ՏԽՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆԱԿ


Հոգնել եմ այնտեղից,
ուր միշտ հասնում են։

Չկա այն մեղեդին, որ կարողանար մեկնել
միայնությունս։

Լույսից բացակա է
լույսը, եւ
օդը տխուր է։

Իրիկնամութը մանուշակվում է լեռան լանջին, որ
միանգամից լցվի հովիտը մանկության։
Ամեն մեկն իր ներսում
կորած անհայտ է,
եւ մենք մեր ստեղծածով ենք ստեղծվում,
քանզի մարդու մեջ պիտի մարդ լինի,
որ մարդ մարդուն հանդիպի։

Յուրաքանչյուր վայրկյան մի քիչ ժամադրավայր է,
յուրաքանչյուր վայրկյան՝
մի քիչ սեր, մի քիչ՝ ափսոսանք։

Որտեղ էլ վրա հասնի գիշերը՝
ես միշտ մասնակցում եմ առաջին աստղի ծագմանը։
Իսկ ջրերի վրայով քայլելու համար, ասում են,
պիտի լինել
առնվազն 33 տարեկան։
Մաշված են բոլոր ճանապարհները,
ու եթե ոչինչ հավերժական չէ,
ուրեմն՝ հավերժական է ամեն ինչ։

Սիրում եմ երկինքը, ուր միշտ թռչուն կա։