***

Չեկար եւ այսօր,
Դժվար չէ, սակայն, քեզ հանդիպելը,
Քեզ հանդիպելը՝ բաժանման համար:
Բավական է, որ լուսինն երեւա
Եվ ես մտերիմ հայացքում նրա
Կտեսնեմ դեմքդ,
                Կժպտամ... ոչ քեզ,
Եվ լուսնափոշուց թափ կտամ բոլոր
Երազներս այն,
Որ ձեռագրել եմ օրերիդ համար:
Քեզ մոտ մոռացված խոհ ու երգերս
Լիալուսնի մեջ գիրկս կդառնան
Ու մենության մեջ կճանաչեմ ինձ,
Լրիվանալով,
                  Քեզ՝ որպես սպի
Թողնելով փակվող կեղեւի տակ իմ:
Հետո երեկոն քաղցր կլինի
Երազի նման
Ու ես կփորձեմ տխուր չլինել.
Լուսինը աչքիս կդառնա փոքրիկ
                  Կլոր հայելի,
Որ քո հուշերից մաքրել է ձեռքը
Մի լավ աղջկա
Ու տեղավորել լեռների ծերպին: