Պատմություն Հայոց (Փավստոս Բուզանդ)/Ծանոթություններ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. (Եր. 63). «Բուզանդարան պատմութիւնք»: Փավստոսի Պատմության հեղինակը մի մականուն է կրում, որ գրչության մեջ երկու տարբեր ձև ունի — 1. «Բիւզանդ, Բիւզանդացի» և 2. «Բուզանդ, Բուզանդացի, Բուզանդարան»։ Առաջին ձեր պատահում է հենց գրքի վերնագրում— «Փաւստոսի Բիւզանդացւոյ պատմութիւն Հայոց», և Երրորդ դպրության վերջում, որտեղ գրված է. «Կատարեցաւ երրորդ դարդ (տպ. դարք) Փաւստեայ Բիւզանդեայ մեծ ժամանակագրի, որ էր ժամանակագիր Յունաց»։ Երկրորդ ձևը պատահում է Պատմության չորս դպրությունների վերնագիրներում չորս անգամ — «Բուզանդարան պատմութիւնք», նույնպես և Ղ. Փարպեցու Պատմության մեջ երկու անգամ — «Փաւստոս» կամ «Փոստոս Բուզանդացի»։ Զանց եմ անում ավելի նոր հեղինակները։
Ո՞րն է այս երկու գրություններից նախնականը, իսկականը։
Նկատի ունենալով, որ «Բուզանդ», «Բուզանդաբան», «Բուզանդացի» անհասկանալի ձևեր են, անծանոթ ծագումով ու նշանակությամբ՝ դեռ հին ժամանակ փորձեր են արել այս անծանոթ բառը ստուգաբանել «Բյուզանդ», «Բյուզանղացի» նմանահնչյուն բասերով։ Այս սխալ ստուգաբանության առաջինը պետք է լինի Երրորդ դպրության վերջում դրված տեղեկությունը— «Փաւստեայ Բիւզանդեայ մեծ ժամանակագրի», սակայն այս տեղեկության հեղինակն է ոչ թե գրքի հեղինակ Փավստոսը, այլ նրա Պատմության խմբագրողը, որ այդ ստուգաբանության հիման վրա ավելացրել է՝ «Որ էր ժամանակագիր Յունաց»։ Այնինչ մենք այժմ հաստատ գիտենք, որ Պատմության հեղինակը ոչ հույն է և ոչ Հունաց ժամանակագիր, այլ զտարյուն հայ է, հայկական զրույցների հավաքող։ Հետաքրքրական է, որ Ղ. Փարպեցին, խմբագրի վերոհիշյալ խոսքից խարվելով՝ Փավստոսին կոչում է Բյուզանդիայում ուսած մարդ, և չնայելով սրան՝ նա հավատարմությամբ երկու անգամ պահպանել է «Բիւզանդացի» գրությունը: Ուրեմն, իմ կարծիքով՝ վերը հիշված երկու ձևերից սկզբնական՝ նախնականն է «Բուզանդ,— արան,—ացի», իսկ «Բիւզանդացի» ձևը նրա անհաջող ստուգաբանությունն է:
Ի՞նչ է նշանակում «Բուզանդ», «Բուզանդարան»։
Ես դարձրի ուշադրություն «Բուզանդ» բառի վրա և գտա նրա մեջ երկու հնդեվրոպական արմատ, առաջինն է սանսկրիտ bhu, bhaV, սլավոներեն 6ы, 6y, որոնք նշանակում են լինել, գոյություն ունենալ (6ыть). այս բառից էլ սլավոներեն և ռուսերեն быт, 6ыль, былина = զրույց, առասպել։ Երկրորդ արմատն է գանդ, որից ունենք զանդիկ, զենդ, զենդերեն։ Այս բառն էլ նշանակում է բացատրություն, մեկնություն (изложение, комментарий), այնպես որ ամբողջ «Բուզանդ» բառը պետք է նշանակի եղելությունների, զրույցների մեկնություն կամ բացատրություն, կամ եթե զանգ արմատը վերցնենք իբրև ներգործակերպ բայարմատ, պետք է նշանակի եղելությունների, զրույցների բացատրիչ մեկնիչ։ Ավելի ազատ թարգմանությամբ՝ համապատասխան հայերեն «բանաստեղծ» բառի (վերցնելով «բան», բառի 5 և 7 նշանակությունները ըստ իմ բառարանի). այս բացատրությունից բխում է, որ «Բուզանդ» բառը ոչ թե անձի հատուկ անուն է, այլ աշուղական կոչում, ինչպես հնուց ի վեր սովորություն է եղել, որ մեր աշուղները ընտրել են իրենց համար կոչումներ պարսկական և տաճկական բառերից (Սայաթ-Նովա, Սեյադ, Ջիվանի և այլն), նույնպես վարվել է և անծանոթ Փավստոս հեղինակը, պարսկական «բուզանդ» բառը ընտրելով իբրև աշուղական կոչում։
Սրանով պարզվում է և «բուզանդարան» բառի նշանակությունը, իբրև բուղան գների ժողովածու, նմանությամբ «երգարան», «տաղարան» և այլն բառերի և նշանակում է ժողովածու զրույցների, մեկնության կամ ազատ թարգմանության բանաստեղծության։ «Բուզանդարան» բառին կից «պատմութիւնք» բառը, որ չորս անգամ կրկնվում է (Բուզանդարան պատմութիւնք), իմ կարծիքով «Բուզանդարան» բառի հայերեն թարգմանությունն է, այսինքն ժողովածու պատմությունների, պատմվածքների։
Իմ այս բացատրությունը ես համառոտ կերպով ուղարկել էի Թեհրան, իմ բարեկամ, հմուտ իրանագետ Ռուբեն Աբրահամյանին՝ նրա կարծիքն իմանալու համար։ Նա ինծ նամակով հետևյալը պատասխանեց. «Ձեռ Բյուզանդ բառի բացատրությունը շատ սրամիտ է և օրիգինալ։ Միայն, սանսկրիտ bhu և սլավոնական 6у, бы-ից առաջ, կարծում եմ, պետք է զետեղել բառի իրանական արմատը։ baV և ներկայինը՝ bu (Տ. Bartholomae, Altirenisches Worterbuch. եր. 917) նույն իմաստով։ Բուզանդ և ամբողջությանը հիշեցնող բառ չգտա... բայց կարծում եմ, թե ձեր բացատրությունը հիշածս հավելումով այնքան գոհացուցիչ է, որ այդ անհրաժեշտ չէ. մանավանդ բառը կազմված է հայկական հողի վրա, ուրեմն նման բառի գոյությանը պարսկերենում պարտադիր չէ»։ 2. (Եր. 64), Թե՛ այստեղ և թե բնագրի վերնագրում ավելացրինք «և Արիստակեսի», որ արդարանում է ինչպես գլխի բովանդակությամբ, այնպես էլ «Նացուանց շիրմացն» խոսքով, որ գործ է ածված հոգնակի:
3. (Եր. 46). Բնագրում՝ «Ի սկիզբն», որ ուղղական հոլովով է և ցույց է տալիս, թե այս Երրորդ դպրությունը Պատմության սկիզբն է, այսինքն՝ չկարծվի, թե պակասում են առաջին և երկրորդ դպրությունները։ Սրան համապատասխան՝ Վեցերորդ դպրության վերնագրում դրված է «Վերջ»։ Ըստ այսմ՝ Փավստոսի Պատմությունն սկսվում էր Երրորդ դպրությամբ և վերջանում էր Վեցերորդ դպրությամբ։
4. (Երդ 66). Գայթակղության քար է դարձել բանասիրության համար այս ֆրազը, որից այնպես է երևումը թե հեղինակը գրել է Սանատրուկ թագավորից առաջ պատահած անցքերը (= «է ինչ մեր Պատմութիւն որ առաջին է») և Տրդատից հետո պատահած անցքերը ( = «է ինչ՝ որ վերջին»). իսկ միջին ժամանակի, այսինքն՝ Սանաարուկից մինչև Տրդատի անցքերը գրված են ուրիշների ձեռքով: Ըսա այսմ դուրս է գալիս, որ Փավստոսի Պատմությունն սկզբից թերի է հասեյ մեր ձեռքը, մի բան, որ հակասում է հեղինակի նախընթաց հայտարարության՝ «թե այս պատմությունը բաղկացած է չորս մատյանից»։ Այս հարցի մասին մանրամասն տե՛ս ներածությունում։
5. (Եր. 67). «Կոտակ» պահլավերեն բառ է KOtaki, որ նշանակում է «մանուկ, երեխա, փոքր», որ գործ է ածված իբրև մականուն Տրդատի Որդի Խոսրով թագավորի։ Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։
6. (Եր. 68). Բնագիրն այստեղ ունի «Ժողովել ի յիշատակ սրբոցն որ էին անդ, կատարել անդ ամի ամի եօթն անգամ»։ Մենք այստեղ հետևեցինք Նորայրի ուղղագրության (Կորյուն, եր. 274)— «Կատարել անդ ամի ամի յեօթն սահմի ամսոյ»։ Նորայրի այս ուղղումը հիմնված է Ագաթանգեղոսի վրա (եր. 425), որտեղ գրված է. «Կատարել անդամ յամէ... զյիշատակ սրբոցն, որ օր եօթն էր սահմի ամսոյ» (var. ամսոյն սահմի)։ Փավստոսը, անշուշտ, նկատի ունի Ագաթանգեղոսի այս վկայությունը, ըստ որի և պետք է ուղղել նրա մեջ մտած աղավաղությունը։ — Սահմի ամիսթ հայոց տոմարի երրորդ ամիսն էր։ Շատ բանասերներ այն ծագեցնում են վրաց «sami» բառից, որ նշանակում է «երեք» (ինչպես մեր հին տոմարի երկրորդ ամսի անունը, այն է «հոռի», ծագեցնում են վրաց «ori» բառից, որ նշանակում է «երկու»)։ Սակայն շատ պատճառներ կան մերժելու այս ստուգաբանությունները։ Հնչյունների նմանությունը լոկ պատահականություն է։
7. (Եր. 69). Բնագրում կրկնված է՝ «ուստի՞ գայք... ուստի՞ եկիք»։ Վերջին հարցը մենք փոխեցինք՝ «ինչո՞ւ եք եկել»։
8. (Եր. 70). Մենք այսպես հասկացանք բնագրի այս խառն խոսքը՝ «Եւ ետուն զբուն գիւղն Որդուննւոց, որոյ անունն էր Որդորու, ուստի եպիսկոպոսն Բասանու, ամենայն սահմանօքն հանդերձ, որ ինքն իսկ է յերկրին Բասանու»։ — Բասանի սովորական ձևն է Բասյան։ 9. (Եր. 71). Բնագիրն ունի «հաւրն գործոցն»։ Ուղղեցինք ըստ Գ. Մ.-ի՝ «հաւուն գործոցն»։
10. (Եր. 72). Բնագրում գրված է. «ազատեալ լինէր Յուսիկ ի բանելոյն»։ Վերջին բառը թե՛ իր ձևով և թե՛ նշանակությամբ անտեղի է. հավանորեն նա աղավաղված է «ի յաներսյն» կամ էի աներայն» բառից, ինչպես ունի մի ձեռագիր։ Մենք հետևեցինք այս ձեռագրի ընթերցվածքին։ Եթե նկատի առնենք հեղինակի գրածը, թե Հուսիկը հրաժարվեց ամուսնական կյանքից, կհասկանանք, թե ինչպիսի թախանձանքների, նախատինքների և ստիպմունքների նա պիտի ենթարկվեր իր աներանք կողմից: Կնոջ (գուցե վշտահար) եղերական մահը դադարեցրեց այդ թախանձանքներն ու ստիպմունքները, ուրեմն և Հուսիկն ազատվեց աներոջ կամ աներանց ձեռքից։ [«Բանեար» բառը «վեճ ու աղմուկ» իմաստով է գործածված. ըստ այդմ էլ ուղղեցինք։— Խմբ.]։
11. (Եր. 72). Հուսիկի այս տեսիլքի մեջ հրեշտակը հոգնակի ձևով է հիշում այն առաքինի զավակները, որոնք պետք է ծնվեին Հուսիկի որդուց։ Այս հոգնակի ձևը ցույց է տալիս, որ այստեղ ակնարկվում է ոչ միայն ներսես Մեծը, այլև ս. Մահակը։ Նույնպես այս խոսքը, թե «Քրիստոս բազում լեզւօք փառաւորեսցի նոքօք», ցույց է տալիս ս. Գրքի թարգմանությունը և Հայոց եկեղեցիներում հայերեն լեզվով ժամակարգության մուծվելը տեղի են ունեցել ոչ միայն Մահակի, այլև մի ուրիշի (Մեսրոպի) ձեռքով։ Իսկ սրանք ապացույց են, որ Փավստոսի Պատմությունը գրված է, համենայն դեպս, Մահակ կաթողիկոսից և Մեսրոպից հետո։
12. (Եր. 74). Մասքութները կամ մասակետներն ապրում էին Կասպից ծովի ափերի մոտ, պատկանում էին սկյութական ցեղին։ Շիրակացու Աշխարհացույցում (հրատ. Մաքրի, եր. 27) նրանց բնակության տեղը որոշված է Կասպից ծովի արևմտյան ափերի մոտ մինչև Դարբանդ քաղաքը։ Նրանց բնական դաշտավայրը կոչված է Վարդանյան դաշտ, որ համապատասխանում է Փավստոսի Վատնեայ դաշտին։
13. (Եր. 75). Այստեղ հիշված են մի խումբ վաչկատուն (վրանաբնակ) թափառական ցեղեր սկյութական ծագումով, որոնք ապրում էին Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս ընկած հարթավայրում մինչև Կասպից ծովը: Այս ցեղերից հիշատակվում են Շիրակացու Աշխարհացույցում (Սուքրի, եր. 17). այսինքն՝ թավասպարները, հեճմատակները, իժմախները, շեղբերը, ճիղբերը։ Հիշատակված են հոները, որոնք բնակելիս են եղել մասքաթներից դեպի հյուսիս։ Եգերսվանքը թվում է նշանակել է եգերացիներ, որոնք բնակվելիս են եղել Սվանաս գետի մոտ, Կասպից ծովի ափին (Աշխարհաց. 25)։ Փոխերը գուցե Աշխարհացույցի փուսխերն են։ Գագարները և բաղասի Տները գուցե Հայաստանի հյուսիսում ընկած Դադարքի և Բաղասականի բնակիչներն էին, որոնք Աշխարհացույցի գրվելու ժամանակ (է դարի երկրորդ կեսում) անցել էին Վրաստանին. գաթերը և գղվարները անծանոթ են մնում։
14. (Եր. 76). «Եղբայր» բառը Փավստոսը հաճախ գործ է ածում ավեյի ընդարձակ մտքով, արյունակից ազգականի նշանակությամբ: Սա— հեսանը երկու անգամ կոչված է Խոսրովի եղբայր, որովհետև նա ևս Խոսրովի նման Արշակունի էր։ «Նոցա (մասքթաց Սանեսան թագավորի տոհմի) և Հայոց թագաւորացն մի ազգաւորութիւն էր տոհմին բնութեան» (Գ, զ)։ Մանուել սպարապետը երկու անգամ կոչված է Մուշեղ սպարապետի եղբայր (Ե, լե), այնինչ հայտնի է նույն Փավստոսից, որ Մանուելի հայրն էր Արտաշեն, իսկ Մուշեղի հայրը՝ Վասակ սպարապետը։ Նույնպես և երբ Մամիկոնյան տոհմի կանայք տեսնում են Մերուժանի գլուխը, ափսոսանքով ասում են. «Սակայն դա մեր եղբայրն էր» (Ե, խ), որովհետև Մերումանի հայրը՝ Շավասպ Արծրունին, կին էր առել Մամիկոնյան տոհմից (Գ, մը), ուրեմն և Մերուժանը Մամիկոնյան կանանց քեռորդին էր դառնում, բայց կոչված էր եղբայր։ Դ, ժե գլխում Գնել և Տիրիթ հորեղբոր որդիները կոչված են եղբայր։ Ռուսերենում էլ брат գործ է ածվում այսպիսի լայն նշանակությամբ, միայն ավելի որոշության համար բառին կցում են двоюродный և Троюродный բառերը։
15. (Եր. 76)՝ Կովդ՝ Կոդովիտ գավառն է Վասպուրական նահանգում, որ ուրիշ տեղ (Դ, ժբ) անվանված է «ի հովիտն անուանեալ ի Կոգ գաւառին»։
16. (Եր. 96). «Գուգազ»՝ ծագումով և նշանակությամբ անհայտ բառ, որ գործ է ածում միայն Փավստոսը այստեղ և հաջորդ գլխում։ Սովորաբար հասկանում են անկանոն զորքի ամբոխ։
17. (Եր. 77). Բնագրում գրված է, «Հանել խաշար յաշխարհէն բազում», որտեղ «խաշար» բառը, որ միայն Փավստոսն է գործածել այստեղ, անծանոթ է ծագումով և նշանակությամբ։ Տեղին նայելով՝ պետք է նշանակի «մշակ, գործավոր», ինչպես և մենք թարգմանեցինք ըստ Մառի և Արմ. բառարանի։ Կա գավառական բառ «խաշար», որ նշանակում է սարփինա (ձող. նեցուկ), որի վրա փաթաթվում են պատաղիճ բույսերը։ Ըստ այսժ էլ բառարանները այս բառը բացատրում են ձող, նեցուկ նշանակությամբ, բայց այս նշանակությունը չի հարմարվում ներկա տեղում։
18. (Եր. 78). Ըստ Փավստոսի՝ Դվին եղել է բլրի հատուկ անունը, իսկ ըստ Խորենացու (Գ, ը)՝ Դվին պարսկերեն բառ է, որ նշանակում է բլուր։
19. (Եր. 78). Բնագրում՝ «Գուշակ հասանէր առ Խոսրով ի Հեր և ի Զարաւանդ գաւառ»։ Վերջին բառը, անշուշտ, աղավաղված է, փոխանակ՝ «գաւառէ»։ Այսպես էլ մենք թարգմանեցինք։
20. (Եր. 78). «Մատենիկ գունդ»՝ Պարսկաստանում ընտիր զինվորներից կազմված գունդ, որ կոչվում էր անմահական գունդ։ Հիշում են և ուրիշ հեղինակներ։ Բնագրում ներկա տեղում՝ «Մատենիկ գնդի» տակ պետք է հասկանալ լավ սպառազինված կանոնավոր զորքի գունդ՝ հակադրությամբ անկանոն զորքի—գուգազի։
21. (Եր. 79). Մենք «ձկնորսարան» թարգմանեցինք բնագրի «ի ձկնատեսանսն» բառը, որ Փավստոսի մեջ մի ուրիշ տեղ (Դ, իր) կոչված է «ձկնատեանք» («Ի վերայ ձկնատենիցն»)։ Երկու ձեն էլ կասկածելի են թվում։ Հեղինակը նկատի ունի Առեստ ավանի մոտով հոսող Առեստ գետը, (այժմ կոչվում է Բերկրիի գետ և ավելի հաճախ՝ Բենտի մահու) Վանի լճի հյուսիսում, որտեղ լճից ձկները արուների ուղեկցությամբ գնում են ձկնկիթ թափելու, որի ժամանակ էլ նրանց որսում են մեծ քանակությամբ և աղելով վաճառքի են հանում — Վանի հայտնի տառեխը: Այսպես է և մինչև այսօրէ «Արքունի» բառը ցույց է տալիս, որ այդ ձկնորսարանը Արշակունի թագավորների սեփականությանն էր, որոնք որոշ տուրք էին ստանում որսալու իրավունքի համար։ Դա «ձկնահատեանք» բառն է, որը աղավաղվելով ստացել է այդ ձևր, նշ. «ձկնորսարան, ձուկ որսալու հատուկ տեղ»։— Խմբ.]։
22. (Եր. 79). Բնագրում գրված է. «Որ էին բիւրաւորքն և հազարաւորքն»։ Ամեն մի նախարար, սահմանված օրենքով, պահում էր յուր կալվածքում հեծելազորք, որոնց հավաքում էր իր կալվածքում ապրող մարդկանցից, պահում էր իր ծախսով և որոնց ինքն էր առաջնորդում պատերազմների ժամանակ, երբ նրան հրավիրում էր թագավորը։ Համաձայն մի հին հիշատակարանի, որ բերում է Ադոնցը (Юсгиниан, եր. 251 և հաջ.) Շահխաթունյանի «Ստորագրություն կաթողիկե էջմիածնի» գրքից (Բ. 59), Սյունյաց իշխանը 19 400 հեծելազորք ուներ, Կադմյան իշխանը 13 200— սրանք «բյուրավորներն» էին, հետո գալիս էին տասներեք իշխան, որոնք ունեին 1 000 և ավելի հեծելազորք, սրանք էլ «հազարավորներն» էին: Սրանց հաջորդում էին շատ ուրիշ իշխաններ 500—50 հեծելազորքով։ Սրանցից դուրս էր արքունի կամ արքունական տան, այսինքն՝ Արշակունի թագավորների, սեփական՝ իրենց կալվածքներից հավաքած զորքը, որի քանակը ճիշտ որոշված չէ, համենայն դեպս գերազանցում էր որևէ իշխանի հեծելազորքից. և մի քանի կողմնակի տվյալների վրա հիմնվելով կարելի է որոշել 30—40 000 հեծյալ։ Ահա, այս «բյուրավոր և հազարավոր» իշխաններին յուր մոտ պահեց Խոսրովը, թույլ չտալով արքունական զորքի հետ պատերազմի գնալ, Դատաբենի դավաճանությունից խրատվելով ու կասկածելով, միգուցե պատերազմի ժամանակ այդ իշխաններն իրենց զորքերով թշնամու կողմն անցնեն։ Այլ նրանց զորքերն էլ արքունական զորքերի հետ միասին գնում են Վաչն սպարապետի և Վահան Սմատունու հրամանատարության տակ, որոնց հավատարմությանը Խոսրովը միանգամայն վստահ էր։
23. (եր. 80). Բնագրում գրված է. «Ոչ տային անխտիր արշաւել, աւերել զերկիրն Հայոց և ոչ նայել»: Վերջին բառերը դուրս գցեցինք իբրև կասկածելի։
24. (եր. 80). «Բդեշխ» իրանական բառ է, ունի բազմաթիվ ձևեր, հայերենին ամենամոտ ձևն է պահլավերեն bltaxs (հունարեն ), որ նշանակում է տեղակալ, փոխարքա։ Հայաստանում բդեշխները նախարարներից բարձր կալվածատեր ազնվականներ էին, մի տեսակ մանր թագավորներ իրենց թագավորություններով, բայց Տիգրան Մեծի ժամանակ ճանաչել են Արշակունի թագավորների գերիշխանությունը։ Չորս բդեշխներ կային՝ Անգեղտան, Ծոփաց, Ազձնյաց, Գուգարաց, որոնց բդեշխությունները (երկրները) ընկնում էին Հայաստանի սահմանագլուխներում, որոնք իբր թե համարվում էին սահմանապահներ (Արմ. բառ., Ադոնց-Юстинниан, ծան, 70, Մ. Խոր. աշխ. թարգմ.)։
25. (Եր. 80). Այստեղ Փոքր Ծոփքը կոչված է Ծոփք Շահեի, քիչ հետո (գլ ԺԲ) կոչված է Շահանի, իսկ (Դ, իդ) կոչված է Ծոփք Շահանոց, ամեն անգամ այս Փոքր Ծոփքը տարբերելով Մեծ Ծոփքից: Թվում է, որ այս Շահեի կամ Շահանի անունն է, որ գահնամակում (տե՛ս նախորդ ծանոթությունը) կոչված է «Շահապն Ծոփաց տէր»։
28. (Եր. 81). Փավստոսը այս գլխում երեք անգամ գործ է ածել Սարարադ ձևը: Ուրիշ հեղինակների մոտ էլ 3—4 անգամ պատահում է այս Սարարադ ձևը: Իսկ ուրիշ բաղմաթիվ տեղերում Նոյի տապանի իջած տեղը կոչված է Արարատ, ս. Գրքի հայերեն թարգմանության մեջ գրված է «Ի լերինս Արարատայ» (Ծննգ. Ը, 4). հունարեն բնագիրն էլ ունի Apepeti Ուրեմն Սարարադ ձևը կարող է կասկածելի լինել, առաջ եկած երկու կիթ բառերի սխալ տրոհումից, (հին ժամանակ երկաթագրերում բառերն իրար կից էին գրում. ԻԷԵՐԻՆՍԱՐԱՐԱՏԱՅ տրոհել են «ի լերին սարարատայ», փոխանակ «ի լերինս Արարատայ»)։ Բայց այդ լեռան Սարարադ կամ Արարատ կոչվելը երկրորդական նշանակություն ունի, կարևորն այն է, որ սկզբներում այդ չեռան տակ չեն հասկացել այժմյան Արարատ=Մասիս լեռը, այլ մի ուրիշ լեռ կամ տեղ Կորդվաց նահանգում, ինչպես պարզ վկայում է Փավստոսը. այսպես էլ հասկացել են ուրիշ հեղինակներ։ Տապանակիր լեռ լինելու պատիվը Մասիսին անցավ միջին դարերում, հայտնի չէ, թե երբ իսկապես և ի՛նչ հիման վրա, բայց այս կարծիքը հետզհետե ընդհանրացավ և հաստատվեց այն աստիճան, որ երբ Եկատերինա Բ կայսրուհին իր կյանքի վերջին տարիներում մտադրվեց Հայաստանի թագավորություն ստեղծել և Պոտյոմկինին թագավոր նշանակել, պատրաստել տվեց Հայաստանի գերբը, որի կենտրոնում գտնվում էր Մասիս սարը վրան Նոյի տապանով։ Այնուհետև ավելի ևս ընդհանրացավ այս կարծիքը: Ինչպես որ Կորդուքի լեռներից Մասիսին անցավ տապանակիր լեռան պատիվը, այնպես էլ Փավստոսի հիշած աղբյուրը Սարարատի վրա՝ փոխադրվեց Մասիսի վրա։ Այստեղ մի աղբյուր հռչակվեց «սուրբ Հակոբա աղբյուր)՝ անունով, որի հետ կապված է հավատալիք, թե այդ աղբյուրի մոտ ապրում են տարմա հավեր, մորեխների թշնամի, և երբ մորեխով վարակված մի տեղից գալիս են այդ աղբյուրից ջուր են վերցնում, վարակված տեգր տանում, թռչուններն էլ ջրի հետ գնում են և մորեխների վրա հարձակվելով՝ անխնա կոտորում են։ Այսպիսի պատվիրակություններ՝ ս. Հակոբի աղբյուրից ջուր տանելու համար, հիշվում են պատմության մեջ մի քանի անգամ, սկսյալ տասնհինգերորդ դարից։ — Տ. նաև Ալիշան, «Այրարատ», 468 և հաջ., Մատիկյան, հողված Վիեննայի «Յուշարձան»-ում, եր. 432—435:
27. (Եր. 82). Այստեղից սկսած մի ընդարձակ հատված՝ մինչև «զճանապարհաց աւետաբերաց», առնված է Կորյունից՝ մանր վարիանտներով, այն տարբերությամբ, որ ինչ որ Կորյունը ասում է Մեսրոպի մասին, որ աստվածատուր գրերով գայիս էր Հայաստան, այստեղ վերագրված է ս. Հակոբ հայրապետին, որ աստծուց շնորհված տապանի կտորով վերադառնում էր հայրենիք:
28. (Եր. 82). Այս կտորն էլ մինչև «երկրածին ազգերին», նույնպես Կորյունից է առնված, բայց մի քանի բառ չունենալով աղավաղված է։
29. (Եր. 83). Բնագրում գրված է. «ի դահճէ միոջէ», որ անշուշտ աղավաղություն է: Մենք ուղղեցինք՝ «ի գահէ միոշէ», և ըստ այսմ թարգմանեցինք։ «Գահ» բառը նույն նշանակությամբ (=լեռան կատար) գործ է ածել հեղինակը նաև Դ, ծթ գլխում— «ի վերայ բարձր գահուն քարին»։
30. (Եր. 83). Ակնարկություն Քրիստոսի պատվերի վրա, որ տվեց առաքյալներին, երբ նրանց ուղարկում էր քարոզելու. «...և ով որ ձեզ չընդունի կամ ձեր խոսքերին չլսի։ Երբ այն քաղաքից դուրս գալու լինեք, ձեր ոտքերից փոշին թափ տվեք։ Ուղիղ եմ ասում ձեզ, սողոմացոց և գոմորացոց երկրին ավելի հեշտ կլինի դատաստանի օրը, քան այն քաղաքին» (Մատթ., Ժ., 14, 15)։
31. (Եր. 85). Փավստոսը միևնույն անձը երբեմն կոչում է զորավար, երբեմն սպարապետ և երբեմն այս երկու բառով միասին։ «Սպարապետ» պարսկերեն բառ է (հին պարսկերեն՝ Spadpati, պահլավերեն՝ Spahpat, նոր պարսկերեն՝ Spahbat), որ նշանակությամբ համապատասխանում է կես-հայերեն և կես-պարսկերեն զորավարին։ Բայց հայերենում այս երկու բառը թվում է, թե մի նուրբ տարբերություն ունեն։ Սպարապետ կոչվում էր այն անձը, որ սպարապետության ժառանգական իշխանության կրողն էր տվյալ ժամանակ իսկ զորավար կոչվում էր այն անձը, որ իրապես զորքի ընդհանուր հրամանատարն էր տվյալ ժամանակ։ Այսպես տեսնում ենք, որ երբ Վաչեն սպանվում է պատերազմում, նրա փոքր երեխային՝ Արտավազդին, սպարապետության իշխանությունն են տալիս՝ իբրև Մամիկոնյան տոհմի ժառանգական իշխանություն, իսկ քանի որ նա, փոքրահասակ լինելով, դեռ չէր կարող զորքին առաջնորդել, զորավարության գործը հանձնում են Արշավիր Կամսարականին և Անդովկ Սյունիին, որոնք Մամիկոնյան տան փեսաներն էին, ուրեմն՝ իբրև մի տեսակ խնամակալներ փոքրահասակ սպարապետի վրա։
32. (Եր. 86). Բնագրում գրված է. «Ի վերայ բանակի տեառն աշխարհիս»։ Մենք ուղղեցինք՝ «ի վերայ բնակի տեառն աշխարհիս» և ըստ այսմ թարգմանեցինք:
33. (Եր. 86). Բնագրում գրված է. «Յանուն հօր իւրոյ», որ սխալ է։ Հոր անունն էր Վաչե, բացի սրանից՝ երեխաներին դնում էին պապերի անունը և ոչ թե հայրերի։ (Սկզբնապես եղել է «հաւուն», որ աղավաղվելով դարձել է «հաւրն»։ Նույն աղավաղությունը կատարվել է և ուրիշ տեղ։ Տե՛ս ծանոթ. 9)։ Ուստի մենք ուղղեցինք «Հաւուն իւրոյ» և թարգմանեցինք «Պապի անունով»։ [Այստեղ աղավաղում չկա։ «Իւրոյ» պետք է հասկանալ «նորա», այսինքն՝ Վաչեի, ուստի «յանուն հօր իւրոյ» նշանակում է «նրա հոր անունով», որը և կլինի Արտավազդի պապի անունով։—Խմբ.]։
34. (Եր. 87). «Հազարապետը» թեպետ զինվորական պաշտոնյայի նշանակություն ունի ըստ կազմության, բայց հազարապետը բոլորովին տարբեր պաշտոն էր վարում, նա երկրի տնտեսության և հարկերի գլխավոր տեսուչն էր, աստի և նրա իշխանությունը տարածվում էր շինականության՝ գլխավոր հարկատու դասակարգի վրա։ Փավստոսը նրա պաշտոնը կոչում է «աշխարհատես խնամակալութիւն» և այս խնամակալության պատճառով նրան որակում է «շինականաշէն» մակդիրով (Դ, բ)։ Փավստոսի ասելով՝ այս պաշտոնն ես ժառանգական էր և պատկանում էր Գնունյաց տոհմին։ — Պարսկաստանի մեծ հազարապետների պաշտոնն ու իրավասությունը տարբեր էին և ավելի ընդարձակ, քան Հայաստանում (տ. Ադոնց, ЮСТИНИфН» եր. 445 — 6)։
35. (Եր. 88). Գամիրքը Կապադովկիան է։
36. (եր. 88). Տափերի կամ Տափերական կամուրջը Արտաշատ քաղաքի կամուրջն էր Արաքսի վրա։ «Տափեր» բառը թվում է բուն ժողովրդական բառ «տափ» բառի հոգնակին, որ նշանակում է նաև հարթավայր, դաշտ տեղ, ինչպես Փավստոսն էլ գրում է՝ «Ընդ առաջ ելանէր նմա ի դաշտն յայնկոյս գետոյն Տափերն կամրջի»։
37. (Եր. 92). Բնագիրն այստեղ աղավաղված է՝ «Քանզի ոչ էին թէ որպէս այլոք ազգականացն... հաւատոցն աստուածաբանիւ քարոզութեանն...»։ Մենք ուղղեցինք «Քանգի ոչ թէ որպէս այլոց ազգացն... հաւատոցն աստուած բանիւ», և ըստ այսմ թարգմանեցինք։
38. (եր. 94). Եպիսկոպոսները (հուն. ЁЯ100ПՕՀ = վերատեսուչ, վերադիտող) հոգևոր տեսուչներ կամ առաջնորդներ էին թեմերի, ընդարձակ մտքով՝ նաև աշխարհների, այժմյան տերմինով՝ թեմի առաջնորդներ։ Հին նախարարական Հայաստանում ամեն մի իշխանական կալվածք մի հատուկ եկեղեցական թեմ էր կազմում և ուներ սեփական եպիսկոպոս։ Իսկ քորեպիսկոպոսները (հուն, yope.71 taXTtog =վերատեսուչ գավառի կամ գյուղի) գավառների կամ գյուղերի առաջնորդներն էին՝ եպիսկոպոսական կամ քահանայական աստիճանով, թեմի առաջնորդին ստորադրյալ։ Դանիել քորեպիսկոպոսին Ներսես կաթողիկոսը, գնահատելով նրա հավատարմությունն ու ընդունակությունները, հանձնել էր ուրիշ պաշտոններ ևս, որոնց մասին գրում է Փավստոսը։
39. (Եր. 94). Բնագրում գրված է. «վերակացու և գլխաւոր եկեղեաց գաւառին Տարօնոյ»։ Պատկանյանը և Նորայրը «եկեղեաց» բառն ուղղում են «եկեղեցեաց», որ միանգամայն ընդունելի է, և որին մենք հետևեցինք։
40. (Եր. 95). «Անապատ» պահլավերեն բառ է՝ anapat = ոչ-ապատ. ոչ-շեն, և նշանակում է անշեն, անմարդաբնակ (տեղ), հակադրությամբ ապատի-շենի, բնակելի տեղերի։ Այս նախնական նշանակությամբ էլ հաճախ գործ է ածում Փավստոսը «անապատ» բառը և նրանից ածանցված «անապատաւոր» բառը՝ իբրև մենակյաց։
41. (Եր. 97). Բնագրում՝ «Նորին արեամբն», որ կարող է վերաբերել Քրիստոսին, բայց այս դեպքում պետք է լիներ «իւրով արեամբն»։ Ուղղեցինք «Նոցին արեամբն», այսինքն՝ Հռիփսիմյան նահատակների։
42. (Եր, 100). Բնագրում գրված է. «Որ գաւառին Աղձնեաց և Մեծաց Ծփաց ի նմանէ իսկ վարդապետեալ էր»։ Վերջին բառը մենք ուղղեցինք՝ «վարդապետ տուեալ էր» և ըստ այնմ թարգմանեցինք։
43. (Եր. 102). Մարդպետ, հայր» «Մարդպետ» բառը մեր հին հեղինակները գործ են ածում «ներքինապետի» նշանակությամբ և նրա պաշտոնը կոչում են մարդապետություն, մարդպետական իշխանություն։ Այս բառը, Ն. Ադոնցի կարծիքով (Юстиниан, եր. 417), առաջ է գալիս Մարդ հատուկ անունից, որ պարսկական մի ավազակաբարո ցեղի անունն էր, որ, Հայաստան արշավելով՝ պարապում էր ավազակությամբ։ Նրանց բնակված տեղը կոչվեց Մարդաստան, և նրանց ցեղապետը կոչվեց մարդպետ։ Այս մարդերին հիշում են նաև հին հույն և լատին հեղինակները՝ կոչելով puxpSai, Mardi: Երբ մարդպետները ներքինապետի պաշտոն ստացան, մարդպետ բառն էլ սկսեց գործածվել ներքինապետի նշանակությամբ: Ադոնցի այս բացատրությունն ընդունում է և Արմ. բառարանը։ — «Հայր» հատուկ անուն չէ, այլ ամեն մի ներքինապետի հարգական կոչում (ինչպես տաճիկների մեջ էլ ներքինապետը կոչվում էր baba): Այնպես որ «Հայր մարդպետ» բառերից ոչ մեկը մի անձի հատուկ անուն չէ, այլ ներքինապետի պաշտոնի հարգական անունը, և անխտիր գործ է ածվում բոլոր ներքինապետների համար։ Միայն մի ներքինապետի հատուկ անուն է պահպանել Փավստոսը, դա Դրաստամատն է, որին հիշում է նա Ե, ի գլխում։
44. (Եր. 103). Բնագրում գրված է. «Եւ ոչ մի ոք ի թագաւորացն Հայոց ոչ ոք գտանէր նոցա բարեկամ», որի մեջ «Հայոց» բառն անտարակույս աղավաղություն է։ Այս բառի տեղ մենք ենթադրեցինք «այլոց» բառը և ըստ այսմ թարգմանեցինք։
45. (Եր. 105). «Կարճազատ» բառը միայն Փավստոսն է գործածել այստեղ։ Հայկազյան բառարանը չունի այս բառը։ Առձեռն բառարանը բերում է և մեկնում՝ «կարիճ ու օձ—չարաճճի», որ միանգամայն սխալ է: Ուրիշ տեղ այս բառի բացատրությունը չգտա։ Թվում է, թե կարճազատները ստորին աստիճանի ազատներ=ազնվականներ էին, ազատների հեռավոր ազգականներ, որոնք, սակայն, դեռ կայվածքների տերեր էին։ Հացյաց գյուղը այս կարճազատների սեփականությունն էր։ «Հացյաց» անունը և քիչ հետս «Հացեկացի» բառը հիշեցնում են ս. Մեսրոպի ծննդավայր Հացեկաց գյուղը, և Վրիկը գուցե նրա հոր՝ Վարդանի, փաղաքշական կրճատ ձեն է։
46. (Եր. 106). «Ճարտուկ» պահլավերեն բառ է՝ cartuk, պարսկերեն՝ pafta, որ նշանակում է սևի զարնող գույն, կարմրավուն (ձի), կարմրի զարնող, մութ-շագանակագույն (Արմ. բառ.)։ «Ճանճկեն», «ճանճ» բառից, նշանակում է ճանճի նման մանր սև բծեր ունեցող, խայտաբղետ-ճանճաճերմակ։
47. (Եր. 108). «Քաղաք» բառը, բացի սովորական նշանակությունից, Փավստոսի երկում հաճախ գործ է ածվում նաև պարիսպ, պարսպապատ տեղ նշանակությամբ։ Այսպես է և ռուսերեն город բառի հին նշանակությունը։ Ըստ այսմ Ազիորսք քաղաքը պետք է հասկանալ պարսպապատ, որսատեղ, նման Խոսրովակերտին։ Քանի որ այս տեղը գտնվում էր ԱպաՀունիքում, Տուրուբերան նահանգում, ապա Մասիսը չի կարող լինել: Այս Արարատյան դաշտի հայտնի Ազատ Մասիսք, այլ, ինչպես կարծում է էփրիկյանը («Բնաշխարհիկ բառարան», եր, 401), Սիփան—Մասիք մեծ ե գեղեցիկ լեռը։
48. (Եր, 408)» Փավստոսն արդեն պատմել էր (Գ, ժը), որ Մամիկոնյան զորավարներ Արտավադդը և Վասակը Տիրանի ձեռքից խչեցին երկու փոքրահասակ երեխաների՝ Արծրունյաց և Ռշտունյաց տոհմի վերջին մնացորդներին, և նրանց առնելով գնացին, ապավինեցին իրենց Տայք կալվածքի ամուր տեղերը, և այնուհետև երկար տարիներ չէին խառնվում Հայոց գործերին։ Այս հանգամանքի վրա է ակնարկում այստեղ Փավստոսը, ասելով, թե խռովել հեռացել էին:
49. (եր, 109). Ասորեստանը սահմանակից էր Պարսկաստանին և նրանից բաժանված էր Տիգրիս գետով, որի ձախ ափին շինված էր Պարսից մայրաքաղաֆ Տիզբոնը, իսկ աջ ափին՝ Վեհկավար քաղաքը, և այս երկու քաղաքները միացած էին իրար հետ նավակամուրջով (զոմով): Ուստի այստեղ Ասորեստանի տակ պետք է հասկանալ Տիզբոն մայրաքազաքը։
50. (Եր, 111), «Մաշկապաճէն», դրված նաև «մաշկապերճան», «մաշկապատճեան» և այլն, պահլավերեն բառ է՝ mаsкарагcen (մաշկապարճեն) և նշանակում է Պարսից թագավորի կանանոցի վրանը:
51. (Եր. 111), Սատաղ Փոքր Հայքի քաղաք էր Բայրերդից ոչ հեռու։ Այժմ Սատաղ դյուզ է (Ադոնց, Юстиниан, 62)։
52. (Եր. 112). Բնագրում գրված է. «առին զկապուտ բանակին... և զբամբիշն և դրանսկան ընդ նոսին»։ «Բանսկան» աղավաղություն է, ուղղելի «բանական», որ պահլավերեն հոգնակի ձևն է banuk=տիկին բառի, ուղղումն առաջին անգամ առաջարկել է Կարիերը։ Արմ. բառ.։
53. (Եր. 112), Բնագրում գրված է, «Ապա գտանէր հրովարտակ թագաւորն Յունաց Վաղէս... «գտանէր»-ը, իբրև աղավաղություն ուղղեցինք՝ «գրէր»։ Այս առաջին և միակ անգամն է, երբ Փավստոսը հիշում է Պարսից և Հաւնաց թագավորներին միաժամանակ և երևան է հանում իր խոշոր ժամանակագրական սխալը։ Ներսեհ Պարսից թագավորը թագավորել է 296—302 թվերին, Հունաց Վաղես կայսրը թագավորել է 364 —374 -ին, ուրեմն նրանք ժամանակակից չեն եղել և չէին կարող իրար հետ պատերազմել։ Արշակն էլ, որ ըստ Փավստոսի Հայաստանի թագավոր դարձավ այս երկու թագավորների միջև կայացած համաձայնության հիման վրա, իրոք թագավորել է 339-ին, ուստի և նրա թագավորության սկիզբը չի հանդիպում այս երկու թագավորներից և ոչ մեկի տարիներին։
54. (Եր. 113). Բնագրում գրված է. «Կատարեցաւ երրորդ դարք», որը Հ. Վարդանյանն ուղղել է՝ «երրորդ դարկ», ասորերեն рraga բառից, որ նշանակում է կարգ, աստիճան (Արմ. բառ, «կարգ» բառը)։ Մենք թարգմանեցինք՝ մաս։ Մի քանի բառ հետո բնագիրն ունի «Կանոնք փախստայք Բիւզանդեայ», որ նորայր Բյուզանդացին ուղղել է՝ «Փաւստեայ Բիւզանդեայ»։ Բնագրի հաղորդած այս տեղեկության մասին տե՛ս ներածությունում: 55. (Եր. 114)։ Բնագրում անթարգմանելի կուտակություն բառերի՝ «Չորրորդ խոստովանութիւն զոր ասեյոց եմ կարգել զդպրութիւն, կանոնք դարք և դարք պատմութեանց զրուցաց»։ Մենք թարգմանեցինք մոտավորապես։ Այստեղ էլ «դարք և դարք» Հ. Վարդանյանն ուղղել է՝ «դարկք և դարկք»:
56. (Եր. 114). Բնագրում գրված է. «Հանդերձ այլովքն պատարագովք»: Վերջին բառը թե՛ նշանակությամբ և թե՛ հոլովման ձևով անտեղի է։ Ուղղեցինք՝ «պատանդովք» և ըստ այնմ թարգմանեցինք։ Այստեղի և բնագրում եղած վերնագրի համեմատությունից կարելի է վերականգնել նախնական ընթերցվածքը՝ «զիա՛րդ զայլ նախարարսն հանդերձ այլովքն պատանդովք արձակէր յերկիրն Հայոց հանդերձ պատարագօք»։ [Ավելի հավանական է «հանդերձ պատարագօք»՝ առանց «այլովքն»-ի։— Խմբ.]։
57. (Եր. 116). Բնագրում գրված է. «Զիա՞րդ յուղարկեաց զհալածեալսն Շապուհ», իսկ գլխի վերնագրում գրված է, «Զիա՞րդ յուղեաց Շապուհ...»։ Երկու աղավաղված ընթերցվածքներից վերականգնվում է ուղիղ ընթերցվածքը՝ «Զի ա՛րդ յուզեաց հալածանս Շապուհ...», որ և համապատասխանում է գլխի բովանդակությանը։
58. (Եր. 121). «Դայակ»— պահլավերեն, նշանակում է ծծմայր, ստնտու (ներկայումս նշանակում է միայն մանկաբարձ կին)։ Բայց հին գրականության մեջ գործ էր ածվում նաև տղամարդկանց մասին՝ դաստիարակ, խնամակալ նշանակությամբ։ Հին ժամանակ սովորություն կար, որ թագավորը իր որդիները հանձնում էր որևէ իշխանի դաստիարակության. իշխանը թագավորազն սանին սնուցում էր իր տանը իր զավակների հետ, և եթե ինքը ունենում էր ծծկեր երեխա, թագավորազն և իշխանազն երեխաները միևնույն կնոջ կաթով էին մեծանում և այս կերպով նրանք դառնում էին կաթնեղբայրներ։ Մեծանալիս, թագավորազնը, եթե թագավոր էր դառնում, իր մոտ էր բերում կաթնեղբորը՝ իբրև մտերիմ ընկերոջ։ Եղիշեն (Բ. Եղ.) դառնապես գանգատվում է՝ ասելով. «Հայոց նախարարներից ոմանք նրա (Հազկերտ Բ-ի) եղբայրներին սնուցել էին իրենց մայրենի կաթով — նա ամենից խիստ նրանց հետ էր վարվում». նշանակում է՝ Պարսից թագավորները նույնիսկ Հայոց նախարարներին էին հանձնում իրենց որդիների դաստիարակությունն ու խնամակալությունը։
Թագավորների օրինակով՝ ավագ իշխաններն էլ իրենց որդիները հանձնում էին կրտսեր իշխանների կամ սեպուհների դաստիարակության։
59. (Եր. 121). Բնագրում գրված է. «Ի ժամանակս խուլութեան Տիրանայ»։ «Խուլութեան» աղավաղված բառն ուղղեցինք՝ «խաւլութեան = խօլութեան», այսինքն՝ խելագարության։ [Տե՛ս Նորայր, «Բառաքնն.», էջ 511— Խմբ.]։
60. (Եր. 121). Բնագրում գրված է. «Որպէս առաջին թագաւորին»։ Այս աղավաղությունն ըստ Նորայրի ուղղեցինք՝ «Որպէս առ առաջին թագաւորաւքն»։
61. (Եր. 121). Բնագիրն այստեղ ունի «նոյնպէս ստրատելատութեան սպարապետութեանն, զօրավարութեանն մարտի կռուելու, գործոյ ըռազմիկ ճակատամուղ նիզակին, իրափառն (var. իրաւափառն), աղանազգիք աղանադրօշք արծուէնշանք, վարժնականիշք». բառերի կուտակություն, որոնցից մի քանիսը անհասկանալի են կամ կասկածելի։ Մենք այսպես թարգմանեցինք ենթադրաբար, մոտավորապես: «Ստրատելատ», որից «ստրատելատություն» հունարեն բառ է, որ տառացի նշանակում է զորավար. գործ էր ածվում այն զորավարների մասին, որոնք այս պաշտոնն ստացել էին Հունաց կայսրներից:
62. (Եր. 121), «Աղանազգի» Աճառյանը (Արմ. բառ.) ծագեցնում է ասորական ադան = alana բառից, որ նշանակում է իշխան, գլխավոր։ Իսկ «աղանադրօշ» բառը նա համարում է սխալ գրված՝ նախորդ բառի ազդեցությամբ, և ուղղում է «աղաւնադրօշ»։ Ե. Մ. «աղանազգիք», «աղանադրօշք» բառերն ուղղում է «աղեղնաձիգը», «աղեղնադրօշք», ինչպես ունի և Մեսրոպ երեցի Վարք ս. Ներսեսի (Սոփերք, Զ., եր, 17)։ «Իրափառն» կամ «իրաւափառն» անծանոթ բառ է։
63. (Եր. 122). «Սատրապ» (var. սատրապետ) հունարեն բառ է, որ նշանակում է գավառի կառավարիչ։ Հունարենն էլ փոխ է առնված հին պարսկերենից, որի սկզբնական ձևը' xsatrapa , նշանակում է աշխարհապահ, երկրապահ։ Նույն բառը հայերենում պահպանված է «շահապ» ձևով, որ փոխ է առնված պարսկերենից։ Քանի որ Փավստոսը բոլոր տեսակի իշխանների մեջ առաջին տեղում հիշում է սատրապներին, կարելի է սրանից հետևցնել, թե նա աչքի առաջ ունի բդեշխներին կամ ավագագույն նախարարներին։
64. (Եր. 126). Բնագրում գրված է. «Խոնարհել ամենեցուն միով միաբանութեամբ»։ «Խոնարհելը» ուղղեցինք «խորհել»։
65. (Եր. 126). Բնագրում գրված է. «Ե զԲագարատ մեծ իշխանն ասպարապետութեանն»: Վերջին բառը, որ անշուշտ աղավաղված է, ըստ Նորայրի ուղղեցինք «ասպետութեանն»։
66. (Եր. 126). Բնագրում՝ «Ասէին նմա էնկոմիա»։ «Էնկոմիա» հունարեն բառ է, որ նշանակում է ներբողյան, գովեստ։
67. (Եր. 128). Բնագրում գրված է. «Ի դատաստանացն ամենին»։ Վերջին բառը մենք ուղղեցինք «ատենին»։
