Ժամանակով
Ազգով — տակով,
Տնով-տեղով,
Ամբողջ ցեղով
Կատուներն են
Մկան որսկան:
Բայց էս կատուն,
Էս մեկն էսքան
Մրսկա՞ն, սսկա՞ն,
Ճպռո՞տ, քնկո՞տ,
Ծո՞ւյլ, ալարկո՞տ:
Չեմ բամբասում,
Մուկ չի որսում,
Դե համբերեք,
Գիշեր-ցերեկ
Խոնավ հողին
Ընկած կողին,
Աչքերն ընդհուպ,
Երկուսն էլ խուփ՝
Հա մռռում է, վերջում փնչում:
Լոկ բեղերն են վեր-վար թռչում:
Եվ մկները թաթիկ-տոտիկ
Պարում, երգում պոչին մոտիկ:
( Ա՛յ բրդոտիկ,
Բրդոտիկ,
Քնած հորթիկ,
Մի մեզ մտիկ,
Գանք քեզ մոտիկ,
Վերցնենք ոտիկ,
Հագցնենք վարտիք,
Կպցնենք գոտիկ,
Ա՜յ խորոտիկ,
Խորոտիկ:
Դնչից հեռու՝ չորս-հինգ մատ,
Դրին թասով լիքը կաթ:
Քիթք կաթի հոտն առավ,
Ասա՝ ծույլը ետ դառա՞վ,
Որ կաթիցը կում անի,
Անուշ, անուշ խում անի:
Չէ՜ , արևը գիտենա,
Նա ուզում է՝
Թասն իր դնչին մոտենա:
Ալարկոտը չգիտի՝
Չաշխատողը չի ուտի:
Ով ալարի,
Ոչ դալարի: