Պզտիկ Սեփին պատմությունը

Պզտիկ Սեփին պատմությունը

ՊՍՏԻԿ ՍԵՓԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի տապահեղձ արևին ներքև արյուն քրտինք մտած, բոբիկ ոտքերն այրած մրկած, ճերմակ շապիկին ճեղքեն՝ որ մսին փակած էր, ցուցնելով մազոտ լայն կուրծքը, որ կելևէջեր իր հև ի հև շնչառության տակ, Բերայեն հետիոտն Չըքսալըն կը դառնար միտեաճի Սերքոն, պարապ կուժը գլխուն վրա, մեկ ձեռքը մեջքին դրած։

Օգ-Մեյտանիի շիտակ սարահարթին վրայեն կը առաջանար խոշոր քայլափոխերով և ետևեն ձգելով իր խոշոր իրանին հինգապատիկ երկար ստվերը, որ կավարտեր կումին կոնաձև կիսաշրջանակովը։

Գլուխը, իր բեռին պատճառով, հավասարակշիռ գիրքի մը մեջ, դեպ առաջ կարկառած էր քիչ մը․ տեսակ մը գոհունակություն կարտահայտեր դեմքը։ Քսանհինգ տարեկան հազիվ կար, թիկնավետ էր և կորովի, չուխայե լայն ու փոթ տափատ մը հագած էր՝ ճերմակ գոտիով մը մեջքին վրա պնդված։ Խովացյալ հոծ մազերուն մեջ վերջացող հին ու մաշ ֆեսին վրայեն կապած էր կարմիր թաշկինակ մը, որուն մեկ ծայրը ականջին կդիպչեր եռանկյունաձև․իր շարժմանց մեջ ուներ ըմբշական այն արհամարհոտ հովը, որ իր դասակարգի մարդոց վրա կը նշմարվի առ հասարակ։ Այն տաժանելի կյանքը, զոր կը վարեն այս մարդիկ ծովու վրա, արևին տակ, փողոցներու մեջ, կարծես ավելի կը զորացնե, կամրապնդե անոնց ուժն ու կորովը։ Իրենց բիրտ ու կոպիտ կենսավարության մեջ անզգա երջանկություն մը կվայելեն, զոր բարձր դասակարգի մարդիկ իրենց հեշտակեցությամբն հանդերձ՝ անկարող են գտնել, բացարձակ անկարող։ Քիչ մը Աստծո մատը կա, կարծեմ, այս բանին մեջ։ Այազմայի զառիվերը կըմագլցեր հիմակ միտեաճի Սերքոն, անհավատալի դյուրությամբ անցնելով դերբուկ այդ առլեփն։ Խորունկ մտածումի մը մեջ թաղված կերևեր, շրթունքը կը շարժեին երբեմն, թերևս առանց իր գիտնալուն, ու կը մռլտար։

- Պեյօղլուն պաշխա պան է պե, էղածը կը ծախես․․․ հեմ լայրխլը կինով կը ծախես... մեյ մըն ալ վո՞վ կը պտըտի աստղերը... պոշըպոշընա տապան ծեծե. պոռա կանչե, պողազիդ ծակը չորցուր:

Հանկարծ միտքեն փայլակ մը անցածի պես, ընդհատեց խոսքը և մեկեն ի մեկ խիստ երևույթ մը առավ:

— Փիճը ի՞նչ ըրավ աճապ, մրմռաց։

Եվ շարունակելհվ իր ճամբան, Չըքսալընի մանվածապատ նեղ փողոցներեն անցավ, դարձավ, իջավ, ելավ, և վերջապես կանգ առավ միահարկ խարխուլ տնակի մը առջև, որուն պատուհաններեն ներս կրնար նայիլ փողոցը կեցողը մը. կուժը գետինը դնելով, երկար շունչ մ՝առավ և գոտիին ծալերեն բասոտած բանալի մը հանելով դուռը բացավ և կուժը ձեռքը ներս մտավ։

