Գ Լ Ո Ի Խ ԺԴ
ՄՅՈՒՍ ԱՅՆ ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՀԱՅ ԺԱՂՈՎՈՒՐԴԸ ՔԱՇԵՑ ԱՌԱՋԻՆ ՇԱՀ-ԱԲԱՍ ԹԱԳԱՎՈՐԻ ՁԵՌՔԻՑ

Եվ ժամանակների օրերում, երբ մեր թվականության 1069 (1620) թվականն էր, այնպես եղավ, որ Շահ-Աբաս մեծ և առաջին թագավորը Սպահան քաղաքից ելավ, գնաց Փարիայի և Բուրվարի գավառները, որտեղ հայ ժողովրդին էր բնակեցրել։

Եվ քանի որ այս Շահ-Աբասը սովորություն ուներ երբեմն-երբեմն իրեն այլակերպում, ձևանում էր իբրև մեկը զորականներից և գնում էր այնտեղ, ուր գնալու էր. ըստ այդ սովորության այս անգամ ևս նույնը արեց։ Ինքը միայն և իր առջևից գնացող հետիոտնը [փայեկը] նախքան ամբողջ զորքը՝ եկան Փարիա երկրի առաջին գյուղը, որ Դարբնի գյուղ են անվանում։ Նրան [շահին] միևնույն գյուղից մի կին հանդիպեց, որ չգիտեր, թե սա շահն է։ Շահը խոսեց կնոջ հետ և ասաց. «Թե վաճառելու հավ ունես, բեր ինձ՝ գնեմ։» Երր կինը հավը բերեց, հավի պատճառով կնոջը փորձելու համար շատ խոսք առաջարկեց. դատարկաբանություն էր անում և իր սրտի մեջ անօրենություն էր կուտակում։ Խոսքի ընթացքում շահը ասաց. «Տասը փող եմ տալիս քեզ իբրև այս հավի գին, եթե դու շահին սիրում ես, այս հավը տուր մեզ»։ Կինը ասաց. «Մենք ի՞նչ լավ բարիքներ և երախտիք տեսանք շահից, որ շահի սիրո համար հավս քեզ տամ»։ Շահը ասաց. «Ձեզ էլ ի՞նչ բարիքներ անի շահը, քանի որ այսպիսի լավ ու վայելուչ երկրում բնակեցնելով՝ ամեն նեղություններից ապահով պահում է ձեզ և քաղցրությամբ ու գթով է վարվում ձեր հետ և կինն ասաց. «Երանի թե մեզ բերած չլիներ, որովհետև վտարանդի արեց մեզ, հանեց մեզ մեր բնիկ երկրից, բնիկ տեղերից, հայրենի ժառանգություններից և բերեց այստեղ օտար աշխարհում բնակեցրեց իբրև պանդուխտների»։ Կնոջ այս խոսքը իբրև երկսայրի սուր դիպավ շահի սրտին, որովհետև նրան խիստ ծանր ու դառը թվաց․ սրտով ու հոգով խոցված էր և ավելի բարկությունից լռած էր մնացել ու ոչինչ չէր խոսում։ Այս ժամին շահի մոտ եկան, հասան նույնի նախապատիվ և փառավոր նախարարները՝ Սպանդիար-բեկը և այլք։ Եվ տեսնելով նրան այդպես զայրագին բարկությամբ լցված, ոչինչ չխոսեցին, այլ լռած կանգնեցինհեռու։

Եվ ահա գալիս, նրանց մոտով անցնում էր այդ գյուղի քահանան, որի անունն էր տեր Ավետիս. սա դաշտային աշխատանքից գալով՝ գնում էր իր տունը։ Երբ շահը նրան տեսավ, կանչեց իր մոտ ու հարցրեց, թե ինչ մարդ ես․ քահանան ասաց՝ հայ եմ․ շահը ասաց՝ ինչի՞ համար է մորուքդ երկար, քահանան ասաց՝ այս գյուղի քահանան եմ․ շուհը ասաց՝ եկ դարձիր մուսուլման․ քահանան ասաց՝ ես գռեհիկ մարդ եմ, մանավանդ ծերացած եմ, ուստի չեմ կարող մուսուլմանական կրոնի արարողությունները կատարել։ Թագավորի զայրագին սրդողությունը սարսափելի հորդելով ավելացավ։ Շահը իր բարկությունից չհանդուրժելով իր հետիոտն առաջավորի ձեռքից առավ կացնակը, որ նաջախն է, և նրանով ուժգին բախումով հարվածեց քահանայի գլխին և լայն պատռեց։ Քահանան վերքին ու հարվածին չդիմանալով, ուշաթափ ու խելակորույս լինելով՝ անշնչացած ընկավ ինչպես մեռել։ Շահը իր սաստիկ բարկությունից այնտեղ միևնույն պահին մերձականերին հրամայեց նրան թլպատել, որ և անմիջապես արեցին, չնայած քահանան իբրև մեռել անզգա էր։ Թողնելով քահանային այդպես՝ ինքը անցավ գնաց բանակատեղ իր վրանը։

Այնուհետև հայերի հանդեպ գութն ու խիղճը վերացավ թագավորի սրտից. իր առջև կանչեց առաջին վեզիրին, սրա հետ նաև շեյխին, որի անունն էր Միրավդուլա, և հրամայեց նրանց զինվորներով մտնել այն գավառները և ծայրեծայր մահմեդականացնել ու թլպատել։ Եվ նա, որ կամքով ու հոժարությամբ կհնազանդվի, լավ, իսկ նա, որ չի հնազանդվի, տանջանքներով ու բռնությամբ թլպատեն և դարձնեն մոլար առաջնորդի [Մահմեդի] կրոնին։ Բազմաթիվ ծանր հանդիմանություններով ու սպառնալիքներով նրանց պատվիրեց կատարել իր բոլոր հրամանները, իսկ ինքը Փարիայից դարձավ գնաց Սպահան քաղաքը։

Թագավորի հրամանի հետևանքով մեծ հալածանք գործվեց հայոց դեմ. այնպես որ թողեցին տներ, ընտանիքներ, ունեցվածքներ և ելան ցրվեցին իրենց երեսի կողմը՝ լեռներում, անապատներում, անմարդաբնակ տեղերում։ Շատերը գնացին հեռավոր գավառները, փոխեցին անունները, կերպարանքները և այդպես մնում էին անճանաչելի։ Նրանցից ոմանք շատ օրեր քաղցելով ու սովալլուկ լինելով թափառական շրջում էին լեռներում և չէին կարողանում շեներ մտնել կամ որևէ մեկին երևալ թագավորի ու թլպատողների երկյուղից։

Եվ այն իշխանները, որ նշանակվեցին թլպատողներ․ մտան գավառները և ումը գտան խիստ անարգանքով, տանջանքների սպառանալիքներով ու բռնությամբ բոլորին թլպատեցին՝ թե աշխարհական, թե հոգևորական։

Ըստ իմ ասած օրինակի անելով՝ հասան Փառշիշ գյուղը, այնտեղ էլ իրենց անօրեն գործը կատարելով. այնտեղից ելնելով կամենում կին գնալ Փահրան գյուղը։ Փահրան գյուղի Սուրիջան անունով տանուտերը իր գյուղացիներին ասաց. «Եկեք զինվենք և դեմ կանգնելով միաբանությամբ կռվենք այլազգի թլպատողների դեմ և չթողնենք մտնեն մեր գյուղը»։ Գյուղացիները չեղան նրան միաբան ընկեր, այլ փախան ցրվեցին լեռները։ Իսկ Նուրիջանն ինքը միայնակ կապեց սուսերը, առավ նետ ու աղեղ և գնաց ճանապարհի կեսը և ելավ մի փոքր բոլորակ բլրի գլուխը, որի ստորոտով ճանապարհն էր անցնում։ Թլպատողները ելան Փառշիշից, ճանապարհ ընկան, գնում էին Փահրան. երբ մոտեցան բլրի ստորոտին, մեկ էլ հանկարծակի ահեղ գոռոցով ձայն արձակեց Նուրիջանը և իր դարանակալած տեղից սկսեց նետեր արձակել նրանց վրա։ Այդպիսի նետաձգությամբ արգելեց, կանգնեցրեց նրանց, ապա դուրս գալով դարանից, հաճախակի նետաձգությամբ հալածելով նորից ետ դարձրեց Փառշիշ, մտցրեց գյուղի մեջ, իսկ ինքը դարձավ իր Փահրան գյուղը։

Իսկ Փառշիշ վերադարձած թլպատողները մնացին մինչև երեկո, ապա լրտես ուղարկեցին, որ իմանան, թե ուր է Նուրիջանը, իսկ լրտեսն եկավ, ասաց, թե ահա իր տանն է։ Այն ժամանակ պարսիկ բոլոր սպասարկողները գիշերանց ելան գնացին Փահրան, Նարիջանի տունը շրջապատեցին և նրան բռնելով կապեցին։ Օրը լուսանալիս գցեցին մեջքի վրա ու սկսեցին բրածեծ անել նրան։ Այնքան զարկեցին, որ նրա մարմնի վրա ամենևին ողջ անդամ չմնաց, դարձավ ինչպես մեռել, և տեղնուտեղը անմիշապես թլպատեցին, ապա հեռացան նրանից։ Գյուղացի կանայք տարան թաղեցին գոմաղբի մանրուքի մեջ մինչև երեք օր։ Նուրիջանը մնաց անկողնում այն ցավով, հյուծված մարմնով․ չորս ամիս չէր կարողանում ոտքի վրա կանգնել։

Եվ այսպես, թլպատող իշխանները շրջեցին երկու գավառներում՝ Փարիայում ու Բուրվարիում, ումը գտան, թլպատեցին՝ թե աշխարհական, թե քահանա։ Եվ ըստ ամենայնի վերջացնելով՝ վերադարձան Սպահան քաղաքը ու պատմեցին թագավորին։ Շահը հրաման արձակեց թլպատված քահանաների վերաբերյալ, թե արքունական գանձից յուրաքանչյուր քահանայի տան համար քառասուն ոչխար. այդպես արին։ Շահը այս ոչխարները այն բանի համար տվեց քահանաներին, որ քահանաներից ոմանք՝ ագահ լինելով ինչքի հանդեպ, գոհանան այդ տվածով և իրենց ժողովրդին չգրգռեն մահմեդականությունից ետ կանգնել, իսկ ոմանք էլ եթե կերած, վատնած լինեն, վճարելու երկյուղից մնան մահմեդական։

Նախաչարի այս մտածումով լցված շահը ուղարկեց նաև այլ իշխաններ զինվորներով և հրամայեց նրանց գնալ այդ երկու գավառները, շրջել բոլոր գյուղերը, բռնել բոլոր քահանաներին և սպառնալիքներով սարսափեցնել նրանց և առնել երդում ու պայման նրանց բերանից, որ իրենց գրքերից ոչ մի գիրք չպահեն, իսկ եթե լինի մեկը, որ պահած է, ով այդ հայտնի, պահողի գլուխը դառնում է թագավորական, իսկ ողջ հարստությունը և ընտանիքը՝ մատնացույց անողին։ Զորականները այս հրամանը առնելով գնացին շրջեցին երկու գավառներում, գրքերն ու եկեղեցական անոթները՝ ինչ որ գտան, բռնի հափշտակեցին քրիստոնյաներից, առան բերին Սպահան քաղաքը, հայտնեցին շահին, և շահը կարգադրեց՝ բոլորը պահել:

Սրանից հետո շահը պարսից ազգից շատ մոլլաներ ուղարկեց Փարիա ու Բուրվարի, որպեսզի այնտեղ մնան և հայերին Մահմեդի կրոնը սովորեցնեն, ամեն օր հավաքեն մզկիթում աղոթելու, իսկ քրիստոնյաների երեխաներին պարսկերեն կարդացնեն։ Մոլլաները եկան ցրվեցին գավառների գյուղերում՝ որտեղ երկու, որտեղ երեք, և բռնանում էին քրիստոնյաների վրա, որպեսզի մզկիթ գան, հաղորդակցվեն մոլար առաջնորդ Մահմեդի կրոնին։ Իսկ քրիստոնյաների համար դժվար էր այդ, ուստի չէին հնազանդվում, այլ դիմագրավելով՝ բանավիճում էին. և օրավուր խոսքակռվի մեջ առաջ գնացին այնքան, մինչև որ մոլլաներից երեք–չորսին սպանեցին։ Այլ մոլլաներ այս տեսնելով՝ վախեցան սպանությունից, և բոլորը փախան գնացին իրենց տեղերը։ Խեղճ քրիստոնյաները երկու տարի մնացին պարսիկների ձեռքը հալածանքի ու չարչարանքի մեջ։

Ապա Գրիգոր անունով քրիստոնյա մի մարդ, որ առաջ Վայոց ձորից էր, որին Եղեգնաձոր են կոչում, Արփա [Արենի] գյուղից, այժմ Փարիա գավառում լինելով՝ բնակվում էր Ներքին Խոյիկան կոչված գյուղում. սա մարմնով պարթևահասակ էր ու հաղթանդամ, սրտով քաջ, խոսքով ու խելքով խելոք և Քրիստոսի հավատով ու սիրով հաստատուն ու ջերմ։ Այս Գրիգորը ելավ շրջեց գավառի գյուղերը, քաջալերեց ու հորդորեց ամբողջ ժողովրդին, դարձավ նրանց համար ղեկավար ու առաջնորդ, իր հետ առավ յոթ մարդ, եկավ Սպահան քաղաքը, գնաց, փոխարնաբար շատ դրամ ճարեց, բերեց տվեց շահի իշխաններին իբրև կաշառք և բոլորին համոզեց, որ պատեհ ժամին թագավորի առջև իրենց մասին լավ խոսեն։

Ապա ինքը աղերսագիր գրեց ու հանձնեց թագավորին ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ հինգ-վեց անգամ։ Թագավորի դիվանում ու ատյանում այնքան խոսեց, մինչև որ թագավորը ձանձրացավ և ասաց. թողնում եմ ձեզ ձեր կամքին, գնացեք, ձեր հավատը պաշտեցեք։ Եվ Գրիգորը աղաչում-պաղատում էր, ծունկի գալով ու լացով խնդրում էր շահին ու ասում, թե այդ հրամանը, որ բանավոր ես ասում, մի մատ թղթի կտորով մեզ շնորհիր։

Եվ մի օր, երբ շահը իր ապարանքից ելած գնում էր Հազարաջրիբ այգին, ասացին, թե հինգ անգամ եկավ շահի առաջ ու նույն թուղթը խնդրեց, որի անձանձիր խնդրանքից շահը ձանձրացավ, թագավորական կնիքով հրովարտակ գրեց, տվեց Գրիգորին՝ թե հրաման տվի Փարիայի ու Բուրվարի գավառներում բնակվող բոլոր քրիստոնյաներին, որ համարձակորեն պաշտեն իրենց քրիստոնեական կրոնը։

Սրանից հետո Գրիգորը շահից խնդրեց, որ այցելության գալով խղճա թագավորը և իրենց շնորհի իրենց գրքերը, որոնք հափշտակել տարել են։ Արքան այդ էլ շնորհեց նրանց, Գրիգորն ու իր ընկերները առան հրովարտակն ու իրենց գրքերը և ուրախությամբ գնացին գավառ իրենց ժողովրդի մոտ։

Այս պատճառով Շահ֊Աբաս թագավորը տուգանք դրեց քրիստոնյաների վրա՝ ասելով. «Որովհետև չհնազանդվեցին թագավորի հրամաններին, պետք է թագավորի դիվանին հազար թուման տուգանք տան։ Եվ իր երևելի, առաջակաիշխաններից Խոսրով սուլթան կոչված մեկին նշանակեց վերակացու, որ ժողովրդից առնի, հանձնի թագավորի գանձապահներին։ Խոսրով սուլթանը շատ զինվորներով եկավ, արեց ու կատարեց թագավորի հրամանները։

Եվ խեղճ քրիստոնյաները քրիստոնեական հավատի համար այս հազար թումանը և այն պարտքը, որ Գրիգորն ու իր ընկերները Սպահանում արին, և այլ եղած ծախքեր՝ բոլորը վճարելով հատուցեցին ու դարձան հույժ աղքատ ու չքավոր, բայց մնալով Քրիստոսի հավատին՝ ուրախ են և գոհանում են տեր աստծուց։

Իսկ այս Գրիգորը օրավուր զորանում էր հավատի ու բարեգործությունների մեջ. նաև ուրիշներին էր հաստատուն պահում Քրիստոսի հավատի վրա և նախանձախնդիր էր քրիստոնեական կրոնին։ Սրան նախանձեցին արյունարբու մահմեդականները և մահվան զրպարտանք բարդեցին Գրիգորի վրա, քանզի իրենց ժողովրդից մի մահմեդականի իրենք սպանեցին, ծածուկ տարան գցեցին Գրիգորի արտը։ Եկան դատախազները, սուտ վկաներ բերին կանգնեցրին, թե Գրիգորն է սպանել այս մեռյալին։ Եվ առան տարան իրենց անիրավունք դատարանը դատավորների առջև։ Սրա վերաբերյալ վճիռ կտրեցին, թե որովհետև սա է այդ արել, կամ պետք է (հավատը) ուրանա, կամ սպանվի։ Եվ այս զրպարտությամբ դատապարտելով՝ սպանեցին քրիստոսասեր Գրիգորին։ Նրա մասին շատերը վկայեցին, թե տերը փառավորեց նրան երկնքի լույսի երկնային հրաշքներով։ Նրան թող Քրիստոսը տա իր խոստացած արքայությունը, իսկ մեզ ևս ընդունի իր սրբերին մասնակից լինելու իր ողորմությամբ. ամե՛ն։