ԳԼՈԻԽ ԺԲ
ԿԱԽԵԹԻ ԹԱՄՐԱԶ ԹԱԳԱՎՈՐԻ ՄՈՐ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՏԱՐՎԱԾ ՆՈՒՅՆ ՇԱՀ-ԱԲԱՍԻ ՁԵՌՔՈՎ

Մինչ Թամրազ թագավորը իր Կախեթի երկրում էր, իր իշխանությունը վարում էր խաղաղությամբ և հնազանդվում պարսիկներին, քանի որ շահը տակավին չէր եկել վրաց երկիրը, փախցրել թագավորին և ավերել երկիրը, որը անցյալ գլխում պատմեցինք, այլ Թամրազը գտնվում էր իր երկրում, իսկ շահը Պարսկաստանում, շահը Թամրազի մոտ (մարդ) ուղարկեց և պատանդ պահանջեց. նա ուղարկեց իր որդիներից մեկին․ շահը մյուս անգամ կրկին պատանդ պահանջեց, Թամրազը մյուս որդուն էլ ուղարկեց, շահը երրորդ անգամ պատանդ պահանջեց, Թամրազը ուղարկեց իր մորը։ Իսկ շահը Թամրազի երկու որդուն էլ ներքինացրեց, որպեսզի նրանցից զավակ չծնվի, որ գուցե դառնա նրանց թագավորության ժառանգորդը։ Իսկ Թամրազի մորը ուղարկեց Պարսկաստանի խորքերը՝ Շիրազ քաղաքը Իմամղուլի խանի մոտ հսկողության տակ պահելու համար։ Եվ այսպես՝ Շահ-Աբասի հրամանով Թամրազի մայրը, որի անունն էր Մարիամ, գտնվում էր հսկողության տակ։ Բայց ժամանակներ անց նա նահատակվեց Քրիստոսի աստվածությանը. նույն Շահ-Աբասի ձեռքով քրիստոնեական հավատքի համար նահատակությամբ վախճանվեց հետևյալ պատճառով։ Որովհետև վրաց ազգից Պարսկաստանում կային այլ մեծատոհմիկ կանայք, որ պարսիկների կողմից գերված էին։ Նույնպես գերված էին պարսիկների կողմից նաև սրանց որդիները և նշանակված էին մեծ ու առաջին Շահ-Աբաս թագավորի ծառաներ, որովհետև նրանց մեծատոհմիկության համար դրանց մշտական սպասավորներ ու առաջակալներ էին նշանակել թագավորի համար։ Մի օր շահը ինչ-որ խոսք է խոսում այս ծառաների հետ և խոսքի մեջ փորձելու համար նրանց ասում է, թե ինչո՞ւ եք թողնում ձեր մայրերը մնան քրիստոնյա, որ ի վերջո կորուստ է, և չեք դարձնում Մահմեդի հավատին ու կրոնին, որի վերջը արքայության վայելչություն է։ Ծառաներն ասում են` շատ ենք ասում, բայց չեն դառնում։ Արքան ասում է՝ ինչո՞ւ չեն դառնում, իսկ ծառաները քանզի երկյուղից անճար մնացին ու չիմացան, թե ինչ պատճառ բռնեն, կամ ինչ պատասխան տան։ Բայց նրանցից մեկն ասել է ոչ թե գիտակցաբար, այլ անգիտակցաբար, երբ մեր մայրերին ասում ենք, թե մահմեդական դարձեք, նրանք մեզ ասում են, Թամրազի մայրը քրիստոնյա է, մենք ինչո՞ւ մահմեդական դառնանք։

Այն ժամանակ խորամանկ Շահ-Աբասը այս խոսքը իր սրտում թաքցրել է և օրեր հետո իր իշխաններից մեկին ուղարկել է, որ արքայամորը կամ քրիստոնեությունից մահմեդական դարձնի, կամ տանջալից մահով կորցնի։ Եվ իշխանը գնացել է Շիրազ քաղաքը, կանգնել է արքայամոր դռան մոտ, կանչել է նրան և առանց երեսը տեսնելու, դռան դրսի կողմից խոսել է նրա հետ և ասել. «Թագավորի հրամանը այսպես է, որովհետև անհրաժեշտ է, որ դու մահմեդական դառնաս. եթե համաձայն ես, շատ լավ է, իսկ եթե համաձայն չես, լեզվովդ մի բան ասա, իսկ սրտումդ պահիր քո հավատը. մարդկանց աչքին ձևացրու իբր Մահմեդի կրոնն ես ընդունել, բայց ծածուկ քո հավատը դավանիր, որպեսզի մենք ազատ մնանք մեր խղճի տանջանքից․ որ քո կողմից է»։ Այսպիսի խոսք է ասում իշխանը և լալիս է Հերովդեսի դահճի նման, որ գնաց գլխատելու Հովհաննես Մկրտչին[1]։

Իսկ արքայամայրը ներսից ասաց. «Դու իմ եղբայր, և իմ որդի, ինչո՞ւ ես թաքուն խոսում ինձ հետ, եկ, դեմդիմաց խոսիր, որովհետև ես թագավորի դուստր եմ, թագավորի կին եմ և թագավորի մայր, ես ինքս թագավորություն եմ կառավարել իմ ամուսնուց հետո, մինչև որ իմ որդին չափահաս դարձավ, սակայն անցավոր ու դատարկ է այս աշխարհի մեծությունը. եթե քո թագավորը բովանդակ արարածների տերը լինի և բոլորի թագավորությունը ինձ տա, ես իմ Քրիստոս աստվածը չեմ ուրանա և չեմ փոխանակի նրա սիրո հետ, որ ունեմ նրա հանդեպ, իսկ դու ինչ որ անելու ես, դու գիտես»։

Արքայամոր հետ երկու վրացի քահանաներ և այլ ծառաներ ու աղախիններ կային, արքայամայրը դարձավ նրանց և ասաց. «Եթե ինձ անդամ առ անդամ կտրատեն, ես չեմ թուլանա Քրիստոսի սիրուց և չեմ դառնա միևնույն հավատից, իսկ ձեր օգուտը դուք ընտրեցեք»։ Իսկ նրանք առհասարակ գոռալով լալիս էին ու ողբում իրենց բարեփառ տիկնոջից զրկվելու համար։

Եվ ապա երկար խոսակցությունից, աղաչանքներից ու սպառնալիքներից հետո, երբ եկած իշխանը նկատեց նրա հաստատամտությունը, հրամայեց երկաթե ճանկերով ճղճղել նրա մարմինը և խիստ վիրավորել. բայց նա գոհունակություն էր հայտնում աստծուց և արտասուքներով տիրոջից իր համար համբերություն էր հայցում։

Սրանից հետո պղնձի սաղավարտ կարմրեցրին [կրակի վրա] և դրին նրա գլուխը․ դրանով էլ չկարողացան նրան հավանության բերել։

Ապա բերին երկաթե բահ, որով հողն են փորում, խիստ կարմրեցրին և դրին արքայամոր ստինքների միջև՝ կրծքի ու սրտի վրա, ու դրանով նա իր անուշաբույր հոգին ավանդեց աստծուն։

Քահանաներից մեկն էլ նրա հետ նահատակվեց, իսկ մնացածները ցրվեցին։

Այս արքայամայրը նախապես պատվիրեց, թե երբ ինձ սպանեն, իմ մարմինը դուրս մի գցեք ի տես ռամիկների, բայց հետո զղջալով ասաց. «Ես որ Քրիստոսի հավատի համար մարտիրոսանամ, ինչ որ կամենան, թող իմ մարմնի նկատմամբ անեն»։ Եվ երբ սպանեցին, նրա մարմնի պատվական մասունքները դուրս գցեցին, որ կեր դառնա շներին ու գազաններին։ Բայց աստված փառավորեց նրան երկնային հրաշքով, որովհետև ֆռանկ հայրերը [վարդապետներ], որ գտնվում էին քաղաքում, գողացան նրա պատվական մարմինը, կեսը պատեցին մաքուր կտավներով, խունկերով, անուշահոտ յուղերով ու ուղարկեցին Ֆռանգստան[2], որ այնտեղ մեծ փառքով պատվվի։ Այսպես էլ մյուս կեսը պատեցին մաքուր կտավներով, խունկերով, անուշահոտ յուղերով և տարան Վրաստան Թամրազ որդուն։ Նա անպատմելի խնդությամբ լցված, մեծ գոհունակությամբ փառավորում էր մեր Քրիստոս աստծուն, որ իր մորը արժանացրեց մարտիրոսական մահվան. և ասաց. «Սրա բարեխոսությամբ աստված մեր թագավորությունը հաստատ կպահի»։ Եվ պատվով հանձնեց իր եկեղեցուն։ Սրա հիշատակը թող օրհնությամբ լինի, և նրա աղոթքներով տերը ողորմի բոլոր քրիստոնյաներին։ Արքայամոր նահատակությունը եղավ մեր թվարկության 1074 (1625)-ին ի փառս մեր հավիտյան օրհնված Քրիստոս աստծու, ամեն։

Ծանոթագրություններ
  1. Իսրայելի թագավոր Հերովդեսը ամուսնացավ իր եղբոր կնոջ հետ։ Հովհաննես Մկրտիչ մարգարեն՝ շատ խելոք մի մարդ, հանդիմանում է Հերովդեսին արյունապղծության Համար և պահանջում, որ հրաժարվի կնոջից։ Հերովդեսի կինը՝ Հերովդիան վրեժով լցվում է Հովհաննես Մկրտչի դեմ, և փոքրիկ աղջկա միջոցով թագավորից պահանջում է Հովհաննես Մկրտչի գլուխը։ Հերովդեսը նախապես խոստացել էր երեխային, ինչ-որ ցանկանա, կտա նրան, իսկ երեխան մոր թելադրանքով պահանջում է Հովհաննես Մկրտչի գւուխը սկուտեղի վրա։ Եվ թագավորը և դահիճները հարկադրված կտրում են մարգարեի գլուխը, ուստի դահիճը լաց է լինում։ Դավրիժեցին Շահ․ Աբասին համեմատում է Հերովդեսի, իսկ իշխանին դահճի հետ (Մատթ. ԺԴ 1-12, Մարկ. թ 14-29) Իսկ կնոջ չարությունը անպատիժ չի մնում, մինուճար պարուհի դուստրը սառույցի վրա պարելիս՝ սառույցը կոտրվում է, և աղջիկը մինչև պարանոցը սուզվում է ջուրը։ Սառույցը պարանոցի մոտ սեղմվում է և աղջկա գլուխը հատում։ Միևնույն սկուտեղի վրա աղջկա հատված գլուխը ուղարկում են մորը։
  2. Ֆրանկստան ասելով Դավրիժեցին հասկանում է կաթոլիկ Եվրոպայի երկրները։