Կը սարսռա մարդ երբ այդ տուներուն ներքին կողմը տեսնա. ավերակի մը հոտը կա հոն, ամեն անկյուն, ամեն առարկա, ամեն բան ցուրտ դրոշ մը կը կրե իր վրա․ զգայուն նայվածք մը երբ հածի հոն, ստվեր մը կունենա իր տեսողության հանդեպ որ թշվառության ուրվականն Է. հոս կոտրած սափոր մը, հոն ծռած սևցած սան մը, ասդին մրագույն պատի կտոր մը որուն առջև լաթ լվացած են, անգին ծըվիկ ծըվիկ տնկողին մը պատառոտուն վերմակով մը ծածկված, ամենուրեք հնություն, աղքատություն, թշվառություն։ Ամբողջ կահն այդ ողորմելի խցիկին չորս հինգ անհենարան աթոռակներ, գետինը փռված մեկ քանի աղտոտ «մինտեր»–ներ, մանր մունր բաներ, ոչնչություններ վերջապես։

Փողոցին վրա նայող խցիկը մտավ Սերքո և փռվեցավ գետինը, իր խոշոր մարմնոյն խոնջերքը սփռելով մաշած մինտերին վրա։ Հետո, գոտիին ծալերուն մեջեն յուղոտ քսակ մը հանեց, որուն պարունակությունն իր կոշկոռոտ ափին մեջ թափելե ետք, սկսավ համրել։

— Քսանվեց ղրուշ, մրմնջեց գոհունակության ժպիտով մը և իր բարակ պեխը ոլորելով։Անանկ է նե սա գիշեր Թոտիին եմ։

Եվ երբ կր պատրաստվեր գլուխը վար դնել անուշ մրափ մը քաշելու համար, փողոցեն եկած սրագոչ ձայնե մը ականջը տնկեց հանկարծ և ելավ կայնեցավ․

— Սեփն է, ըսավ ինքն իրեն։

Պատուհանեն դուրս հանեց գլուխը և ահեղ ձայնով գոչեց․

— Ծո Սեփ, աս ատեն վո՞ւր էս։

— Կը ծախեմ կոր, ախպար, տահա չը հատավ, առնող չիկա, պատասխանեց երկչոտությամբ տասներկու տասներեք տարեկան տղա մը, կարճուկ, վառվռուն, մերկոտն, չուխայե պատռտած զգեստներ հագած և գլուխը բաց չարաճճի մը, որ երկու ձեռքը բռնած ուներ ապակիե երկու ամաններ մեջր պատենազուրկ ձկնականջներով լեցուն։

— Ծո տահա չր հատցուցի՞ր միտեաիչին, շունշանորդի, հիմա խաֆայիդ պան մը կը զարնեմ, ճեհելլեմ եղիր սըկե, սաաթե, մը հոս պիտի ըլլաս, միտեան ծախած։

— Բեք աղեկ, ախպար, ըսավ չարաճճին ոստում մը ընելով և աննշմարելի շեղ ակնարկ մը նետելով քովի ցածուկ տան պատուհանն երևցող մանրիկ կարմրուկ դեմքի մը, որ կր ժպտեր։

Սեփ-Հովսեփի կամ Հուսեփի կրճատյալը—ցատկելով խաղալով ճամբան շարունակեց, մինչ սրինգի պես իր սուր ձայնով կը գոչեր.

— Միտեաիչի թավալը՛գ։

Սերքո, եղբայրը, անոր ետևեն կը նայեր խոժոր աչվներով, և գլուխն երերցունելով կը մրմռար․

— էս քուկին հախեդ կուգամ, փի՛ճ։


Ժամ մը ետքը, որո միջոցին Սերքո խորունկ քուն մը քաշած ամանները պարպած ետ դարձավ պզտիկ Սեփ, սրիկա խաղի մը եղանակը քիթին տակեն մրմռալով և միշտ ոստոստելով, մոտեցավ խրճիթի պատուհանին և ձեռքինները գետին դնելով՝ շուտիկի մը պես կախվեցավ պատուհանին եզերքեն, վեր քաշվեցավ, արագ ակնարկ մը նետեց դեպի ներս. նորեն կամաց մը վար իջավ` աչվըներուն մեջ ունենալով գոհունակության չարաճճի շողյուն մը և մրմնջելով.

— Օ՜խ, կը քնանա կոր։

Ապա, գողի մը զգուշությամբ, որ օձիքը ձեռք տալու վախն ունի մեղմիվ սահեցավ պատուհանին տակեն և քովի տնակին մոտ գալով, կամաց, երկչոտ ձայնով ըսավ.

— Արո՛ւս, Արո՛ւս...

