ ժողովրդի համար դառնում է դաս, դառը, բայց եւ իմաստուն դաս։ Եվ Արտավազդի շուրթերից բանաստեղծը հնչեցնում է, ամենավերջին ու տխուր պահին, հայոց երգի ոչ միայն սաղարթների, այլեւ արմատների շշունջ-խորհուրդը։ Բանատեղծի վարպետ գրիչը ինչպիսի բառեր էլ երկներ, անշուշտ, չէր կարող ասել այն, ինչ ասել է ժողովրդի էության մեջ ձուլված, այս կոփածո բառերով, որոնք, չնայած մի կաթիլ, բայց տարրալուծվել են ամբողջ պոեմի մեջ, իրենցով ողողել բանաստեղծի ոչ միայն տողերը, այլեւ զգացումներն ու ապրումները, հուզումները, ոճն ու մտածողությունը։ Եվ դրանից, ինչ խոսք, ավելի է շահել պոեմը։
Ո տայր, օ, ո տայր ինձ ծխանիս ծուխը սուրբ,
Ո տայր առավոտ նավասարդյան,
Եղնիկների վարգը հայոց լեռներն ի վեր
Եվ եղջերվաց վագրը ձորերն ի վար,
Ո տայր, օ, ո տայր ինձ...
Եվ նույն վեհաշուք ոճով էլ Դավթյանը շարունակում է տողերի մեջ ներառնել նոր պատկերներ ու մտքեր, իր զգացումներին հաղորդել անսահմանություն։
Արտավազդն ուղղակի գնում է անձնազոհության, նա բարձր է պահում իր մայր ժողովրդի նկատմամբ ունեցած անսահման խորը հավարտարմությունը։ Նույն կերպ են վարվել նրա ընտանիքի անդամները, ասել է թե՝ նրա անվեհերությունը ոչ թե մեկի, այլ ամբողջ հայության հոգու արտահայտությունն է։ Եվ այն բանի համար, որ Արտավազդը, հայոց թագուհին եւ նրանց գերված երկու որդիները չխոնարհեցին իրենց գլուխները Կլեոպատրայի առաջ, վերջինիս նույնիսկ անվամբ դիմեցին, չցանկացան նույնիսկ ասել «թագուհի», վեհամիտ անձերի համբավ ստացան»24։
Զուտ գրական-գեղարվեստական կերպարներ ստեղծելիս գրողի գրիչն ավելի ազատ ու անկաշկանդ է լինում, բայց ուրիշ է, երբ նա ձեռք է մեկնում պատմական կերպարների գեղարվեստական մարմնավորմանը։ Այստեղ արդեն նա հանդիպում է սահմանազատման գծերի, չի կարող լրիվությամբ ազատություն տալ ստեղծագործական երեւակայությանը։ Սակայն այս ամենը չեն խանգարել Վահագն Դավթյանին, որպեսզի նա կերտի այնպիսի կուռ կերպարներ, որոնք անհատականացված են, աչքի են ընկնում իրենց առանձնահատկություններով ու գունային ընդգծումներով։ Այս առումով էլ Արտավազդի կերպարը կարելի է դնել մեր բազմադարյան գրականության ամենահաջողված ու ցայտուն կերպարների պատկերասրահում։
Գրողը վարպետությամբ է մոտեցել նաեւ Անտոնիոսի կերպարին։ Եթե Կլեոպատրային ներկայացնելիս նա փոքր-ինչ հեռացավ իրական պատմությունից, ավելի ընդգծելով նրա մեջ վավաշոտ կնոջը, դա տրամաբանորեն եւ հոգեբանորեն համոզիչ ու, հետեւապես, ճիշտ մոտեցում է։ Անտոնիոսի կերպարը կերտելիս, Դավթյանը լրիվությամբ հարազատ է մնացել է պատմական դեպքերին։ Օրինակ, պոեմում ցույց է տրված, որ Արտավազդը գլխատվում է նրա համար, որ հրաժարվում է Կլեոպատրային սիրելուց, մինչդեռ պատմության մեջ ասվում է, ինչպես արդեն նշել ենք, որ մար Արտավազդին սիրաշահելու համար է գլխատել հայոց արքային եւ նրա գլուխն ուղարկել Մարաստանի թագավորին։ Այս փաստը շրջանցել է բանաստեղծը ոչ թե նրա համար, որ այդպես է կամեցել։ Միանգամայն էլ՝ ոչ։ Պարզապես իրողությունների բնական ընթացքն է հուշել բանաստեղծին՝ հարազատ մնալ ոչ թե զուտ փաստին, այլ փաստի էությանը, տրամաբանությանը, լինել ոչ թե ճշգրիտ, այլ՝ ճշմարտացի։
Եվ չի սխալվել գրողը։
Ինչ վերաբերում է Անտոնիոսի կերպարին, ապա բանաստեղծը այն կերտել է առանց «գեղարվեստական միջամտությունների», այսինքն՝ նրան ներկայացրել է այնպես, ինչպես կա, միայն թե հասկանալի է՝ կերպարը բարձրացնելով գեղարվեստական պատշաճ մակարդակի։ Պատմագրության մեջ էլ ցայտունորեն են դրսեւորվում այդ տիպի առանձնահատուկ գծերը։ Եթե հայոց արքան իր մահով էլ «կենսափորձ է հաղորդում» մայր ժողովրդին, ի՞նչ կարելի է ասել Անտոնիոսի ինքնասպանության մասին, ի՞նչ է հուշում նրա ինքնասպան լինելը։
Ահա պատմագրության «դավը» հոգու խորքում պահած, քաղցրալեզու բանակցություններ վարող Անտոնիոսի մասին վկայությունը ըստ Պլուտարքոսի. «Անտոնիոսը լավ էր հասկանում, որ իր զորքը թուլացած է եւ կարոտ ամենաանհրաժեշտ բաների, ուստի եւ անսաց իր բանաստեղծությանը եւ չներկայացրեց Արտավազդին դավաճանության մեղադրանքը, առաջվա պես բարեկամաբար էր վարվում նրա հետ եւ պատշաճ պատիվներ մատուցում։ Հետագայում, սակայն, նա վերադարձավ Հայաստան, բազմաթիվ խոստումներով ու հավաստիացումներով դրդեց Արտավազդին իրեն հանձնվել, ապա եւ ձերբակալեց, շղթայակապ վարեց Ալեքսանդրիա եւ ցուցադրեց հաղթահանդեսի ժամանակ»։
Ամեն մի արարքում էլ երեւում են Անտոնիոսի հոգու նենգությունը եւ ստորությունը։ Նա ամեն ինչ անում էր հանուն իր փառամոլության, հանուն փուչ «հաղթահանդեսների», ոչ թե ելնելով ժողովրդի շահերից։ Ահա թե Վահագն Դավթյանի պոեմում ինչպես է նա ներկայացվում մեզ.
Գող Անտոնիոս, դու գող, փառքի չնչին դու գող,
Եվ մուրացիկ փառքի, եւ մուրացիկ սիրո,
Գող Անտոնիոս, դու գող...
Պարթեւներից պարտված,
Պարթեւներից ջարդված դու երկիրս եկար,
Ստրուկի պես եկար ու բրածեծ մի շան.
Եկար շողոմ խոսքով ու քծնությամբ եկար...
Հաց մուրացիր՝ տվի, գութ մուրացիր՝ տվի,
Ծածկ մուրացիր՝ տվի զինվորներին քո գող,
Գող Անտոնիոս, տվի, տվի հային վայել,
Մարդուն վայել տվի ու արքային վայել...
Արտավազդը կարող էր նրա «պարարտ պարանոցին» իր սրի «շեղբը փորձել», բայց... չարավ, որովհետեւ, ինչպես ինքն է խոստովանում պոեմի մեջ, «Մենք սովորություն չունենք զարկել զարկված մարդուն եւ ընկածին ոտնել...»։ Այս իրադեպի նկարագրությունում էլ Դավթյանը հարազատ է մնում պատմական ճշմարտացիությանը, իմաստավորում է նույնիսկ Արտավազդի կողմից Անտոնիոսին սրախողխող չանելը, մինչդեռ... Պատմության մեջ ճշմարիտ է այն կարծիքը, որ իսկապես «Արտավազդը ավելի ճիշտ կվարվեր, եթե ոչնչացներ բախտի բերմամբ իր ձեռքն ընկած հռոմեական նվաճողին եւ նրա զորքը»։ Դա պիտի արվեր այն ժամանակ, երբ Պարթեւստանի կողմից պարտված Անտոնիոսն ու նրա զորքը ապաստան էին փնտրում Հայաստանում, վայելում Արտավազդ արքայի հյուրասիրությունն ու մարդկային վերաբերմունքը։ Քանի որ անցյալի իրադեպերին բանաստեղծը նայում է այսօրվա աչքերով ու ապագայի, ապա չէր կարող չնշել Արտավազդի այդ չարված քայլի մասին։ Կարծում ենք, կերպարի ամբողջականացմանը ավելի է նպաստում Արտավազդի ափսոսանքը. «Գող Անտոնիոս, չարի, սակայն դու ինչ արիր»։ Այս տողերը Արտավազդի շուրթերին հնչում են որպես ինքնակշտամբանքի շշունջներ միաժամանակ, որից պոեմի դինամիզմը ավելի է խորանում։ Հայոց արքայի մարդասիրությանը զուգահեռվում է եւ Անտոնիոսի նենգությունն ու անմարդկային արարքները։
Զորք հավաքած նորից իմ երկիրը եկար,
Դարձյալ շողոմ խոսքերով ու քծնությամբ եկար,
Եղբայրության երդմամբ, ընծաներով եկար,
Ու ես՝ զինվոր ու մարդ՝ հավատացի վատիդ
Եվ վրադ եկա... Ու գողացար դու ինձ,
Ելուզակի նման ինձ գողացար,
Ձեռքիս շղթա դրիր, շղթաներն այս ոսկե,
Որ պարտության ամոթդ խայտառակ
Ոսկեզօծ ես այսպես, գող Անտոնիոս,
Եվ ինձ նվեր բերես հոմանուհուն քո բոզ,
Գող Անտոնիոս, դու գող, հազար անգամ դու գող...
Վահագն Դավթյանի շուրթերին, այս պոեմում էլ, ամբողջ պատմության խորհուրդն է՝ դաս առնել անցյալից, ավելի պարզորոշ նայել դեպի ապագան։ «Ու երբ մենք այսօր մի ետադարձ հայացք ենք նետում հայ ժողովրդի անցած պատմությանը,- գրում է Վահագն Դավթյանը,- քննում նրա գլխով անցած բոլոր արհավիրքները, պատմական մեծ ու փոքր ողբերգությունները, ճակատագրի բոլոր դաժան խաղերը, ապա նրա գոյատեւման փաստը առեղծվածի կերպարանք է ստանում։ ...Հայ ժողովուրդը պիտի ապրեր ու գոյատեւեր, որովհետեւ աշխատել է միշտ հայացքն ու հոգին բաց պահել ժամանակի առաջավոր գաղափարների դեմ, համընթաց լինել ժամանակի քաղաքակրթությանը, գիտությանը, արվեստին («Զուգահեռ ճանապարհ»)։