68.(Եր. 129), Որովհետև ուրկությունը (բորոտություն, գողություն) սաստիկ վարակիչ և անբուժելի հիվանդություն է, ուստի ամենահին ժամանակներից ամեն տեղ մեծ զգուշություններ էին ձեռք առնում, որ այս հիվանդությունն ունեցողները շփում չունենան առողջների հետ և նրանց չվարակեն։ Միջոցներից մեկն էր — ինչ որ և Ներսես կաթողիկոսը հաստատեց Հայաստանում — բնակություններից դուրս հատուկ ուրկանոցներ շինել, որոնց մեջ փակում էին հիվանդներին և նրանց հարկավոր մթերքներն ու այլ պիտույքները մի փոքր բացվածքի միջով ներս էին գցում նրանց ամանների մեջ։
69. (Եր. 129). Բնագրում գրված է. «Եւ պատանս աղքատաց»։ «Պատանք» բառը իր նշանակությամբ այստեղ չի հարմարվում։ Կարծում ենք, թե աղավաղված է՝ փոխանակ «պատսպարան»-ի։ Այսպես էլ թարգմանեցինք:
70. (Եր. 132), Հոպպե քաղաքում մի հավատացյալ կին կար՝ Տարիթա անունով, այսինքն՝ Այծեմնիկ անունով, որ հայտնի էր բարեգործությամբ և ողորմությամբ։ Նա հիվանդացավ ու մեռավ։ Նրա մարմինը լվացին ու վերնահարկը դրին։ Լսելով, որ Պետրոս առաքյալը Հոպպեից հեռու չէ, նրա ետեից մարդ ուղարկեցին ու հրավիրեցին գալ։ Պետրոս առաքյալը իսկույն եկավ, բոլորին վերնատնից դուրս հանեց, ծունկ չոքեց, աղոթք արեց ու հետո դիմեց մեռելին՝ ասելով, «Տարիթա, վեր կաց Հիսուս Քրիստոսի անունով»։ Մեռելը աչքերը բացեց ու տեղում նստեց, Պետրոսը նրա ձեռքից բռնելով ոտքի կանգնեցրեց (Գործք., Փ, 36—40)։
71. (Եր, 132), Տե՛ս Գաղ., Բ, 7—10։ Հետաքրքրական է Փավստոսի մոտ, որ այստեղ ունի՝ «որ բուն սիւնքն էին» (Գաղ., Բ—3): Այնինչ հայերեն թարգմանության բնագրում այստեղ գրված է. «որ կարծեալ սիւնքն էին», ինչպես հունարենում, որ նույնպես ունի «կարծեալ»։
72. (Եր, 134), Արիոսական — հետևող Արիոսի աղանդին։ Արիոսը Ալեքսանդրիայի եկեղեցու քահանա էր, որ ուսուցանում էր, թե երրորդության երկրորդ անձը՝ որդին, ստեղծված է հորից՝ ոչինչից, ուրեմն ժամանակով կրտսեր է նրանից, նա արարած է և ոչ ծնունդ:
73. [Ստ. Ծալխասյանցը բնագրից մոտավորապես 5 էջ չի թարգմանել։ Մենք թարգմանեցինք ու քթացրինք։ — Խմբ.]:
74. (Եր. 145). Աստված Աբրահամ նահապետին հրամայեց, որ մի հեռավոր լեռան վրա իր միակ որդուն՝ Իսահակին, զոհ մատուցի իրեն: Աբրահամը Իսահակին առնում գնում է երեք օրվա ճանապարհ, հասնում է ցույց տրված լեռը, սեղան է շինում, փայտը դարսում է, Իսահակին կապում և դնում է փայտի վրա, սուրը վերցնում է, որ մորթի երեխային։ Հրեշտակը երկնքից արգելում է ձեռք տալ երեխային։ Աբրահամը շուրջը նայում, տեսնում է, որ Սաբեկա ծառից մի խոյ է կախված եղջյուրներից։ Խոյն առնում, զոհում է Իսահակի փոխարեն (Ծննգ., ԻԲ, 1—13)։ Եբրայական բնագրում Սաբեկա ծառի փոխարեն գրված է մացառներում։
75. (Եր. 145). Ակնարկություն մանանայի վրա, որ ցողի նման իջնում էր առավոտները, և որով իսրայելացիք անապատում կերակրվեցին քառասուն տարի։
76. (Եր. 146), Բնագիրն ունի. «Որ չերթայ ուրեք ի մարդկանէ, այլ պատճառ միայն առնէ զանուն իւր ի վերայ աներևույթ մարմնով, մահ է և իւրոյ արքայութեանն...»։ Շղագրով տպված բառերը դուրս գցեցինք՝ իբրև անհասկանալի։
77. (Եր. 147). Ս. Ներսեսի Վարքում (Սոփերք., Զ» եր. 58) գրված է «ամիսս ինն»՝ փոխանակ Փավստոսի ինը տարուն։
78. (Եր. 148). Բնագրում գրված է. «իբրև զօր հակառակորդ»։ Մենք ուղղեցինք «իբրև զիւր հակառակորդ» և ըստ այսմ թարգմանեցինք։
79. (Եր. 149). Բնագրում գրված է. «Ուստի՝ կարծեցես բանիցս պատասխանիս պատրաստել»։ Մենք ուղղեցինք «ուստի՞ կարիցէ...» և ըստ այսմ թարգմանեցինք։
80. (Եր. 159). Բնագիրն ունի է «Մի՛ գտցի ոսկւոյ կամ արծաթոյ դանակ առ ումեք»։ «Դանակ»-ը մենք ուղղեցինք «դանկ» և ըստ այսմ թարգմանեցինք։ Գ. Մ. «դանակ»-ը ուղղում է է «քանակ»։
81. (Եր. 154). «Սոփեստես» հունարեն բառ է, որ սկզբնապես նշանակում էր իմաստասեր, ճարտար: Այս անունով հին Հունաստանում կոչվում էին զարգացած՝ ճարտարախոս և ճարտարամիտ մարդիկ, որոնց սովորեցնում էին փիլիսոփայություն և ճարտասանություն։ Շատերը թափառում էին քաղաքե քաղաք՝ իրենց արվեստը սովորեցնելու: Իրենց գիտության և մտավոր կորովի պատճառով հարգանք էին վայելում։ Բայց Ժամանակի ընթացքում նրանք սկսեցին ի չարը գործ դնել իրենց գիտությունը, մանավանդ ճարտարախոսությունը, և պաշտպանում էին սխալ մտքեր՝ ճշմարտության կերպարանք տալով։ Այս վերջին մտքով էլ այժմ գործ է ածվում «սոփեստ» բառը կամ նրա հայերեն թարգմանությունը՝ «իմաստակ»:
82. (Եր. 154). «Մագիստրիանոս» հունարեն բառ է, որ ծագում է լատիներեն magister բառից, որ նշանակում է ավագ վարպետ։ Մագիստրիանոս Բյուզանդիայում կոչվում էին կայսերական տան ավագ մարդիկ և ավելի ընդհանուր նշանակությամբ՝ պետական բարձր պաշտոնյաներ։
83. (Եր. 155). Սուրբ Սարգիս, Կեսարացի, Կապադովկիայից, ապրում էր Կոստանդիանոս Մեծի և Տրդատի ժամանակ, զինվորական ծառայության մեջ էր և բարձր պաշտոն ուներ, տարածում էր հեթանոս զորքի մեջ քրիստոնեություն։ Մեծ հաղթություններ տարավ հույների դեմ՝ իբրև Շապուհի զորավար, բայց որովհետև չկամեցավ կրակին երկրպագել և կուռքերը խորտակեց, մահվան դատապարտվեց։ Նրա որդին էլ՝ Մարտիրոսը, հավատի համար սպանվեց։ Սուրբ Սարգիսը հայերի մեջ մեծ ժողովրդականություն է վայելում և համարյա ազգայնացրած սուրբ է, որի անվան հետ կապված են զանազան սնոտիապաշտություններ։ Նրա անունով շատ կան տաճարներ։— Թեոդորոս ստրատելատ, Պոնտոսի Ամասիա քաղաքի շրջակայքից, նույնպես զինվորական բարձր պաշտոնյա, ժամանակակից ս. Սարգսի, որ քրիստոնեական հավատը դավ անելու և կուռքերը անարգելու պատճառով նահատակվեց Լիկիանոսից։
84. (Եր. 155). Վաղես կայսրը, որ իր եղբոր՝ Վաղենտիանոսի կողմից նշանակվեց կայսրության արևելյան կեսի կառավարիչ, թագավորեց 364 —378 թվ. և ընկավ վեստգոթերի դեմ մղած պատերազմում։ Նա հայտի էր իբրև ջերմ արիոսական, որի պատճառով և շատ հալածանքների էր ենթարկում ուղղափառ եպիսկոպոսներին։ Նրա մահվան վերաբերյալ այս ավանդությունը, որ բերում է Փավստոսը, հայտնի չէ Սոկրատին, որ նույնպես գրում է, թե պատերազմի մեջ մեռավ։
85. (Եր. 156). Լուսարան, կազմված ըստ հունարենի, հին եկեղեցիներում այն բաժանմունքը, որտեղ մկրտություն էին կատարում. մկրտարան։
86. (Եր. 156). Մեսրոպ երեցի մոտ (Վարք ս. Ներսեսի, Սոփերք, Զ. եր. 52—53) դեսպանների թիվը տասնութն է, փոխանակ Փավստոսի հիշած իննի, իսկ այն անունների մեջ, որ երկուսն էլ ունեն, կան տարբերություններ, այսպես՝ փոխանակ Փավստոսի Մեհեն-ի, Վարքն ունի Մեհենդակ, փոխանակ Մեհառ-ի՝ Մեհևան, փոխանակ Մուշկ-ի՝ Մուշկան, փոխանակ Բագենից՝ Բառնեից, փոխանակ Հրսիձորոյ՝ Գաբեղենից: Վրկեն նահապետն Հաբուժենից բոլորովին չկա Վարքում, փոխանակ Փավստոսի Դեմետ նահապետն Գնթունեաց, Վարքն ունի Գնել նահապետն Գնունեաց:
87. (Եր, 157). Բնագրում՝ «զվեց ամ»: Ներսեսի Վարքն ունի 8 ամիս, Ե. Մ. Փավստոսի վեց ամը ուղղում է վեց ամիս:
88. (Եր. 159). Բնագրում գրված է. «ի լիութեան», որ մենք ուղղեցինք ու թարգմանեցինք «ի լկտութեանն» ըստ Նորայրի։
89. (Եր. 159). Բնագրում՝ «Ստադատք, զրախօսք», որ մենք ենթադրաբար թարգմանեցինք ազատի մեջ ստողներ, զրպարտողներ»: Մի քանի տող հետո՝ աղավաղված ենք համարում բնագիրը, որ ունի «աւանդառուք զաւանդս լի զպահեստս բարձեալ»։
90. (Եր. 162). Բաքասեր անծանոթ տեղ է, ուրիշ տեղ հիշատակված չէ:
91. (Եր. 163). Սոդոմ քաղաք Պաղեստինում, Մեռյալ ծովի մոտ, որ բնակիչների: սոգոմացոց, անօրինակ անառակությունների պատճառով աստծու հրամանով կործանվեց Գոմոր քաղաքի հետ միասին (Ծննգ., ԺԹ, ԻԴ և հաջ.)։ Այնուհետև «Սոդոմ», «սոդոմացիտ բառերը սկսեցին գործածվել նշանակելու համար անառակ վարքի տեր քաղաքներ ու մարդիկ։
92. (Եր. 164). Ժանտախտի առաջին հիշատակությունը Հայաստանում։ Մի ուրիշ ժանտախտի դեպք էլ հիշում է Փավստոսը (Դ, ժե)։ Նա արծարծվեց Արտագերս ամրոցում և մի ամսում 17 000 մարդ կոտորեց։
93. (Եր. 167). Այս Շավասպը, ինչպես Փավստոսն էլ է ասում, միակ մնացորդն էր Արծրունյաց ցեղից, որին Արտավազդ և Վասակ Մամիկոնյաններն ազատեցին կոտորածից ու տարան Տայք, այնտեղ մեծացրին և իրենց տոհմից նրան կին տվին, որից նորից սերվեց Արծրունյաց տոհմը (Փավստ., Գ, ժը)։ Այս Շավասպի որդին է, անշուշտ, Մերուժանը, որի կատարած չարիքները մանրամասն պատմում է Փավստոսը հաջորդ դպրություններում:
94. (Եր. 168). Բնագրում գրված է. «առ համբաւ ցանկութեան անուանն տրփեալ լինէր մին ևս հօրեղբօրորդին»... Մենք ուղղեցինք՝ «նուանն... մեւս» (=միւս)։ Նորայրը ևս ենթադրում է, թե «անունն» ուղղելի է նուանն։
95. (Եր. 169). Բնագրում գրված է. «Ի բուն բանակի տեղսն Արշակունեացն ի ներքոյ Սիւնեացն և ի վերայ ասպարիսացն»: «Բանակի տեղսն» ուղղելի է «բանակետեղն», ինչպես ունի Փավստոսը նույն գլխում, քիչ հետո՝ «յանդիման բանակետեղ բնին»։ Սիւսեացն (var. Սիւնեացն) համարել են հատուկ անուն, բայց Ե. Մ. և նրանից անկախ՝ Աճառյանը (Արմ. բառարան) բացատրում են իբրև պարսպով պատած որսատեղ: Ասպարես բառն այստեղ գործ է ածված սկզբնական նշանակությամբ՝ ձիարշավարան: 96, (Եր. 169), Բնագրում գրված է, «արքիդիակոնն», որ հունարեն բառ է, նշանակում է ավագ սարկավագ, խոսքը քերականորեն անորոշ է այստեղ։ Գրված է, «Եւ զիւր արքիդիակոնն եպիսկոպոսին, որում անուն Մուրիկ կոչէր»։ Մուրիկը, հավանորեն, սարկավագի անունն է և ոչ թե եպիսկոպոսի, բայց «եպիսկոպոսի» բառը տարակույսի տեղիք է տալիս, եթե Մուրիկը եպիսկոպոսի սարկավագն է եղել, ապա ինշո՞ւ է ասված «զիւր արքիդիակոնն», այսինքն՝ Ներսեսի։ Մենք ենթադրաբար թարգմանեցինք՝ «Իր եպիսկոպոսական ավագ սարկավագը»։
97. (Եր. 170), Բնագիրն ունի՝ «Ժանեաւ», որ աղավաղություն է, փոխանակ՝ «ժանուարս», ինչպես ունի Փավստոսը, Դ. Բ. և Դ. Ա. «ժանուարս», «ժանուարօք»։ «Ժանուար» պարսկերեն բառ է — պատգարակի մի տեսակ՝ մարդիկ և իրեր փոխադրելու համար։ Հավանորեն երկու օթոց, որ կախում էին գրաստի երկու կողքից, որոնց մեջ նստում էին մարդիկ:
98. (Եր. 170), Բնագիրն այստեղ ունի, «յայնժամ թագաւորն զիւր սամոյրսն զգլխովն ածեալ՝ ի փոյթ կնջանն մտեալ զիւր դէմս երեսացն ծածկէր», որի մեջ անհասկանալի են «ի փոյթ կնջանն»։ Հայկ, բառարանը («կինջ» բառի տակ) այսպես է մեկնում այս խոսքը, «կամ իբրու խոպի և կամ կնջման, որպէս ի ձայն խոզի, այսինքն խորտալոյ»։ Նորայր Բյուզանգացին (Կորյուն, եր. 342) երկու բառը միացնելով կարդում է «ի փոյթ կնջանն» և այս բառը համեմատում է սանսկրիտ рагуапка բառի հետ, որ նշանակում է անկողին, մահճակալ։ Երկու մեկնություններն էլ անհավանական են։ Արմ. բառ. չունի այս բառերը: Ուրիշ բացատրություններ ինձ հայտնի չեն։
Ես ուրիշ կերպ եմ բացատրում այս բառերը։ «Փոյթ» բառը միայն Փավստոսի մեջ պահպանված հնագույն ձևն է «փոթ» բառի, որ ներկայումս միակ գործածականն է մնացել։ Ոյ-ո ձայնափոխության օրինակներ ունենք գրաբարի շրջանում՝ անագորոյն և անագորոն, իսկ գրաբարի և աշխարհաբարի շրջանում՝ փոյթ—Փոթի (քաղաք), մակոյկ—մաքոք, լոյղ-լող։ Իսկ «կնջանն» (սեռ. հոշ., ուղղականը՝ կունջ) պարսկերեն kuni բառն է, հին փոխառությամբ, բառի պահլավերեն ձևից, որի նոր փոխառությունն է գավառական քունջ-ը։ Կ-ք ձայնափոխության շատ օրինակներ ունենք, ինչպես՝ կամար-քամար, մակոյկ-մաքոք, կում-քիւչէ, կեռաս-քերազ, կնջիթ-քունջութ, կարավան-քարավան, կույր-քոռ ևն։ «Քունջ» բառը պարսկերենում, բացի անկյուն նշանակությունից, նշանակում է նաև խորշ կամ ծալք զգեստի, կապերտի ևն։ (Պարսկ.—հայերեն բառարան Գևորգ Տեր- Հովհաննիսյանի)։
Ըստ այս բացատրության՝ բնագրի վերոհիշյալ խոսքը տառացի պետք է հասկանալ. «թագավորը սամուրենին գլխին քաշելով՝ նրա (=կնջանն) փոթի մեջ (ի փոյթ) մտնելով ծածկում էր իր երեսը։ [Մենք նպատակահարմար համարեցինք թարգմանել այսպես՝ «շտապով իր երեսը ծածկում է խռմփացնելով՝ իբր թե քնած է»։ — Խմբ.]։
99. (Եր. 173)։ Մայր ողբոց և ձայնարկուներ։ Մեռեյի վրա սուգ կատարելու համար հրավիրում էին հատուկ լալկան կանանց: Սրանցից մեկը ողբի մայր էր դառնում, սկսում էր մեռելի գովեստն անել, երբ մի տուն վերջացնում էր, ձայնարկուները (լալկան կանայք) այս տունը կրկնում էին և ողբի աղաղակներ բարձրացնում: Հետո ողբի մայրը ասում էր գովեստի հաջորդ տունը, և ձայնարկուները կրկնում էին, ու այսպես շարունակ:
100. (Եր. 173). Բնագրում գրված է. «Ի նուաճել իւրեանց ձայնիցն», որ մենք ենթադրաբար թարգմանեցինք՝ օերը նրանց ձայները դադարեցին», որի ճշտությանը վստահ չենք: «Նվաճել» բառը Փավստոսը ուրիշ երկու անգամ էլ գործ է ածել՝ երկու անգամ էլ անորոշ նշանակությամբ. «Զիա՞րդ եղէց բարեխօս վասն այնոցիկ, որք նուաճեցին» (Գ, ժդ), «Որպէս առաջին թագաւորքն նուաճեալք՝ յիւրաքանչիւր չափու» (Դ, բ)։
101. (եր. 175). «Երկրորդական մեծ տուն» շատ որոշ չէ։ Մենք հասկանում ենք այն մեծ կալվածքը, որ ըստ օրենքի պատկանում էր Պարսից թագավորի երկրորդին և գտնվում էր Ատրպատականում։
102. (եր. 177). Անկասկած, այստեղ բնագրից մի թերթ դուրս է ընկած, որի մեջ մանրամասն պատմվում էր, թե ինչպես Վասակը հաջողեցրեց Արշակի փախուստը Պարսկաստանից, ինչպես Շապուհը զայրացավ այս փախուստի մասին լսելով և հրավիրեց իր մոտ Մարիին ու նրան մեղադրում էր: ԺԶ գլխի միջի այս թերին նկատել է և Ե. Մ. (եր. 26)։
103. (Եր. 177). ԺԷ գլխի վերնագիրը բնագրում թերի է՝ «Յաղագս թէ զիարդ յուզեաց Շապուհ արքայ Պարսից ի վերայ քրիստոնէութեան»... նույն վերնագիրը ցանկում գրված է. «Յաղացս թէ զիարդ յուղարկեաց գհալածեալսն Շապուհ»... երկու աղավաղված ընթերցվածքները մենք վերականգնեցինք՝ «Եթէ զիա՞րդ յուզեաց հալածանս Շապուհ արքայ Պարսից ի վերայ քրիստօնեութեան» և այսմ թարգմանեցինք։
104. (Եր. 180). «Ոստան» պահլավերեն բառ է, որից պարսկերենում մնացել է — գավառապետ։ Հայերենում «բոստան» բառը սկզբնապես նշանակում էր Արշակունյաց թագավորական տոհմի կալվածքները, որոնք կոչվում էին արքունի տուն։ Այս նշանակությունից է ածանցվել «ոստանիկ» բաոը, որ նշանակում էր թագավորական կալվածքում ապրող ազնվական դասակարգը, որ հեռավոր սերունդն էր կազմում Հայկազյան կամ Արշակունի թագավորների։ Արշակունյաց բարձումից հետո «ոստան» բառը սկսեց գործածվել ուրիշ նախարարական կալվածքների գլխավոր քաղաքները նշանակելու համար և, մասնավորապես, Դվին քաղաքի համար, որ պարսիկ մարզպանների մայրաքաղաքն էր։ Վերջապես, Ոստան իբրև հատուկ անուն գործածվեց Ռշտունյաց կալվածքի գլխավոր քաղաքի համար Վանա լճի հարավակողմում։
[«Ոստան», ըստ Ադոնցի, նշանակում է ղեմ, դուռ, ապա նաև արքանիք: Ուստի «Ե» զգաւառսն ունէր յոստան» արտահայտությունը նշանակում է արքունական դարձրեց, այսինքն՝ պետականացրեց։—Խմբ.]:
105. (Եր. 180). Գլխի վերնագրում բնագիրն ունի. «Փախստական լինէր արքայն Պարսից», ուղղեցինք ըստ իմաստի և ըստ ցանկի՝ «յարքայէն Պարսից»:
106. (Եր. 181). Արվացաստան նույնն է թե Ասորեստան կամ Ասորիք։ 107. (Եր. 182). Բնագիրն այստեղ աղավաղված է՝ «Զի եթէ մեք լեալ էաք ամենայն Արեաց զօրք հանդերձ այսպիսի աջողութիւն գայր ի ձեռն, քաջ թէ զոյգ հասարակ այդպիսի գործ ի միասին կարէաք առնել»: Մենք ուղղեցինք «զօրօք հանդերձ», քաւ թէ այսպիսի աջողութիւն գայր ի ձեռն»... և ըստ այսմ թարգմանեցինք:
108. (Եր. 183). Ինչպես 49-րդ ծանոթության մեջ հիշեցինք, Ասորեստանը սահմանակից էր Պարսկաստանին և Պարսկաստանի Տիզբոնը հենց սահմանագլխի վրա էր՝ Տիգրիսի ափին։ Ուստի այստեղ ևս Ասորեստանի տակ պետք է հասկանալ Պարսկաստան և հատկապես Տիզբոն քաղաքը:
109. (Եր. 184). «Խորան» հավանորեն պարսկերեն բառ է, xavran կամ xuran որով կոչվում էր Վահրամ Գուրի պալատը ըստ Թիրյաքյանի (Արմ. բառ.)։ Խորանը նույնպես վրան էր, բայց դատելով նրա զանազանակերպ գործածությունից՝ կարող ենք ասել, որ պետք է լիներ թագավորների և մեծամեծների ընդարձակ, զարդարուն և ներքին հարմարություններ ունեցող վրան։
110. (Եր. 186). Բնագրում գրված է. «զՆծբին քաղաք, որ է յԱրուեստանի»։ Նծբինը Մծբինն է՝ օտար ազգերի արտասանությամբ Nisibis,), իսկ Արուեստանը նույն Արուացաստանը կամ Ասորեստանն է (տե՛ս ծան. 108)։
111. (Եր. 187). Այս Գանձակը տարբեր է մեր Գանձակ — Գյանջայից (այժմ. Կիրովաբադ) և գտնվում էր հին Ատրպատականում, Թավրիզից հարավ։ Գիտնականների կարծիքով, այժմյան Թախտի Սուլեյմանն է Զենջանի մոտ (Н. АДОНЦ, ЮСТИНИАН, 2). ինչպես հաճախ հիշվում է Փավստոսի մոտ, Արշակունիների ժամանակ Հայաստանի արևելյան սահմանը, Կասպից ծովի արևմտյան ափերից իջնելով մինչև այստեղ էր հասնում։
112. (Եր. 190). Բնագրի «յուտեստ» բառը թարգմանեցինք «ուտեստի՝ կերակրվելու համար»։ Մեծաքանակ զորք մի տեղում երկար ժամանակ պահելու համար պահանջվում է մեծ քանակությամբ կենսամթերք մարդկանց և ձիերի համար, որ Հայաստանում ամեն տեղ չէր կարելի ճարել՝ հարմար ճանապարհների և փոխադրության միջոցների բացակայության պատճառով։ Ուստի սովորություն էր զորքը այնպիսի տեղ պահել, որտեղ կենսամթերքն առատ էր կամ որտեղ նախօրոք ամրացված էր բավականաչափ կենսամթերք: Սա առավելապես վերաբերում է հեծելազորքին։ Որովհետև այն ժամանակներն անկարելի էր միլիոնավոր փթերով խոտ պատրաստել և փոխադրել հեծելազորքի կանգնած տեղերը, ուստի ավելի հարմար էին գտնում հենց հեծելազորքը ձմեռները տանել այնպիսի տաք տեղեր, որտեղ ձմեռվա ամիսներին էլ ձիերը կարողանային դաշտերում արածել։ Այս տեղերը սովորաբար կոչվում են ձմերոց, ինչպես հաճախ հիշվում է Եղիշեի Պատմության մեջ։ Այսպիսի մի ձմերոց է եղել Անգեղատունը:
113. (Եր. 191). Բնագրում՝ «Ըստ այլ կաթել», բառարաններն այս բառը բացատրել են իբրև «կողմը», ծագեցնելով պարսկերեն «գաթ», «քադ» (?) բառից։ Նորայր Բյուզանդացին ցույց տվեց այս բացատրութան սխալ լինելը և «կաթել» աղավաղված ձևն ուղղեց՝ «կարթեալ»—շուռ տալով, շուռ գալով։
114. (Եր. 193). Սահմանագլխի այս երկու տներից մեկը հավանորեն Ատրպատականն էր, մյուսը՝ Աղձնիքը, որտեղից պարսիկները մտնում էին Հայաստանի սահմանները:
115. (Եր. 194), Թավրեշը այժմյան Թավրիզն է Ատրպատականում: Ուրիշ տեղ (Դ, լթ) Փավստոսն այս քաղաքը կոչում է Թավրեժ։
116. (Եր. 194), «Կարավան» պահլավերեն բառ է՝ karavan, որ տարածված է ուրիշ շատ լեզուների մեջ ես։ «Կարավան» նշանակում է ճանապարհորդների խումբ, որոնք ճանապարհորդություններ էին կատարում զինված պահապաններով՝ ավազակների հարձակումներից պաշտպանվելու համար։ Այս նշանակությամբ այժմ գործ է ածվում «քարվան» ձևով։ Բայց հին ժամանակ «կարավանը» նշանակում էր նաև բանակ, ինչպես այստեղ Փավստոսի մեջ և մի քանի անգամ Եղիշեի մոտ։
117. (Եր. 196). Բնագրում գրված է. «Տապրիկ զօրօք», որ մենք թարգմանեցինք «Տապարիստանի զորքով»։ Տապարիստանը պարսկական նահանգ էր նախկին Մարաստանում։
[«Տապրիկ» ուղղում ենք «տապարիկ»՝ «տապարավոր» նշանակությամբ։— Խմբ.]:
118. (Եր. 199). Բնագրում գրված է. «անկանէր ի ներքոյ ի ղակիշն»: Ղակիշ բառի ծագումը որոշ չէ։ Ղակիշ կոչվում էր զորքի կայանը, որ թշնամու անակնկալ հարձակման դեմ պաշտպանված էր զանազան միջոցներով՝ պատնեշներով, թմբերով, ցանկապատերով, խրամատներով ևն։ Սեբեոսի մոտ (գլ Լ, նոր հրատ.) նկարագրված է արաբաց ղակիշը։
119. (Եր. 202). Բնագրի վերնագրում գրված է. «Մարուճան», իսկ բնագրում՝ «Մարին անուն մեծ նախարար»։ Մենք ուղղեցինք՝ «Մարուճան ոմն մեծ նախարար» և ըստ այսմ թարգմանեցինք։
120. (Եր. 204). «Զինդկապետ» կամ «գնդկապետ» կամ «զինդակապետ» անշուշտ պահլավական բառ է, բայց իրանական գրականության մեջ չի հիշված։ Ծագման ու ճիշտ նշանակության մասին զանազան ենթադրություններ են եղել. ոմանք ծագեցնում են պարսկերեն Zanta փիղ բառից (ուրեմն՝ զինդկապետ = փղապետ), ոմանք՝ զենդերեն zantupaiti բառից — պահլավերեն zandput = խմբակցության պետ։ Հյուրշմանը բացատրում է իբրև Zindik-ների պետ, բայց այս բառի բացատրությունը չի տալիս, ասում է միայն, որ դրանք զանդիկներ չեն։ Փավստոսի գրքում բառի գործածությունից երևում է, որ զինդկապետը պարսից մեջ մի անծանոթ զինվորական բարձր աստիճան էր (Արմ. բառ.)։
121. (Եր. 205), Այս գլուխը, թացի այլանդակ բովանդակությունից, աչքի է ընկնում նրանով, որ միանգամայն անտեղի կերպով ընկած է պատերազմական գործողությունների նվիրված մի շարք գլուխների մեջ, որոնց հետ ոչ մի կապ չունի։ Արդյոք պատահական աղավաղություն է գրչագիրների, թե նորամույծ հավելված է՝ դժվար է ասել։
122. (Եր. 204). «Անդերձապետ» պահլավերեն բառ է՝ andarzpat, որի հիմնական նշանակությանն է խորհրդական, andarz բառից, որ նշանակում է խորհուրդ։ Այս անունով կոչվում էին հին Պարսկաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք խորհրդականի պաշտոն էին վարում պետական բարձր իշխանավորների մոտ։ Այս բառը հայերենում դրված կա և «հանդերձապետ» ձևով՝ andarz-ը շփոթելով հայերեն «հանդերձ»-ի հետ (որ նույնպես պարսկերեն բառ է), ուստի և սխալմամբ հասկացվում է իբրև արքունի հանդերձատան վերակացու (Արմ, բառ., Պատկ, Матер. арm. СЛ. II):
123. (եր. 204). «Շապստան-տակառապետ»— երկու պարսկական բառ։ «Շապստան», պահլավերեն՝ sapastan, պարսկերեն sabfstan, նշանակում է ննջասենյակ կամ կանանոց, իսկ տակառապետ, պահլավերեն պարսկերեն՝ tagar, նշանակում է (գինու) կարաս, որից՝ տակառապետս (գինա) մատակարար, մատռվակ։ Ըստ այսմ՝ «շապստան տակառապետ» նշանակում էր այն պաշտոնյան, որ արքունական կանանոցի մատռվակն էր, գինու մատակարարը։ «Տակառապետ» բառի տեղ մեր հին մատենագրության մեջ գործածված կա «տաճարապետ» բառը, որի մեջ տաճարը «սեղանատուն, կոչունք» է նշանակում, և ամբողջ բառը համապատասխանում է տակառապետի պաշտոնին։
124. (եր. 205). «Համբարակապետ» կամ «ամբարակապետ» պահլավերեն բառ է՝ anbarakapat, համբարների, այսինքն՝ մթերանոցների վերատեսուչ։
125. (Եր. 206). «Դասսընտրեին» անվան փոխարեն, որ միայն այստեղ է պատահում և ուրիշ ոչ մի տեղից հայտնի չէ, Ներսիսյան դպրոցի Փավստոսի ձեռագիրն ունի ավելի հավանական ընթերցվածք՝ «և դասս ընտիր էին սոքա» (ցույց է տվել Գր. Տեր-Պողոսյանը, «Հանդ, ամս.», 1900, եր. 199 ա)։
126. (Եր. 208). Բնագրում գրված է. «դասապետք շինականաց». ենթադրաբար թարգմանեցինք «գյուղերի համփաներ»։ Դասապետները գուցե հազարապետին (տերս ծան. 34) ենթարկված ստորին պաշտոնյաներ էին, որոնց հանձնվում էին գյուղերի գործերը (հողի, ջրի, արոտատեղի և այլնի մասին)։
127. (Եր. 209). Ակնարկություն Քրիստոսի առակի վրա անպիտան ծառայի մասին, որ իր տիրոջ տված մի քանքարը փոխանակ շահեցնելու տարել թաղել էր հողի մեջ և վերադարձրեց իր տիրոջը, երբ սա ետ եկավ ուղևորությունից։ Տերը նրան մեղադրելով ասաց, որ գոնե պետք է ծառան այդ տաղանդը սեղանավորներին տար, որպեսզի ինքը գոնե տոկոսով ստանար իր փողը (Մատթ., Իէ. 14—28)։
128. (Եր. 209). Բնագրում գրված է. «Բայց լաւ լիցի ձեզ զնոյն սիրել»։ Մենք ուղղեցինք «քաւ լիցի» և ըստ այսմ թարգմանեցինք։
129. (Եր. 211). Վարազագիր մատանի։ Մատանին մատի վրա կրելու օղ էր, որի մեջ ագուցված էր մի թանկագին քար՝ վրան փորագրված տիրոջ անունը, որ և ծառայում էր իբրև կնիք: Վարազագիր մատանի նշանակում է այնպիսի մատանի, որի վրա փորագրված էր լինում վարազՊարսից թագավորների գերբը։ Վարազագիր մատանիով, ուրեմն Պարսից թագավորի անձնական կնիքով, կնքված աղը ամենահաստատ անսուտ երգման նշան էր։ Վարազ անունը իբրև պատվանուն շատերը կքում էին իրենք անուններին, ինչպես՝ Վարազ-Վազան, Վարազ-Շապուհ, Վարազ-Ներսեհ, Վարազդատ և այլն:
130. (եր. 211). Բնագիրն այստեղ աղավաղված է թվում կամ գոնե մի քանի բառ պակաս։ Գրված է. «իբրև տեսին զնոսա, արկին զերկոսեանն զարքայն Արշակ և զսպարապետն Վասակ և պահէին...», որտեղ «արկին» բայի լրացումը պակասում է։
Այստեղ «արկին» նշանակում է «որոնեցին». այդպես էլ մենք թարգմանեցինք։ Քերականորեն ոչինչ չի պակասում բնագրում։— Խմբ.]։
131. (Եր. 211). Բնագրում գրված է. «կոչեաց... գդիւթսն, զաստեղազէտսն և զքաւդեայսն»: «Դիւթը» մենք թարգմանեցինք ավելի սովորական «վհուկ» բառով։ Երկուսի էլ ծագումն ու ճիշտ նշանակությունը անհայտ են, և ինչո՛վ են նրանք իրարից տարբերվում՝ դժվար է ասել։ «Քաւդեայ» հավանորեն «քաղդեայ» բառի տարբեր ձևն է, իսկ «քաղգեայ» նշանակում է քաղգեացի, քաղգեացիք, որովհետև պարապում էին աստղաբաշխությամբ՝ աստղերի և մոլորակների շարժումների հիման վրա գուշակություններ էին անում, ուստի «քաւդեայ»֊ն նշանակությամբ ավելի մոտ է «աստղագետ» կամ «աստղահմա» բառերին։
132. (Եր. 214). Արտավանը Պարսկաստանի վերջին թագավորն էր պարթևական հարստությունից (216—226 Հ. Ք.), որին սպանեց պարսիկ իշխաններից մեկը՝ Արտաշիր Սասանյանը և եղավ հիմնադիր Պարսկաստանում նոր հարստության, որ նրա անունով կոչվեց Սասանյան։ Որովհետև թե՝ Պարթև թագավորները և թե Արշակունի թագավորները Հայաստանում ըստ ավանդության սերված էին Պարթև Արշակ Մեծից, և հայոց Արշակունիները համարվում էին երկրորդ՝ Պարսկաստանի Պարթևներից հետո։ Այս պատճառով հայոց Արշակունիները Արտավանին համարում էին իրենց ազգական, իսկ Արտաշիր Սասանյանին և նրան հաջորդող Սասանյան թագավորներին համարում էին հափշտակիչներ, որոնցից իրենք պարտավոր էին Արտավանի սպանության վրեժն առնել, և միևնույն ժամանակ համոզված էին, թե երբ Արտավանի մահով Պարթևաց հարստությունը դադարեց Պարսկաստանում, իրենք՝ հայ Արշակունիները, հանդիսանում էին ավագագույնը Արշակ Մեծի սերունդների մեջ, իսկ Սասանյան տոհմից թագավորներին, որոնք սերվում էին իշխան Արտաշիր Սասանյանից, այսինքն՝ Արտավանի ծառաներից (հպատակներից մեկից): համարում էին ըստ օրենքի հայ Արշակսւնիների ծառաներ (=հպատակներ)։ Այսպես էլ ասում է Արշակը Շապուհին, թե «դուք՝ ծառաներդ, ձեր տերերի՝ մեր բարձն եք հափշտակել»:
133. (Եր. 216). Արտագերս բերդի մասին Փավոտոսը գրում է (Դ, ժթ). թե Արշակ թագավորը շինել տվեց տեղի անառիկ դիրքի պատճառով և Արշարունյաց գավառը հատկացրեց այս բերդին՝ կենսամթերք մատակարարելու համար բերդապահներին։ Ուրեմն, բերդը առատ համբարանոցներ ուներ այն ժամանակ, երբ Փառանձեմը տասնհինգ հազար մարդով գնար, այնտեղ ապաստանեց։
134. (Եր. 216). Բնագրում գրված է՝ «առ թագաւորն Յունաց դիպեցաւ». պետք է լիներ «առ թագաւորին»: Պապը Հունար թագավորի մոտ էր, որովհետև, ինչպես Փավստոսը պատմում է (Դ, ժե), Պապը հենց որ պատանեկության հասակը մտավ, պատանդ ուղարկվեց Հունար կայսեր դուռը:
135. (Եր. 218). Բնագրում՝ «զաւրավարն», որ Նորայրն ուղղել է «զաւրավարքն», որին և մենք հետևեցինք: Սակայն թվում է, ոչ բնագրի «զաւրավարն» է ճիշտ և ոչ Նորայրի ուղղած «զաւրավարքն»։ Բերդից ավարը իջեցնելը զորավարների գործը չէր: Հավանորեն բնագրում եղել է «զաւրականն»— զորքերը, որ դասական հեղինակների մոտ հաճախ գործ է ածվում հավաքական նշանակությամբ: — Մի քանի տող հետո բնագրում սխալմամբ գրված է «յԱրտարագէրոն բերդին», որ ուղղելի է «յԱրտագերսն բերդին»։
136. (Եր. 218). Զվիթը հետևում է քրիստոսի պատվերին՝ «Հովիւ քաջ գանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց» (Հովհ. ժ, 11 — 13)։
137. (Եր. 219), Այս անվան սովորական ձևն է «Տոսպ», որ պատահում է արդեն ուրարտյան սեպագիր արձանագրությունների մեջ։ «Տոսպ» է գրում և ինքը՝ Փավստոսը, Դ, ժթ գլխում։
138. (եր. 219). «Ոստիկան» պահլավերեն բառ է Ostikdfl , որ նշանակում է հավատարիմ, վստահելի։ Հայերենի մեջ (գրաբարում) ոստիկան էին կոչվում թագավորին հավատարիմ և վստահելի մարդիկ, որոնց թագավորը նշանակում էր վերակացու, կուսակալ որևէ գավառի կամ աշխարհի վրա։ Ի միջի այլոց, ոստիկան էին կոչվում արաբների կողմից Հայաստանի վրա նշանակված կուսակալները, որոնք առաջ կոչվում էին պարսկերեն «մարզպան» բառով, երթ նշանակվում էին Պարսից թագավորներից։
139. (եր. 220). Բնագիրն այստեղ մութ և դժվարհասկանալի է (գուցե պակաս բառեր կան), «և հրամայեաց ի հրապարակին իմն առնել հրապոյրս մեքենայից որով հրամայեաց զկինն արկանել, և արձակել տիկնոջն Փառանձեմայ ի խառնակութիւն պոռնկութեանն անասնական պղծութեանն»։ Մենք թարգմանեցինք մոտավորապես։ [Պակասող բառեր չկան, և միտքն էլ հասկանալի է։ — Խմբ.]։
140. (Եր. 223). Ինչպես Փավստոսը պատմել էր (Գ, իա) Սյունյաց Անդովկ նահապետը մեկն էր այն երեք պատգամավորներից, որոնք Հունաց կայսեր մոտ գնացին խնդրելով պաշտպանել Հայաստանը պարսիկներից Ներսեհ թագավորի ժամանակ։ Այս պատգամավորության հետևանքը եղավ պատերազմը հույների և պարսիկների միջև, որտեղ չարաչար պարտություն կրեց Ներսեհը։ Ահա Անդովկի այս պատգամավորության վրեժն է, որ Շապուհը ավելի քան երեսուն տարի հետո լուծում է՝ նրա սերունդը կոտորելով։ Ներսեհի և Վաղեսի մասին տե՛ս ծանոթ. 53։
141. (Եր. 223). Մազդեզական կրոնը նույն զրադաշտական կրոնն է, այսինքն՝ երկրպագության արեգակին և կրակին, բազմաթիվ ծիսական պատվերներով: Բառը Եղիշեի մոտ գործ է ածված բուն պահլավերեն ձևով՝ «դեն-ի Մազդեգն»։ «Մազդեզն» պահլավերեն բառ է՝ mazdesn, mazdeyasn. կրճատված է Արամազդ բառից և նշանակում է Արամազդին պաշտող։
142. (Եր, 224). Բնագրում գրված է. «Վահանայ էր քոյրաթիւ և Մամիկոնեան տոհմէն, քոյր Վարդանայ»։ « Բոյրաթիւ» բառը Հայկ, բառարանը բացատրում է «քոյր թուեցեալ՝ համարեալ», որ գոհացուցիչ չէ։ Առձեռն բառարանը ավելի որոշ է բացատրում՝ «հորեղբոր կամ հորաքեռ աղջիկ, քույր սեպված», բայց ճիշտ չէ։ «Քոյրաթիւ» բառի մասին մի ուրիշ վկայություն է բերում Հայկազյան բառարանը՝ «Արդարև քոյրաթիւ է իմ առ ի հօրէ», այսինքն՝ «հիրավի նա իմ քույրաթիվն է հոր կողմից», որից կարելի է ավելի հավանական նշանակությունը դուրս բերել՝ խորթ քույր, ինչպես և մենք թարգմանեցինք: Ըստ Փավստոսի՝ Համազասպուհին քույր էր Վարդանի և քույրաթիվ Վահանի: Իսկ Վահանը եղբայր էր Վասակ սպարապետի (Դ. ծ), ուրեմն, Վահանը, Վարդանը և Վասակը հարազատ եղբայրներ էին, և եթե Համազասպուհին քույր էր Վարդանի, բայց քույրաթիվ էր նրա հարազատ եղբոր՝ Վահանին, նշանակում է՝ այս վերջինիս համար խորթ քույր էր՝ ուրիշ մորից ծնված, հոր կողմից քույր էր, մոր կողմից՝ խորթ-քույրաթիվ:
[Թարգմանության մեջ ուղղեցինք «ազգականուհի»։— Խմբ.]:
143. (Եր, 224). «Անակիւղոս» հունարեն բառ է, որ նշանակում է կարճասրունք պատմուճանի մի տեսակ (Արմ. բառարան):
144. (Եր. 229). Բնագրում գրված է վերնագրում. «Տան որդւոցն Թորգոմայ իշխանին Հայոց»։ Ուղղեցինք «աշխարհին», ինչպես ունի Դ դպրության վերնագիրը նույնպիսի տեղում։
145. (Եր. 231). Բնագրում գրված է. «Լկնեալ յարձակեցաւ Մուշեղն»։ Հայկազյան բառարանը չի բերում «լկնել» բառի համար Փավստոսի այս վկայությունը, և ուրիշ գործածությունների վրա հիմնվելով՝ բացատրում է լրբանալ, լկտիանալ, որ չի հարմարվում Փավստոսի այս տեղին։ Աճառյանը (Արմ. բառ.) բերում է այս վկայությունը և «լկնելը» բացատրում է «հարձակվել», հիմնվելով երկու հատվածների վրա, որտեղ «լքնել» նշանակում է հարձակվել, վրան վազել, բայց որովհետև բնագրում «հարձակվել» բայն էլ գործ է ածված «լկնել»-ի հետ, մենք հարմար համարեցինք թարգմանել «համարձակ» բառով, որը նույնպես ընդունում է Արմ. բառարանը: [Այստեղ «լկնել», «հարձակվել» նշանակությամբ ավելադրություն է։—Խմբ.]:
146. (Եր. 231). Բնագրում այստեղ թերություն է նկատվում, այնպես է հասկացվում, թե Հունաց զորքերը բաշխել, տեղավորել էին Եռանդում, Բախիշում և Հայաստանի բոլոր գավառներում, սակայն այս դպրության Դ գլխում ասված է, թե Հունաց զորքերը գտնվում էին Եռանդում ու Բախիշում, այսինքն՝ չէին ցրված Հայաստանի մյուս գավառներում ևս: Եռանդ և Բախիշ տեղերը միայն Փավստոսի մոտ են գործածված երկու անգամ, Դիոն Կասիոսը հիշում է Pavjeie ձևով մի տեղ Արածանի գետի ափին, որը Ադոնցը նույնացնում է Փավստոսի Եռանդի հետ (Юстиниан, եր. 37), իսկ Բախիշի տեղը բոլորովին հայտնի չէ։
147. (Եր. 234). Բնագրում գրված է. «Տային բաշխիշ ի մեծամեծ աւարացն»: Բառարանները այս բառը բացատրում են իբրև պաշխիշ, պարգև։ Փավստոսի լեզվում այսպիսի նոր ռամկաբանություն անընդունելի է, Նորայրը (Կորյուն, եր. 184, ծանոթ.) ուղղում է «բաշխել, բաժանել, բաժին հանել», որ միանգամայն ընդունելի է։
148. (Եր. 236). Բնագիրն ունի. «Մինչդեռ խօսեցեալ գային զօրքն»։ «Խօսեցեալ» անտեղի բառն ուղղեցինք «խաղացեալ» և ըստ այսմ թարգմանեցինք։
149. (Եր. 236). Բնագրում գրված է. «Տարցուք յաղթանս ի գործ կաւագործութեան»։ «Յաղթանս» անսովոր բառի տեղ մի ձեռագիր ունի իսկական բառը՝ «յԱղուանս» ,որին մենք հետևեցինք:
150. (Եր. 238). Բնագիրն այստեղ ունի. «Խլեցեր, այրեցեք զիս»։ «Խլել» բայի անսովոր նշանակությամբ գործածությունն այստեղ Հայկ. բառարանը բացատրում է այսպես. «Հանէր զայրն ի ձեռաց իմոց» կամ «ի խելաց հանէր զիս»։ Երկու բացատրություններն էլ անհավանական են։ Մենք հետևելով խոսքի իմաստին՝ ենթադրաբար թարգմանեցինք «իմ տունը քանդեցիր»։ Շարունակության մեջ դրված է. «Զի ասացի ես բանս, մի՛ յղեր զայրն զայն ի գործ պատերազմի»։ «Բանս» բառն անտեղի է, պետք է ուղղվի՝ «բառ»։ Թվում է, թե սկզբնապես եղել է ճիշտ ձևով՝ բամ.— «զի ասացի ես, բամ՝ մի՛ յղեր...». հետո «բամ»-ը կա՛մ երկաթագիր Մ և Ս գրերի նմանության պատճառով, կա՛մ գրչի ուղղումով փոխվել է բաս, իսկ սա աղավաղվել դարձել է «բանս»։ [«Խլեցեր» նշանակում է «արմատախիլ արեցիր»։ Թարգմանությունն ուղղեցինք այսպես։ — Խմբ.]:
151. (Եր. 238). Քիլ հին ժամանակի երկայնության չափ է, թզից փոքր, բացված ձեռքի բութ մատի ծայրից մինչև ցուցամատի ծայրը, որ համարվում էր հավասար ութ մատնաչափի կամ երկու ուղուկի։— Ներսես կաթողիկոսի այս խոսքը, ինչպես և հաջորդները, առնված են ս. Գրքի, մանավանդ Սաղմոսի զանազան տեղերից։
152. (Եր. 239). Այստեղ դուրս գցեցինք մոտ կես երես, որ պարունակում է Բարելոնի հնոցը գցված երեք մանուկների աղոթքից հատվածներ (Դան., Գ. 23—45) «Յիրաւունս անցուցեր դու մեզ...» [Բնագրի բաց թողնըված մասը մենք թարգմանեցինք։ — Խմբ.]:
153. (Եր. 241). Հին ժամանակ սովորություն կար, որ պատերազմից ետ դարձող զինվորները բերում էին իրենց սպանած թշնամիների գլուխները՝ իբրև ապացույց իրենց գործած քաջության։ Որքան շատ լինեին գլուխները, այնքան մեծ էր լինում բերող զինվորականի պարծանքն ու պատիվը. Սրանից է մնացեք մեր ժողովրդական լեզվի մեջ «Գլո՞ւխ ես բերել» ոճը, որ նշանակում է. «Ի՞նչ ես պարծենում, հո թշնամու դլուխ չե՞ս բերել»։
154. (Եր, 243). Լեգեոնը հռոմեական զորքի միավոր էր, որ պարունակում էր, զանազան ժամանակներում, 3600-ից մինչև 6 000 կռվող զինվոր՝ մի քանի ստորաբաժանումներով։ Նրանք մեծ մասը ծանր զինված ու սպառազինված էր լինում, փոքր մասը՝ թեթև զինված։ Լեգեոնների կազմությունը հռոմեացիներից անցավ Բյուզանդիային, որոնցից և մտավ բառի գործածությունը հայերենի մեջ (լեգեոն, լեգեովն)։
155. (եր. 246). Այս բառը պատահում է տարբեր ձևերով՝ «դրաստ», «գրատ», «գրաստ» և այլն։ Ծագումը և ճիշտ նշանակությունը հայտնի չեն: Տրված են մի քանի բացատրություններ, բայց ոչ հավանական։ Փավստոսի բնագրից այսքան կարելի է հասկանալ, թե նշանակում էր վրայի երկայն զգեստ:
156. (Եր. 246). Նրանը դարձյալ սրի մի տեսակ է, բայց ճիշտ ձևը և բառի ծագումը հայտնի չեն։ Հավանորեն ավելի կարճ Էր, քան սուրը։
157. (Եր. 247). Բալխ, սովորական ձևով՝ Բահլ. կոչված է նաև Բահլ առավոտին, կամ պահլավերեն՝ Բահլի բամիկ — Արևելյան Բահլ։ Սա շատ հին քաղաք Էր Բակտրիա գավառում, Օկսուս (= Ամու-Դարիա) գետի հովտում, Պարապամիս և Տյան-Շան լեռների միջև, հիշատակվում է արդեն Դարեհ Վշտասպյայի սեպագիր արձանագրությունների մեջ Ջ դարում ն. Ք.: Զրադաշտ մոգի հայրենիքն էր, Կյուրոսի մայրաքաղաքը, ինչպես հետո՝ քուշանների։ Այժմ ավերակ է։ Մի քիչ հեռու, Աֆղանստանի սահմաններում, շինված է նույն անունը կրող նոր քաղաք։
