ԳԼՈՒԽ ԻԱ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԵԳՈՐԾ ՄԱՐԴԿԱՆՑ՝ ՍԱՐԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՎ ՏԵՐ ԿԻՐԱԿՈՍԻ, ՈՐՈՆՔ ԵՂԱՆ ԱՆԱՊԱՏՆԵՐ ՇԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂՆԵՐ ԴՐԱՆՈՎ ԷԼ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱՆ ՎԱՆՔԵՐԻ, ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՐԱՆՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ

Այս Սարգիս եպիսկոպոսը Արարատյան երկրից էր, Ամբերդի[1] գավառից, որ Արագածոտն է, այն գյուղից, որ կոչվում է Հարենի մերձ Կարբի[2] գյուղին, իսկ այժմ ավերակ է ու անմարդաբնակ, բայց մեր հայրերի ժամանակ այս Հարենի գյուղը շեն էր, որտեղից էր հիշյալ Սարգիս եպիսկոպոսը։ Սա եկավ բնակվեց Սաղմոսավանքի[3] մեծափառ միաբանության մեջ, ելավ սպասավոր բազմաժողով սրբություններին, որ կան այնտեղ և որոշ տարիներ անց դարձավ նույն վանքի առաջնորդ։

Բայց այս վանքին մոտիկ կար մի փոքրիկ գյուղ, որտեղից մի քրիստոնյա [հայ] մարդ որսորդ լինելով օրեր շարունակ շրջում էր լեռները՝ որսալու վայրի երեներ։ Այնպես եղավ, որ այս մարդը օրերից մի օր որսի համար գնաց Արագած մեծ լեռը։ Լեռան գագաթին շրջելիս հանդիպեց ոմն ճգնավորի, որ քարերի խոռոչում նստած էր ծնկած՝ գլխին ունենալով վեղար, վրան՝ փիլոն: Մոտ եկավ, որ ստույգ տեսնի, թե ինչ է այն, տեսավ, որ իրոք մարդ էր. մեռած էր և այդպես նստած, բայց մարմինն անապական։ Այս տեսիլքից սույն որսորդ մարդու սիրտը երկյուղ ու սոսկում ընկավ։ Այլևս չկարողացավ մնալ այդ տեղում, այլ դառալով եկավ իր տունը։ Գալով Սաղմոսավանք՝ ամենքին պատմեց ճգնավորի հանգումի մասին, որ հանդիպեց նրան լեռան կատարին։ Երբ Սարգիս եպիսկոսպոսը լսեց, ստուգելով վերահասու եղավ, թե որտեղ է:

Մի օր Սարգիս եպիսկոպոսը իրեն հանձնելով աստծուն, հուսալով աստծու առաջնորդության վրա, ելավ գնաց Արագած լեռը և այստեղ֊այնտեղ երեք օր շրջելով գտավ վախճանված ճգնավորին և մեծ փափագով ու ջերմեռանդ սիրով համբուրում էր նրա ձեռքերն ու ոտքերը։ Շատ արտասուք թափելուց հետո նրան ամփոփելով թաղեց նույն հագուստով, վերադարձավ, եկավ վանքը։

Սարգիս եպիսկոպոսի զղջումի և աշխարհից հրաժարվելու պատճառը սա եղավ. նրա սրտի ցանկություններին տաղտկալի թվաց այս աշխարհի ստապատիր, դատարկ, խենեշ ու խաբուսիկ վայելչությունը։ Այն օրից և հետագայում Սարգիս եպիսկոպոսը ձգտում էր հեռանալ աշխարհից և հետևել առաքինական վարքի լուսաշավիղ երկնագնաց ճանապարհին։ Բայց այն ժամանակ անապատ կամ կրոնական վարքի կարգերը իմացող չկար, վրա եկող բազմաթիվ ավազակների, թշնամիների և հայոց աշխարհի վերիվայրումների, ավերանքների պատճառով։ Ամենևին բնաջնջվել էին և վերացել առաքինի գործերի և բարի կարգերի նշույլն ու նշմարանքը հայոց աշխարհից։ Եվ մինչդեռ Սարգիս եպիսկոպոսը այս վարանումի մեջ էր, մտադրվեց գնալ սուրբ քաղաք Երուսաղեմ երկրպագության մեր Քրիստոս աստծու մարդեղության. և ելավ, գնաց Երուսաղեմ։

Սույն ժամանակ գտնվեց ևս մի մարդ տեր Կիրակոս անունով, որ կամքով ու հոժարությամբ նման էր Սարգիս եպիսկոպոսին։ Այս տեր Կիրակոսը Տրապիզոն քաղաքից էր։ Սա մտավ աշխարհիկ կարգ, բայց չվայելեց, որովհետև քիչ օրեր անց վախճանվեց նրա կինը, իսկ ինքը մնաց որպես ողջախոհ տատրակ և միշտ մտածում էր աստծու պատվիրանների մասին և անձանձիր կարդում էր աստվածային գրքերը [Աստվածաշունչը], մտքում պահում նրանց պատգամները և ջանքով ու աշխատանքով իրեն վարժում էր ըստ Աստվածաշնչի պատգամների ապրել։ Այս նույն ժամանակ նման մտքերով տարված տեր Կիրակոսը ոմանցից լսեց Սարգիս եպիսկոպոսի մասին, թե նա ևս զղջացել է աշխարհիկ կյանքի համար, կամենում է հրաժարվել և հետևել առաքինի կյանքի։ Սրա համար տեր Կիրակոսը ելավ Տրապիզոնից, եկավ Արարատյան երկիրը՝ Սաղմոսավանք, Սարգիս եպիսկոպոսին ընկերակցելու, բայց նրան տեսնել չկարողացավ, որովհետև գնացել էր Երուսաղեմ։ Այս պատճառով սա ևս մտադրվեց գնալ Երուսաղեմ։ Սաղմոսավանքից դառնալով եկավ Տրապիզոն, վաճառեց իր ողջ ունեցվածքը, որոշ մաս տվեց աղքատներին, տունն ու հողերը հանձնեց Տրապիզոնի եկեղեցուն, մի մասը վերցրեց իր հետ իբրև ճանապարհի ծախս և ելավ գնաց Երուսաղեմ։ Եվ սրանք երկուսն էլ՝ Սարգիս եպիսկոպոսն ու տեր Կիրակոսը հանդիպեցին միմյանց։ Մի քանի օր միասին ապրելուց հետո, իրար գտան միևնույն դիտավորությամբ, միևնույն ցանկությամբ, միևնույն ցավով հիվանդացած։ Եվ այդ օրից միակամ, միաբան, միախորհուրդ լինելով [որոշեցին], հետագայում ևս միասին ապրել։

Բայց որոնում էին խաղաղ, պատշաճավոր անապատի տեղ՝ հեռու աշխարհային պղտորումներից։ Եվ լսելով իմացող մարդկանցից, թե այդպիսի տեղեր շատ կան Հայաստանի արևելյան մասում, մանավանդ Սյունյաց երկրում. հին ժամանակներից անապատ է եղել այդ երկրում, որի տեղերը այժմ էլ երևում են։ Եվ երբ ստուգեցին ասվածը, Երուսաղեմից ելան հոժարությամբ դիմեցին ու եկան արևելյան աշխարհը՝ Սյունյաց երկիրը և հասան Ստաթե[4] առաքյալի մեծափառ ուխտը, որ այժմ կոչվում է Տաթևի վանք։ Կարճ ժամանակ այնտեղ մնալով, գնացին այնտեղ, որ անվանվում էր Ձորո վանք՝ ասվում է նաև Ցրվանց[5]։ Կարճ ժամանակ անց այդտեղից գնացին այն տեղը, որ անվանվում է Թանահատի վանք[6]։ Այնտեղից ևս դուրս գալով՝ որոնում էին առավել խաղաղ, անպղտորիչ և ապահով վայր, մինչև որ գտան տեղը, որտեղ այժմ շինված կա մեծ անապատը։ Այնտեղ շինեցին եկեղեցի, անապատին ու մենակյացին պատշաճ խավար ու մթին փոքրիկ խցեր, ինչպես ցույց են տալիս «Հարանց վարքի»[7] և այլ ճգնավորների գրքերը, խավար ու մթին ավելի փոքր խցեր և սկսեցին տեղավորվել այնտեղ։

Իսկ տերերի տերը և աստծո աստված, որ միշտ բարին է կամենում, առաջ էր տանում, հաջողում և ուղղում էր նրանց գործերը, ինքը թիկունք ու օգնական էր լինում, որովհետև նրանց բարի համբավը լսելով՝ շատերը եկան և միացան նրանց, ելավ Տրապիզոնից, եկավ Արարատյան երկիրը՝ Սաղմոսավանք, Սարգիս եպիսկոպոսին ընկերակցելու, բայց նրան տեսնել չկարողացավ, որովհետև գնացել էր Երուսաղեմ։ Այս պատճառով սա ևս մտադրվեց գնալ Երուսաղեմ։ Սաղմոսավանքից դառնալով եկավ Տրապիզոն, վաճառեց իր ողջ ունեցվածքը, որոշ մաս տվեց աղքատներին, տունն ու հողերը հանձնեց Տրապիզոնի եկեղեցուն, մի մասը վերցրեց իր հետ իբրև ճանապարհի ծախս և ելավ գնաց Երուսաղեմ։ Եվ սրանք երկուսն էլ՝ Սարգիս եպիսկոպոսն ու տեր Կիրակոսը հանդիպեցին միմյանց։ Մի քանի օր միասին ապրելուց հետո, իրար գտան միևնույն դիտավորությամբ, միևնույն ցանկությամբ, միևնույն ցավով հիվանդացած։ Եվ այդ օրից միակամ, միաբան, միախորհուրդ լինելով [որոշեցին], հետագայում ևս միասին ապրել։

