ԳԼՈՒԽ ԺԳ
ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ ԱՅՆ ՆԵՂՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ, ՈՐ ԿՐԵՑ ՀԱՅՈՑ ԱԶԳԸ ԱՌԱՋԻՆ ՇԱՀ-ԱԲԱՍ ԹԱԳԱՎՈՐԻ ՁԵՌՔԻՑ

Հայոց ազգից ոմանք իրենց կամքով ու մատով կուրացրին իրենց աչքերը, որովհետև իրենք կործանեցին իրենց թագավորությունը իրենց նենգությամբ, անհնազանդությամբ և եղան սւյլ ազգերի ու թագավորների ոտքերի կոխան, ծառաներ, գերիներ, և երբ ինչ-որ նեղություններ են վրա հասնում՝ որևէ տեղից օգնություն չգտնելով ու ճարահատ մնալով փախստական լինելով ճողոպրում են այստեղ-այնտեղ։

Արդ՝ թե այս պատճառով, թե նախապես ասված մեծ սովի ու ջալալիների պատճառով հայոց ողջ ազգը ելավ, դարձավ վտարանդի իր տեղերից, հայրենի բնակավայրերից ու երկրներից և գլուխ առած իր երեսի ուղղությամբ ցիրուցան լինելով սփռվեց ամբողջ աշխարհում՝ Կիպրոս, Կոստանդնուպոլիս և սրա շուրջ եղած քաղաքներում, Ուռումելի[Ն 1], Բողգան[Ն 2], Իլախների երկիրը[Ն 3], Կաֆայի կղզին [Ղրիմ], Պոնտոսի ծովեզրերը[Ն 4]։ Այլև շատերը Ատրպատական երկիրը, Երևան, Գանձակ, Թավրիզ, Արտաբիլ և սրանց շրջակա գավառները։

Հայոց ազգի այն ժողովուրդը, որ եկավ զետեղվեց Ատրպատականում, պարսից թագավոր մեծ ու առաջին Շահ-Աբասը սրանց բոլորին քշեց տարավ Պարսկաստան, մի մասին՝ Ֆահրապատ, մի մասին՝ Սպահան քաղաքը ու նրա գավառները։ Եվ այս գործը, այսինքն՝ հաոց ազգին քշել-տանելը, ոչ թե մի կամ երկու, կամ երեք անգամ արեց և դադարեց, այլ հավաստի գտա շատ մարդիկ, որոնք իրենք իսկ քշված էին, սրանց հարցնելով տեղեկացա նաև ձեռագրերի հիշատակարաններից, որոնք կարդացի, [իմացա], որ յոթից-ութ անգամ առանձին-աոանձին միմյանց հետևից քշել-տարել է։ Եվ այս Սպահան տարված ժողովրդից ոմանց շատերին առ ներկա օրերս տեղավորեցին իջևանատանը, այսինքն քարվանսարայում, որ կոչում են Գեշղունի իջևանատուն։ Եվ այս ժողովրդի անձինք միասին չէին եկել, այլ միմյանցից զատ-զատ, որի պատճառով երկու խմբի էին բաժանված. մի խմբի պետ ու գլխավոր Մելիք շահը նրանց վրա նշանակել էր նրանցից մի մարդու, որի անունն էր Մուրադ՝ Ղրխյալան մականունով, մյուս խմբի մելիք էր նշանակված Հովսեփ անունով մի մարդ, որին մականունով Ղարաբաշ Մելիք էին ասում։

Սպահան եկած հայ ժողովուրդը ջուղայեցիներից ու երևանցիներից բացի աղքատացավ, որովհետև, ինչպես ամենքին հայտնի է, Սպահան քաղաքում ամեն ինչ՝ թե ուտելիք, թե հագնելիք և թե այլ ինչ, սուղ է ու թանկ, այս պատճառով այդ եկած ժողովուրդը աղքատացավ, որովհետև ինչ ուներ ծախեց, կերավ։ Մանավանդ աղքատացան ժողովրդի հիշյալ երկու խմբերը, որոնք իրենց աղքատանալու ու սովելու պատճառով այստեղ-այնտեղ գնալով ում որ հանդիպում էին, պատմում էին իրենց աղքատությունը, մանավանդ պատմում էին իրենց վերակացու պարսիկ իշխանին ու նրա զինվորներին, որովհետև շահը իր իշխաններից մեկին նրանց վերակացու էր նշանակել դիտելու և իմանալու նրանց խոսքի ու գործի ամեն անցուդարձ, այլև գուցե Սպահանից դուրս գան գնան Ատրպատական կամ այլուր։

Եվ նրանց աղքատության լուրը վերակացու իշխանի միջոցով հասավ շահին. այդ վերակացուների անուններն են. ավագին՝ Աղաշահար, երկրորդին՝ Ուղուրլու, որոնց քրիստոնյաները աղաչեցին իրենց չքավորության մասին հայտնել շահին և խնդրել նրանից պետքերի, ուտելիքի և իրենց այլ կարիքների համար ինչք ու պարեն։ Իշխանները իմացրին, այդ պատճառով շահը կանչեց երկու խմբի մելիքներին և նրանցից ուրիշների, սրանց ասաց․ «Կտամ ձեզ դրամ ու ինչք թագավորական գանձարանից ձեր կյանքի ու ապրուստի համար, բայց պայման կդնեմ և այս պայմանով կտամ։ Պայմանը այս է․ ինչ որ տալիս եմ, ձեզ փոխարինաբար եմ տալիս երեք տարի ժամանակով, երեք տարի հետո պետք է մեզ վերադարձնեք։ Եվ այս փոխը ոչ թե շահով ու տոկոսով եմ տալու, այլ առանց շահի, որպեսզի դուք այդ առած դրամով առևտուր անեք, շահեք և նույն շահը կպարգևի ձեզ, որ չմնաք նեղությունների մեջ, այլ հիմք լինի ձեզ առևտրի, շահելու և նրանով ապրելու։ Երեք տարին լրանալուց հետո պարտքի գլուխը [պարտքը առանց տոկոսի] նորից կվերադարձնեք թագավորի գանձարանին, որովհետև դա թագավորական գանձ է, որը չպետք է կորչի թեկուզ մեկ կոպեկ։ Եվ երբ ամբողջը կվճարեք, կառնեք ազատության ու վճարման թուղթ, այսինքն՝ ղաբս[Ն 5]։

Արդ՝ ձեզնից ամեն մեկը, ով էլ որ առնի թագավորական դրամից, երբ բերի առած դրամը և վճարի թագավորի գանձարանին, ազատ կլինի։ Իսկ եթե լինի մեկը, որ առած դրամը չվճարի, այլ դրամը կերած, վատնած, կորցրած լինի և որևէ բան չունի, որ վճարի, արդ՝ այդպիսին դրամի փոխարեն կամ իր հավատից պետք է դառնա մահմեդական և կամ որդուն, դստերը պետք է տա, որ լինեն թագավորական ծառա»։ Սրանց գինն էլ հայտնեց․ ուստրի գինը ասաց չորս թուման, դստերը՝ երեք․ ով դրամ չունի տալու, չորս թումանի փոխարեն որդուն կտա, երեք թումանի փոխարեն դստերը։

Այդ պայմանով շահը ժողովրղի այս երկու խմբերին չորս հարյուր թուման տվեց, որպեսզի երեք տարի առևտուր անելով շահեն, երեք տարուց հետո վերադարձնեն թագավորի գանձարանին։

Իսկ հարբեցող, անխելք, անմիտ, անբանական մարդիկ ոչ սկզբում մտածեցին, ոչ էլ վերջին նայեցին, թե ինչ է լինելու այս գործի վերջը. այլ, լինելով իբրև անբան ու անմիտ անասուն, գնացին առան թագավորական դրամը, որը օձի մահարար թույն էր և նրանց կորստյան պատճառ։ Նրանք չմտածեցին, թե այդ դրամը օձի մահացնող փուշ է։ Այլ երկու մելիքներն էլ իրենց ժողովրդի հետ առան թագավորական դրամը։ Ղարաբաշ մելիքի ժողովուրդը առավ երեք հարյուր թուման, Ղրխյալան մելիքի ժողովուրդը՝ հարյուր թուման, և այդ համարեցին իրենց համար բարու ինչ-որ լավ գյուտ։

Այն տարին, երբ շահը այս դրամը տվեց հայ ժողովրդին, մեր թվականության 1057 (1608) տարին էր․ հասան մինչև 1062 [1613] թվականը և այդ ժամանակ շահը, որ անմոռաց իր մտքում պահում է չարիքների հիշատակը, հիշեց այդ և տված դրամի հարցը բարձրացրեց։ Իսկ գանձ առնող եզանման մարդիկ ոչ միայն չշահեցին, այլև դրամագլուխն էլ կորցրին և ոմանք չքավորությունից, ոմանք անխելքությունից, ոմանք քաղաքի առևտրի անտեղյակությունից, դրամը կերան, վատնեցին, ցնցխեցին և թագավորի տված դրամը կորցրին։

Ուղուրլու բեկին, որ ժողովրդի վերակացուն էր, շահը դարձյալ նշանակեց նրանց վրա, որպեսզի թագավորական դրամը առնի ժողովրդից, հանձնի թագավորի գանձարանին։ Սա զորականններով եկավ նստեց ժողովրդի շնչի վրա և ճշտիվ պահանջում էր դրամը, իսկ ժողովուրդը եղած բանն էր պատասխանում, թե չունենք, որովհետև չքավոր ու աղքատ էինք և սովի հարկադրանքից բոլորը կերանք, վատնեցինք։

Եվ վերակացու իշխանը իր զորականներով մշտապես հարկադրում էին ու չարչարում ժողովրդին, կախում էին, ծեծում, բանտարկում, բայց ժողովուրդը մեծ նեղության մեջ էր և թեպետ ոչինչ չունեին, իսկ ինչ էլ որ ունեին, այն էլ զինվորների ծախսերի համար վատնեցին, որովհետև մի մաոր ծածուկ կաշառք էին տալիս, մի մասը բացահայտ տալիս էին ժամանակամիջոցի համար, մի մասն էլ զինվորների ու սրանց ձիանքի կերի համար, նաև ուրիշ պատճառով վատնեցին, սպառեցին և եղան բացարձակ աղքատ ու չքավոր։

Իսկ երբ Ուղուրլու բեկը տեսավ, թե հայերից ոչինչ չի կարող առնել, թագավորին հայտնեց ժողովրդի չքավորության մասին, այդ պատճառով շահը հրամայեց հայերին իր առջև կանչել, խոսեց նրանց հետ և ասաց. «Դուք չհամարեք և ինձ ամբաստանեք, թե ես թագավորական բռնությամբ և իշխանությամբ եմ ձեզնից դրամը պահանջում և առնում, այլ խոսում եմ դատաստանով ու իրավունքով, որովհետև այդ դրամը ես ձեզ փոխարինաբար եմ տվել և այժմ միևնույն փոխ տված դրամը ձեզնից պահանջում եմ, ոչ թե ինչ-որ նոր դրամ եմ ուզում, այլ իմ տված փոխն եմ պահանջում և այն էլ առանց վաշխի ու տոկոսի, միայն դրամագլուխը։ Արդ՝ եթե այս խոսքը իրավացի է թվում ձեզ, տվեք ձեր առած փոխը, իսկ եթե ոչ, ահավասիկ դատավորներ ու դատաստաններ կան այստեղ քաղաքում, ես և դուք միասին կգնանք դատարան դատավորների մոտ, ինչ կարգադրություն անեն դատավորները, ընդունելի կլինի ինձ ու ձեզ համար։ Ինչ կողմից էլ որ խոսում էին, հայոց կողմը պարտված էր մնում։

Հայերը շատ օրեր շատ իշխանների բարեխոս ուղարկեցին շահի մոտ աղերսագրով և շատ աղաչանքով խնդրեցին թագավորին՝ գթալ չքավոր ու աղքատ ժողովրդի տառապանքներին, ներել ու զիջել այդ պարտքը, բայց նա չկամեցավ ներել։

Երբ հայոց կողմը խիստ ստորացավ ու խոնարհվեց, ժողովուրդը հավաքեց իր բոլոր դուստրերին և ուստրերին, բերեց կանգնեցրեց թագավորի առջև՝ ասելով․ «Քանզի դրամ չունենք, որ տված պարտքի դիմաց վճարենք թագավորին, մեր ուստրերին ու դուստրերին տալիս ենք թագավորին, որպես պայմանավորվեցինք»։ Ուստրերի ու դուստրերի հետ, որոնց նրանց հայրերը բերել էին, աղետը ցավակցելու համար եկել էին նաև նրանց բոլոր ազգականները՝ մայրերը, եղբայրները և ուրիշներ, որոնք համախմբված կանգնած բարձրաձայն ողբում ու արտասուքներով լալիս էին այնպես, որ բոլոր տեսնողների սիրտն ու աղիքները մորմոքով կտրատում էին։ Թագավորը տեսնելով նրանց այսպիսի ողբերի ու հառաչանքների մեջ՝ հրաժարվեց երեխաներին վերցնել և չառավ․ այն բանի համար, որ թագավորը երեխաներին չվերցրեց երկու պատճառ են դնում. ոմանք ասում են, թե տեսնելով ժողովրդի արտասուքները՝ աստծուց վախեցավ, այդ պատճառով էլ չառավ․ ոմանք էլ ասում են երեխաներին չառավ, որպեսզի ամբողջ ժողովրդին միանգամից մահմեդական դարձնի։ Վերջին կարծիքը ճիշտ է թվում երկու փաստով, նախ որ բարկացավ Ուղուրլու բեկի վրա նրանց այդտեղ բերելու համար և ասաց. «Ինչ օգուտ է մեզ, որ դու երեխաներին բերել ես, որովհետև ես կամենում եմ բոլորին մահմեդական դարձնել», Երկրորդ՝ որ վճռեց ու ասաց. «Եթե վճարեն ամբողջ փոխատվությունը, լավ է, ազատ կլինեն, իսկ եթե չվճարեն, պետք է իրենց հավատից դառնան և հավատով լինեն մահմեդական, իսկ ես նրանցից առած պարտքը կշնորհեմ նրանց, այլև պարգևներ կտամ նրանց»։ Այս վճիռն էլ կտրեց և ստիպեց պարտքը առնել։ Սրանով երևում է, վերջին կարծիքն է ճիշտ։

Իսկ զինվորները՝ թագավորից այսպիսի հրաման առնելուց հետո, սկսեցին քրիստոնյաներից պարտքը պահանջել խիստ ճշտությամբ. կախում էին, ծեծում, բանտարկում և բազմաթիվ ձևերով նեղում, որ գուցե նեղությունների պատճառով իրենց հավատից հետ կանգնեն. բայց ժողովուրդը համբերում էր, դիմանում էր բոլոր չարչարանքներին և հավատից հետ չէր կանգնում։ Այնուհետև հայոց ողորմելի ժողովուրդը որդիներով, ընտանիքներով շրջում էր քաղաքի պողոտաներով ու փողոցներով ամենքի մոտ լալիս ու ողբում էր, գուցե թե որևէ տեղից օգնության հնար լինի փոխատվությամբ կամ ողորմությամբ։

Շրջագայելով գնացին ֆռանկների վանքերը, որոնք Սպահան քաղաքի մեջ են գտնվում։ Ֆռանկների ազգից մի եպիսկոպոս այդ ժամանակ եկել էր Սպահան և բնակվում էր ֆռանկների վանքում. այդ եպիսկոպոսին Հուսինիա են կոչում։ Այս եպիսկոպոսը երևելի ու հարուստ մարդ էր, որին շատ անգամ շահը կանչել էր իր մոտ, խոսել և մտերմացել էր նրա հետ։ Եվ երբ այս եպիսկոպոսը տեսավ հայերի արտասուքը, հարցնելով տեղեկացավ ամեն ինչին, նրանց հետ հուսադրական խոսքերով խոսեց և ասաց. «Մի վախենաք, այլ հաստատուն մնացեք ձեր քրիստոնեական հավատի վրա, իսկ ես ինչ որ ունեմ, կտամ ձեզ ոչ թե փոխարինաբար, այլ Քրիստոսի սիրո և նրա հավատի համար, իսկ դուք տվեք շահին, վճարեցեք ձեր պարտքերը և ձեր հավատից հետ մի կանգնեք»։ Իսկ հայերը արտասուքներով օրհնում էին աստծուն ու եպիսկոպոսին և շնորհակալությամբ իրենց գոհունակությունն էին հայտնում նրան, որովհետև անհնարին նեղությունների մեջ օգնության հասավ իրենց։

Եպիսկոպոսը ըստ իր խոստման ժողովրդի երկու խմբին էլ դրամ տվեց. Ղարաբաշ մելիքի ձեռքով սրա խմբին երկու հարյուր թուման զուտ արծաթ դրամ։ Նաև մյուս խմբին [տվեց], որի գլխավորը Ղրխյալան մելիքն էր և Բաղդասար անունով մի քահանա՝ մի մարդ խելոք ու իմաստուն ճշմարտությամբ ու Քրիստոսի հավատով հաստատուն. սրանց ձեռքով սրանց խմբին տվեց հիսուն թուման զուտ արծաթ դրամ և ժողովրդի երկու խմբերն էլ տարան տվին վերակացու իշխանին իրենց պարտքի դիմաց, իսկ պարտքի մնացորդի համար խնդրեցին որոշ օրեր ներող լինել, մինչև որ այն ևս որևէ տեղից գտնեն, վճարեն։

Բայց որպես Քրիստոսի մատնիչ Հուդան, որ բաժանվելով անջատվեց տասներկուսի խմբից, հայերից երկու մարդ Ղարաբաշ մելիքի խմբի ժողովրդից, Բաղդասար ու Ախիջան անուններով, եղան սատանայի սպասավորներ ու չարի աման, սրանք հակառակ կանգնեցին քրիստոնյաներին և ասացին․ «Եթե մեզ յուրաքանչյուրիս տաք տասական թուման ֆռանկ եպիսկոպոսի տված դրամից, լավ, ոչինչ չենք ասի, իսկ եթե չտաք, կգնանք իշխանների, նաև հենց թագավորի մոտ կասենք՝ սրանք գնացին դարձան ֆռանկ, այդ պատճառով եպիսկոպոսը սրանց դրամ տվեց, որ բերին ձեզ տվին։ Իսկ մյուս մարդիկ աղաչում ու ասում էին. «Այժմ համբերեցեք, որ դրամը տանք թագավորի պարտքը, որը ահա ձեր աչքով տեսնում եք, թե ինչպես ներկայումս ճշտիվ պահանջում են, հետո մեզնից ամբողջ ժողովրդից կվճարենք, կտանք ձեզ, ինչպես դուք եք ցանկանում։ Նրանք չզսպվեցին և ոչ էլ նրանց խոսքերն ու աղաչանքն երը հաշվի առան, այլ ելան գնացին մահմեդական իշխանների մոտ, հայերի մասին սուտ խոսեցին ու ասացին, թե հայերը գնացին ֆռանկների մոտ, ընդունեցին նրանց հավատը և այս դրամը առան, բերին վճարեցին ձեզ։ Նաև այդ երկու մատնիչ մարդիկ իրենց ողջ ընտանիքներով դարձան մահմեդական և ամուր բռնեցին այդ հավատը, քանի որ ամբողջ ընտանիքով թլպատվեցին։

Այս խոսքի վրա մահմեդական իշխանները սաստիկ խոժոռվեցին և միմյանց ասելով խոսքը հասավ թագավորի ականջը, այս բանը թագավորին շատ ծանր ու դառը թվաց։ Նա հրամայեց իր առջև բերել մելիքներին. նախ այդ օրը Ղարաբաշ մելիքին գտան, տարան, որի հետ արքան խոսեց և մեղադրանքներով ու սպառնալիքներով ասաց. «Ով ապերախտ ու չար ժողովուրդ և արժանի բնաջինջ կոտորման. ես խղճալով ձեզ՝ տվի այսքան դրամ և այդքան տարվա շահը ևս նվիրեցի ձեզ, խոստացա նաև այլ շնորհներ անել, եթե դառնաք մեր հավատքին, իսկ դուք ասացիք, թե դրամի համար մեր հավատքը չենք ուրանա, իսկ այժմ ինչպե՞ս դարձաք ֆռանկների հավատին և նրանցից դրամ առաք, արդ՝ եթե դրամի համար հավատից հավատ էիք դառնում, ինչ նվաստություն և արատ ուներ մեր հավատը, որին չդարձաք»։ Մելիքը իր ընկերներով պատասխանեց. «Ով հրաշափառ ու տիեզերակալ արքա, քավ լիցի, որ մենք դառնանք մեր հավատից, մենք չենք դարձել մեր հավատից, այլ կանք մեր հավատին, ինչպես որ առաջ էինք, և ովքեր որ մեր մասին քո տերության առջև այդ խոսքերը ասել են, նրանք սուտ են ասել. և այն դրամը, որ ֆռանկներից առանք, փոխարինաբար առանք, որը և բերինք, տվինք պարտքի դիմաց»։ Արքան պատասխանելով ասաց. «Ձեր խոսքը ճշմարիտ չէ, քանզի պատրվակ է այդ փոխը, որովհետև եթե իսկապես դա փոխ էր, ինչո՞ւ այլ ազգերից չվերցրիք, այլ միայն ֆռանկներից»։

Ու թեև շատ օրեր շատ ձևերով խոսեց ժողովուրդը, այնուհետև արքան նրանց խոսքը բանի տեղ չդրեց: Այլ ինչպես սկզբում ասել էր, այնպես էլ այժմ ասաց. «Եթե դառնաք մեր կրոնին, շատ լավ կանեք, որովհետև ինչ որ պարտք եք, այդ ամենը ձեզ կշնորհեմ և ի լրացում դրա բազմաթիվ պարգևներ ու նվերներ էլ կբաշխեմ ձեզ։ Իսկ եթե չդառնաք, ձեզ կենթարկեմ անխուսափելի տանջանքների, որպեսզի տանջանքների մեջ ձեր ոգիները վատնվեն, սպառվեն, և իզուր սատկեք: Եվ իսկույն հանձնեց դահիճների ձեռքը, որ առանց որևէ ներման միշտ տանջեն մինչև կամ դարձի գան, կամ մեոնեն։

