Ու տրտում էին...
Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն...
Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած[1] հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան...
Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն...
- ↑ միգամած — մառախլապատ, մեգ — մառախուղի թանձր շերտը: