Չորս ազգի մայրեր, չորս ազգի մանուկներ

Չորս ազգի մայրեր, չորս ազգի մանուկներ
թարգմ.՝ Խնկո Ապեր
Չորս ազգի մայրեր, չորս ազգի մանուկներ

ՄԵՐ ԵՂԲԱՅՐԻԿՆԵՐԸ

1. Խափշիկ

Եղբայրիկ է
Գույնը սև,
Սև մազերը՝
Օղաձև,
Օղակ-օղակ,
Ոլորուն,
Խուճուճ գառան
Պես սիրուն:
Աչիկները
Սև ածուխ,
Ոտից գլուխ
Թուխ է, թուխ,
Էս ինչ մանչ է,
Մա՜նչ, մանչիկ,
Էս ի՛նչ գոնչ է,
Գոնչ, գոնչիկ.
Ոտը գետնին
Պինդ խփում
Եվ իր հանգի
Թոթովում.
— Հիլլի՛ — միլլի՛
Հա՛...
Հիլլի՛-միլլի՛
Հա՛...

2. Չինացի

Մտի՜կ, մտի՜կ
Էս տղին,
Եղբայրիկ է
Սա՜ դեղին:
Սուր-սուր մազեր,
Սուր ասեղ,
Ծուռտիկ աչեր
Նեղ ու շեղ:
Էս ի՛նչ մանչ է,
Մա՛նչ, մանչիկ.
Ես ի՛նչ գոնչէ,
Գո՛նչ, գոնչիկ.
Ոտը գետնին
Պինդ խփում
Եվ իր հանգի
Թոթովում.
Չինգե1, լինգե՜
Չեն...
Չինգե, լինգե՛
Չեն...

3. Հնդիկ

Եղբայրիկ է
Սա էլ զատ,
Աչիկները
Սև-սև սաթ,
Բոյ ու բուսաթ
Կոկ ու հարթ,
Պղնձագույն
Պստիկ մարդ:
Էս ի՛նչ մանչ է,
Մա՛նչ, մանչիկ,
Էս ի՛նչ գոնչ է,
Գո՛նչ, գոնչիկ,
Ոտը գետնին
Պինդ խփում
Եվ իր հանգի
Թոթովում.
Կիվա՛,1) կիվա՛
Շվա՛...
Կիվա՛-կիվա՛
Շվա՛...

4. Ռուս

Եղբայրիկ է
Սա սպիտակ,
Աչիկները
Կապուտակ,
Քիչ էլ քթլատ,
Կարմրաթուշ,
Մազը թել-թել,
Շեկլիկ վուշ,
Ձայնը զանգակ,
Զը՛նգ, հնչուն,
Աղբյուրիկ է
Կարկաչուն:
Էս ի՛նչ մանչ է,
Մա՛նչ, մանչի՜կ,
Էս ինչ գո՛նչ է,
Գոն՛չ, գոնչիկ,
Ոտը գետնին
Պինդ խփում
Եվ իր հանգի
Թոթովում,
Մա-մա՛.
Մա, մա, մա:

Խափշիկ մոր երգը

Տե՜ս սևամորթ
Մայրիկին,
Ի՜նչ է երգում
Բալիկին.
— Օյ-լա՛,
Օյ-լա՛,
Գիշեր է գալիս,
Քուն դնեմ բալիս,
Օյ-լա՛,
Հայրիկդ չկա,
Նա դեռ ուշ կգա,
Օյ-լա՛,
Նա քունը չառած
Ծեգի հետ գնաց,
Որ շալակ-շալակ
Կրի բեռ ու հակ
Օյ-լա՛,
Օյ-լա,
Երբ դու մեծանաս
Շուտով կիմանաս,
Որ մեծ հյուսիսում,
Ամբողջ աշխարհի
Վեցերորդ մասում,
Ընկերներ ունես՝
Քեզ միշտ օգնական,
Օյ-լա՛,
Մի հսկա բանակ,
Չես մնա մենակ,
Օյ-լա՛,
Հայրդ չխնդաց,
Բայց դու կխնդաս,
Լավ օրեր կգան,
Օյ-լա՛,
Օյ-լա՛,
Իմ թուխիկ, թխլիկ
Սևաչյա բալիկ:

