ԳԼՈՒԽ Ի
ՍԱՀԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱԿԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԳՈՐԾԵՑ ԸՆԴԴեՄ ԷՋՄԻԱԾՆԻ ՈԻ ՄՈՎՍեՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Սահակ կաթողիկոսի օսմանցի տերության երկիրը փախչելուց հետո պարսից թագավոր Շահ-Աբասը մեռավ, որը հարյուր թուման տուգանքը դրել էր կաթողիկոսների վրա: Շահ-Աբասի փոխարեն թագավոր դարձավ նրա թոռ Շահսեֆին:

Իսկ ողջ հայոց ազգը՝ արևելցիները և արևմուտքցիները, մշտապես հեծում էր, երկնում, հոգոց հանում հարյուր թուման տուգանքի համար, որ անտեղի դրվեց աթոռի վրա, անմխիթար սուգ ու անփարատ տրտմություն էր պատել բոլորին. միահամուռ տրտմությամբ համակված տարակուսանքի մեջ էին, և որքան մտածում էին, չէին կարողանում գտնել, թե ինչ հնարքով վերցնեն այսպիսի ծանր ու հաստ լուծը աթոռի պարանոցից։ Եվ աստծու խնամքով այդ ժամանակ, երը թագավոր դարձավ Շահսեֆին, գտան։ Քանզի նոր թագավոր էր ու հասակով մանուկ, իսկ բոլոր նախարարներն ու իշխանները, որոնք նրա արքունիքում էին, ճանաչում էին քրիստոնյաների երևելի մարդկանց, մանավանդ խոջա Նազարին, որը բոլորից ավելի նախապատիվ էր։ Այս խոջա Նաղարը Սպահանից գրում է Մովսես վարդապետին և սուրհանդակի միջոցով հասցնում է նրան, որ այն ժամանակ Սուրբ էջմիածնում էր, շտապ գալ արքայի պալատ, որպեսզի գուցե միջոց գտնեն վերացնելու հարյուր թուման տուգանքը։

Այդ Ժամանակ Մովսես վարդապետը աճապարեց, հասավ Սպահան և խոջա Նազարի միջնորդությամբ, շատ դրամ ծախսելով ու մեծ ջանքով հազիվ կարողացավ վերացնել հարյուր թուման տուգանքը, որ իբրև ծանր բեռ ընկավ կաթողիկոսարանի վրա։ Շահսեֆին հրամայեց և թուղթ տվեց, թե հարյուր թուման տուգանքը զիջեցի։

Սրանից հետո քրիստոնյաները [հայերը] Շահսեֆի թագավորից խնդրեցին հրաման Մովսես վարդապետի կաթողիկոսության համար, իսկ շահը հրաման ու թուղթ տվեց Մովսես վարդապետի կաթողիկոսության։ Ապա հայոց ողջ ազգը, որ ապրում էր արևելքում ու արևմուտքում, միաբանվեց գրությամբ ու խոսքով, Մովսես վարդապետին օծեցին կաթողիկոս և նստեցրին Էջմիածնի Սուրբ աթոռին։

Իսկ չար սատանան Մովսես վարդապետի կաթողիկոսությունը ծանր նստեցրեց Սահակ կաթողիկոսի սրտին, որ իր մտքում համարում էր, թե Մովսեսը առանց իրավունքի ինչ-որ հնարքով աթոռը և կաթողիկոսությունը հանել է նրա ձեռքից՝ իրեն կորզելով ընդունել է երկուսն էլ: Եվ մշտապես նախանձ ունենալով իր սրտում՝ սկսեց քինախնդիր լինել։

Իսկ Մովսես վարդապետը, որ կաթողիկոս դարձավ, ուներ միաբաններ ու բազմաթիվ աշակերտներ։ Սուրբ Էջմիածնի նորոգության համար, որ նոր էր սկսել, իր աշակերտներին ուղարկեց նվիրակության [միջոցներ հավաքելու], որպեսզի բերեն իբրև օժանդակություն Սուրբ աթոռ Էջմիածնի նորոգման։ Եվ Փիլիպոս վարդապետը, որ Մովսեսի աշակերտներից մեկն էր, սրա հրամանով նվիրակության գնաց Կարին, Բաղեշ, Վան։ Մինչ Փիլիպոս վարդապետը Վան քաղաքում էր, այնտեղ գտնվեց նաև Սահակ կաթողիկոսը, որ շրջագայում էր այստեղ-այնտեղ։ Եվ դեռ նոր էր դրվել գործի հակառակության սկիզբը, և Փիլիսոփա վարդապետը և Վան քաղաքում եղող երևելի անձեր՝ խաներից խոջա Ամիրխանը, խոջա Թումեն, խոջա Շիրաքը, խոջա Միրաքը, խոջա Փոլատը, խոջա Սարուխանը և ուրիշ շատերը ասացին Սահակ կաթողիկոսին, որ հակառակությունն ու խռովությունը թողնի և այլազգիների դռները դեգերելով չցրի քրիստոնյաների միջոցները։ Փիլիպոս վարդապետը հարուստների համակամությամբ միաբան հանձն առան, որ Սուրբ Էջմիածնից տարեկան երեք հարյուր ղուռուշ ամեն տարի անխափան տան Սահակ կաթողիկոսին իր կարիքների համար ծախսելու, որքան որ սա կենդանի է։ Եվ Ղուռուբաշի վանքը իր եկամուտներով տվին նրան, որպեսզի այնտեղ խաղաղության մեջ նստած մնա։ Եվ թեպետ Փիլիպոս վարդապետն ու խոջաները շատ օրեր բազմիցս խոսեցին խաղաղությունից, բայց Սահակ կաթողիկոսը չհաճեց և ետ չկանգնեց իր չար դիտավորություններից, մտքերից, այլ գնաց վեզիրի պալատը իր սրտի խորհուրդը կատարելու։

Մինչ Սահակ կաթողիկոսը շրջում էր օսմանցիների իշխանության տակ գտնվող հայերի մեջ՝ այստեղ-այնտեղ, երկրներ ու քաղաքներ, վարդապետներից, եպիսկոպոսներից որոշ մարդիկ գտավ իր խորհուրդներին կամակից, որոնցից մեկն էր Պողոս անունով ոմն վարդապետ, որ Սսի[1] կաթողիկոսարանից էր՝ Սսի Հովհաննես կաթողիկոսի եղբորորդին։ Թեև շատերը կային չար խորհրդին համախոհ, բայց չար գործը կատարողները սրանք երկուսն էին՝ Սահակ կաթողիկոսն ու Պողոս վարդապետը։

Եվ Պողոս վարդապետը գնաց մեծ քաղաք Կոստանդնուպոլիս Զաքարիա վարդապետի մոտ, որ Վասպուրական երկրից էր և այդ ժամանակ Կոստանդուպոլսում ապրող հայ Ժողովդի առաջնորդն էր, որ պատրիարքության անունով, թագավորական հրամանագրով ու հրամանով Կոստանդնուպոլսում նստած էր իբրև առաջնորդ։ Սա Մովսես կաթողիկոսին խիստ հակառակ էր, իսկ Սահակ կաթողիկոսին ձեռք մեկնող ու օգնական։ Այս պատճառով խնդրագիր գրեց և ներկայացրեց սուլթան Մուրադին, որ այդ օրերում Կոստանդնուպոլսում էր. «Մեր՝ հայ քրիստոնյաներիս խնդրանքը թագավորից այն է, որ Սահակ կաթողիկոսին շնորհի կաթողիկոսության հրաման, որպեսզի մեր օրենքով հովվի այն քրիստոնյաներին, որ ազգով հայ են և որ գտնվում են օսմանցիների ինքնակալ թագավորությանդ իշխանության ներքո»։ Եվ թագավորը հրաման ու թուղթ տվեց Սահակի կաթողիկոսությանը, ինչպես որ խնդրեց Զաքարիա վարդապետը։ Իշխանության այս թուղթը Զաքարիա վարդապետը հանձնեց Պողոս վարդապետին և ուղարկեց Սահակ կաթողիկոսի մոտ և պատվիրեց՝ չթուլանալ և ետ չկանգնել չար դիտավորություններից, այլ ջանալ և աշխատել մինչև վերջ: Եվ այն ժամանակ, երբ Զաքարիա վարդապետը այս թուղթը պոկեց թագավորից, այնտեղ թագավորի մոտ չէր թագավորի մեծ վեզիր Խոսրով փաշան՝ մի շատ խելոք և խրոխտ իշխան։ Վեզիրը բնավ տեղյակ էր այս գործից։ Ինչպես ամենքին հայտնի է, օսմանցիները կարգ ու դրվածք ունեն, որ ազգերի, ցեղերի, իշխանների, պետերի, կողմնապետերի, կուսակալների բոլոր գործերը վեզիրն է հոգում, տալիս է և առնում, որի համար էլ նշանակված է։ Բայց սրանք զանց արին վեզիրին և, թագավորի մոտ գնալով, կաթողիկոսության հրամանը ձեռք բերին։ Այդ թղթով Սահակ կաթողիկոսն ու Պողոս վարդապետը գնացին Տիգրանակերտ քաղաքը, որ Ամիդն է, մեծ վեզիր Խոսրով Փաշայի մոտ, որպեսզի նրանից էլ կաթողիկուսության հրաման ու թուղթ առնեն։

