ԳԼՈՒԽ ԺԵ
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈԻ ԱՐԱՂՍՏԱՆ ԿՈՉՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ ՈՉԽԱՐՆԵՐԻ ՀԱՐԿ ՉԿԱ

Շահ֊Աբաս առաջին արքան շատ սիրեց Ֆահրապատ քաղաքը, այդ պատճառով բոլոր երկրներից ժողովուրդ հավաքեց ու լցրեց այնտեղ, որպեսզի քաղաքը մեծանա։ Իսկ ինքը, երբ ապահով էր լինում թշնամիների պատերազմից, ձմեռ ժամանակները այնտեղ էր գնում անցկացնում։ Եվ Շահ-Աբասը իր մշտական սովորության համաձայն գնում էր Ֆահրապատ։ Եղավ մի անգամ, երբ գնում էր, գնաց հասավ Ղազբին քաղաքի սահմանները, այն գավառին, որ կոչվում է Թարիմ, և գյուղին, որ անվանում են Խոռոմապատ։ Արքունի բանակը այնտեղ իջևանելով՝ բանակեց։

Իսկ Շահ֊Աբասը ըստ իր մշտական սովորության, որ իրեն այլակերպելով ձևանում էր իբրև զինվորներից մեկը և գնում էր տղամարդկանց ու ժողովրդի մեջ որևէ բան իմանալու, տեղեկանալու։ Այս անգամ էլ այսպես արեց. ինքը ու իր առաջընթաց հետիոտնը [փայեկը] ամբողջ զորքից առաջ եկան Խոռոմապատ ասված գյուղը՝ իբրև հեծյալ զինվորներից մեկը։ Տեսավ գյուղի գլխավորներից ոմանց, որ կանգնած էին փողոցում և հարկահան իշխանների հետ հոգում էին արքայի և այլ իշխանների կարիքների հոգսը․ շահը խոսեց նրանց հետ ու ասաց․ «Միայն ես, ձիս ու առաջընթացս ենք, շատ չենք, որ ծանր թվանք ձեզ, ձեզնից խնդրում եմ ի սեր շահի մեզ տեղ տաք այս գիշեր»։ Իսկ գյուղի մարդիկ նրա խոսքը բանի տեղ չդրին, քանզի ողջ էութամբ թագավորի կարիքներով էին զբաղված։

Ապա մի կին՝ տարեց պառավ, որ նույն գյուղից էր, շահին ասաց. «Եկ, որդյակ, եկ գնանք մեր տունը, եղիր մեզ հյուր։ Եվ կինը շահին առավ տարավ իր տունը։ Շահը այնտեղ մնաց մինչև երեկո։ Պառավի ողջ ընտանիքը մեռել էին, ուներ միայն մի որդի, որի անունն էր Լալա, սա էլ իրենց խիստ աղքատ լինելու պաաճառով գյուղի նախրորդ էր դարձել։ Երեկոյան գալիս Լալան նախիրը բերեց, լցրեց գյուղը և ըստ իր սովորության սկսեց գյուղի տներից յուրաքանչյուրից մի-մի հաց հավաքել։ Հավաքեց տասնհինգ հաց, որ բռնել էր իր բազուկների վրա, և բերեց իրենց տուն։ Եվ երբ տեսավ, թե տանը հյուր կա, բոլոր հացերը բերեց դրեց հյուրի առջև, որ շահը ինքն էր։ Իսկ պառավը բացեց թոնիրը, հանեց պուտուկով եփված կորկոտ ապուրը, որը ոմանք վռոշ են կոչում․ շահը այն հացով կերավ այդ կերակուրը և խոսեց ու շատ բան հարցուփորձեց նրանց հետ։ Ուշ երեկոյան, երբ գիշեր եղավ, ելավ գնաց իր տեղը։

Շահը այնտեղից շարժվեց գնաց հասավ Ֆահրապատ և երբ Ֆահրապատից վերադարձավ և վերստին հասավ նույն գյուղը, իրեն այլակերպեց և գյուղացիներից իջևան խնդրեց, բայց չտվին։ Իսկ միևնույն պառավը կրկին եկավ նրա առջևը և ասաց. «Որդյակ, դու մեր ծանոթն ես և հյուրը, եկ նաև հիմա գնանք մեր տուն»։ Եվ շահը գնաց պառավի տունը, իսկ պառավը կերակրեց նրան ըստ այն օրինակի որ նախապես պատմեցինք։ Շահը մնաց այնտեղ մինչև երեկո․ շատ բան, ինչ որ մտքում ուներ, հարցրեց նրանցից։

Ապա շահը նրանց ասաց. «Մի բան եմ կամենում հարցնել ձեզ, եթե շահին սիրում եք, ստույգ ասացեք ինձ. ահավասիկ այս տունը, որի մեջ մենք նստած ենք, սա և սրա շուրջ գտնվող մյուս սենյակները լայն, ընդարձակ ու մեծաշուք են երևում․ ինչպես սենյակներն են երևում, այնպես էլ ձեր խոսքը ու շարժմունքը մեծատան խոսք ու շարժմունք են, բայց ձեզ խիստ չքավոր եմ տեսնում, իսկ տունն էլ ամբողջովին դատարկ է։ Խնդրում եմ սրա ստույգ պատճառը ինձ ասեք»։

Իսկ պառավը հոգոց հանելով խոր հառաչեց և սկսեց խոսել․ «Տեսնում ես, որդյակ, այս ամենը, քո ասածը ճիշտ է, թե այդ տունը և սրա տակ եղած հարկերը մեծաշուք են երևում։ Ստույգ կերպով մենք մեծատուն էինք ու հարուստ այնպես, որ շատ կարոտյալներ ու պանդուխտներ այս տնով հովանավորված ապրում էին. թե չքավորները, թե աղքատները սրանով լինում էին ունեցվածքի և գույքի տեր. մենք ունեինք հոտով ոչխար՝ հազար հինգ հարյուր գլուխ, մատակ ձիերի երամակներ և շատ խոշոր անասուններ՝ լծկան ու կթան, արտ ու այգի, ջրաղաց, ոսկի ու արծաթ և տան շատ կահկարասիներ։ Այս ամենը հեռացավ մեզնից, գնաց, և ոչինչ չմնաց, որովհետև մի մասը վաճառեցինք, տվինք արքունական հարկը, մի մասը վաճառեցինք, տվինք պարտքատերերին, մի մասն էլ [ծախսեցինք] մեր կարիքների վրա և եղանք դառն աղքատ։ Հետո իմ ամուսինը ու իր եղբայրները, այլ ընտանիքներ և սրանց որդիները բոլորը մեռան, այժմ մնացել ենք ես ու իմ այդ որդին, որ արդեն մոտ է լինելու երեսուն տարեկան, աղքատության պատճառով չեմ կարողանում դրա համար կին բերել, իսկ այլ տեղից ապրելու միջոց չունենք, ուստի իմ որդուն արի գյուղիս նախրորդ, որ ամեն երեկո իր վարձի հացը հավաքում, բերում, կերակրվում ենք, ինչպես որ տեսար։ Եվ այսպես անց եմ կացնում իմ օրերը՝ սպասելով մահվան, որ գուցե նա ինձ հանգստացնի իմ տառապանքներից»։

Պառավի ասած խոսքերի վրա շահը մեծ զարմանքով բռնվեց, սակայն շահը ասաց. «Այդ, որ ասացիր, թե իմ ամուսինը և մեր ողջ ընտանիքը մեռան, դա աստծու ձեռքն է, որովհետև նա պահում է, նա էլ մեռցնում, իսկ ինչ վերաբերում է ձեր ունեցվածքին, որ ասացիր, թե գնաց մեր ձեռքից, և եղանք չքավոր, սրա պատճառը ի՞նչ է»։

Պառավը ասաց. «Ոչխարի հարկն է, որ թագավորի հարկահանները գալով իբրև ոչխարների հարկ են առնում, որ տարեցտարի գնալով միմյանց հետևից, որքան գնաց, հարկը ծանրացավ, այնքան ծանրացավ, որ բոլոր ոչխարները ծախեցինք, տվինք հարկը, բայց դրանով էլ չազատվեցինք, պարտքեր էլ առանք, հարկ տվինք, ապա ունեցվածքները օրավուր վաճառելով՝ որը հարկ տվինք, որը պարտատերերին վճարեցինք, ոչինչ չմնաց, քանզի ոչխարի հարկը շատ ծանր էր։ Արքան ու նրա նախարարները այս չգիտեն, այլ գրում են հարկի որքանությունը և տալիս են զինվորների ձեռքը, իսկ նրանք գալով կամա, թե ակամա բռնությամբ առնում են՝ ասելով. «Դիվանից այդպես գրված, տրված է և հրամայված է մեզ, այդ պատճառով այսպես ենք առնում և ոչ պակաս, որովհետև եթե պակաս առնենք, պակասը մեզ վճարել կտան՝ ասելով, թե դուք եք գողացել։ Այս պատճառով աղքատացանք ոչ միայն մենք, որ տեսնում ես, այլ բազմաթիվ մեծատուններ այդպես եղան, ոմանք մեր գյուղից, իսկ այլք այս գավառի ուրիշ գյուղերից»։ Պառավը սկսեց նրանց բոլորին անուն առ անուն հիշելը:

Շահը ասաց. «Ինչո՞ւ ձեր երկրից գիտուն ու ճարտարախոս մարդիկ չեն գնում և շահին հայտնում, և ես գիտեմ, երբ շահը վերահասու լինի դրանց, այդ հարկի ծանրությունը կվերացնի, որովհետև շահը աշխարհաշեն թագավոր է և չի կամենա, որ մեկնումեկը զրկանք կրի»։ Պառավն ասաց․ «Շատ անգամ գնացին, աղմկեցին, բայց դիվանական մատյանից հարկի որքանությունը չկարողացան հանել»։ Շահը պառավի տանը մնաց մինչ առավոտ, իսկ առավոտյան մի մթնաժամի ելավ գնաց իր վրանը։

Եվ մի քանի օր հետո քննիչներ ուղարկեց այդ երկիրը, որ երկրի ամեն որպիսություն ստույգ կերպով իմանան, սրանք գնացին, տեսան և գալով շահին պատմեցին՝ ասելով. «Թե շատ ավելի նեղության մեջ են այդ երկրի բնակիչները պես-պես պատճառներով, մանավանդ ոչխարի հարկի պատճառով․ սրանով շահը գտավ, որ պառավի բոլոր ասածները իրավացի են։ Եվ այս եղավ պատճառը, որ Շահ Աբաս թագավորի սիրտը գութ ու խիղճ ընկավ, որի հետևանքով ոչխարի հարկը վերացրեց ոչ միայն Ղազբինի երկրից, այլև ամբողջ Արաղստան երկրից։ Ամբողջ երկրում, որ Արաղստան էր կոչվում, այժմ ոչխարի հարկ չկա։ Նաև իշխաններ ուղարկեց Խոռոմապատ գյուղը սպանելու այն մարդկանց, որ իրեն չընդունեցին [իբրև հյուր], և Իր մոտ բերելու պառավին ու նրա որդուն՝ Լալային։ Իշխանը գնաց, արեց ըստ շահի հրամանի. գյուղի մարդկանցից երեքին սպանեց, Լալային ու մորը առավ բերեց շահի մոտ։ Իսկ շահը Լալային փառք ու պատիվ և կառավարական իշխանություն տվեց, նշանակեց իր պալատում մեծասլատիվ ու հավատարիմ նախարար, որ այդ օրից հետո կոչվեց Լալաբեկ։ Սրանից հետո սրա որդիքն էլ հավատարիմ ու նախապատիվ էին պարսից թագավորների պալատում, սրա որդիներից մեկին, որի անունն էր Մահմադղուլի բեկ, թագավորը խանության իշխանություն տվեց, որ կոչվեց Մահմադղուլի խան, և ուղարկեց Երևան քաղաքը։ Սա գալով Երևան, որոշ տարիներ իշխեց երկրի վրա։

Այս Լալաբեկի մասին մի զրույց է պատմվում, թե Շահ–Աբասի առաջարկածներից ոմանք նախանձելով՝ Լալաբեկի վերաբերյալ շահի առջև չարախոսեցին, իսկ շահը կամեցավ խլել նրա ունեցվածքը և իջեցնել հետին աղքատության։ Շահը ինքը եկավ Լալաբեկի տուն և սկսեց բոլոր գույքերը գրի առնել ու գրավել իրեն։ Գրելիս տեսան մի սնդուկ ոսկե փականքը վրան դրված, փակված։ Նրան ասացին՝ բաց, իսկ Լալաբեկը չբացեց, այլ շահին ասաց. «Այդ ամենը որ գրի առար և տակավին գրելու ես, ամենը բովանդակ քեզ են պատկանում, իմը չեն․ այս է միայն իմը, քանզի իմ հայրենի տանից այս եմ բերել։ Արդ՝ խնդրում եմ, երբ քոնը կառնես, իմը ինձ շնորհես»։ Ապա հարկադրելով սնդուկը բանալ տվին և տեսան, որ ոչինչ չկա նրա մեջ, բացի միայն մի զույգ մաշված ու չորացած տրեխից, որ չարուխն է, և հնոտի ու պատառոտված գուլպաներից։ Ամենքը ի տես սրանց զարմացած մնացին, դրա համար հարցրին, թե ի՞նչ բան է այս։ Լալաբեկը ասաց. «Այս այն տրեխն է, որ իմ հայրենի տանը հագնում էի և արդ՝ դրել եմ այստեղ ու միշտ գալիս նայում եմ, հիշում ու [ինձ] ասում․ դու այն ես, որ միայն այս ունեիր, շահը քեզ այդպիսի աղքատությունից բերեց այսքան մեծության հասցրեց, զգույշ կաց, միգուցե քո սրտում նենգություն գտնվի շահի վերաբերյալ և նրա մասին այլ չարախոսների հետ մի եղիր համաձայն, մի մոռանար նրա երախտիքը, որ այս ամենը չմնա կոկորդումդ, աստծու և մարդկանց առջև սևերես չմնաս»։ Երբ շահը այս լսեց ու տեսավ, հասկացավ որ նախանձից են չարախոսել նրան, ոչ մի բան նրանից չառավ, այլ շնորհեց իրենից և առավել պատվով փառավորեց, շքեղացրեց նրան և իր պալատում նրան պահում էր իբրև բոլորից ամենահավատարիմը իր ողջ կյանքի ընթացքում։