Չարության սկիզբը
ՉԱՐՈՒԹՑԱՆ ՍԿԻԶԲԸ
Երբոր աշխարհքն ստեղծեց աստված՝
Ու լիացրեց, բարով լցրեց,
Պետք է սրան մի տեր, ասաց,
Ինձ պես հզոր, մաքուր ու մեծ։
5
Գնա, ասաց հրեշտակին.
Ցուրտ հյուսիսի, տաք հարավի
Ելքից, մուտքից վառ արևի,
Հող բեր խառնենք,
Բարեխառնենք
10
Մաքուր, անբիծ ու մեզ նման
Մի արարած ստեղծենք բանական...
Ու սլացավ անմեռ ոգին
Դեպի ծայրերն աշխարհքի։
Եվ աշխարհքի չորեք կողմից,
15
Չորեք կողմի մաքուր հողից
Առավ, իր փեշն ածավ
Ու ետ դեպ աստված վերադարձավ։
Ճամփին հանկարծ սև սատանան
Դեմը ելավ — կանչեց նրան,
20
— Ի՞նչ ես տանում։ — Հող է, ասաց,
— Ո՞վ է ուզել,— Իմ տերն՝ աստված.
— Հապա տեսնեմ — խոսեց կրկին։
Փեշը բացավ անմեղ ոգին
Ու չարն իսկույն մեջը թքեց,
25
Ու քրքիջով անհետ չքվեց։
Ուշացել էր, էլ ժամանակ չըկար.
Չար սատանի թուքը միջին
Բերեց ոգին հողն արարչին,
Եվ այն հողից մեր տերն առավ
30
Կազմեց մարդուն
Եվ մաքուր, անարատ
Շնչեց նրան մաքուր,
Վսեմ հոգի, միտք ու խորհուրդ,
Բայց հակառակ նյութը չարի
35
Հենց այն օրից մնաց խառնուրդ.