Ահագին կոչ մը ատկից ավելի ազդեցություն չպիտի ունենար. վասնզի, գրեթե անմիջապես խրխլած պատուհանի շրջանակին մեջ երևան ելավ պզտիկ աղջիկան միշտ ծիծաղկոտ այն դեմքն, որուն ժամ մը առաջ ժպտած էր Սեփ, խաժ աչվըներով, պզտիկ գունատ շուրթերով կլորակ դեմք մը, ուր սակայն թշվառությունն ու անոթությունը արդեն իսկ զարկած տպավորած էին իրենց ահռելի դրոշմը։

Մանկուհիին և պատանյակին աչվըները անհուն գորովի մը, անսահման խանդաղատանքի մը մեջ իրարու խառնվեցան. զիրար կը դիտէին մելամաղձական չես գիտեր ինչ նայվածքով, ուր գորովն խանդաղատանքե ալ վեր բան մը կար կարծես, սեր։

— Ի՞նչ կընեիր կոր, Արո՛ւս, հարցուց Սեփ։

— Օտան կավլեի կոր, ախպարիկ, պատասխաներ, պզտիկ աղջիկը, անուշիկ ձայնով մը, որուն մեջ նրբորեն կը զգացվեր այն պչրանքը, որ անխտիր ամեն աղջկան հետ կը ծնի, տարիքին համեմատությամբ մեծնալով և սաստկանալով` վտանգավոր ըլլալու աստիճան։

— Դուն ի՞նչ ըրիր։

— Ես միտեաիչիս ծախեցի, ըսավ Սեփ ձեռքը զարնելով տափատի գրպանին, որ հաստ հնչյուն մը հաներ:

Հիմակ նիհար բազուկին մեկը դուրս հանած էր Արուս և ստամբակին երկնցած մազերը կը շոշափեր, ան ալ, կարծես հեզորեն հաճույք մը զգալով այդ հպումեն, թող կուտար որ ուզածն ընե իրեն։ Հանկարծ Սեփ գլուխը վեր առավ և տխուր շեշտով մը հարցուց․

— Արո՛ւս, այսօր ի՞նչ կերար։

Մանկուհին կարծես թե սարսուռ մ՚ունեցավ, թեթև կարմրություն մը պատեց այտերն, և առանց պատանյակին երեսը նայելու, հույժ մեղմ ձայնով մրմնջեց․

— Ցամաք հաց։

Ամպ մը անցավ Սեփին աչերեն, պզտիկ, գրեթե անլսելի հեծյուն մը թռավ կոկորդեն, երկյուղալի ակնարկ մը հածեց չորսդին, կամացուկ մը գրպանը խոթեց ձեռքը և բան մը դուրս հանելով՝ դրավ զայն պզտիկ աղջկան վար կախված ձեռքին մեջ, միանգամայն փսփսալով․

— Վաղը եմիշ առ կեր, հա՞, աղվորիկ Արուսս։

Պզտիկ աղջիկը առաջինն ավելի կարմրեցավ, վեր չառավ ձեռքը, իբր թե հեղակարծ բան մը սառեցուցած ըլլար զայն։

Հազիվ թե խոսքն ավարտած էր, ահագին, սարսափելի ձայն մը վեր ցատկեցուց զայն։ Արուսի գլուխն ի քթթել ական անհետ եղած էր։

Սերգո, որ քունեն նոր էր արթնցած, գլուխը պատուհանեն դուրս հանելով կը գոչեր․

— Ծո փիչ, փարչա փարչա պիտի ընեմ հիմա քեզի, ներս եկուր, չափուխ ներս եկուր։

Հեք պատանյակը, սահմռկած սասանած, առավ գետնեն ամանները, և անբացատրելի վիշտով խառն երկյուղով մը, հանցավոր աշակերտի պես ներս մտավ իրենց դուռնեն զոր եղբայրը բացած էր։

Սերքո բռնեց անոր ականջեն ոլորեց, ճմլեց և մյուս ձեռքովը մեկ երկու ուժգին ապտակ փակցուց խեղճ Սեփի երեսին։

