ՈՍՊՆՅԱԿՆԵՐ


Զորացրյալ զինվորը նստել է ձեռնասայլակին՝ բակում, պա-
                տի տակ. ձեռնասայլակին ոտքեր չկան։ Եվ շնիկը,
                որ սիրում էր քսմսվել ոտքերին տիրոջ, գալիս, ան-
                բավական ու անբարձրաձայն մի վնգստոցով, գլու-
                խը դնում է չկայացած իր խաղի վրա՝ ձեռնասայլա-
                կի տակ, որպես՝ մի քարի, մտորում մռըզված ու բաց
                աչքերով։

Այլեւս լուռ է զինվորը, զինվորը նայում է դեպի իր ներսը, դե-
                պի չերեւացող հեռուն. «Ոչ մեկը ոչ մի տեղ չի հաս-
                նում կյանքում՝ որքան էլ ձգտում-մաքառում է, ավե-
                լին, բոլորը հասնում են մի տեղ, ուր ոչ մեկը ոչ մի
                ժամանակ չէր ուզում հասնել։ Եվ ամենահեռուն
                այնտեղ է, ուր գտնվում ես»։

Շնիկը ելնում է կրկին, քսմսվում է սայլակին, գռմռվում է խուլ
                ու դժգոհ, փորձում սայլակը հրել իր փափուկ ուսով։
                Իսկ զինվորն այլեւս լուռ է, զինվորը նայում է դեպի
                դուրս, դեպի չերեւացող հեռուն։ Քաղաքում արդեն
                կառուցում են կրկին. պատերազմից հետո առաջինը
                կամուրջներն են շինում, որովհետեւ պատերազմի
                ժամանակ առաջինը ավերում են կամուրջները։

Ձեռնասայլակը ձեռքով հրում է զինվորը, եւ երազներով տար-
                ված շնիկն ուշացած վազում է սայլակի ետեւից։
                Ծխախոտի գլանակն ատամներով սեղմած` կոթը
                կտրելու աստիճան ամուր, աչքերը ծխավարագույ-
                րի ետեւում կկոցած, զինվորը հրում է, հրում է ձեռ-
                նասայլակը, հրում է անորոշ... Արդեն կորել է «դե-
                պին»... Եվ սայլակի ետեւից շնիկը վազելով՝ հաչում է
                բացակա ոտքերի վրա, որոնց միշտ քսմսվում էր։

                                     11.12.2002թ.