ՀՈԳՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ


Աչքերը սովորաբար ավելի շուտ են հասնում այնտեղ,
                ուր ուզում ես գնալ։ Ձմռան լճակում
                պահված աստղիկի շողը, խնդրում եմ,
                տաքացրու քո ափի մեջ։

Կան ծաղիկներ՝ անհնարին բարձունքներում, որոնց չեն
                հասել ձեռքերդ, բայց
                աչքերդ թող գգվեն այնպես,
                որ ում նայում ես՝ ավելի գեղեցկանա։

Ճանապարհը՝ որքան էլ բանուկ, ամեն գնացող
                իր համար նորից է բացում, սակայն դու
                քայլ անելուց առաջ, հիշիր՝ պետք է գնալ
                հենց այնտեղ, ուր չի տանում ոչ մի ճանապարհ։

Հոգիդ երկինք է թռչելու մի օր եւ խառնվելու է
                բարձրում թեւածող աղավնիներին, քանի դեռ
                ուշ չէ, գոնե մի աղավնի թող իջնի քո ուսին
                եւ թեւերում ամփոփի աչքերիդ մեջ
                                                ծաղկող հեռուն։