Իսկ Ամիդ քաղաքում բնակվող հայազգի բարեմիտ քրիստոնյաները, որոնցից էին խոջա Երեմիան, խոջա Մախսուղը, վանեցի խոջա Ռոհիջանը, որ այս վեզիրի մուշտակագործների պետը, հավատարիմն ու նրա առջևի հավատարիմ ու հաճելի սպասավորն էր, նաև Բարսեղ վարդապետը, որ նույն քաղաքի առաջնորդն էր և Սուրբ Էշմիածնի և Մովսես կաթողիկոսի բարեկամը, քանզի սա էլ Սրապիոն կաթողիկոսի աշակերտներից էր, որի մասին հիշատակեցինք Սրապիոնի մասին գլխում, և այլ շատ հարուստներ ու վարդապետներ հավաքեցին Ամիդ քաղաքում Սուրբ Էջմիածնի կողմից և ջանացին խափանել Սահակ կաթողիկոսի չար դիտավորությունը։

Որովհետև Սահակ կաթողիկոսը և իր բոլոր համախոհները իրենց մեջ սահմանել էին, թե Սահակ կաթողիկոսը վեզիրից առնի կաթողիկոսական իշխանությունը, գնա Մշո Սուրբ Կարապետ իր աթոռը հաստատելով այնտեղ նստի և այնտեղ օրհնի մեռոն և այնտեղից ուղարկելով բաժանի այն հայերի մեջ, որոնք գտնվում են օսմանցիների իշխանության ներքո, և Սուրբ Էջմիածնի վաղեմի սահմանված թեմն ու վիճակը շորթի իրեն, թագավորական իշխանության բռնի ուժի միջոցով գցի իր իշխանության տակ, խափանի Սուրբ աթոռ Էջմիածնի նվիրակությունն ու իշխանությունը։

Իսկ բոլոր քրիստոնյաները՝ եկեղեցականներ, թե աշխարհականներ, շատ օրեր գնում էին Սահակ կաթողիկոսի մոտ աղաչում էին ու խնդրում, թե հայոց տառապյալ ազգը մի գցիր այլազգի բռնավորների և մարդադեմ գազանների բերանը: Սահակ կաթողիկոսին խոստացան, թե քաղաքներից կամ վանքերից, որն էլ կամենա, իրեն լինի թեմերով ու վիճակներով, քանի կենդանի է ինքը. և էջմիածնի նվիրակ չի մտնի այնտեղ, այլև սրա հետ միշտ և ամեն տարի Էջմիածնում նստող տարեկան հինգ հարյուր ղուռուշ տա Սահակ կաթողիկոսին իր օրվա ծախսերի համար։ Արդ՝ այսպես և այս օրինակով բազում ու շատ անգամ ջանք թափեցին և Սահակ կաթողիկոսին ու Պողոս վարդապետին հորդորեցին խաղաղության, բայց նրանք չհամաձայնվեցին։

Եվ Մովսես կաթողիկոսը, որ էջմիածնում էր, և փիլիպոս վարդապետը, որ տակավին Վանում էր, սրանք էլ յուրաքանչյուրը իր տեղից հորդորական թուղթ դրեց Սահակ կաթողիկոսին որ երևելի մարդկանց միջոցով ուղարկեցին, որ դադարեցնի խռովիչ գործը։ Նաև նամակ դրեցին նրանց բարեկամներին, որպեսզի սրանք համոզեն Սահակին՝ գա խաղաղության, իրենք կկատարեն նրա կամքը, ինչ որ պահանջի՝ իսկ Սահակ կաթողիկոսը և Պողոս վարդապետը բնավ չասացին, այլ իրենց կողմից խնդրագիր գրեցին և Ցաղուր փաշայի միջնորդությամբ հասցրին վեզիրի ձեռքը, իսկ խնդրագրի բովանդակությունը հետևյալն էր. «Հայտնի լինի մեծ ու անպարտելի տերության հղորիդ, խնդրում ենք, որպեսզի շնորհես մեզ հայոց ազգի կաթողիկոսական իշխանությունը։ Եթե այս բանը հաճո լինի վեհիդ, և մեզ արժանացնես այս սպասավորությանը մենք արքունի գանձարանին տարեցտարի յուրաքանչյուր տարում կտանք տաս հազար ղուռուշ, որ տարի առ տարի կտանք»։ նաև՝ այս գործի համար թագավորից նույնպես հրամանագիր խնդրեցինք և նա պարգևեց, որն ահավասիկ ունենք մեզ մոտ։ Եվ այդ քո մեծությունից ևս խնդրո ւմ ենք, որպեսզի մեր գործը քո հովանավորությամբ հաստատուն լինի»։ Այս խնդրագիրը Ցաղուբ փաշան ներկայացրեց վեզիրին, վեզիրը կարդաց, մտքով համաձայնվեց, բայց խոսքով ոչինչ չասաց։ Մի այլ օր այն մարդիկ, որ Էջմիածնի կողմից էին, նույնպես խնդրագիր գրեցին և մի պատշաճ ժամի ներկայացրին վեզիրին. խնդրագրի բովանդակությունը հետևյալն էր. խնդրում ենք հզորիդ աշխարհաշեն ու խաղաղասեր տերությունից, որպեսզի մեր աղքատ ու տառապյալ ժողովուրդը չմատնես դրանց ձեռքը, որովհետև դրանք իրենց փառամոլության ու ագահության համար խեղճ հպատակների կենթարկեն ծանր հարկի, որ ժողովրդի համար ծանր տուգանք է, իսկ գործողների համար՝ մեղք»: Այս խնդրագիրը ընթերցումից հետո խնդրագիրը ներկայացնող մարդկանց պատասխանել է. «Անխելք հայեր, ինչպես նրանց չտամ կաթողիկոսությունը, քանի որ նրանք տարեկան տասը հազար ղուռուհ են ավելացնում թագավորի գանձարանին»։ Իսկ խոջա Ռահիջանը, որ իր հավատարմության շնորհիվ համարձակություն ուներ վեզիրի առջև, վեզիրին ասաց. «Փառավոր տեր իմ, եթե Հայոց խեղճ ու տառապյալ ժողովուրդը դրամի համար վտճառում ես նրանց, ինձ վաճառիր, իսկ ես ոչ թե տասը հազար ղուռուշ, այլ քսան հազար ղուռուշ կտամ»։

Եվ ամենաթագավոր աստված, որ ըստ Սողոմոնի ձեռքում է պահում բոլոր թագավորների ու իշխանների սրտերը, Ռուհիջանի խոսքի վրա բացեց վեզիրի մտքի տեսողությունը. նա կրկին հարցում արեց, իսկ խոջա Ռուհիջանը ամեն ինչ, որ պատշաճ էր հաղորդելու, այնտեղ ասաց վեզիրի սիրտը քեզ գցելու համար, այն ևս հիշեցրեց նրան, թե օսմանական ազգի բոլոր պետերը և իշխանները, կողմնակալներն ու կուսակալները խոնարհվում են քո իշխանության առաջ, քեզ մոտ են գալիս պատիվ ու իշխանություն խնդրելու և առնելու, իսկ սրանք քեզ զանց անելով գնացել են թագավորի մոտ կաթողիկոսական իշխանություն են ստացել: Ամբողջ խոսակցությունը ավարտվելուց հետո, խոջաները՝ վեզիրի կողմից արձակվեցին և հեռացան։

Եվ այն օրը, երբ վեզիրը բազմախումբ հանդեսով ատյան նստեց դատ անելու, Յաջուբ փաշան, որ Սահակ կաթողիկոսի գործի միջնորդն ու կարգավորողն էր, Սահակ կաթողիկոսին ու Պողոս վարդապետին հանդես բերեց և ներկայացրեց վեզիրին։

Նույն հանդեսին եկան նաև այն մարդիկ, որ էջմիածնի կողմից էին. դրանք շատ էին, որոնց գլխավորներն էին խոջա Երեմիան, խոջա Մախսուդը, խոջա Ռուհիջանը և Բարսեղ վարդապետը։ Վեզիրը սկսեց խոսել դիմելով Սահակ կաթողիկոսին ու Պողոս վարդապետին, ասաց. «Ի՞նչ է ձեր ցանկությունը, ով մարդիկ, որ դեգերում եք իշխանության դռները»։ Սահակը պատասխանեց. «այն, ինչ խնդրագրով ներկայացրինք մեր տիրոջը»։ Վեզիրը հրամայեց խնդրագիրը կարդալ, որի մեջ դրված էր, թե՝ «Թաղավորից կաթողիկոսության հրաման ստացանք և այժմ քեզնից էլ ենք խնդրում»։ Վեզիրը Սահակին հարցրեց, թե «Իրո՞ք թագավորից կաթողիկոսության թուղթ եք ստացել»։ Նա ասաց. «Այո, մոտեցանք թագավորին և հրամանն ստացանք»։ Վեզիրն ասաց. «Դուք ո՞ր օրը հայտնեցիք ձեր որպիսությունը, իսկ մենք անտես արինք ու չկատարեցինք ձեր խնդրանքը, որ մեզ զանց արիք, գնացիք թագավորի մոտ նրա գլուխը տանելու»։ Նույն ժամին վեզիրը հրամայեց իր մոտ գտնվող սպասավորներին ու դահիճներին՝ Սահակ կաթողիկոսին ու Պողոս վարդապետին դնել գելարան և բրածեծել. այնքան ծեծել, մինչև կամ իրենց հավատից դառնան մահմեդի անօրեն կրոնին, կամ փայտի տակ մեռնեն։ Իսկ վեզիրի սպասավորները անմիջապես հրամանը կատարեցին։ Սահակ կաթողիկոսին ու Պողոս վարդապետին դրին գելարան և երկու կողմից կանգնած մարդիկ հաստ բրերով սկսեցին անողորմ ծեծել։ Միշտ ծեծում ու միշտ ասում էին. «Այժմ դարձեք ձեր մոլար հավատից և ընդունեցեք մեր ճշմարիտ հավատը, կազատվեք տանջանքներից ու դառը մահվանից, իսկ թե ոչ, չենք դադարի ծեծելուց մինչև ձեր մահը»։

Եվ երբ Սահակ կաթողիկոսն ու Պողոս վարդապետը մատնվեցին ծեծի հարվածներին, իսկ զինվորները անխղճորեն և ուժգին ծեծում՝ էին, որ գուցե տանջանքների ցավից դառնան իրենց հավատից, այդ ժամանակ խոջա Երեմիան և իր ընկերները [մտածեցին] որ մի գուցե չկարողանան դիմանալ տանջանքներին, դառնան հավատից և դա դառնա նրանց համար խղճի տանջանք և հայոց ազգին մեծ ամոթ ու նախատինք, անմիջապես նույն խոջաները այստեղ-այնտեղ գնացին վեզիրի վերադաս իշխանների մոտ և խոստացան նրանց շատ փող, որպեսզի բարեխոսեն վեզիրի առջև Սահակ կաթողիկոսի և Պողոս վարդապետի փրկության համար։ Իշխանները ըստ պատշաճի բարեխոսեցին վեզիրի առջև, որով իջավ վեզիրի բարկությունը, և հրամայեց արձակել տանջանքներից և դիվանի դռնից հեռացնել։ Զինվորները արձակելուց հետո ծեծելով ու թակելով նրանց գլուխները՝ հանդեսից արտաքսեցին։

Երբ այսպես վերջացավ Սահակ կաթողիկոսի Ա Պետրոս վարդապետի գործը, նրանց վրա իջավ ամոթ ու պատկառանք, գլուխները կախ գցեցին, այլևս չէին կարողանում նայել քրիտոնյաների երեսներին, ամոթից չէին համարձակվում շրջել մարդկանց մեջ։

Ապա Պողոս վարդապետը գնաց մեծ քաղաք Կոստանդնուպոլիս, այնտեղից Ուռումելի[Ն 1] և այնտեղից՝ Լեհաստան: Որոշ ժամանակ [այնտեղ] մնալով վախճանվեց ու այնտեղ թաղվեց։ Նույնպես էլ Սահակ կաթողիկոսը. քիչ-քիչ գնալով հասավ Կարինի գավառը, այնտեղից գնաց Վրաստան, այնտեղից Արարատյան գավառը և Սուրբ Էջմիածին. մնաց այնտեղ Էջմիածնի Սուրբ աթոռում։

Մարդկային ցավակիր բնույթի համաձայն Սահակ կաթողիկոսի ոտքերին ցավ պատահեց. օրավուր ցավը ավելացավ, որի պատճառով նրա երկու ոտքերն էլ ուռան. օրավուր ուռուցքը ավելացավ, հասավ մինչև փորը և շատ օրեր այդպես մնաց։ Հիվանդությունը խիստ ցավեցնում էր նրան ու շատ տանջում:

Իսկ ցավի նեղությունից մի օր Սահակ կաթողիկոսը խընդրեց իրեն վերցնել, տանել Էջմիածնի սուրբ տաճարը, և ընկնելով Քրիստոսի իջման տեղի վրա, որտեղ Քրիստոսը իջել է, և շատ հառաչանքներով փղձկացող սրտով, հորդաբուխ արցունքներով և ցավագին մարմնով դեմքը գետնին փարելով երկար ժամեր դառնապես լաց եղավ, իսկ արտասուքների հետ պաղատագին խոսքերով ասաց. «Ով տեր իմ և աստված Հիսուս Քրիստոս, քո դատապարտված ծառան եմ և մեղավոր եմ հոգով ու մարմնով։ Եթե քեզ հաճելի է, որ ես կենդանի մնամ, շուտափույթ փրկիր ինձ այս ցավերից և ինձ առողջություն տուր։ Իսկ եթե քեզ հաճելի է, որ ես մեռնեմ, շուտափույթ ինձ մահ տուր, որպեսզի հանգստանամ ցավերիս տանջանքներից»: Եվ այնտեղ միևնույն տեղում, եկեղեցու մեջ կանչել է իր մոտ մի ծեր եպիսկոպոս և խոստովանել իր մեղքերի բոլոր հանցանքները և հավատով ու հույսով հաղորդվել աստվածորդու պատվական մարմնից ու արյունից: Ապա վերցրին տարան այն տունը, որտեղ մնում էր հիվանդ։ Այդ նույն գիշեր մահ է հասնում նրան, ավանդում է հոգին, ավարտում իր կյանքը և հանգստանում ցավի տառապանքներից ըստ իր խնդրանքի, նրա վրա կատարելով թաղման կարգը՝ տարան թաղեցին սուրբ շիրիմների մոտ։

Արդ՝ Սահակ կաթողիկոսի և Պողոս վարդապետի վերջը այսպես եղավ, որոնց տեր Քրիստոսը ողորմելով թող ների իր անսահման մարդասիրությամբ, ամեն:

Նշումներ
  1. Այդպես էր կոչվում Թուրքիայի եվրոպական մասը
Ծանոթագրություններ
  1. Կիլիկիայի հայոց մայրաքաղաքն է եղել Սիսը, որտեղ նստում էր նաև հայոց կաթողիկոսը, ուստի կոչվոմ էր կաթողիկոս Սսի։