Այնուհետև մեգ ու մառախուղ և անփարատելի խավար եկան հասան ողորմելի ժողովրդի վրա, քանդի անօրեն դահիճները անմիջապես շտապեցին այստեղ֊այնտեղ, գտան ժողովրդի բոլոր մարդկանց, բռնեցին ու սկսեցին անխնա չարչարել, ծեծել, վիրավորել կախաղանի վրա, մեջքի վրա գցած, շղթաներում, կոճղերում, բանտերում, արգելարաններում, սովով ու ծարավով և այն էլ շատ օրեր։ Իսկ ժողովրդի աղաղակը, տղամարդկանց ու կանանց լացուկոծը միմյանց խառնված՝ երկինք էր հասնում։

Ղարաբաշ մելիքին գլխիվայր կախած այնքան բրածեծ արին, որ ոտքերի եղունգները թափվեցին, ամբողջ մարմինը արյունով շաղախվեց և անշնչացավ ինչպես մեռել։ Ավելի խիստ անողորմ ծեծեցին՝ բռնված մյուս քրիստոնյաներին ահ ու երկյուղ ներշնչելու համար։ Նրա [Ղարաբաշի] ընտանիքը նրան տարավ ծածկեց գոմաղբի մանրուքով։ Իսկ պարսիկ զորականները որ ժողովրդին չարչարում էին, ուրիշներին խաբելու համար լուր տարածեցին, թե Ղարաբաշ մելիքը մահմեդական դարձավ։ Այն պարսիկները, որ այս ամբողջ չարիքները թափեցին նրանց վրա, իմացան նրանց հաստատուն մտադրությունը և հասկացան, թե կկամենան մեռնել, բայց մահմեդականությունը չեն ընդունի, ուստի այնուհետև բռնի վայր էին կախում, թլպատում և իրենց հավատքի դավանության [համապատասխան խոսք] էին ասել տալիս։ Քրիստոնյաներից շատերը կաշառքներ տվին զորականներին ու թլպատողներին և թլպատությունից զերծ մնացին։ Ապա գնացին, շահին ասացին, թե Ղարաբաշ մելիքն ու իր ժողովուրդը կատարեցին թագավորի հրամանը, որովհետև թլպատվեցին ու դավանեցին մեր դավանությունը ու դարձան մուսուլմաններ։

Այդ ժամանակ շահը ուրախացավ, հրամայեց՝ դրանց ամենքին, ովքեր հավատի եկան, զիջել առաջին պարտքերը, որ պիտի տային, որովհետև ես շնորհեցի, նաև նոր պարգևներ հիմա տվեք, որպեսզի մխիթարվեն կրած տառապանքներից։ Թագավորի այս հրամանի հիման վրա նրանց բոլորին կապանքներից արձակեցին և նրանց պարգևներ տվին՝ յուրաքանչյուր տանը առանձին երեք թուման փող։ Սրանց նկատմամբ այս կերպով վերջացրին գործը [և սրանք] վերադարձան իրենց տները, որովհետև ցերեկը երեկոյացել էր։

Սրանցից հետո հերթը հասավ Ղրխյալան մելիքին ու իր ժողովրդին։ Այդ նույն երեկոյան դահիճները եկան, բռնեցին Ղրխյալան մելիքին ու տարան։ Սրան թագավորի կողմից հրամայվեց. «Դարձիր մահմեդական կրոնին, ստացիր պարգևներ ու մեծաթյուն ու պետական պաշտոն, քո անձը անմտաբար մի մատնիր տանջանքների և մի եղիր կեր առյուծների ու շների», գազաններ, որ այնտեղ կապած պատրաստ պահում էին։ Իսկ Ղրխյալան մելիքը ահարկությունից, թագավորական ատյանի ամոթից, տանջանքների երկյուղից, թե խոստումների գայթակղությունից հանձն առավ կատարել թագավորի հրամանը, որ և հենց այնտեղ իսկ նրան դավանեցրին Մահմեդի հավատը՝ մահմեդական դարձավ։ Իսկ իշխանները և այլ մահմեդականներ սկսեցին նրան գովել ու ասել. «Այդ շատ լավ արիր, որ երկար ճշմարիտ հավատքի և ի լրացում դրա դու պետք է քո ողջ ժողովուրդը բերես այս հավատքին»: Իսկ Ղրխյալան մելիքը սկսեց անիմաստ անգետ բարբաջանքներով խոսել և խոսելու հետ տեր Բաղդասարին մատնել։ Քանզի նա ասաց. «Այն կարծիքին եմ, որ ողջ ժողովուրդը բոլորը կդառնան ու դիմադարձ չեն կանգնի, թե դիմադարձ կանգնի։ Բաղդասար երեցը միայն դիմադարձ կկանգնի։ Իսկ եթե նա դառնա, ամբողջ Ժողովուրդը կդառնա»։

Այս մահահրավեր լուրը, դառնահամրավ բոթը այն իսկ երեկոյան հասավ Բաղդասար քահանային և ժողովրդին, որոնք սարսափից հասան դժոխքի դռները։

Իսկ Բաղդասար քահանան այն գիշեր հույսն ու հավատը արիական հաստատամտությամբ իր մեջ ամփոփելով ողջ քրիստոնյա ժողովրդին հավաքեց աղոթքի տանը, որ այնտեղ իջևանատանը հաստատել էին, սկսեց ժողովրդին աստծու մարդասեր գթությունն ու ողորմածությունը քարոզել, ինչ որ գիտեր։ Եվ ամենին հորդորեց աղոթքներով, աղաչանքներով, բազմահառաչ ու մեծաձայն ողբերով, աղբյուրահոս արտասուքներով դյուրալուր ու անոխակալ տիրոջից խնդրել, որ նա ներողամտության գութի փոխի իրենց դեմ թագավորի սրտի բարկությունն ու ցասումը։ Ամբողջ ժողովուրդը մեծ պաղատանքով մինչև առավոտ կանգնած էր այնտեղ աղոթատանը տիրոջից գութ ու ողորմություն խնդրելու համար։

Եվ ինքը Բաղդասար քահանան երեկոյան սկսեց ցայգապաշտամունքային սաղմոսերգությամբ գիշերային աղոթքներ կատարել և այնտեղ ժողովրդին խոստովանեցնելով մատնացույց արեց աստվածային պարգևը՝ հաղորդեց արժանավորներին աստվածորդու պատվական մարմնից ու արյունից։ Եվ վաղ առավոտյան, մինչ չէին բաժանվել լույսն ու խավարը, բոլոր աղոթական կարգերը ավարտի բերին, վերջացրին։

Իսկ առավոտվա լուսանալու հետ շեշտակի ձիընթաց արշավումով զինվորներն ու զորականները իբրև չար գազաններ եկան, շրջապատեցին տեր Բաղդասարին, դուրս քաշեցին, գցեցին ձիերի առջև և ձիերի ընթացքով քշում էին, որ շուտ հասնեն թագավորի դիվանը։ Երբ հասան թագավորի պալատին, նրան շրջապատեցին մարդադեմ գազանները, կրճտացնում էին ատամները ու ամբարտական խոսքերով ջանում ատամներով քրքրել նրա մարմինը։

Երբ թագավորը ատյան նստեց, տեր Բաղդասարին տարան առջև. արքան նրա հետ խոսեց նրա քրիստոնեական հավատքից դառնալու մասին՝ ասելով, եթե համառես ու չհամաձայնես, շների ու առյուծների կերակուր կդառնաս, որ և նրանց վախեցնելու համար գազանները պատրաստ պահում էին այնտեղ։

Եվ մեր տեր Հիսուս Քրիստոսի խոսքը այստեղ հաստատորեն կատարված երևաց, որ ասաց. «Երբ ձեզ տանեն դատավորների ու թագավորների առջև, մի մտահոգվեք և մի մտածեք, թե ինչ պետք է դուք խոսեք, որովհետև այն ժամին ձեզ կտրվի խոսք ու իմաստություն, թե ինչ պետք է խոսել, քանզի ոչ թե դուք եք խոսում, այլ ձեր հոր հոգին է խոսելու ձեր մեջ»[Ն 6]։ Սրանով Բաղդասար քահանան պատասխանեց ու ասաց. «Եթե ասես ինձ, որ ես իմ կամքով ետ կկանգնեմ իմ հավատից, ես իմ կամքով չեմ դառնա, իսկ եթե բռնի դարձնես, այդպես չի հրամայել քեզ քո օրենսդիրը: Եթե քո պարտքի համար ասես ու խնդրես, շատը տվել ենք, իսկ մնացել է այն էլ այսօր ու վաղը կվճարենք»։ Ինչպես որ սառը ջուրը լցնում ես եռացող կաթսայի մեջ, նույն պահին նստեցնում է նրա փրփրալից եռը, այդպես տեր Բաղդասարի խոսքերը իջեցրին թագավորի բարկությունը. այդ պատճառով այլևս ոչինչ չասաց արքան, բայց միայն այս, թե գնա քո մնացած պարտքը տուր։