Դեղնամորթ մոր երգը

Տե՜ս դեղնամորթ
Մայրիկին,
Ի՜նչ է երգում
Բալիկին.
— Ձի՛ն-ձի՛ն,
Բալիկս,
Ձի՛ն-ձի՛ն,
Յու-դզին,
Ի՛նչ ծանր բեռ է
Դրած իմ վզին:
Ձի՛ն-ձի՛ն,
Ձի՛ն-ձի՛ն,
Ինձ էն դազգահը
Հալում է, մաշում,
Կտոր եմ գործում,
Թելիկն աբրեշում,
Ընկել եմ մատից,
Ընկել եղունգից
Ընկել եմ թևից,
Ուժից ու հալից,
Վարձ չեմ ստանում
Ագահ վարձկալից...
Ձի՛ն-ձի՛ն,
Ձի՛ն-ձի՛ն,
Մեծացի՜ր, բալիկ,
Օրերը գալիք
Չե՜ն լինի էսպես.
Եղբայրներ ունես
Քեզ կուռ ու կռնակ...
Մենակ չես, մենակ.
Դուք հրում մի տեղ,
Դուք մրում միտեղ,
Կբերեք լավ օրեր:
Ձի՛ն-ձի՛ն,
Բալիկս,
Ձի՛ն-ձի՛ն,
Յու-դզին,
Ձի՛ն-ձի՛ն,
Քեզ օրո՛ր:

Հնդիկ մոր երգը

Տե՜ս թխադեմ
Մայրիկին,
Ի՜նչ է երգում
Բալիկին.
— Այ-լա,
Բալիկս,
Այ-լա,
Հոգնած է հայրդ,
Թող հանգստանա,
Որ առավոտ վաղ
Նորից դաշտ գնա:
— Այ-լա՛,
Այ-լա՛,
Էն ճահճոտ դաշտում
Էլի կռանա,
Շատերի նման
Հալվի-մաշվի նա:
Վարձկալից հանգիստ
Չկա բանվորին,
Բայց քեզ չեն թողնի
Հասնես էդ օրին:
Այ-լա՛,
Այ-լա,
Մեծացի՛ր, բալիկ,
Օրերում գալիք
Չես մնա մենակ,
Քեզ կուռ ու կռնակ
Եղբայրներ շատ կան,
Քեզ միշտ օգնական:
Այ-լա՛,
Այ-լա՛,
Հայրդ չխնդաց,
Բայց դու կխնդաս,
Լավ օրեր կգան,
Քեզ թև ու թիկունք
Եղբայրներ շատ կան:
Այ-լա՛,
Բալիկս,
Այ-լա՛,
Արդեն ուշ է,
Քնի՜ր հիմա:

Ռուս մոր երգը

Տեսե՛ք սպիտակ
Մայրիկին,
Ի՜նչ է երգում
Բալիկին.
— Բա՛յ-բա՛յ,
Իմ Լենիկ,
Հերիք է ծծես
Թաթիկդ լիք-լիք:
Բա՛յ-բա՛յ,
Իմ Լենիկ,
Շուտ կմեծանաս,
Ուժեղ պատանի,
Գործի կգնաս,
Հայրիկիդ տեղը
Ինքդ կկանգնես,
Նրա մեքենան
Գործի կդնես:
Բա՛յ-բա՛յ,
Իմ բալիկ:
Հայրիկդ բանվոր՝
Էն տարին դժվար
Կռվով գրավեց
Երկիր քեզ համար,
Որ երբ մեծանաս,
Այնտեղ աշխատես,
Քո աշխատանքը
Ինքդ վայելես:
Բա՛յ-բա՛յ,
Իմ բալիկ,
Բա՛յ-բա՛յ,
Իմ Լենիկ,
Բարով մեծանաս,
Բանվոր հայրիկիդ
Ճամփովը գնաս:
Շատ երկրներում
Եղբայրներ ունես,
Նրանց էլ պիտի
Լույս աշխարհ հանես...
Դուք հրի՜ց, մրի՜ց,
Դուք ջրից անցեք,
Խորտակեք հինը,
Նոր կյանք կառուցեք:
Էլ մի՜ ծփծփա,
Խլվլան ալիք,
Բա՛յ, բա յ եմ ասում,
Բա՛յ-բա՛յ,
Իմ Լենիկ: