ՊԱՊՈՒԿԸ

․․․Մութն ի լուսոն կուգար, սև պատռտած շրջազգեստին տակեն կախած մուրացկանի տոպրակը, որ աջ կուշտին վրա ահագին ուռ մը կը ձևացներ։ Գլուխը կը պլլեր հնությունեն գունատած շալ մը, որուն երկու ծայրերը վզեն անցնելով խաչաձև կոկորդին վրա խոշոր կապ մը կը հորինեին։ Ոտվըներն առանց գուլպայի, կանցնեին ծանր, լայն ու երկար ոտամաններում մեջ, որք ծվիկ-ծվիկ եղած շրջազգեստին տակեն ամեն մեկ քայլափոխի հաջորդաբար կերևային, և որոնց վրա սևեռված էր հարաժամ իր կլոր հյուծված և անփայլ աչվրները՝ քալած ատեն։ Աջ բազուկին տակ կը սեղմեր լաթի թանձր կտոր մը՝ չորսի ծալված, որ հավանորեն իր մինտերն էր հազարավոր կարկըտտաններով ծածկված։ Գավազան մըն ալ ուներ՝ ծայրը թեթեւակի կոր և ձեռաց շփումեն աղտոտած։ Ի մի բան, քուրջերու մեջ պլլված փաթթված ողորմ զանգված մըն էր, գթություն և արգահատություն հրավիրող, որուն տեսքը այնքան կաղդե վրադ որ գիշերն երազիդ մեջ երբ տեսնես զայն՝ արհավրալից ընդոստում մր կանենաս։

Ու կերթար կը մտներ եկեղեցուն դռնեն ներս, ձախ կողմը գտնված անկյունը կուղղվեր, և հոն, տխուր կիսաստվերին մեջ, կը փռեր իր մինտերն, ոտնամանները կը հաներ, ինքն իր վրա կը կծկվեր՝ գլուխն ուսերուն մեջ քաշած ու բազուկները կուրծքին վրա ծալած։ Շուրթերն, որք ակռաներու բացակայությունեն ներս քաշված Էին՝ քիթին և թուշին կիսաշրջանակի ձև մը տալով, աղոթք մը կը մրթմրթային, դողդոջ ձեռքով խաշի պես բան մը կը հաներ, և ապա աղտոտ լաթ մը փռելով առջևը՝ կը սկսեր մուրալ... Խորհրդավոր միանգամայն արգահատելի էր այդ վաղեմի կնկա վիճակը՝ ո՞ւսկից կուգար, ի՞նչ էր անունը, ոչ ոք գիտեր. «պապուկ» կը հորջորջեին ձայն․ ամեն առտու իր այդ հավիտենապես միօրինակ կերպարանքովը, շարժումովը, քալվածքովն ու ոտնամաններովը կը դառնար փողոցին անկյունեն և կը քաշվեր եկեղեցվո դռան այն մութ անկյունը ուր կր մուրար։ Եկեղեցի հաճախող ջերմեռանդներեն շատ քիչեր՝ այդ տխուր ու մռայլոտ մուրացիկին վրա ի գութ շարժելով տասնոց մը կը նետեին լաթի վրա, ուր կերկննար անմիջապես պապուկին չոր, կռնծած ու երակներով ծածկված ձեռքը, ու ցնցոտիներուն մեջ աներևույթ կըներ դրամը. ողորմություն տվողին երեսը չէր նայեր, միայն, երբ տասնոց մը գար արատ մը հորինել թուխ լաթին վրա, շուրթերը կերերային, իբր միակ նշան շնորհակալության։ Բայց ո՞ վ զարմանալյաց, ահա գուլխը վեր կառնէ, աչվըները, մարած ու մթին աչվըները հանկարծուստ փայլակ մը կարձակեն, կծկյալ դեմքը կը մեղմանա, կը թուլնա, կանուշնա, և... ժպիտ մը, անակնկալ ժպիտ մը շուրթերը կը կծկե, ձեռքը կերկնցնե աշխուժով դեպ այն անձը որ տասնոց մը կը դներ հոն։ Հետո մարդը կը հեռանա, կը հեռանան ժպիտն ու զվարթ արտահայտությունը, մռայլը կը պատե վերըստին և գլուխը կիյնա կուրծքին վրա անշարժ ու տխրահամակ ինչպես էր առաջ։ Ո՞վ էր այդ մարդը։ Ամեն առավոտ, ժամը ճիշդ երկուքին՜, այլանդակ սիլուեգ մը կանցներ եկեղեցիին փողոցեն, կռնակին վրա խոշորկեկ սապատով, անութին տակ անբաժանելի հինցած հովանոցով, խոտորնակ նայվածքով, յուղոտ ֆեսով, պատռտած ու գունաթափ զգեստներով, խորշոմյալ դեմքով և ահագին կիսակոշիկներով։ Շատ բաներ կը պատմվեին վրան, իբր թե երիտասարդությանը շոնդալից ու ցոփ կյանք վարած էր, թե մեծ հարստություն մրսխած էր, թե գեղեցիկ էր, թե սիրային արկածներ ունեցած էր, թե..․ և երբ մտածվի որ այս ամենը անցյալը կը կազմեին այն անձին որ այժմ իր անհեթեթ ու տխեղծ կերպարանքովն և եթ կը ներկայանար մեզ, այդ ամենն ուրիշ բան չէին թվեր եթե ոչ առասպելներ կամ առեղծվածներ, վարպետորդիներե կամ ընդվայրացածներե հերյուրված։ Բարեսիրտները «մարդուկ» կանվաննեին զայն, իսկ չարաճճիները «խամպուռ»։ Կերևեր նա փողոցին ծայրեն, կուզը տնկած, խոտորնակ նայվածքը մեկ կետի վրա հառած և ծանր ոտնամաններովը սալարկին վրա անսխորժ ժխոր մը հանելով․ ու կը մոտենար եկեղեցվուն դռանը, հանկարծ բիրտ ու արագ շարժմամբ մը ձեռքը ծոցը կը խոթեր, և աշխուժով ներս մտնելով՝ կը մոտենար մուրացիկին ու տասնոց մը կը դներ անոր դողդողացող ձեռքին մեջ։ Սրտաշարժ բան էր տեսնել այդ երկու խղճուկ և թառամած էակներու միմյանց հանդիպումեն առաջ եկած վայրկենական ոգևորությունն ու վաղանցուկ տագնապը․ ի՞նչ ունեին, միթե կը զգայի՞ն, միթե հրապուրվա՞ծ էին իրարմե, միթե կսիրեի՞ն զիրար, սեր այդ տարիքին մեջ, ուր արյունը սառած, զգացումները չթացած, խանդ ու ավյուն հավետ կորած են, և սակայն ուրիշ ի՞նչ մեկնություն տալ վատացած կյանքի այդ անակնկալ հուրքին, այդ երիտասարդական բորբոքման։