Օ՜հ, սրտաճմլիկ էր այդ տեսարանը։

— Սենիկիտի փի՛չ, կը պոռար միտեաճին ահեղ ձայնով, ծո ես քեզի միլիոն անգամ չըսի՞ քի անքովի միսիպեթներուն հետ կյորիշմիշ չպիտի ըլլաս․ ծո չիյտես քի մարըս, աստված օղորմի հոգուն, վիրա կըսեր քի քովինները ամեն վախիթ միսերնիս կուտեն․ մեռած ատենը չըսա՞վ քի ծառվընիդ յախաս ըլլա էյեր ան շըլդիկին երեսը նայիք․ ծո, մարըս վերեն սա քու ըրածդ տեսնա նե ընտո՞ր քեզի պետուա չըներ. ան սատկած լակոտեն ի՞նչ ես հասկցեր... Բեք աղեկ, նայե, նորեն կըսեմ կո՞ր,—շարունակեց Սերքո ուժգնորեն ցնցելով պզտիկ Սեփը, որ ափ ի բերան մտիկ կըներ այս սաստը,—էյեր մեյ մըն ալ տեսնամ քի ան միսքիններուն հետ կյորիշմիշ կըլլաս կոր, պաճախեդ պռնածիս պես երկուք կընեմ, հասկցա՞ր, հիմա կընա ուզածըդ ըրե։

Այս ըսելով սաստկապէս հրեց տղեկը, որ գնաց թավաչվեցավ հողին վրա, մինչև այն ատեն առանց ճիգ մը հանած ըլլալու։

— Հա՛, աղեկ միտկս ինկավ, հարեց խոշոր սրիկան՝ ձայնին մեջ քիչ մը մեղմություն դնելով այս անգամ, միտեաին փարան վո՞ւր է։

Տղան ելավ կայնեցավ՝ աչվըները միշտ գետին հառած, դուրս հանեց գրպանին ստակները, զորս ձեռքին մեջ առնելով՝ սկսավ համրել Սերքո։

— Աս ի՞նչ է, քսան փարա պակաս է, վո՞ւր է ծո Սեփ, մեյ մըն ալ նայե ճեպըդ։

— Չէ, ախպար, չիկա, ըսավ պատանյակը դողահար ձայնով, սոնի մնաց նե իծծուն միտեան քսան փարա պակսընա տվի։

— Ա՜խ, մռլտաց Սերքո, կատաղի նայվածք մը սևեռելով պզտիկին վրա, էս քեղի մարդ պիտի ընեմ եա՛։

Եվ վայրկյանին մեջ նորեն հագվելով հուժկու միտեաճին՝ սալթան ուսին զարկավ, դրանը ետին պահած եմենիները ոտքն անցուց և դուրս ելավ դռնեն ըսելով Սեփին․

— Ինծի մեկը կա նե, ըսե քի Թոտիին կնաց։

Երբ խոշոր ոտնաձայնը հեռացավ փողոցին մեջ, ոտքի ելավ ստամբակը, վրան գլուխը շտկեց, և աչվըները շփելով կը մրմռար․

— Ցամաք հա՜ց կերեր է, վախ Արուս, վա՜խ։


Ալ անկից՝ ետքը Սեփ չափազանց զգուշավորությամբ սկսավ տեսնվիլ պզտիկ Արուսին հետ, չենթարկվելու համար իր եղբորը սաստեցին և ծեծին։ Միայն, երբ առտուները կանուխ դուրս ելլեր տունեն ձուկ, ձկնականջ և այլն ծախելու համար, վեր կը նայեր գաղտագողի, վայրկենական, մնջկատակ մը տեղի կունենար, որում այղ երկու պզտիկ մատաղ սրտերն ալ կը հրճվեին։

Իրենք ալ չգիտեին թե ինչո՞ւ և ինչպե՞ս կը սիրեին զիրար, երկուքն ալ թշվառությամբ մեծցած և թշվառության խեթ տեսած էին իրենց շուրջը, կարելի է այս պարագան իսկ պատճառ եղած էր որ Սեփ և Արուս, որք գրեթե միևնույն տարիքն ունեին, թագուն համակրություն մը տածեն իրարու, սեր մը անմեղունակ, անարատ, տակավին իր փթթումին մեջ և անպահանջկոտ։

Երբեմն օգուտ կը քաղեր եղբորը բացակայությունեն, որ ձուկ որսալու կերթար, և անցնելով քովի տունին պարտեզը որ իրենց պարտեզեն կը զատվեր մեկուկես կանգուն բարձրությամբ տախտակորմով մը, «քուրիկին» հետ «միսաֆիր օյինի», «պեպեք օյինի» կը խաղար, մեկ քանի անգամ ալ «Հարսնիք օյինի» խաղացին, գլուխ գլխի տվին, և Արուսին մամիկը վերի պատուհանեն աղոթք մը մրմնջեց, իփեք, փաթթելով հանդերձ. պսակը կվերջանար համբույրով մը զոր ստամբակը կը դրոշմեր մանկուհիին երեսը Արուսը կը կարմրեր, բայց ձայն չէր հաներ։

Ամեն, գիշեր երերտկալեն տուն կը դառնար Սերքո, օղիով գլուխը տաքցած, խուլ ձայնով հիշոցներ, նախատինքներ կը տեղար անծանոթ անձերու, ոչնչություններու դեմ. իր հայհոյություններեն մեծ բաժին մը կը հաներ «քովի տունիններուն», սպառնալիքներ կորոտար անոնց ղեմ, աչվըները՝ կատաղի բոցերով լեցուն՝ Սեփին վրա հառած, որ կը ջանար ծածկել իր ներքին սարսափն և զգացած անհուն վիշտն այդ անողորմ անիրավ նախատինքներեն։ Երբեմն, այնքան կը լեցվեր սիրտը, ջիղերն այնքան թունդ կելնեին, որ քիչ կը մնար որ պետք եղած կերպովը պատասխանել համարձակեր այդ անարգական ժայթքումներուն, այդ բիրտ խոսքերուն.բայց ինքը իր վրա կը դարձուներ ակնարկը, կը տեսներ իր խեղճ իրանը, ողորմելի սրունքներն ու բազուկները, և անգամ մըն ալ սարսափով կը դիտեր եղբորն արյունագույն գլուխը, ամեհի կուրծքն ու կարշնեղ բազուկները, ու անմիջապես կը վհատեր, կը սմքեր, կուլ տալով իր քենն ու վիշտը կապարե գնդակներու պես։ Իր այդ բոլոր հուզումները, վիշտերը, զայրույթները խոսք մը միայն կը թելադրեին նմա․

— Ա՜խ, մեյ մը մեծնայի՜, կըսեր։


Ձմեռը եկած Էր իր սպիտակափառ ձյունովը, իր փաղփուն սառույցովը ու իր մոլեգնապտույտ քամիովը։

Ձյունն իբրև ակնհաճո զարդ մը, իր վատկայանման խավին տակ սքողած էր փլփլկած տուներու փեռիկներն ու վերքերը, փողոցներու ծուռ ու մուռ և աղտոտ սալարկն, ամեն բան որ կապույտ երկնքին տակ, արևուն ճառագայթներուն մեջ կը ցցվի տըխրատեսիլ ու անհրապույր։

Ծնունդի խթման շաբաթ օրն էր։ Մութն ու լուսան ելած էր Սերքոն և կարգի կը դներ ձկնականջները, զորս այն օրը պիտի ծախեր, երեք մասի կը բաժներ, պզտիկ, միջակ, խոշոր, հետո կը դասավորեր ձուկերը, կը շոյեր, կը փայփայեր զանոնք սքանչացմամբ և երբեմն խոշոր ձուկ մը ձեռքն առնելով՝ կշռելու ձեվով մը կը շարժեր զայն և կը մրմռար.

— Ը՛հ, անամ, պապամ։

Հետո գործն ավարտելե ետք, գնաց կիցովն արթնցուց պըզտիկ Սեփը, որ խենդի պես ցատքեց ելավ ցուրտեն դողդողալով և հագավ պատառուն զգեստները։

— Ծո, ըսավ Սերքո, սա քեֆալին չավելան առ, օխան հինգեն վար չի պիտի տաս, իշտե աստար կըսեմ․ իրեք օխա է, տասնհէնգ ղուռուշ կընե․․․ լմնցունելուդ պես թախըմիկովը կառնէս Թոտիին կը բերես․ պելքի հոն կըլլամ, չըլլամ նե․ ըսել է քի տուն եկած եմ, շիտակ հոս կը վազես։ Հասկցա՞ր, հաստը խաֆա։

Սեփ, անձայն, անմռունչ ոտքն անցուց մաշած ցեխոտած ոտնամանները, բացավ դուռն և դուրս ելավ շավելան գլխուն վրա դնելեն ետք, քովի տանը պատուհանին տակեն անցած պահուն վեր առավ գլուխը և սա խոսքերը արտասանեց ցած ձայնով .

— Արուս, աս գիշեր ծուկ կը պերեմ ձեզի։

Եվ ճամբան շարունակեց իր սրտագոչ ձայնն հնչեցնելով ձյունապատ փողոցներուն մեջ։ Ձյունը վերսկսած էր տեղալ խոշոր պատառներով․ հով չկար․ տրտմաթախիծ լռություն մը կը տիրեր Չըքսալընի այդ տխուր փողոցներուն մեջ։ Իրիկուն եղած էր․ խավարն աննշմարելի կերպով կը փռվեր մթնոլորտին մեջ, կարծես ձյունին հատիկներուն հետ երկինքեն իջնելով իբր անսահման մաղ մը, որուն ծակերեն ջուր կը վազէ, այլ չդիմանալով համայնածավալ սպիտակության, կը մարեր, կը ցնդեր, գետնի վրա իջած ատեն։ Պզտիկ Սեփ ձեռներն ի գրպան, վտիտ բարակ ուսերը դեպի առաջ, բերանեն կախված ունենալով ձուկի չավելան, տուներուն տակեն սողալով սողոսկելով կը վազեր։ Ուսի անճիգ հարվածով մը տան դուռը բացավ, ներս մտավ և չորսդին արադ ու երկյուղալից ակնարկներ պտըտցուց։

— Հոս ալ չէ, մրմռաց, օ՜խ։

Վար իջավ նեղ և ծռմռկած սանդուխե մը և գտնվեցավ քառակուսի մթին տեղ մը, որ հավանորեն խոհանոց մըն Էր, պահ մը ականջ դրավ․ ձայն ձուն չկար, և ցուրտե և թե ներքին հուզումե դողդողացող տխեղծ ձեռներովը վեր առավ գետինը ծածկող աղյուսներեն մին, աման մը դուրս հանեց, նորեն տեղը դրավ քարը և պարտէզին դուռը բանալով՝ դուրս ելավ։

Ձեռքի ամանին մեջ կը գտնվեր օխայի մը չափ ձուկ։

Գետինը դրավ ամանը, տախտակորմին տակը գնաց և երկու ձեռները բերնին քովերը դնելով իբր ձայնատար․

— Արո՛ւս, Արո՛ւս, գոչեց։

Աղոտ պատուհանին ետևը նկատվեցավ տժգույն ծնգած դեմք մը։ Արուսին ճերմըկոտիք դեմքը, որուն ի տես թեթև հառաչ մը արձակեց Սեփ։

— Վա՛ր էկու, ըսավ։

Վայրկյան մը ետքը տախտակորմին վրա շուլլվելով, Արուս կը ժպտեր ստամբակին, որ անճառ խանդով մը, շողարձակ աչվըներով կը դիտեր զայն և ձեռքն երկնցնելով կը շոյեր անոր մեռելատիպ երեսը։ Մանկուհին ավելի վարկը ծռեր, ավելի հանգիստ վայլելու համար այդ շոյանքը, որ կարծես կենդանություն մը կը հեղուր միսին վրա։ Իրենց կեցած տեղեն քայլ մը անգին, տախտակորմին մոտիկը կը գտնվեր կիսախուփ հոր մը։ Ձյունը կը տեղար հիմա ավելի բարակ, խիտ խիտ և կը դիզվեր երկու պզտիկներու գրգլեակներուն և գլուխներուն վրա, կարծես խնամք տանելով գոցել, դարմանել ինչ տխուր և թշվառ բան որ կար անոնց վրա։

— Տուտուդ հո՞ս է, հարցուր Սեփ։

— Չէ՛, չեկավ տահա, փաթթած իփեքները տարավ քի փարա առնե տե…

— Նենե՞դ։

— Կը քնանա կոր։

— Նայե, ձեզի ծուկ պերի, Արուս, ըսավ Սեփ, ցուցնելով ամանն ուր ձուկերը կերևեին ձյունով ծածկված։

Հիմակ ավելի վար ծռած Էր Արուս, և Սեփ ոտից ծայրերուն վրա կոխելով, գրեթե իրարու տաք շունչը կը զգային իրենց դեմքին վրա։

— Յաղ ունի՞ք, հարցուր տղան։

— Չունինք։

— Ա՜հ… քյոմո՞ւր։

— Չունինք։

— Ա՜հ։

Սեփ գրպանը խառնշտկեց, երերցուց և դուրս հանեց պզտիկ քառասուննոց մը, զոր աղջկանը ձեռքին մեջ դրավ ըսելով.

— Տուտուդ կա նե, աս փարան անոր տուր քի քյոմուր առնե։

Իրար երես կը նայեին անշարժ, անխոս, իրարմե հմայված, իրարու թշվառության զգացումեն վշտակոծ։

Սրտաբեկ էր տեսարանը զոր կը ներկայացնեին այդ երկու պզտիկ արարածները։ Արուս գրեթե մինչև կես մեջքը վար կախված տախտակորմէն վտիտ քամակը ցուցնելով, ուր ձյունն հետզհետէ կը դիզվեր․ Սեփ երկու պզտիկ բազուկները անոր վզին պլլած, հեշտությամբ ծծելով մանկուհիին նվաղ շունչը, թեթև համբույրներ դնելով անոր այտին վրա․ բան մը չէին իմանար, ո՛չ ցուրտը, ո՛չ ձյունը, ոչինչ… կարծես կը քնանային անուշ մեղկ քունով մը... Հանկարծ մեծադղորդ ոտնաձայն մը և ահագնալուր աղա֊ղակ մը տակն ու վրա ըրավ այդ սրտաճմլիկ տեսարանը։

Սերքո, կատաղած գազանի պես, պարտեզ կը վազեր խոշոր բազուկները տատանելով և պոռալով․

— Ծո շունշանորդի փիչ․․․

Այնքան սաստիկ և ցնցիչ եղած էր այդ հեղակարծ աղաղակին ազդեցությունն որ պզտիկ Սեփ հետս ընկրկած էր երկյուղի ճիչ մը բառնալով, և Արուս, հավասարակշռությունը կորուսելով պարտեզ ինկած էր գլխիվայր և ոտվըներովը օդին մեջ շրջան մը գծելեն ետք թավալած էր հորեն վար առանց ճիչ մը իսկ արձակելու։

Ակնթարթի մեջ տեղի ունեցած էր այս ամենը։

Հիմակ Սերքո Սեփին ետևեն կը վազեր վայրագ կառանչներ բառնալով, ոտքը գայթելով իյնալով-ելնելով —վասնզի գինով էր —նորեն վազելով, այս անգամ ավելի կատղած փրփրած․իսկ Սեփ կը փախչեր, կը դառնար պարտեզին շուրջը ձյուներուն մեջեն, հեծեծանքներ արձակելով, լալով, ողբալով և երբեմն գոչելով։

— Արուսը, Արուսը, հորին մեջ ինկավ։

Պահ մը օգուտ քաղելով եղբորն անկումեն, որ գետնին վրա փռված էր սոսկալի հիշոցներով,հորին քով վազեց, և բովանդակ զորությամբը «Արուս» պոռաց․ ձայն չկար, նորեն պոռաց, գլուխն հորին մեջ, ամեն բան մոռցած, լալագին հեծկլտանքներ,սրտահույզ աղաղակներ փրցունելով և հեք տղան, իր այդ անհուն կսկծին հափշտակությանը մեջ, չի կրցավ տեսնել Սերքոն որ ոտք ելնելով՝ իր քովն հասած էր և ուժգին, անգութ կից մը կը զարներ կռնակին, Սեփ վշտի, ցավի և ահաբեկումի երկար աղաղակ մը արձակեց, որ իրեն հետ հորին ջուրերուն մեջ կորավ, անհետացավ։

Այն ատեն, ո՞վ գիտե ինչ դարձավ այդ կատաղի գինովին էութենեն, ձեռքերովը գլուխը բռնեց, ցնցեց, բռունցքի երեք ուժեղ հարվածներ տվավ կրծքին, վերջին ահռելի հիշոց մըն ալ արձակեց՝ այս անգամ գուցե իրեն դեմ, և ամբողջ մարմնովը նետվեցավ այդ մարդակուլ հորին մեջ։ Եվ ձյունն հիմակ ավելի խիտ և ավելի խոշոր կիյնար, իբրև պատանք մը պարուրելով այդ եղերավայրը, ծածկելով, լեցունելով Սեփին ու Սերքոյին ոտքի նշանները, որք քիչ քիչ անհետանալով, եթե կես ժամ վերջն աչք մը հառեր այդ պարտեզին վրա, պիտի սքանչանար թե ինչպես ձյունն այդքան միապաղաղ կերպով ծեփած էր անոր ամեն կողմը։