Բայց որոնում էին խաղաղ, պատշաճավոր անապատի տեղ՝ հեռու աշխարհային պղտորումներից։ Եվ լսելով իմացող մարդկանցից, թե այդպիսի տեղեր շատ կան Հայաստանի արևելյան մասում, մանավանդ Սյունյաց երկրում. հին ժամանակներից անապատ է եղել այդ երկրում, որի տեղերը այժմ էլ երևում են։ Եվ երբ ստուգեցին ասվածը, Երուսաղեմից ելան հոժարությամբ դիմեցին ու եկան արևելյան աշխարհը՝ Սյունյաց երկիրը և հասան Ստաթե առաքյալի մեծափառ ուխտը, որ այժմ կոչվում է Տաթևի վանք։ Կարճ ժամանակ այնտեղ մնալով, գնացին այնտեղ, որ անվանվում էր Ձորո վանք՝ ասվում է նաև Ցրվանց։ Կարճ ժամանակ անց այդտեղից գնացին այն տեղը, որ անվանվում է Թանահատի վանք։ Այնտեղից ևս դուրս գալով՝ որոնում էին առավել խաղաղ, անպղտորիչ և ապահով վայր, մինչև որ գտան տեղը, որտեղ այժմ շինված կա մեծ անապատը։ Այնտեղ շինեցին եկեղեցի, անապատին ու մենակյացին պատշաճ խավար ու մթին փոքրիկ խցեր, ինչպես ցույց են տալիս «Հարանց վարքի» և այլ ճգնավորների գրքերը, խավար ու մթին ավելի փոքր խցեր և սկսեցին տեղավորվել այնտեղ։

Իսկ տերերի տերը և աստծո աստված, որ միշտ բարին է կամենում, առաջ էր տանում, հաջողում և ուղղում էր նրանց գործերը, ինքը թիկունք ու օգնական էր լինում, որովհետև նրանց բարի համբավը լսելով՝ շատերը եկան և միացան նրանց, եղան նրանց միաբան և տեղի բնակիչներ, ոչ միայն աշխարհական և աննշան մարդիկ, այլև եկեղեցականներ ու անվանի մարդիկ, վարդապետներ, եպիսկոպոսներ և քահանաներ։ Դրանցից էին Պողոս վարդապետ Մոկացին և Մովսես վարդապետ Սյունեցին, որ հետո եղավ կաթողիկոս, այս երկուսի պատմությունները և (գործերը) արդյունքները մի այլ գլխում երկար պատմելու ենք։ Նաև Ներսես վարղապետ Մոկացին, որ հետո գնաց Լիմ[8] կղզին և այնտեղ անապատ շինեց։ Նաև Տաթևի եպիսկոպոսը, որ հետո եղավ վարդապետ գնաց Շամախու գավառը այդ կողմերի ժողովրդին հովվելու և առաջնորդելու։ Եվ Կարապետ եպիսկոպոս Էջմիածնեցին, որ հետո գնաց Սևան կղզին, այնտեղ անապատ շինեց, որ մինչև այսօր հաստատուն գոյություն ունի, նաև շամբեցի[9] Արիստակես վարդապետը, որ հետո եղավ առաջնորդ նույն մեծ անապատի ու այնտեղ մնաց մինչև իր կյանքի վերջը է այնտեղ էլ թաղվեց։ Մյուս տեր Արիստակեսը, որ Բարկաշատ գավառից Էր, հետո գնաց Տանձափարախ[10] անվանված վայրը, այստեղ շինեց անապատ և մնաց մինչև իր կյանքի վերջը ու այնտեղ թաղվեց, անապատը կա հաստատուն մինչև այսօր։ Դավիթ եպիսկոպոսը, որ Շամքորի[11] ձորից Էր՝ իշխանական տոհմից, որին Ղարամանենց են կոչում․ սա ևս եկավ մնաց այս մեծ անապատում, ապա ելավ գնաց Շամքորի ձորը և այնտեղ շինեց անապատ, որ կոչում են Զարեքադետի անապատ, որ բազմահավաք միաբանների բնակություն է և շատ հաստատուն անապատի ամեն կարգերով ու դրվածքով մինչև այսօր. ինքը Դավիթ եպիսկոպոսը այնտեղ վախճանվեց ու այնտեղ թաղվեց։ Նաև ուրիշ բազում շատերը, որոնք այնտեղ մնացին և հանդյան ի տեր։ Իսկ ովքեր այլ տեղեր գնացին, շինեցին անապատներ ու վանքեր։

