Պատճառը

Հովհաննես Թումանյան

[ 229 ]

ՊԱՏՃԱՌԸ

Կայացավ Թիֆլիսի Մողնու եկեղեցու նոր ընտրությունը։ Ընտրված են դարձյալ նույն պատվիրակները։ Ժողովը եղավ միանգամայն օրինավոր, և ոչ մի բողոք։

Բայց ինչո՞ւ համար էր էնքան աղմուկն ու արենխառնությունը։ Ի՞նչ էին ուզում բողոքավորները։ Նրանք հոխորտում էին, թե մեզ հետ դուրս եկավ ջախջախիչ մեծամասնությունը—75 հոգի, ընտրությունը բեկանել տվին ու պատրաստություններից հետո վերադարձան 49—52 հոգով։ Նրանք, որ չէին կարողանում տանել 56 ընտրող ձայնը, ստիպված եղան համարել 97։ Նրանք, որ կեղծիք էին հրատարակում քահանաներից մեկի ծխական ցուցակը, հարկադրված էին ընդունելու նրա օրինավորությունը և ականջ դնելու անուն-անուն կարդալու։ Նրանք, որ զանազան սուտ ու շինծու պատճառներ էին մեջբերում գաղտնի քվեարկության առաջարկը չընդունելու, ստիպված եղան լսելու հենց իրենց հետ հեռացածների բերանից, թե միայն ծափահարություններն էին, որ իրենց վրդովեցին ու առիթ եղան հեռանալուն։ Միաժամանակ էս ընտրությունը դարձյալ երևան հանեց մեր հոգևոր իշխանության ապիկարությունը, որ նույնիսկ իրավաբանների օգնությամբ էլ չի կարողանում ջոկել իրավն ու անիրավը, օրինավորն ու ապօրինին, և մինչև օրս դեռ չի էլ կարողացել գոնե կանոնավոր ծխական ցուցակներ շինել ու չտանջել ժողովրդին։

Բայց էս և սրա հետ մյուս ընտրությունները գալիս են մի ավելորդ անգամ էլ հիշեցնելու մի այլ նշանավոր երևույթ՝ որ անդարձ մեռած, պատմության բաժինն է դառած «Մշակն» ու իր հմայքը։ Կավելացնենք. նա նոր չի մեռած, այլ շատ վաղուց, Արծրունու հետ։ Նրանից հետո ինչ որ եղած է, ոչ մի գաղափարական կապ չի ունեցած հնի հետ և ամենալուրջ կապերը համարվել են նույն հին շրիֆտով պահած «Մշակ» վերնագիրը, «հիմնադիր Գրիգոր Արծրունի» բառերը թերթի ճակատին, Արծրունու թառամած պսակները, որ պահում են ու ցույց են տալի և խմբագրատանը կախած [ 230 ] հանգ<ուցյալ> Արիստակես եպիսկոպոսի պատկերը, որին հարգում էր Արծրունին։ Բայց դրանք, էդ բոլոր իրական ապացույցները այսուհետև քիչ են հասկացող մարդկանց աչքում՝ «Մշակի» նոր վարիչներին Արծրունու օրինավոր ժառանգները հաշվելու և թույլ տալու, որ միշտ օգտվեն նրա անվան հմայքից։ Եվ ահա միշտ նորանոր ձախորդ դեպքեր են գալի էդ հասկացնելու և շատերն են հասկանում, միայն իրենք են, որ չեն հասկանում կամ չհասկանալ են ձևացնում։ Նրանք իրենց անհաջողությունները շարունակ բացատրում են իրենցից դուրս հանգամանքներով․ մի օր, թե կուսակցություններ կան, նրանք են փչացնում, մյուս անգամ, թե ժամանակն է վատ, երրորդ օրը, թե էս ինչ դպրոցի հոգաբարձուներն էին դավեր սարքել ու գրգռել իրենց դեմ, կամ թե չէ աշակերտները սրիկայացել են, նրանից է, մինչև անգամ «շոգն» սկսեցին մեղադրել, ինչպես պ. Քալանթարն արավ իր՝ ընտրությունների մասին արած խորհրդածության մեջ։

Եվ էս մարդիկ, որ անվերջ սիրում են խոսել ուրիշների վախճանի մասին կամ էս ու էն գործի ապօրինությունից ու կեղծիքից, մինչև օրս չուզեցին կամ գուցե չկարողացան հասկանալ, թե էն, ինչի անունով իրենք հոխորտում են, վաղուց է մեռել, իսկ իրենք ու իրենց արածը միայն կեղծիք են, ու որպես գաղափարական ժառանգություն՝ ապօրինի։ Ահա սիրված չլինելու և անհաջողությունների իսկական պատճառը։ Եվ էս զգացմունքն ու միտքը ամեն տեսակ մարդկանց միացնում ու հանում է նրանց դեմ ամեն տեղ, նույնիսկ էն տեսակ տեղեր, ուր չեն սպասում։ Եվ փոխանակ լուրջ մտածելու և իրենց մեջ որոնելու էս ամենի գաղտնիքը, սովորություն են դարձրել ժողովրդին մոլորեցնել՝ շարունակ գոռալով թայֆա կա մեր դեմ և դնել չակերտների մեջ։

Ո՛չ, դուք եք ձեր դեմ, պարոններ, և ձեր բոլոր ձախորդությունների պատճառը ամփոփված է ձեր մեջ։