Եկեղեցվուն դուռը փակվելու պահուն, պապուկը կը մեկներ կորաքամակ, մութը կիջներ, անսահման սև վարագույրի պես ծածկելով տաճարին վեհաշուք և հսկայակերտ իրանը, վերջին անցորդներու ոտքին ձայնը լռության մեջ կանհետեր ու Մուե-ինն իր յաթսրին հետ երկյուղած հառաչը կուղղեր դեպի երկինք, ու ամեն մեքենական ու հարանման արարողություններեն ետք, երբ մեկը գտնվեր եկեղեցվուն մոտ պիտի լսեր ոտից դանդաղ բրդուք մը, որ համատարած լռության հետ կարծես կը խաղար՝ հրճվանք զգալով զայն վրդովելուն։ Մութին մեջեն կը առաջանար վեր մը... մարդուկը, կը մոտենա հաստակառույց երկաթապատ դրան, վեր կառնե իր գետնահած ակնարկն ու կը նայի երկու վայրկյան կը մնա այդպես․ արձանացյալ, հոգոց մը կը հանե, կը դառնա հանկարծ, հովանոցը կը տեղավորե անութեն տակ, կուգը կը երերցնե անդամ մը ու կանթեղին դեղնաշուրթ լույսին մեջ կերթա, կանհետի։