158. (Եր. 248). Բնագիրն այստեղ ունի. «Լեալ էր իշխան տան գաւառին»։ Ե. Մ. ուղղել է՝ «Անգեղտան գավառին», որին և մենք հետևեցինք, [Այստեղ «տուն», մեր կարծիքով, նշանակում է «արքունիք», ուստի «տան գաւառին» արտահայտությունը պետք է հասկանալ «արքունիքի գավառի», այսինքն՝ այն գավառի, որտեղ արքունիքն էր: — Խմբ.]:
159. (Եր. 248). «Բարձ» նույն բանն է նշանակում, ինչ որ պարսկերեն «գահ»-ը։
160. (Եր. 249). Բնագիրն այստեղ աղավաղված է՝ «զհակառակորդն, քան մինչ աշխատ արարեր զմեզ»։ Մենք ուղղեցինք՝ «զհակառակորդն, որ այնքան աշխատարար զմեզ», և ըստ այսմ թարգմանեցինք։ [Այստեղ աղավաղում չկա։ Շապուհի խոսքն ուղղված է խոսակցին՝ Դրաստամատին, արտահայտված է երկրորդ դեմքով։ Մենք թարգմանեցինք ըստ բնագրի։— Խմբ.]:
161. (Եր. 250)» «Ամիճ» հավանորեն իրանական ծագումով բառ է, որի ճիշտ նշանակությունը հայտնի չէ։ Գործ է ածված նաև Եղիշեի մեջ՝ «ուղղովք զուարակաց և ամճովք երէոց»։ Փավստոսի և Եղիշեի գործածությունից կարելի է եզրակացնել, թե ամիճը մի համեղ ուտելիք էր՝ էրեի մսի որոշ մասից։
162. (Եր. 250). Այս ընդարձակ նահանգի նախնական անունն է Ատրպատական, ինչպես ունեն ուրիշ հայ հեղինակներ՝ համապատասխան պահլավերեն aturpatakan ձևի։ Ավելի նոր ձևեր են՝ Ատրպատականը և ներկայումս գործածական Ադրբեջանը։ Փավստոսի Ատրպատճացն ձևի մեջ արդեն երևան է գայիս նախկին կ հնչյունի փոխվելը ճ-ի (ջ-ի):
163. (Եր. 352), Բնագրում գրված է. «յերկրէն Պարսից և ի Փայտակարան քաղաքէ»։ «Պարսից» ակնհայտնի սխալ է, որ ուղղեցինք «Կասպից»: Նույնպես է ուղղում և Ե. Մ.։
164. (Եր. 253). Բնագրի վերնագրում այստեղ սխալմամբ գրված է. «յաղագս թագավորին Աղձնեաց»։ Ուղղեցինք «գավառին», ինչպես ունի և ցանկը:
165. (Եր, 254). Բնագրում գրված է. «Յաձն առնէր և մխիթարէր»։ «Յանձն առնէր» աղավաղված ընթերցվածքը Նորայրը ուղղել է «յանձանձէր», որին և մենք հետևեցինք:
166. (Եր. 255). Բնագիրը դժվարհասկանալի է այստեղ «յօրէնս սաստէր մեծապէս»։ Մենք հետևեցինք Վենետիկյան հրատարակության մի ձեռագրի, որ ունի «յանօրէնսն», և ըստ այնմ թարգմանեցինք՝ «օրինազանցներին խստությամբ սաստում էր»։
Մենք ուղղեցինք ըստ բնագրի։—Խմբ.]:
166. (Եր. 257). Բնագրում գրված է. «Ընդ Կոտինդն խառնեալ»։ «Կոտինդ(ն)» բառի ոչ ծագումն է հայտնի, ո՛չ նշանակությունը, բառը մի անգամ միայն գործ է ածված այստեղ Փավստոսի մոտ։ Ոմանք բացատրում են իբրև բաժակ, ուրիշները՝ իբրև ըմպելիք։ Մենք ենթադրաբար ընդունեցինք «ըմպելիք» բառը, քանի որ խոսքը գինու մասին է։
168. (Եր. 258). «Թյուրակե», սովորական գրությամբ՝ «թերիակե», հունարեն բառ է, fllJpniT, որ նշանակում է դեղթափ, հակաթույն, հատկապես այն դեղթափը, որ հնարել է Մեծ Միհրդատը՝ Պոնտոսի թագավորը է Հիվանդության նկարագրությունից — սրտի վրա մի նկանակի մեծությամբ կապուտկած տեղ, բերանից գունդ-գունդ արյուն գալը — երևում է, որ Ներսես կաթողիկոսի թոքերի մեջ մի մեծ երակ է ծակվել, որի հետևանքով արյունաքամ է եղել ու վախճանվել, համենայն դեպս, նրա մահը թունավորվելուց չի եղել, և Պապը զուր տեղն է մեղադրվել իբրև ս. Ներսեսի թունավորող, գուցե թշնամաբար, քանի որ Պապը նրա մահից հետո ոչնչացրեց ս. Ներսեսի հիմնած բարեգործական հաստատությունները և մանավանդ հոգևորականության հողերի մեծ մասը խլեց։
169. (Եր. 259). Այս Տրդատին հիշում է Փավստոսը և Զ դպրության վերջին գլխում, հաղորդելով մի քանի մանրամասնություններ նրա կյանքից։— Այստեղ բնագրում գրված է Տրդած՝ փոխանակ Տրդատ։ «Տրդած» գրության պատահել եմ և ուրիշ ձեռագրերում, որ գուցե արտագրության սխալ չէ, այլ ժողովրդական արտասանություն է, նկատի ունենալով արոտ-արածել, տիտ—ծիծ, տո-ծո, գուցե և մտանել — մուծանել բառերը:
170. (Եր. 259). Պատկանյանի հրատարակության բնագրում գրված է «աթոռ նահատայ», որի մասին նա դնում է ծանոթություն՝ «թերևս Անահտայ, որպէս ի տպ.»։ Մենք հետևեցինք այս ծանոթության ցուցմանը։
171. (Եր. 260). Անապատականների՝ գազաններին բնակակից լինելը և նրանց բժշկելը մի տարածված մոտիվ է սրբերի վարքերում։ Պատմվում է նաև, որ մի անգամ Հռոմում կրկեսն էին գցել մի անապատականի և վրան առյուծ արձակել, որ բզկտի։ Առյուծը մոտենալով ճանա— չում է անապատականին, որ ժամանակ առաջ անապատում իրեն բժշկել էր, ուստի փոխանակ նրան բզկտելու՝ սկսում է լիզել:
172. (Եր. 264). Երեցի այս երկար աղոթքի գրեթե ամեն մի նախադասությունը կա՛մ քաղվածք է ս. Գրքի գանազան տեղերից, կա՛մ ակնարկություն ս. Գրքի այս կամ այն խոսքի վրա։ Այստեղ մանանեխի հատը հիշեցնում է Քրիստոսի այն խոսքը (Մատթ., Ժէ, 19), թե՝ «Եթե մանանեխի մի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանն ասեք՝ «տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ», նա կտեղափոխվի, և ձեզ համար ոչ մի բան անհնարին չի լինի»։
173. (Եր. 266). «Սիւնհոգոսական», «սյունհոդոս» բառից, որ հունարեն է՝ juvor և նշանակում է ժողով, մասնավորապես՝ եկեղեցական ժսղով: Սրանից էլ ծագել է «Սինոդ» բառը, որով, ըստ Պոլոժենիայի, կոչվում էր էջմիածնի բարձրագույն վարչական խորհուրդը կաթողիկոսի նախագահության տակ։ «Սյունհոդոս» բառի միջի «հ» գիրը ցույց է տալիս, որ բառը ուղղակի հունարենից չի առնված (որովհետև հունարենը «հ» չունի այստեղ), այլ ասորերենից։ «Եւ իրքս այս» ուղղելի է՝ «Եւ ընդ իրսս այս»։
174. (Եր. 266). Բնագիրն ունի, «առանց հայրապետին և դրեցին», որ ակներև սխալ է։ Մենք ուղղեցինք՝ «և առ հայրապետն դրեցին» և ըստ այնմ թարգմանեցինք:
175. (Եր. 267). Բնագրում գրված է. «վասն ամրապահս առանգոցն զգուշութեան»։ Վեց օրինակ ունեն՝ «աւադոցն»: Երկուսն էլ մենք աղավաղություններ ենք համարում՝ փոխանակ առևանգոցն, ինչպես և թարգմանեցինք։ Ս. Ներսեսը կուսանոցները ամուր պարիսպներով պատել էր առևանդումից կույսերին պաշտպանելու համար։
176. (Եր. 267). Բնագիրն ունի. «Կուսանք և հաւատացեալք իցեն»։ Մենք ընդունեցինք Նորայրի ուղղումը՝ «Կուսանք հաւատացեալք»։ Հավատացյալ, կամ ինչպես ուրիշ հեղինակներն ասում են՝ հավատավոր կույս, հաշվում էին նրանց, որոնք ուխտում էին միշտ կույս մնալ և նվիրվել աստծուն։
177. (Եր. 268). Բնագրում գրված է. «զկարգս պտղոյն և տասանորդացն»։ Դեռ շատ հին ժամանակներից սովորություն էր դարձած, որ գյուղացիք իրենց բերքերից կամավոր տուրք էին վճարում վանքերին, որոնք այս տուրքերը հավաքելու համար հատուկ մարդիկ էին ուղարկում գյուղերը հունձքի ժամանակ։ Թե ո՛ր բերքերի տուրքերն է Փավստոսը կոչում պտուղ և ո՛րը տասանորդ՝ այժմ դժվար է որոշել։ Ընդհանուր գործածության մեջ տասանորդները արմտիքներից պարտադիր տուրքեր էին, որ գյուղացիք վճարում էին պետությանը կամ հողատերին, բայց ոչ վանքերին. վերջիններիս համար տրվող կամավոր տուրքը պտղի էր կոչվում, որ մինչև այս դարի սկզբները գոյություն ուներ և վանքերի արդյունքների զգալի մասն էր կազմում։ Քանակությունը սահմանված չէր, այլ կախված էր նվիրողների կամքից և մանավանդ պտղի հավաքող վարդապետի ճարտարությունից։ Պտղի տալիս էին թե՛ արմտիքներից և թե կաթնեղենից (յուղ, պանիր) և այլ գյուղական արդյունքներից։ 178. (Եր, 268). «Վին» և «փանդիռ» երկուսն էլ օտարազգի բառեր են. վինը արևելյան ծագում ունի (սանսկրիտերեն՝ VINA), իսկ փանդիռը՝ փոքր- ասիական, որտեղից անցեք (Հունաստան և ուրիշ շատ տեղեր՝ pandura հիմնական ձևից։ Երկուսն էլ լարավոր նվագարաններ էին, բայց ինչո՛վ էին իրարից զանազանվում՝ հայտնի չէ։ Փանդիռն սկզբնապես երեք լար ունեցել, որ հետո զանազան կերպարանափոխություններ է ստացել։
179. (Եր, 270). Ագաթանգեղոսի երկում (գլ. ՃԺԹ) ասված է, թե Տրդատը քահանաների սպասավորության համար նշանակեց ագարակներում ամեն մի ընտանիքին չորս հող, իսկ ավաններում՝ յոթ հող, բայց չի հասկացվում, թե ի՛նչ հաշվով նշանակվեցին այս հողերը, և որքա՛ն էր ամեն հողի տարածությունը։ Փավստոսի Պատմությունը փոքր-ինչ լույս է սփռում այս հարցերի վրա. Պապը, նրա ասելով, յոթ հողից հինգը կտրում գրավում է արքունիք, թողնում է միայն երկու հող՝ մի քահանայի և մի սարկավագի համար, իսկ սրանց եղբայրները և որդիները պետք է ընդհանուր կարգով հարկատու դառնային։ Քահանաներին հատկացված այս հողերն ազատ էին հարկեր վճարելուց, ինչպես երևում է այս տեղից և Եղիշեի վկայությունից («նաև ի սուրբ եկեղեցւոյն, որ էր ազատ ի Քրիստոս ըստ կարգի նախնեացն մերոց ի սկզբանէ, և դու ընդ հարկալ եղեր», Բ. Եզ)։ Այս արտոնությունը, ուրեմն, սահմանափակվեց միայն քահանաների ու սարկավագների համար։ Այս երկու հողի տարածությունը այնքան պետք է լիներ, որ բավականություն տար քահանաների և սարկավագների ու նրանց կանանց կարիքին, հաշվելով մարդ ու կնոջ մի հող։
180. (Եր. 271). Բնագրում գրված է. «Կարգեալք, պսակեալք կային քուրջ զնովաւ յամենայն կուսէ»։ «Պսակեալք» բառը անտեղի է այստեղ։ Համարեցինք աղավաղություն՝ փոխանակ «պատեալք կային» և ըստ այսմ թարգմանեցինք։
[Պսակել գրաբարում նշանակում է «շրջապատել», ուստի հոմանիշ է պատել բառին։ Փոխելու կարիք չկար։ Հմմտ. նաև բնագրի նույն էջի պատեալ պսակէին արտահայտությունը։—Խմբ.]:
181. (Եր. 273), «Քաղաք» բառը չպետք է հասկանալ նրա այժմյան, այլ սկզբնական նշանակությամբ՝ ինչպես պարսպապատ, ամրացրած տեղ, որ սահմանված էր զորքի տևական կայան լինելու (տե՛ս ծանոթ. 47)։
182. (Եր. 276). «Առլեզ», գրված կա նաև «արալէզ», «յարալէզ» և բացի այստեղից հիշվում է նաև Եզնիկի ու Սեբեոսի կողմից և ուրիշ տեղեր։ Առլեզները երևակայական երկնաբնակ կենդանիներ են եղել՝ շան կերպարանքով, որոնք պատերազմի դաշտում ընկած քաջ մարդկանց վերքերը լիզելով կենդանացնելիս են եղել։ Այս հավատալիքը թվում է Ասորեստանից է փոխանցվել հայերին։ Բառը ստուգաբանելու շատ փորձեր են եղել, որոնց մասին տե՛ս Արմ. բառար., «առլեզ» բառի տակ։
183. (Եր. 277), Այս պատերազմը քուշանների հետ, թվում է, տարբեր է այն պատերազմից, որ հիշում է Փավստոսը Ե դպրության յոթերորդ գլխում, որովհետև այն պատերազմին մասնակից է եղել ինքը՝ Շապուհ թագավորը, և մահից ազատվել է Դրաստամատի անձնվեր քաջությամբ, իսկ այստեղ Շապուհը պատերազմին մասնակից չէ:— Քիչ հետո հիշվող Մանուելի եղբոր Կոմս անվան փոխարեն ձեռագրերի մեծ մասն ունի Կոն, որ ավելի ուղիղ է թվում (Մամիկ.-կոն, Մամիկ և Կոնակ):
184. (Եր. 278). Փարսախ կամ հրասախ երկայնության չափ է, հավասար 5250 մետրի-հինգ ու մի քառորդ կիլոմետրի: Բառը իրանական ծագում ունի: Նրա պահլավերեն frasax ձևից առաջ է գալիս մեր «հրասախ»-ը, իսկ նույն թասի արարացրած ձևից՝ frasax-ից՝ մեր սփարսախ»-ը։ Ուրեմն, ըստ Փավստոսի, Կոմսը հսկա Մանուելին շալակած օրական անցնելիս է եղել 52,5 կիլոմետր:
195, (եր. 279), Մամիկսնյանների ծագման մասին, բացի Փավստոսից, գրում են նաև Խորենացին, Սերեոսը և հետագա պատմիչները: Թեպետ նրանք մանրամասնությունների մեջ պահապանվում են միմյանցից, բայց հիմնականում բոլորը համաձայն են, այն է՝ որ նրանք ծագում են մենաստանից (Չինաստանից), եղել են ազնվապարմ երկու եղբայր, ներքին խռովությունների պատճառով փախել են Պարսկաստան 4 այստեղից ուղարկվել Հայաստան։ Այս բանը տեղի է ունեցել Մեծ Խոսրսվի ժամանակ, իսկ ըստ Խորենացու՝ նրա որդու՝ Տրդատի ժամանակ:
189. (Եր. 279), Բնագիրն այստեղ աղավաղված է. «Եւ քանզի չեմ Արշակունի, զի եդի զթագ նախնեաց իմոց...»։ Գուցե ուղղելի է, «Եւ քանզի չեմ Արշակունի, զի՞ եղի...», այսինքն՝ եթե ես Արշակունի չեմ, հապա ինչպե՞ս իմ նախնյաց թագը գրի: Մենք մոտավորապես թարգմանեցինք, հետևելով խոսքի ընթացքին:
187. (Եր. 280), «Ասպարեզ» պահլավերեն՝ aspres ,պարսկերեն՝ aspares, բառացի նշանակում է ձիարշավ, ձիընթացարան, այսինքն՝ հրապարակ, որտեղ ձի էին քշում: Երկրորդաբար այս բասն սկսեց գործածվել իբրև երկայնության չափ=ձիընթացարանի երկայնությանը, որ ընդունված էր հավասար այժմյան 230,1 մետրի. սա պարսից ասպարեսն է կամ ասպարիսաց ասպարեզ: Կային և ուրիշ սիստեմների ասպարեսներ (Արմ. բառ., Մանանդյան, Կշիռները 4 չափերը):
188, (Եր. 281), Բնագիրն ունի «Եկն Համազասպ աներ նորուն անցանել առ նոքօք», որ կրկնակի սխալ է. «Համազասպ» գրված է փոխանակ Համազասպյանի և սաներ»՝ փոխանակ աներորդու: Մենք աղավաղումն ուղղեցինք և ըստ այնմ թարգմանեցինք:
[Աներ-ը կարող էր և գործածվել սաներորդի» իմաստով:— Խմբ.]:
189, (Եր. 281). Բնագրում գրված է՝ «Գամապետ ասպարակրացն»: «Գամապետ» բառի ծագումն ու ճիշտ նշանակությունը հայտնի չէ: Բազմաթիվ կարծիքներ են հայտնված նրա մասին, որոնք բերված են Արմ. բառարանում։ Ենթադրաբար թարգմանեցինք խմբապետ:
190. (Եր. 282). Բնագիրն ունի. «Կամեցաւ թիկունս առնել զարքայն Յունաց», որ բացարձակ սխալ է: Ե. Մ. ուղղել է՝ «զարքայն Պարսից», ինչպես և մենք թարգմանեցինք:
191. (Եր. 283). Այստեղ հիշված են մի քանի պարպեր ու պատվանշաններ, որոնք նվիրվում էին բարձրաստիճան անձերին վառ պարսկերեն՝ bar, որ գուցե ծագել է պահլավերեն var-ից և նշանակում է դրոշակ» Հայերենի մեջ այս բառը նշանակում է քող (Նարեկացու գանձերի մեշ՝ «Գոհար վարդըն վառ առեալ ի վեհիք վարսիցն արփենիք») և ապա դրոշակ։ Այս վերջին նշանակությամբ պահպանվել է «խաչ-վառ» բառի մեջ, որ նշանակում է խաչակիր կամ խաչի դրոշակ։ Զարմանդուխտին նվիրված էր թագավորական դրոշակ։
Գարգմանակ գործ է ածել միայն Փավստոսն այստեղ։ Ծագումն ու ճիշտ նշանակությունը հայտնի չեն։ Բառարանները բացատրում են իբրև զարդ խույրի կամ սաղավարտի վրա։ Ուրիշները բացատրում են իբրև մի տեսակ գլխանոց կամ սաղավարտ։ Բնագրից այնպես է հասկացվում, թե գարգմանակը ոսկուց ու արծաթից շինված արծիվ էր, որ գլխի (սաղավարտի) վրա կրում էին իբրև գլխի պատիվ:
Պատիվ, որ բացի ընդհանուր նշանակությունից, նշանակում է նաև զարդ՝ մարմնի կամ զգեստի վրա կրելու, որ զանազան տեսակ էր լինում և շնորհվում էր թագավորից այս կամ այն անձին ի նշան գոհունակության կամ իբրև վարձատրություն նրա ծառայության։ Պատվի մի քանի տեսակները հիշում են Խորենացին (տե՛ս նրա Պատմության աշխարհարար թարգմանության ծանոթ. 120) և Եղիշեն։ Փավստոսը հիշում է երկու նոր պատիվ, այն է՝
Աշխարավանդ հանգույց գլխի վրա՝ արծվի ետևից կրելու: «Հանգույց» բառի նշանակությունը հայտնի է. նույնն է նշանակում և «աշխարավանդ» բառի վերջին վանկը՝ վանդ, որ պարսկերեն է՝ band, և նշանակում է հանգույց, կապ (ֆրանսերեն՝ bande, ռուսերեն՝ бант): Բայց «աշխարավանդ» բառի կազմությունը և նշանակությունը պարզ չեն: Համարում են, թե գա մի ժապավեն է եղել, որ գլխի ետևը բանտի նման կապում էին և երկու ծայրերը կախ գցում, նման այն բանդին, որ երևում է Տիգրան Մեծի դրամի վրա։ Տե՛ս և Արմ. բառ.:
Ապիզակ, կրծքի զարդ, որ նույնպես միայն Փավստոսն է գործածել այստեղ։ Ծագումը և ճիշտ նշանակությունը հայտնի չեն։ Թիրյաքյանը համարում է ծագած պարսկերեն 3W6Z3 բառից, որ նշանակում է գինդ, օղ, բայց Աճառյանը չի ընդունում։ Տե՛ս Արմ. բառ,։
192. (Եր. 284). Բնագիրն այստեղ երկդիմի է։ Տպագրված է. «Կարգեցին... հարկս՝ տալ ընձայս և պատարագս», հասկացվում է այս մտքով, թե սահմանեցին ընծաներ ու նվերներ տալ եբրև հարկ (կամ հարկի փոխարեն)։ Բայց կարող է և այլ կերպ հասկացվել՝ «Կարգեցին... հարկս տալ, ընձայս և պատարագս», այսինքն՝ սահմանեցին տալ հարկեր, ընծաներ և նվերներ։
193. (Եր, 284). Բնագիրն ունի. «Հասս և կօշիկս և զպիտոյս ռոճկացն»։ «Կօշիկք» բառը Փավստոսը գործ է ածում և հետո մի անգամ (Զ. ը). «Այս ինձ կաշիկք լիցին», որտեղ «կոշիկը» պարզապես նշանակում է վարձ, սակայն ներկա տեղում վարձ նշանակությունը չի հարմարվում, ուստի մենք թարգմանեցինք՝ ռոճիկ, իսկ բնագիր «պիտոյք ռոճկաց» նշանակամ է օրական պարենի՝ ուտելեղենի պիտույքներ, ապրուստի մթերքներ:
194. (Եր, 286), Մի ձեռագիր ունի Արտանգան։ Տեղը հայտնի չէ:
195. (Եր, 289), Մերուժանը շփոթվում և տրտմում է ուղևորների տված պատասխանից, որովհետև տեղի «Եղջյուրներ» անունը համարել է ձախորդության գուշակություն, վտանգի սպառնալիք։ Բայց քանի որ նա ուղևորներին ծեծել է տվել, թվում է, թո նա «Եղջյուրները» չի հասկացել իբրև լեռների հատուկ անուն, այլ իբրև այդ տեղերի որակումը ուղևորների կողմից՝ իբրև թե ճանապարհը լի է վտանգներով: Կարող է լինել, որ այս բառը Մերուժանը համարել է գործածված նաև գռեհիկ արտահայտությամբ՝ արհամարհելու և վիրավորելու նպատակով, որի պատճառով և ծեծել է տալիս ուղևորներին:
196. (Եր. 291), Բնագրում աղավաղված ձևով գրված է. «յընչացք երաց», որ Նորայրը ուղղել է, Հյընչաց քերեաց», այսինքն՝ արհամարհեց:
197. (Եր. 291). Մերուժանը Շավասպի որդին էր, իսկ Շավասպը ամուսնացել էր Մամիկոնյան տոհմից մի աղջկա հետ, ուրեմն Մերուժանը Մամիկոնյանների քեռորդին էր։ «Եղբայր» բառը այստեղ էլ գործ է ածված լայն նշանակությամբ, ինչպես ցույց տվինք 14-րդ ծանոթության մեջ։
198. (Եր. 292). Պատերազմական կարգապահությունը խիստ է եղել նաև Հայաստանում։ Արտավազգը պետք է սպանվեր, որովհետև անսաստել էր սպարապետի հրամանին և կռվին մասնակցել էր՝ հակառակ նրա բացարձակ արգելքին։ Նրան մահից փրկեց նրա արտասովոր քաջությունը, որ ապացույց էր, թե նա բավականաչափ հասունացել է և կռվելու ընդունակ է, այսինքն թե՝ Մանուելի արգելքը նրա մանկահասակության պատճառով անհիմն է եղել։
199. (Եր. 293). Վենետիկյան հրատարակության մի ձեռագիր «յիսուն»-ի փոխարեն ունի «տասն», որ ավելի հավանական է:
200. (Եր. 296). Բնագիրն ունի. «Ի վերայ նորա եղեն երբեմն, եթէ որպէս մեղօք հայցէր և առնոյր զագահութիւն ի թագաւորաց»: Շղագրով շարված այս բառերը բնագրի վերնագրում չկան, թվում է, թե սկզբնապես այս վերնագիրը վերաբերելիս է եղել Հոհան եպիսկոպոսի վարքին, որ ամփոփված է եղել մի գլխի մեջ, բայց հետո հարկ են համարել այս վարքը, նյութին նայելով, բաժանել երեք զատ-զատ գլուխների, և այսպիսով ընդհանուր վերնագիրը մնացել է առաջին գլխի վրա, իսկ հաջորդ երկու գլուխների վերնագրերը մնացել են առանց բովանդակության։
201. (Եր. 297). Ցանկում գրված է. «Յաղագս Արշարունեաց եպիսկոպոսին», ուղղեցինք՝ «Ահարոն», համաձայն բնագրի վերնագրին և բուն բնագրին:
202. (Եր. 298). Բնագրում գրված է. «Վեցերորդ Դպրութիւն, վերջ առաջաբանութեան վճարումն՝ մնացուածք բանից ի ծայրէ»։ Այստեղ «վերջ» բառը պատկանում է «Վեցերորդ դպրության» և ցույց է տայիս, թե Վեցերորդ դպրությունը Փավստոսի Պատմության վերջինն է, ինչպես և Երրորդ դպրության ցանկում գրված էր՝ «Ի սկիզբն», այսինքն թե՝ Երրորդ դպրությունը Փավստոսի Պատմության սկիզբն է։ — «Առաջաբանութեան վճարումն՝ նշանակում է նախընթաց պատմության ավարտը և վերաբերում է Վեցերորդ դպրության առաջին գլխին, որով վերջանում է իսկապես Պատմությունը.— իսկ «Մնացւածք բանից ի ծայրէ» վերաբերում է նայն դպրության հաջորդ գլուխներին, որտեղ զետեղված են իրարից անկախ հատուկտոր հիշողություններ այս ու այն հոգևորականների մասին, որոնք Պատմության հետ կապ չունենալով՝ չէին կարող բուն Պատմության մեջ զետեղվել:
203. (Եր, 298). Փակագծված բառերը պակասում են այստեղ վերնագրում։ Լրացրինք ցանկի վերնագրից։
204. (Եր. 298). Բնագիրն այստեղ թերի է՝ «Եւ էին թիկունք Արշակայ թագաւորին Հայոց և Խոսրովու թագաւորն Պարսից»։ Մենք լրացրինք ինչպես իմաստը պահանջում էր, և ինչպես ենթադրել է Պատկանյանը իր հրատարակության ծանոթության մեջ։
205. (Եր. 299). Բնագրում գրված է. «Որ Սիւնքն գաւառին մնացին», մի ձեռագիր ունի՝ «Որսիւնքն»։ «Սիւնքն» մենք համարեցինք ոչ թե հատուկ անուն (որ անհայտ և անտեղի կլիներ այստեղ), այլ հասարակ անուն՝ փոխաբերաբար գործածված, աշխարհի սյուները՝ հենարանները կազմող, հիմնական գավառները։
206. (Եր. 299). Բնագիրն ունի. «Պակասեաց յիւրմէ մեծութենէն յայնմ ժամանակն և յապայ»: Վերջին բառը ցույց է տալիս, որ Փավստոսի Պատմությունը գրված է Հայաստանի այս բաժանումից (384-ին) շատ հետո։
207. (Եր. 300). Պճղնավորը երկար զգեստ՝ փարաջա էր, որ մինչև պճեղները՝ ոտքերի կոճերն էր հասնում։ Սա էր հոգևորականների արտաքին զգեստը, որի պատճառով Հայր մարդպետը ծաղրելով հոգևորականներին՝ կանանցազգեստ է կոչում (Փավստոս, Դ, ժգ)։ Իսկ խոտորկտուրը, ինչպես բացատրել են Ս. Պարոնյանը և Հացունին (Արմ. բառ., «խոտոր» թառի տակ), նշանակում է զինվորական զգեստ, որ ետևի քղանցքից դեպի առաջ՝ մինչև ծնկները կտրված էր լինում, որպեսզի առջևի քղանցքը վազելուն չխանգարի։ Երևի կազմված է «խոտորս և «կտրել» բառերից, այսինքն՝ շեղակի կտրված։
208. (Եր. 300). Բնագիրն այստեղ ունի. «Եւ ինքն Զաւէնն աթինեալս և զտապակեալս զժապաւինեալս նարօտօք ագանէր», որտեղ «աթինեալ» (կամ «նա թինեալ»՝ «Զաւէն» բառի վերջին ն գիրը համարեւով այս բառին պատկանող) և «տապակեալ» միայն այստեղ են գործածված և պարզ չեն ոչ ծագումով և ոչ նշանակությամբ։ Արմ. բառ. առաջին բառը հասկանում է իբրև «պճնված, զարդարված», իսկ «տապակեալ» բառը (տապակ վահանաձև զարդ)՝ իբրև վահանակներով զարդարված։
209. (Եր. 301). Բնագրում գրված է. «Զորթ այր ներքինի ընդ նոսին»։ Քանի որ Զորթը եպիսկոպոս է եղել, ինչպես գրված է վերնագրում և բնագրի մեջ, ուրեմն նա չէր կարող ներքինի լինեք, որ արգելված էր եկեղեցական կանոններով։ Ուստի մենք թարգմանեցինք «ներքին խորհըրգական», հետևելով բնագրի հաջորդ խոսքին՝ «էին ի ներքնի հայրապետին ի տան իւրում»։
210. (Եր. 301). «Հոռոմ» բառը, որ ծագում է Հռոմ քաղաքի անունից և սկզբնապես նշանակում էր հռոմեացի, մեր հին մատենագրության մեջ գործ է ածվում նշանակելու համար հռոմեական արևելյան կայսրության, այսինքն՝ Բյուզանդիայի բնակիչներին, որոնք մեջ տիրապետող տարրը կազմում էին հույները, այնպես որ «Հոռոմ» սկսեց նշանակել Բյուզանդիայի հույն։ Այս բառն է, որ ժողովրդական Լեզվի մեջ դարձել է «ուսում»:
211. (Եր. 302). Այս վերնագրի նկատմամբ տե՛ս ծանոթ. 200:
212. (Եր. 302). Բնագրում գրված է. «Որդի Փառինայ հայրապետի, հինաւուրց»։ Այնպես է դուրս գալիս, թե Փավստոսը «հինաւուրց»— հնացած, զառամյալ կոչում է Հոհան եպիսկոպոսին, որ, սակայն, չի հարմարվում այդ եպիսկոպոսի գործողություններին, որոնք երիտասարդ հասակին են հատուկ։ Մենք հասկացանք այս բառն իբրև «հին աւուրց»— հին, անցած օրերի և վերաբերեցինք Փառեն հայրապետին, որ կարճ ժամանակով կաթողիկոսական աթոռը նստեց Տիրան թագավորի ժամանակ (Գ, ժզ), և որին հարմարվում է «Հին աւուրց» արտահայտությունը։
213. (Եր. 302). Հեսկ — ոտքերի փաթաթան փոկերից, խսիրից կամ այլ նման նյութերից։ Կեմ—խոտից ոլորված չվան։
214. (Եր. 302). Բնագրում գրված է «օդիկ», մի ձեռագիր ունի «յոդիկ»։ Երկուսն էլ անծանոթ բառեր։ Ե. Մ. ուղղում է «լոդիկ», որին մենք Հետևեցինք։ Լոդիկ վերնազգեստ է, վերարկու։
[Ավելի ճիշտ է «մուշտակ» իմաստը, որպես ուղղեցինք։—Խմբ.]:
215. (Եր, 305). Բնագիրն ունի. «Սակայն մի հանէսք այն էին նորա»։ Ուրիշ օրինակներ ունեն՝ «Միահտնէք»։ Բառի իսկական ձևը, ծագումը և նշանակությունը անծանոթ են. գործ է ածված միայն այստեղ՝ Փավստոսի մոտ։ Նոր Հայկազյան բառարանը բացատրում է, «Որպէս թէ միակ հանակ, այսինքն խաղ, կատակ, միմոսութիւն կամ կեղծաւորութիւն առ ի հանել և քաղել ինչ մի յայլոց»։ Բայց բառը թույլ չի տայիս այս բացատրությունն ընդունել։ Աճառյանը (Արմ. թառ.) ավելի հարմար է գտնում՝ «փորձանք, վտանգ, փորձություն»։ Բուզանդն ուզում է ասել, թե «Հոհանը ագահության ծարավի էր, սակայն այս ագահությունը իր գլխին փորձանք էր բերում» (ինչպես այգեպանի դեպքում, Բուղ., Թ.): Բայց այգեպանի դեպքում փորձանքի եկավ Հոհանը ոչ ագահությունից։ Մենք ենթադրաբար թարգմանեցինք՝ «այդ խեղկատակություններն իբրև միջոց էին ծառայում» (մի բան կորզելու համար)։
216. (Եր. 308). Տրդատի մասին տե՛ս Ե դպր., գլուխ ԻԳ: