Ու իրիկնային...

Ու իրիկնային
Ոսկի մշուշում
Քո կորած ու հին
Երկիրդ եմ հիշում...

Հիշում եմ կապույտ
Դղյակները քո,
Հիշում եմ մի սուտ,
Կապո՜ւյտ երեկո...

Ու իրիկնային
Շշուկը հասկի —
Երբ վառվում էին
Աստղերը ոսկի...

Տո՜ն էր, տոնակա՜ն
Զոհերի հանդես —
Բայց ինչո՞ւ այնքան
Տրտում էի ես...