Արդ՝ տերը Քրիստոսն էր, որ ասաց. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքվել են ինձ համար, ես այնտեղ նրանց մեջ եմ»։[Ն 7] Նույն ինքը նաև այժմ նայեց սրանց հավատքին և գիշերապաշտումային արտասվալից աղոթքներին և իջեցրեց թագավորի բարկությունը, որի հետևանքով ազատվեցին տեր Բաղդասարն ու ժողովուրդը երկու վտանգից՝ տանջանքներից և ուրացությունից։ Այնուհետև թագավորի պարտքի մնացորդը վճարեցին, առան ազատության թուղթ, և գոհանալով տիրոջից, մնացին խաղաղ:

Երբ այս ամենը կատարվեց ժողովրդի նկատմամբ, նրանք ժողովրդի մի մասին, նաև մելիքներին դարձրին մահմեդական։ Այնուհետև վերոհիշյալ Ֆռանկ եպիսկոպոսը եկավ Շահ-Աբաս թագավորի մոտ, ասաց. «Քեզ հետ դատարանով խոսելիք ունեմ, որովհետև դու քո տված պարտքը պահանջեցիր հայերից, նրանք ոչինչ չունեին, որ վճարեին, իսկ ես քրիստոսական հավատի համար նրանց փող տվի, որպեսզի քո պարտքը տան և մնան Քրիստոսի հավատին. այդ դրամը նրանք բերին տվին քեզ և վճարեցին քո պարտքերը։ Իսկ դու փողը առնելուց հետո չթողեցիր նրանց Քրիստոսի հավատին, այլ դարձրիր ձեր հավատին։ Որովհետև այդպես արիր, դատաստանական իրավունքը հաստատում է իմ տված դրամի համար, որ ինձ վերադառնա։ Արդ՝ խնդրում եմ արքայից, որ իմ դրամը ինձ վիրադարձնի»։ Իսկ թագավորը մտածեց, տեսավ, որ եպիսկոպոսի խոսքը իրավացի էր, երկու հարյուր թուման դրամը վերադարձնելով եպիսկոպոսին՝ վճարեց նրան։

Իսկ Ղարաբաշ մելիքն ու այն ժողովուրդը, որոնց բռնությամբ շահը մահմեդական դարձրեց, միայն այն եղավ, որ այնտեղ ատյանում մահմեդականների դավանության խոսքը ասացին, դրանից հետո էլի մնում էին Քրիստոսի հավատին՝ ուրացության խղճի տանջանքից է՜լ ավելի հաստատուն, քան առաջ էին։ Որովհետև երեխաներին մկրտում էին. մեռելներին քահանաներով էին թաղում, միշտ եկեղեցի գնալով աղոթում էին, խոստովանելով հաղորդում էին, իսկ մահմեդականների վեճը չէր դրանց այդպես անելու համար։ Իրենցից հետո իրենց բոլոր զավակները այժմ քրիստոնյա են և քրիստոնյա ժողովրդի մեջ են բնակված։

Իսկ Ղրխյալան մելիքի խղճմտանքը առավել դատապարտելով անարգեց նրան, որ տարիներ անցնելուց hետո ինչ-որ պատրվակով առավ իր կնոջը, թե գնում եմ Թավրիզ. և այնտեղից անցավ գնաց Երուսաղեմ, կատարեց Քրիստոսի մարդեղության ամբողջ ուխտը։ Եվ ինքն ու կինը մնացին այնտեղ։ Եվ քանի որ արհեստով քարագործ էր, սուրբ Երուսաղեմի համար աշխատում էր առանց վարձի՝ ակնկալելով տիրոջից վարձի հատուցում. և իր կյանքի ամբողջ ժամանակը, որ ապրեց, այդպես մնաց և այնտեղ Երուսաղեմ քաղաքում վախճանվեց, և Ղրխյալան մելիքն ու իր կինը թաղվեցին (այնտեղ)։ Սրանց թող ներում ու թողություն տա տեր Քրիստոսը յուր անսահման ողորմությամբ. ամեն։

Նշումներ
  1. Բալկանները։
  2. Մոլդավիան։
  3. Լեհերի երկիրը [Լեհաստան]։
  4. Սև ծովի ափերը։
  5. Արաբ․ անդորրագիր։
  6. Մատթ. Ժ 10:
  7. Մատթ․ ԺԸ 20։