Քանզի իբրև մայր Սիոն, որի մասին Եսայի մարգարեն ասում Էր, թե՝ «օրենքները Սիոնից[12] են դուրս դալիս, իսկ տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից», սրանք երկուսն Էլ եղան այս անապատի սկզբնավորողները, իսկ այս անապատը եղավ բոլոր անապատների մայր ու ծնող և հայ ազգիս լուսավորության առիթ։

Որովհետև, ինչպես ասացի, Մոկացի Ներսես վարդապետը այստեղ վարժվելով սովորեց կրոնավորական վարքը և ելավ գնաց Վասպուրականի գավառը ու մտավ Լիմ կղզին ծովի մեջ, և այնտեղ նրա մոտ հավաքվեցին եղբայրների [միաբանների] բազմություններ, և եղավ հաստատուն անապատ մենակության զարքի բոլոր կարգերով ու օրենքներով։ Իսկ ինքը Ներսես վարդապետը այնտեղ մնաց կրոնավորի ժուժկալաթյամբ[13] կատարեց իր կյանքի ընթացքը առաքինի վարքով, այնտեղ վախճանվեց ու այնտեղ թաղվեց, իսկ նրա վախճանը եղավ մեր թվականի 1076 (1627) տարին։

Սրանից հետո տեղի առաջնորդությունը ստանձնեց նույնի ընկեր Ստեփանոս վարդապետը։ Նաև այս ժամանակ աճեցին Լիմ անապատի միաբանները։ Դրա համար ոմանք Լիմից ելնելով գնացին այտեղ, որ Կտուց[14] է կոչվում. սա ևս կղզի է միևնույն ծովում [Վանա], այնտեղ էլ շինեցին անապատ ու եղբայրանոց [միաբանություն], որ այժմ կա հաստատուն ամենայն կրոնավորական կարգերով։

Այստեղ-այնտեղ շինված կան նաև այլ մանր անապատներ, բայց մենք հիշատակեցինք նշանավորները, որ այս մեծ անապատից սովորած ու վարժված գնացին այլ տեղեր ևս հաստատեցին (անապատներ)։ Սրանց ամենքի սկիզբն ու պատճառը վերոհիշյալ երկու մարդիկ էին՝ Սարգիս եպիսկոպոսը և տեր Կիրակոսը։ Քանզի միանգամից ամրողջ սրտով մի կողմ լքեցին աշխարհը և մնաս բարով ասացին սրա (աշխարհի) բոլոր կենցաղային հոգսերին և իրենց դարձրին աշխարհի խաչյալներ, իսկ աշխարհը՝ իրենց խաչյսղ ըստ առաքյալի խրատի․ «Սրանով ինձ համար աշխարհը խաչ է ելել, և ես՝ աշխարհի»[Ն 1]։ Որովհետև գիշեր֊ցերեկ իրենց հոգիների սենյակի ընդունարանում էին կրում Քրիստոսին, որ ոչ միայն աղոթքի ժամին և եկեղեցում, այլև խցի մեջ երկար ժամանակ արգելում էին իրենց՝ պարապելով աղոթքներով, աստծու խոսակցություններով և Սուրբ գրքի ընթերցումով՝ անելով աղոթքը կերակուր, իսկ արտասուքը ըմպելիք։

Եվ սուրբ հոգին, որ աստծու խորքերի քննիչն[Ն 2] է և վերակացուն գրքերի իմաստների, նրանց մաքուր մտքերի առջև բացում էր գիտության դռները և խելամուտ էր դարձնում նրանց գրքերի շավիղներին, գրքերով լուսավորվեցին նրանք և լուսավորեցին մերձակայքը, նաև մեր հայոց ազգը։ Քանզի մինչև այս պահը տգիտությամբ խոպանացել ու կորդացել էր մեր հայոց ազգը, ոչ միայն չէին կարդում, այլև գրքեր չէին ճանաչում և չգիտեին գրքերի ուժն ու զորութունը, որովհետև մարդկանց աչքում դիրքը անպիտանացած էր և իբրև փայտի կոճղեր ընկած էր որևէ անկյուն պատված հողով ու մոխրով։ Եվ երբ սրանք մտան առաքինի գործերի ծառայության լծի տակ, սիրով կարդում էին գրքերը և ինքնակամ կրթում էին իրենց մտքերով, գործերով, կատարում էին խոսքով ընթերցվածը, որովհետև աներկրայելի մտքով հավատում էին գրքերի խոսքերին, թե աստծու պատգամներն են։ Եվ սրանք երկուսն էլ վերոհիշյալ մարդկանցով, որոնց անունները վարդապետների ու եպիսկոպոսների, հիշատակեցինք, սկսեցին ընթերցումից գրքերը ուսուցանելուց, վերստին նորոգել ու հարդարել անապատների, վանքերի ու ժամատեղերի [որ ժամին ինչ ասմունք կատարել] բոլոր բարի կարգերը սուրբ հոգու օգնությամբ և օժանդակությամբ, որ վերակացու է գրքերի խոր իմաստների, բանում։ Հայտնում, ծանոթացնում էր նրանց մտքի տեսողության առջև իմաստությունը, ուղիղ կարգերը, որին ձգտում էին։

Դրանով սահմանեցին, թե անապատականները պարտավոր են միայն մնալ և համբերել խցում և միտքն ու խորհուրդը հոգեկան ու մարմնական ամեն անմաքուր մտածումներից սուրբ պահել. թողնել իր կամքը և հնազանդ ու կատարող լինել առաջնորդի կամքին. ոչ ոքի սեփական ունեցվածք չպետք լինի, ամեն ինչ ընդհանուր պիտի լինի, իսկ առաջնորդը պետք է հոգա բոլոր եղբայրների կարիքները և բաշխի, ում որ պետք լինի, խցում ոչինչ չպետք է ունենալ և կամ ուտել, տարին միշտ պասով պետք է անցկացնել, բացի շաբաթ և կիրակի օրերից և տերունական տոն օրերից։ Ւսպառ պետք է հրաժարվել գինուց ու մսից և ամեն օր առավոտ և երեկո անխափան խոստովանել օրվա անցածներն ու մտածումները։ Ամեն շաբաթ ու կիրակի և տերունական օրեր գիշերը մինչև առավոտ պաշտամունքով անցկացնել, իսկ սույն օրերը անխափան պատարագ մատուցել։ Ընդհանրապես բոլորը՝ մեծ թե փոքր [պարտավոր են] միասին գալ մարմնավոր գործերի կանչին, մարմնավոր սեղանին և աղոթատեղին, յուրաքանչյուրին առանձին գնել մարմնավոր կերակուրը մեծից փոքր միաչափ, այդպես միաչափ մրգերի բաժանումը։

Նաև գրքերից գտան զգեստների որպիսությունն ու ձևը՝ քուսիթան, որ գլխի կնգուղն է, քառակուսին[Ն 3], սքեմը։ քուրձը, որ մաղից է՝ զգեստների տակ մերկ մարմնի վրա, առհասարակ բոլորի զգեստները ամբողջովին բրդից պետք է լինեն և ոչ բամբակեղեն, բրդից շապիկը պետք է արվի երկար պճեղավոր մինչև ոտքերը, իսղ գոտին կաշվից։ Սահմանեցին, որ յուրաքանչյուր ոք իր զգեստներով պետք է շրջի եթե մենակյաց է քուսիթայով և քառակուսուվ, եթե քահանա է փիլոնով, եթե աբեղա է՝ փիլոնով ու վեղարով։ Այս կրոնական զգեստը ամենևին անհետացել էր, իսկ այժմ սրանք գտան։ Իսկ վեղարն ու փիլոնը թեև կային, այլ միայն աղոթքի ժամին էին հագնում, աղատ ժամին դեն էին դնում և շրջում էին իբրև աշխարհականներ։