Ամեն օր այս մթին ու խորհրդավոր գործողությունները կը կատարվեին մեքենական ճշգությամբ և անվհատ միօրինակությամբ. մոլեգին բան մը կար այդ անծանոթ ծերունուն անսովոր ընթացքին մեջ, մոլեգնություն որ ևս առավել ահավոր կը դառնար իր արտաքին հանդարտիկ երևույթովը ու անզգած դեմքովը խուլ, կատաղի բան մը կելևէջեր, կը պտուտքեր անոր մեջ, չեմ գիտեր ինչ, այլանդակ սեր մը, ծերության վայրագ քմաճույք մը, հեշտախտային այն մոլեգին գրգռումներե մին, զոր ո՛չ մեկ կերպով կարելի է բացահայտել։

Ձմրան սառնաշունչ օր մըն էր․ բնությունն զգեստավորված էր ձյունեղեն սպիտակ հանդերձ ու մթնոլորտին մեջ, ուր սաստիկ հով կար, ձյունի առկախ օվկիան մը կը տարուբերեր։ Շատ հաճելի բան չէր այդ օդին դուրս ելլել․ իրավ, բնության այս բանաստեղծական հանգամանքը տեսնել կարժե, բայց սենյակիդ պատուհանեն, երեսդ ու ձեռներդ կրակարանին տված։

Ես այդ օդին տեսա պապուկն որ գավազանին վրա հենելով և մինչև ծունկերը ձյունին մեջ թաղվելով՝ կը առաջանար կամաց–կամաց և տքալով գունդ ու կլոր իրանը ձյունի վրա բավական ուշագրավ ու քիչ մըն ալ ծիծաղաշարժ ձև մը կառներ, կը դողար, կը սարսռար, բայց կուզեր երթալ, հոն, անկյունը՝ միշտ․ եթե կրակ իսկ թափեր երկնքեն։ Կես ժամ ետք, միևնույն քայլերուն շավիղին վրայեն ուրիշ մեկը կը առաջեր դեպի եկեղեցվուն դուռը, «խամպուռն» էր որ ստակը դնելով պապուկին ցրտասարսուռ ձեռքին մեջ կը հեռանար կորագլուխ և խուն ինչ տխուր։

Երբ իրիկունը ժամկոչն եկավ եկեղեցվուն դուռը գոցելու, տեսավ որ պապուկն ինքն իր վրա կքած մնացել էր հոն։ Անմիջապես իմաց տվավ մյուս ժամկոչներուն ու քահանային, որք եկան, վերուցին հեք պառավը, որ, արդարև մեռած էր այդ պաղ քարեն վրա լուռ ու մունջ։ Աջ ձեռքին սեղմ մատներուն մեջեն տասնոց մը գտնվեցավ։ Դրացիներեն նվազ քարասիրտները, արգահատելով, եկեղեցի գնացին․ արարողությունը սովորականեն կարճ տևեց․ տերտերն աղոթք մը լփրտեց ու Ժամկոչներն ալ ուսերնուն վրա նետելով ճաղն ուր նետած էին մարմինը, գերեզմանատուն վազցուցին։ Մարդուկը, գիշերվան որոշյալ ժամուն, անցավ դրան առջեվեն, ու աղետին անգիտակ, դարձավ, հոգվոցն հանեց և շտապով մեկնեցավ։ Առտուն, տոտիկ-տոտիկ ու հանդարտ կերպարանքով մերձեցավ եկեղեցվու դրան, և տասնոցն հանելով՝ ներս մտավ․ քիչ մը սարսափած… պարապութենեն զոր աչաց պատրանքի մը վերագրելով, մինչև անկյունը գնաց, ի զուր, չի կար, հոն չէր, ոտվըները քսքրտեց, ձեռներովը պատը շոշափեց, խուլ հեծյուններ ելան կոկորդեն, դարձավ, նորեն դարձավ, և սրտակեղեք վերջին կաղկանձ մը արձակելով՝ ինկավ…

Եվ հիմակ, ամեն առավոտ, նույն ժամուն, սգավոր ծերունին որ ահռելի կերպով կը նիհարնա և կուզը կը խոշորնա, կը մտնե եկեղեցվու դռնեն ներս ու անկյունը, մութին մեջ, բան մը կընե իսկույն ու կը մեկնի։

Հետաքրքիր եղա դիտել թշվառ մարդուն այդ շարժումները։ Ծածկվեցա անկյուն մը ուսկից անկարելի էր երևիլ, և տեսա ծերունին որ գաղտագողի ակնարկ մը նետելով չորս բոլորը, ծընրադրեց, գլուխն երկնցուց և սկսավ տենչանոք պատը լզվրռտել ։