Վարդանանց բլուր Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Որդան կարմիր)

Վարդան Հակոբյան

Մղձավանջ
ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ


ՈՒղիղ չեն նայում՝ ինչ էլ որ անես,
եւ երակի մեջ պայթում է հողը,
երկնի գմբեթը փուշ է ոտի տակ,
սուտը՝ ճիշտ, ոսկե շրջանակի մեջ,
ի մի բեր ցրված քո ճամփաները։

Եկել են բոլոր գետերն, ինձ անցել,
լեռն իր սանձի մեջ ուտում է իրեն,
օրվա քունքերում զարկում է քարը.
ես Վարդանի ձին ջրելու տանեմ,
բարեւ, իմ հին ցավ, աշակերտն եմ քո։

Փոխվել է ժամը, դասը չի փոխվել,
զանգում ձուլվել է Սարդարապատը,
աչքերս հողում ցանված կարոտ են։
Մեսրոպ դպիրի ձեռքի մեջ՝ սուրբ գիր,
եւ Ամարասն է իմ դեմից գալիս։

Դեմքս ծաղկում է սպիների շուրջ՝
որպես վանք մի հին՝ սրի հետք վրան,
իմ արյան որդան կարմիրն են խոցում.
վեհը՝ հոգուդ մեջ, ոտքիդ տակ՝ վիհը,
եւ քո կամուրջը քո ձեռքն է միայն։