Խոսքս ինչ է ասում, չգիտեմ, բայց դա ոչինչ,
ահավորն այն է, որ ես կորցրել եմ իմ
լռությունը։ Եթե գոնե մեկն
ինձ հասկանար (այդ թվում՝ ինքս), ես նրան
Նոբելյան մրցանակի կներկայացնեի, չէ՞ որ
մեծ ընթերցողը
միշտ ավելի մեծ է լինում։
Ամեն գտնող, նույն պահին, ավելի շատ
կորցնում է։ Հայացքը,
որքան էլ՝ անչափելի,
այնուամենայնիվ, ինչ-որ չափով
սահմանափակում է։ Ինչպես ճշտել վարկածը՝ գուցե,
իրոք, տիեզե՞րք կա տիեզերքից դուրս։
Ծաղկի ժամանակն է, գնամ ծննդավայր, տեսնեմ
մորս աչքերը՝ հատիկ-հատիկ ինչպես են բացվում
ծառերի վրա,
տերեւների մեջ։
Արեւը հասկի միջով գնում է այնտեղ, ուր
կարելի է գնալ միայն հասկի միջով։ Իսկ վայրը
կայանում է այնժամ, երբ այնտեղ հանդիպում են։
Ափիս մեջ կա մի ծաղիկ, որ ափիս մեջ չէ դեռ։