Պուտիկ, պուտիկ,
Պուտուտիկ,
Շղարշ թևեր
Խատուտիկ,
Շողերի տակ
Վառվռուն,
Թըռ-թը՛ռ թիթեռ
Թըռվռուն,
Թըռ-թը՛ռ թիթեռ
Տիկ, տիկ, տիկ,
Որտեղ ծաղիկ՝
Դու տիտիկ,
Ծաղիկներից
Հյութ ծծան,
Տերևներում
Ձու ածան:
2
Թիթեռնիկը
Ձու ածեց,
Տերևի տակ
Ձուն պահեց,
Ցողուն, տերև
Հովանի,
Որ թշնամին
Չտանի:
3
Անցավ աշուն,
Ցուրտ ձմեռ,
Եկավ զարուն
Կենսաբեր.
Էլի՜ տերև,
Ծիլ, ծաղիկ,
Էլի՜ ցողուն
Շող-շաղիկ:
Ձվում բացվեց
Ներսից դուռ,
Եվ լույս ընկավ
Մի թրթուր,
Թավիկ, թավիկ,
Թավամազ,
Մեջքը զոլ-զոլ,
Խազեխազ:
Փոքրիկ թրթուր
Անկշտում,
Տերևներ է
Խփշտում:
Որտեղ տերև
Նա վրան,
Մկրատի պես
Սուր բերան,
Ցերեկ, գիշեր
Ծամ ու կեր,
Ինչքան ասես
Շատակեր,
Փռվում, չռվում,
Կես արթուն,
Իրեն թելով
Փաթաթում,
Քնում մուշ-մուշ
Բոժոժում,
Հարսնյակ դարձած
Չի շարժվում:
4
Եվ բոժոժում
Քնած դեռ,
Նա դառնում է
Մի թիթեռ,
Իսկույն անցնում
Է ուժի,
Ծակում պատը
Բոժոժի,
Ու բոժոժից
Լույս աշխարհ…
Չորս թևանի,
Նախշանկար:
Պուտիկ-պուտիկ,
Պուտուտիկ,
Շղարշ թևեր
Խատուտիկ,
Թըռ-թը՛ռ, թիթեռ,
Տիկ, տիկ, տիկ,
Որտեղ ծաղիկ՝
Նա տիտիկ,
Ծաղիկներից
Հյութ ծծան,
Տերևներում
Ձու ածան:
Թիթեռնիկը
Ձու ածեց,
Տերևի տակ
Ձուն պահեց,
Ցողուն, տերև
Հովանի,
Որ թշնամին
Չտանի:
5
Անցավ աշուն,
Ցուրտ ձմեռ,
Եկավ գարուն
Կենսաբեր
Էլի տերև՜,
Ծիլ, ծաղիկ,
Է՜լի ցողուն
Շող-շաղիկ:
Ձվում բացվեց
Ներսից դուռ,
Եվ լույս ընկավ
Մի թրթուր՝
Թավիկ, թավիկ,
Թավամազ,
Մեջքը զոլ-զոլ,
Խազեխազ:
Ծաղիկներից
Հյութ ծծան,
Տերևներում
Ձու ածան:
6
Թիթեռնիկը
Ձու ածեց,
Տերևի տակ
Ձուն պահեց,
Ցողուն, տերև
Հովանի,
Որ թշնամին
Չտանի...
Քանի կրկնենք
Չի հատնի՝
Սրա վերջը
Ո՞վ գտնի: