Պատմության քառուղիներով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ
Պատմության քառուղիներով մենք քայլել ենք


երկար՝

Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար,
Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան,
Որ հուրհուրատում է մեր դեմ գալիքնափայլ։
5 Այն անգո առավոտից, երբ լեգենդական
Իր խարույկն է վառել մեր անգո նախահայրը,
Այս Մասիսի հանդեպ, այս անիրական
Արարատյան դաշտում,— որպես զրույց անծայր մի
Տարածվել է ուղին մեր անպատմելի,
10 Անծայրածիր ձգվել դարերով ձիգ,
Եվ գնում է այսօր ու երկարվում էլի
Դեպի ի՜նչ անհայտ ափեր ու գալիքներ անծիր...

Բայց ուղին մեր եղել է մի՛շտ մթին,
Եղել է անստույգ[1] ու անփառունակ,
15 Տարածվել է անբոց ու անժպիտ՝
Ուրիշների փայլով շարունակ
Շառագունված — որքա՜ն, որքա՜ն աղետավոր...
Որպես անմիտ զրույց՝ մեզ պատմել են մի օր
Նախնիների մասին մեր փառապանծ,
20 Բայց օրերի հեռվում ես տեսնում եմ միայն
Ստրկություն, մոխիր, մոռացություն ու մահ
Եվ երկրային ընթացք մի անիմաստ...

Եվ ես, ահավասիկ, հին գրերով այս մեր
Իմ տողերը կոփող մի պոետ —
25 Ի՜նչ խոսքերով երգեմ և ինչ տենդով պատմեմ
Մեր անանցյալ անցյալը, մեր ընթացքը, որ էլ
Ո՛չ մի գուսան երգով չոգեկոչի հին փառքը
Ու կարոտով անմիտ ետ չնայի,—
Չպանծանա այլևս, որ առանց մեզ աշխարքը
30 Կլիներ պարտեզ մի ամայի...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Պատմության քառուղիներում առաջնորդել են նախ
Մեզ նախնիներ անստույգ ու ոչնչատեսիլ,
Մռայլ հեռուներում անճանապարհ առկախ,
Որ իրենց մորթի հետ միասին
Տարել են բախտը մեր թավագլոր
Երկրներից—երկիր,— Օ՜, տառապանք երկար,—
Նշել են մեզ համար ուղի աղետավոր,
40 Եվ տոտեմը եղել է մեր—գայլ...
Օ՜, նախնինե՛ր... Տեսնում եմ ահավասիկ.—
Հին դարերի խորքում, ուղիներով մռայլ,
Քաղցած, քոսոտ, անբուրգ, դեպի լյառը Մասիս
Քայլում է առասպելյալ մեր գայլը...
45 Հենց առաջին օրից բզկտված են նրա
Նիհար կողերը — բյուր գազանների կողմից,—
Եվ կողերով կարմիր ահա քայլում է նա՝
Դեմքը տված գալիք փորձանքների հողմին։—
Որտեղի՞ց է եկել նա. այդ գայլը,
50 Եվ ինչու՞ է արդյոք նա առաջին օրից
Սարսափահար հայացքը հառած լուսնի փայլին՝
Աղեկտուր ոռնում իր սարսափը խորին։
Եվ նա գիտե՞ արդյոք, այդ բզկտված գազանը.
Որ նշված է արդեն նրա ուղին

55 Ապագայի գրքում,— որ տարիներ հազար
Քայլելու է այդպես անուղի,—
Որ պատմության մռայլ քառուղիներում
Նա բազմաթիվ դարեր պիտի այդպես տանի
Իր բզկտված կողերը — դեպի ի՜նչ անհայտ հեռու,
60 Ի՜նչ արոտներ կարմիր ու արնանիստ․..
Օ՜, չի եղել մեր գայլը պղնձյա
Եվ ոչ մարմարիոնյա, և ոչ անգամ քարե,—
Նիհար, կողերը լերկ, նա անցել է անծայր
Տափաստաններ, մինչև նա հանգիստ է առել
64 Այս Մասիսի հանդեպ անիրական,
Այս խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտում,
Եվ՝ լուսնի դեմ նստած՝ նա երկար
Ոռնացել է իր վիշտը անկշտում,—
Ոռնացել է անձուկ իր տառապանքը,
70 Անասնական իր քաղցը,— և ոռնոցը նրա
Դարձել է հիմնը մեր անարձագանք —
Ու դարերով հնչել մեր պատմության վրա...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
75 Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
Արքաներ անժողովուրդ և գահազուրկ,
Որոնց փառքը՝ մեր հին մատյաններում երգած՝
Եղել է եղկություն ու քծնություն քսու։—
Օ, դու՛ք, մեր վաղեմի առաջնորդները,
80 Առասպելյալ Հայկեր ու Տրդատներ բազում,
Իշխաններ անփառունակ, սին ըղձերի ճորտեր,
Արքաներ անժողովուրդ ու գահազուրկ,—
Դու՛ք, որ դարեր երկար, հազարամյակներ,
Ուրուների նման անկերպարանք
85 Ապրել եք ու կանգնել օդե ապարանքներ,
Օտար խարույկներից հայցել ոգու կրակ,—

Որ ամբողջ ձեր գոյության հազարամյակներում
Չեք ծնել և ո՛չ մի խոհ սերունդների համար —
Ո՞ր, ո՞ր պատմիչը ձեզ պիտի կարդա ներում,
90 Օ, դո՛ւք, անպտուղ պարտեզներ ու խորաններ ամա․․․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
Ֆեոդալներ շվայտ ու իշխաններ չնչին,
95 Հազար երանգներով իրենց դեմքը ներկած,—
Եվ մեր անմահության ակունքները այն ջինջ
Պղտորել են ոխով ու ոչնչությամբ,
Չնչին տենչանքների անխոհությամբ ոսին,
Փաթաթելով վզին մեր մի սորտային շղթա,
100 Սերմանելով մեր ողջ ժողովրդի մասին
Ոչնչության սերմեր, անխոհության,
Թշվառ անհողության և աղապատանքի,
Եվ դրել են դեմքին մեր կնիքը գերության,
Անել թշվառ կաթով ապաշնորհ կյանքի․..
110 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Իսկ նոքա՞, որ եկել են իշխաններից հետո,—
Վերջին ասպետները մեր խեղճության խորին,
Սնված նախնիների անհողության կաթով,—
115 Օ՛, վարդապետ Մինաս, կամ Իսրայել Օրի,—
Այն ի՜նչ տենչեր են վեհ, ու անխորտակ ու խոր,
Որ սերմանել եք դուք երկրներում օտար,
Եվ ո՞ր, և ո՞ր, և ո՞ր նպատակի շողով
Ձգտել եք կյանքը մեր անմխիթար
120 Հանել ափունքներից այն սև ու ապերջանիկ,
Նշել սերունդներին ուղի պայծառ,—
Եվ ձե՞զ պիտի արդյոք մենք երգենք հիմն —
Ձեր ո՞ր խոհին, կամ ո՞ր երազանքին անճառ...

...Ահավասիկ ելած մեր լեռներից այն բարձր,
123 Ուր վառվում էր հույսի մեր խարույկը վերջին,
Շուրջը — խավար գիշեր ու մառախուղ մի թանձր,
Շուրջը — ժայռեր մռայլ ու բարդիներ վերձիգ,—
Ու թանձրացյալ մուժում — ապարանքներ ահա՝
Փոքրիկ, ողորմելի, խեղճ —
130 Իրենց մութ պատերում մի բուռ ոսկի պահած.
Եվ ո՛չ մի, ո՛չ մի մեխ,—
Ո՛չ մի կտոր երկաթ, կամ անագե շաղախ,
Կամ մարմարյա մի սյուն, կամ թեկուզ կիր,
Որ փորձության պահին անձրևներից մխար
135 Եվ իր ծուխը խառներ ըմբոստության երգին․․․
Ապարանքը — այսպես։— Իսկ ներքևում — խուղեր՝
Գետնափոր, ստորերկրյա, ցաքուցրիվ,
Թաղված գանգի պես խուլ, գանգի պես անուղեղ,
Կարծես մի խեղճ նախիր
140 Արածելու ժամին կայծակնահար՝ հանկարծ
Կըծկըվել է ահից ու մոխրացել —
Եվ մնացել է տեղը մի մոխրաբույր զանգված՝
Դարերով անջրդի ու հողմածեծ...
Եվ նոքա — մեր անղեկ առաջնորդները,
145 Այդ իշխանները եղկ, այդ տերերը վերջին,
Ելել են գիշերով ու մենակ ճամբորդել են
Դեպի հյուսիս, դեպի հյուսիսային որջի
Արջերը սառցասիրտ ու արնաթաթախ,—
Այդպես մեր գա՛յլն էր հին ճանապարհվում որսի՝
150 Հյուծված, կողերը լերկ և անատամ․․.
Ես տեսնում եմ նոցա։— Իմ աչքերի առջև
Ահավասիկ իրենց եղկ հասակով ամբողջ՝
Իրենց խուլ խուղերից և լեռներից այն բարձր
Ճանապարհ են ընկնում՝ անուղի ու անխոհ։—

155 Ելած որոնելու հորիզոններ, գալիք
Սերունդների համար արահետներ ուղիղ —
Ի՞նչ են տանում նոքա ուրիշներին տալու,
Այն ի՜նչ բերքեր երկրի ու բարիքներ հողի...
Այն ի՜նչ գանձեր արդյոք, ի՜նչ արգասիք ու բեռ,
160 Ի՜նչ ոսկիներ ոգու ու զորության...
Ո՛չ։— Տանում են նոքա, որպես շնորհ առձեռն,
Կարավաններ ահի ու թշվառության։—

Ելած որոնելու գալիքների շավիղ,
Ապագայի ընթացք ու հորիզոն —
165 Նոքա կրում են լոկ անանձնական ցավի
Ու հանգուցյալ փառքի մեռելային կավիճ՝
Հազարամյա մեր դեմքը երիզող...
Եվ անվավեր փառքի առասպելյալ փայլով
Շղարշելով խեղճությունն հազարամյա —
170 Միջնորդել են նոքա հյուսիսում ու այլուր՝
Ներքինատիպ, զազիր ու զառամյալ․․․
Խոստացել են նոքա իրենց երբեք չեղյալ
Փառապանծ անցյալի անունով —
Առաջնորդել նոցա Երկիրը Ավետյաց՝
175 Հանուն որդու, հոգու և հանուն հոր...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Այսպես անցել ենք մենք անխոհ ու անգաղափար
Պատմության քառուղիներով, որպես միրաժ,—
180 Կտրել ենք երկար մի ճանապարհ
Եվ ճանապարհը մեր այս
Ե՞րբ է արդյոք, ե՞րբ է փայլատակել, о, ե՞րբ,
Ե՞րբ է վառվել լույսով գալիքնափայլ,—
Եվ ո՞վ, և ո՞վ է մեր ապագային տվել
185 Անխզելի ընթացք ու գաղափար...

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Իսկ նրանցից հետո ահավասիկ իմ դեմ
Մի ձեռք, որ զորություն է տալիս գրչիս —
190 Մեր պատմության գրքից դարձնում է մի թերթ
Եվ բացում է էջը նախավերջին,—
Եվ հանդես են գալիս — անկերպարանք անդեմ —
Երեկվա մեր տերերը չնչին։—
Օ, վաշխառու ճորտե՛ր, հացկատակնե՛ր, մթին
195 Սերմանողներ քամու ու մուրացկանության,—
Մեզ ժառանգած գանձի օ, վատնիչներ հետին,
Որ ափերում հեռու ձեզ ապաստան գտած —
Կերտեցիք դղյակներ ու ապարանքներ,
Մեր անունից մրրիկ սերմանեցիք —
290 Եվ այսօրվա ձեր խեղճ ոչնչությանն անգետ
Վերջին խարիսխը մեր
Վաճառքի հանեցիք...
Եվ կործանվեց ձեր փառքը։— Ապարանքները ձեր
Միրաժների նման անապատի
205 Անէացան մի օր — և ո՛չ մի ձեռք
Չդրոշմեց ձեր հետքը պատմության ճակատին․․․
Որպես փոշի — անցաք, որպես քամի,
Եվ ո՛չ մի, ո՛չ մի մատյան
Չի նշելու երբեք ձեր ցնորքը անհիմն
210 Իր էջերում անջինջ ու անհատյալ․․․
Անէացավ ձեր փառքը։— Եվ այն, որ դեռ ունեք
Աշխարհի բոլոր հեռուներում —
Կկործանվի մի օր ամենուրեք
Եվ գալիք պայծառ օրերում
215 Ո՛չ մի գուսան երբեք իր երգերում հնչեղ
Չի կարդա նզո՛վք անգամ ձեզ,—
Դուք, որ միայն ոգու խեղճություն եք ցանել

Եվ գալիքում — տխուր մոռացություն հնձել.․․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
220
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Իսկ ժողովու՞րդը, որ եղել է հանճարեղ,
Եղել է որմնադիր, եղել է կառուցող,
Քաղաքներ է շինել, պարիսպներ է շարել,
Կամուրջներ է գցել կոր գծով,—
225 Որ դարերի միջով մինչև այգն այս հասած՝
Կրել է մեջքի վրա իր,
Օ՜, եղկելի տերե՛ր, զազիր ու բազմազան
Ձեր բռնությունը բիրտ...
Ունի արդյոք թեկուզ մի աննշան մասնիկ
230 Վաստակներում ձեր այս անքանքար —
Ժողովուրդը, որ իր աշխատա՛նքն է ազնիվ
Ձեր սեղանին բերել՝ արնաքամ։—
Օ, ո՛չ։— Ապրել է նա իր սորտային կյանքով,
Խոր խավարում՝ արև երազել,—
235 Եվ երգել է դարեր իր ռամկական հանգով
Իր խոհերը արդար ու վսեմ։
Ստեղծել է նա իր հեքիաթները,— և իր
Հնամյա վեպում հանճարեղ —
Իր ապագա կյանքի գաղափարը կարմիր
240 Եվ անմահ խորհուրդն է դրել։
Խոր գերության ներքո, այնուամենայնիվ,
Պատմության քառուղիներում ոլորապտույտ,
Պայքարել է ոգով, մաքառել է նա միշտ,
Եվ չի կորել դաժան տարիներում այն մութ։—
245 Խո՜ր գերության քարե կամարների ներքո,
Բռնության տակ հայրենի և օտար,
Նա մեր անպարտ ոգու ստեղծարար բերքի
Ճանապարհն է հարթել անդադար։
Այդ ճանապարհն է, որ չնչին արքաների

250 Եվ բոլո՛ր տերերի ոչնչությանն ընդդեմ —
Դարձրել է ոգին մեր — այնքա՜ն բերրի,
Ամե՛ն ճորտության անընտել։
Այդ ճանապարհը ձգվում է ահավասիկ
Մեր օրերից մինչև միջնադարյան հեռուն,
255 Մինչև դարերը հին, ուր մենք հազի՛վ ենք
Պատմության ընթացքը տարբերում։
Քայլել են քարքարոտ այդ ճանապարհով
Գորշ, անանուն մարդիկ, գեղջուկ ճորտեր,—
Կրել են կրծքերում գաղափարներ գերող,
260 Ստեղծարար մտքեր, բոցե բառեր, որ դեռ
Չեն խոյացել երկինք, չեն ընդունել դեռ ձև,
Բայց կհառնեն մի օր կերպավորված,—
Օ՜, հանճարե՛ղ ոգու դեռ չբացված գանձե՞ր,
Եվ հանճարի հանքե՜ր դեռ չփորված...
265 Ա՛յս է տվել նրան ոգու անհուն կորով
Եվ ա՛յս է մեզ փառք սահմանել,—
Բայց կարո՞ղ էր արդյոք՝ կապանքներում գերող՝
Իր հուրը անեղծ նա պահել...
Արքաների օրով և իշխանների
270 Կքել է ճորտության կապանքներում նա լուռ,
Եվ անգամներ բազում նա քշվել է գերի,
Եվ գերությունը իր կրել է համր ու լուռ։—
Եվ գերության գրկում կեղեքող
Յուրաքանչյուր գերին՝ աչքը ահեղ մահի՝
275 Ծածկել է խեղճության թաղիքով,
Իբրև անգին մի գանձ, իբրև ավանդ վերին՝
Իր հանճարեղ ոգու կրակն անշեջ,
Ստեղծարար այն հուրը,— և բոլորից թաքուն
Վառել է միայնակ, վախվըխելով, ինչպես
280 Հանցագործն է վառում իր լապտերը միգում։
Ջլատվել է այսպես ժողովրդի անեզր

Հավաքական հանճարը զարկիչների հանդեպ,—
Եվ դարձել է ահա ժողովուրդը և՛ս,
Իր տերերի նման, անուղի ու անդեմ...
285 Իսկ ապա, երբ փոխվել է ընթացքը դարերի,
Երբ դարերում մարել է թիթեղյա,
Սակայն շլացուցիչ պորփյուրն արքաների —
Եվ արքաների տեղ ա՛յն
Ոսկի՛ն է նվաճել իշխանություն ու փայլ,
290 Բաժանել արյունոտ դափնիներ,
Պետություններ կանգնել, ուր պճնություն ու փառք
Կարելի է գնել,—
Նա քշվել է կրկին նախիրների նման
Դեպի թիարաններն անհաց աշխատանքի,
295 Եվ վաստակել այնտեղ մինչև ի մահ՝
Ընտելացած արդեն անինքնուրույն կյանքի։
եվ անհաց վաստակի այդ թիարաններում,
Ինչպես առաջ՝ դաշտերում ճորտության —
Վիճակվել է նրան մի կապարե հեռու
300 Կրկնակի՛ տառապանքի և գերության։
Նրա գլխին շաչող այդ նոր խարազանը
Եղել է երկճյուղ, ինչպես քիստ,—
Եվ վաստակը ոգու, որ սրբազան է —
Արգելված է եղել նրան միշտ։
305 Բայց առաջին անգամ իր գոյության չարքաշ
Հազարամյա ուղու ընթացքում —
Նա այստե՛ղ է տեսել շողշողացող մի այգ,
Որ պայքարով է բացվում...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
310 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Եվ այսպես — պատմության քառուղիներով
Անցել ենք մենք անղեկ ու անգաղափար,
Շառագունված անվերջ ուրիշների հրով,—

Եվ մեր ճանապարհը անփայլ
315 Եղել է ճանապարհ ունայնության, մահի —
Եվ չե՛նք կարող այսօր ձեզ մեծարել
Օ, նախնինե՛ր մեր խեղճ, առաջնորդներ մեր հին,—
Մեր պատմություն անդեմք ու անհանճարեղ...
Ահավասիկ ելած ձեր աներազ քնից
320 Նզովում ենք մենք ձեր եղկությունը մթար —
Օ՜, կերտողնե՛ր չնչին մեր անհանճար հնի
Եվ հերոսնե՛ր անքանքար մեր պատմության...
Մոլորակի վրա այս խայտաբղետ,
Աշխարհի սկզբից մինչև վախճանը
325 Երևի աոաջին ժողովուրդն ենք մենք,
Որ կամենանք անգամ — դավաճանել
Անկարող ենք փառքին մեր ու պատմությանն

անցած,—

Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ՝
330 Մերկության պես տկլոր ու անանցյալ...
Այդ մե՛նք ենք երևի այն ուղտը հաստակող,
Որ Հիսուսի առակին հակառակ —
Պիտի մտնենք՝ անգամ ասեղի նուրբ ծակով՝
Ապագայի դրախտը անարատ...
335 Այդ մե՛նք ենք երևի այն հարուստը,
Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ —
Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը,
Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ...

1933, I


  1. Բնագրում՝ անսգյուտ․ թերևս վրիպակ է։