Նաև ժամատեղերի [որ Ժամին ինչ ասմունք կատարել] կարգը սահմանեցին, գիշերվա առաջին Ժամին պաշտամունքով կատարել կիրակնօրյա [ասմունքը] «յիշեսցուք այլովքն»-ի եղանակով, երկու կանոն սաղմոս, վերջում կանոնագլուխ[15] ձայնով, հանգստյան շարական, ավետարան պաշտամունք ննջեցյալների համար և օրհնություն ըստ օրվա խորհրդի [նշանակության] և սրանց վրա քաղվածքներ շարականներից, ձայնով Թագալորք [այն եգերը, որ «Ժամագրքում» սկսվում են՝ «Թագաւորք յաւիտեան»] և ալելուք։ Սրանցից հետո կարդալ Յասմավուրք[16], սրա վրա՝ շարական[17] ըստ ընթերցված գլխին պատշաճ, հետո երկու կանոն, նաև սաղմոս, սրա հետ «հարցն խրովք սարօքն» [եկեղեցական ասմունք, որ սկսվում է «օրհնեալ ես տէր Աստուած հարցն մերոց» տեր աստված մեր հայրերի, օրհնված ես]։ Հարցն շարականից հետո գալիս են Մեծացուսցէ, Ողորմեայն և Տեր երկնից շարականները որոնք Հարցնի կազմածներն են, բարքերը, արևելքի ժամը իր կանոն սաղմոսով։ Առավոտվա ժամից հետո և երեկոյան երեկոյան ժամին արձակելուց հետո կարդալ ամեն օրվա խրատական գիրքը։ Ցերեկվա երրորդ ժամին, վեցերորդ ժամին, իններորդ ժամին իրենց նշանակված սաղմոսով, միմյանցից զատ ու առանձին յուրաքանչյուր նշանակվսծ ժամին ասում էին, հետո սուրբ պատարագն էին մատուցում, պատարագի արարողությունը [կատարում էինք] դպիրներով, սարկավագներով և յուրաքանչյուր մեկը իր զգեստներով ամենքը խոստովանում, ապա զգեստավորվում էին, ահով ու դողով էին կանգնում պատարագի առջև և մտավոր ու սրտառուշ աղոթում էին և իմանում սրտով, թե ինչ են աղոթում և այդ պատարագի սկզբից մինչև «Իբրև ճաշեցին» ավետարանի[Ն 4] ընթերցման ավարտը, անդադար ու անընդմիջում արտասուք էին թափում եկեղեցում ինչպես աղբյուրի բխմունք։ Պատարագից հետո անմիջապես ճաշ չէին ուտում, այլ եկեղեցուց ելնելով լռելյայն գնում էին յուրաքանչյուր ոք իր խուցը, որպեսզի ընդունած շնորհը և մտքի լուսավորությունը, որ ընդունեցին սուրբ պատարագից, մի գուցե փարատվի նրանց մտքից։ Այնտեղ խցում աոանձին աղոթքներով էին անցկացնում, մինչև որ խաղաղվում էր նրանց սրտի բորբոքը։ Եվ երբ սեղանի կոչնակը զարկում էին, ապա բոլորը հավաքվում էին սեղանատանը և միաժամանակ սեղան էին նստում և ուտում լռելյայն։ Կլոր տարին օրական մեկ անգամ էին կերակուր ուտում և կերակուրը ուտելիս որոշեցին գիրք կարդալ, որպեսզի քիմքները համը ճաշակեն, նույնպես և մտքները աստծու խոսքերը քննեն։

Արդ՝ նրանց այս հայտնի կարգն ու դրվածքը, որ վերոհիշյալ վարդապետները սահմանեցին երկու մարդկանցով․ իսկ նրանց թաքուն առաքինաթյունները, որ ունեին, նա է միայն իմանում, որ քննում է մարդկանց որդիների սրտերն ու երիկամները։ Քանզի ամենքը զարդարված էին զանազան առաքինություններով, ոմանք կանգնած մնալով, ոմանք պաս պահելու ամրությամբ, ոմանք արթուն մնալով, ոմանք արտասվահեզությամբ, ոմանք լռակյացությամբ, ոմանք հիվանդապահությամբ, ոմանք այլ կերպով, մինչև որ բոլորն էլ արժանացած էին սուրբ հոգու շնորհներին, որին հաճելի էին նրանց սրբանվեր աղոթքները։ Տեր Կիրակոսի մասին պատմում են հետևյալը․ «Աշխարհից մի մարդ եկել, դարձել է մենակյաց, քիչ ժամանակ մնալով անապատում, թեև խոստովանել էր և աշխարհականի հագուստները փոխել, բայց հաղորդված չէր, որովհետև անապատի կարգը այդպես էր, տարին լրանալուց հետո նորեկին հաղորդում էին։ Այս եկած մարդը տակավին տարին չէր լրացել և դրա համար էլ չէր հաղորդվել։ Այնպես պատահեց, որ սա հիվանդացավ և անհաղորդ մեռավ։ Սրա անհաղորդ մեռնելը մեծ խղճի խայթ դարձավ անապատավորների համար, ոմանք կամեցան նույն օրը թաղել նրան։ Իսկ տեր Կիրակոսը պատճառաբանում, պատրվակներ էր հորինում, չէր թողնում թաղել։ Առում էր․ «Այս մարդը եկավ մեզ մոտ և այսքան օրեր մնաց, ոչինչ չօգտվեց մեզնից և այժմ էլ անհաղորդ մեռավ։ Եվ արդ առանց ծեսի ու պատարագի թաղում ենք սրան։ Արդ խղճացեք սրան, այսօր ևս պահեցեք, իսկ Վաղը պաշտում-պատարագ կանենք սրա հոգու համար և այդպես կթաղենք դրան»։ Միաբանները համաձայնվեցին անել այդպես, ր այց չէին իմանում տեր Կիրակոսի մտքում ունեցածը։ Երբ գիշերը անցավ, առավոտյան տեսան մեռածը հարություն առած ու նստած խոսում ու շարժվում էր․ ինքնուրույն ելավ անկողնուց, գնաց եկեղեցին, հաղորդվեց տիրոջ սուրբ մարմնից ու արյունից և գնաց իր հանգստավայրը, երբ մյուս գիշերը եկավ, նորից վախճանվեց, որին տարան թաղեցին միաբանների շիրմատանը։ Այս էին պատմում Կիրակոսի մասին։ Եվ ուրիշ շատ լսելու արժանի պատմություններ են պատմում անապատի մենակյացներից, որովհետև աստված-հոգին վերակացու էր նրանց։

Սարգիս եպիսկոպոսը մարմնավոր պետքերի հոգաբարձու էր, իսկ գրքի [Աստվածաշնչի] ուսուցիչները տեր Կիրակոսը, Պողոս վարդապետը, Մովսես վարդապետը, Ներսես վարդապետը և Թումա եպիսկոպոսը, որոնք երկար ժամանակ միասին մնացին։ Սրանք բոլորը, ապա տեր Կիրակոսը և Թումա եպիսկոպոսը գնացին Քշաթաղ գավառը, Հոչանց[18] գյուղի, մոտ շինեցին անապատ և այնտեղ բնակվեցին։ Իսկ Սարգիս եպիսկոպոսը մնաց միևնույն մեծ անապատում և համբերությամբ կրում էր վրա եկած բոլոր նեղությունները, մինչև որ հասավ խորին ծերության՝ առաքինի վարքով կյանքի ընթացքը ավարտած և հավատը պահած այստեղից փոխվեց կենդանության երկիրը՝ նույն մեծ անապատում, որտեղ թաղված կան նրա մարմնի պատվական նշխարները. նրա վախճանը տեղի ունեցավ մեր թվականության [1069 1620] տարում։ Իսկ տեր Կիրակոսը, որ գնաց Հոչանց, այնտեղ մնաց կրոնական ժուժկալությամբ, նույն տեղում, Հոչանց զյուղի մոտ, իր անապատում վախճանվեց մեր թվականության 1070 [1621] տարում և գնաց իր սիրեցյալ Քրիստոսի մոտ, որին փափագելով մշտապես կրում էր իր հոգում։ Նույն տեղում թաղված են նրա մարմնի պատվական նշխարները ի փառս օրհնված Քրիստոս աստծու Հավիտյանս. ամեն։

Նշումներ
  1. Տես Գաղ․ Զ 14։
  2. Տես Ա Կորնթ. Բ 10։
  3. Հավանորեն չորս եզրանի գլխարկ է;
  4. Տես Յովհ․ ԻԱ 18
Ծանոթագրություններ
  1. Ամբերդը գտնվում է Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառում՝ Արագածի հարավային լանջին Բյուրականից 7 կմ հյուսիս։ Եղել է բերդ-ամրոց։ 13-րդ դարում դարձավ վարչական կենտրոն։ Պահպանվել են դղյակի, բերդապարսպի ավերակները, եկեղեցու, բաղնիքի և ուրիշ կառույցների մնացորդներ։
  2. Կարբի գյուղ Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում, որ հնում կոչվել է Արագածոտն գավառ։ Ինչպես նշում է Դավրիժեցին, Հաբենին գտնվել է Կարբի գյուղի մոտ և Դավրիժեցու ժամանակ արդեն ավերված է եղել։
  3. Կարբուց քիչ հեռու անդնդախոր Քասախի ափին բարձր քարափի վրա կառուցված է Սաղմոսավանքը, որի հնությունը հասնում է մինչև 330 թվականը։ Իսկ ներկայիս կանգուն վանքը կառուցել է Զաքարյանների գործակալ իշխան Վաչեն 13֊րդ դարի սկզբում։
  4. Որպես թե Տաթևի վանքը սկզբնապես կոչվել է Ստաթեի կամ Եվստաթեի վանք, որ հետո ժողովրդի բերանում հնչյունափոխվելով դարձել է Տաթևի վանք։ Ալիշանը կտրականապես մերժում է այսպիսի վարկածը՝ նշելով, որ Ստաթե կամ Եվստաթե առաքյալ Հայաստանում չի եղել և նման բան պատմագիրներից ոչ ոք, նույնիսկ Ստեփանոս Օրբելյանը, որ այնքան մանրապատում է և սիրահարված իր երկրին ու սրա վանքերին և հատկապես Տաթևի՝ իր առաջնորդած վանքին, նման բան չի հիշում և մանավանդ Տաթևի՝ անունը ավելի հին է, քան ավանդությունը և մանավանդ նախապես այդ անունը եղել է գյուղի վրա։ Տաթևը գտնվում է Մեծ Հայքի Սյունյաց նահանգի Ծղուկ գավառում այժմյան Գորիս քաղաքից հարավ-արևմուտք մի քանի կմ֊ի վրա։ Այնտեղ անշուշտ հին վանք եղել է, բայց ներկայիս կիսաքանդ և վերանորոգվող վանքը հիմնադրվել է 895 թվին տեր Հովհաննես եպիսկոպոսի առաջնորդությամբ։
  5. Ալիշանը իր [Սիսական] աշխատության մեջ հիշատակում է Ձորո վանքը և Ցրվանցը իրրև միևնույն վանքը, սակայն ստույգ տեղը չի որոշում, պետք է որ Տաթևի մոտերքը լինի։ Կառուցվել է 9-րդ դարի վերջերին։ 881 թվականին հիշատակվում է Կուրազետի Սմբատ երեցը։
  6. Թանահատի կամ Թանատի վանքը գտնվում է Հայկական ՍՍՀ-ի Սիսիանի շրջանի Արևիս գյուի հյուսիսային կողմում։ Կառուցվել է 5-րդ դարում։ Օրբելյան պատմիչը Տաթևից հետո իր նշանակությամբ երկրորդ նշանավոր վանքն է համարում։ Այժմ խիստ ավերված է։
  7. «Հարանց վարքերը» ժողովածուներ են, որտեղ նկարագրված են եկեղեցական գործիչների՝ ճգնավորների սրբակրոն կյանքը, նրանց տանջանքները կրած նեղությունները հանուն քրիստոնեության, հանուն մեղքերի թողության, նաև դիվական փորձությունների դեմ պայքար, հրաշապատում տեսիլքներ և այլ հետաքրքրական զրույցներ են։
  8. Լիմը Վանա ծովի ամենամեծ կղզին է, որ գտնվում է լճի հյուսիս-արևելյան կողմը։ Ափից հեռու է մեկ կմ:
  9. Շամբ կամ Դարաշամբը հայկական գյուղ էր Արաքսի պարսկական ափին, այժմ թերևս արդեն անմարդաբնակ է։ Այդտեղ է գտնվում Նախավկայի վանքը։
  10. Բարկաշատը ըստ «Բնաշխարհիկի» ավերակ է Վանա ծովի հյուսիսային ափին Արճկեից հարավ-արևելք, հավանորեն սա Սյունիքի Բարկուշատն է, որ գտնվում է Բաղք գավառի արևելյան մասում։ Այդ է ապացուցում Տանձափարախ տեղանունը, որը ըստ Ալիշանի «Թողնելով ժամանակին ու հարմարությանը այս հայտնելու՝ որոնենք մյուս անվանի վանքը, որի տեղը նույնպես որոշ չէ, ոչ էլ նշված է քարտեզի վրա, այլ հավանորեն Բաղքի հարավարևմուտքի մասում է տեղադրված՝ Կապան գետի վտակի հովտում, որ կոչվում է Տանձափարախ» (Ալիշան, «Սիսական» 278)։ Իսկ պատմական Բաղք գավառի մի մասը մտնում է այժմյան Ղափանի շրջանի մեջ։
  11. Շամքորը Մեծ Հայքի Արցախ նահանգի Փառնես գավառն է, որտեղ գտնվում էր Փառիսոս քաղաքը, այժմ կոչվում է Կալաքենդ։
  12. Սիոնը Երուսաղեմի հարավում գտնվող բարձր բլուր է։ Իսկ Աստվածաշնչի խոսքը՝ «Զի ի Սիոնէ ելցեն օրէնք եւ բան տեառն Երուսաղեմէ (տես Միքիէ Դ, Ձ)։
  13. Տես Գազ. $ 14
  14. Կտուցը Վանա լճի արևելյան մասում կղզի է ափից մեկ կմ հեռու։ Կտուց է կոչվել մի ժամանակ տեղատվության հետևանքով թերակղզի դառնալով։ Եղել է նաև գրչության կենտրոն, ունեցել է անապատական միաբանություն։
  15. 150 սաղմոսը բաժանվում է ութ կանոնի, այս ութ կանոնից յուրաքանչյուրը բաժանվում է 7 մասի, յուրաքանչյուր վերջին սաղմոսը, որ իր բովանդակությամբ կարևորն է, կոչվում է կանոնագլուխ։
  16. «Հայսմավուրքը» գիրք է, որտեղ համառոտված են սրբերի վարքն ու վկայաբանությունները. անունը ստացել է «յայսմ աւուր տոն է» նախադասության հաճախակի կրկնությունից։
  17. Շարականները եկեղեցական երգեր են, որոնց հավաքածուն կոչվում է շարակնոց։
  18. Հոչանց գյուղը գտնվել է Մեծ Հայքի Սյունյաց նահանգի Աղահեճք գավառում, որ համապատասխանում է այժմյան Լաչինի շրջանին։ Այստեղ հայտնի են եղել Քաշաթաղ և Խոժոռաբերդ ամրոցները։