ԳԼՈՒԽ Ծ
ՄԱՍՆԱԿԻ ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՔԱՂԱՔ ԿՈՍՏՆԱՆԴՆՈՒՊՈԼԻՍՈՒՄ

Այս հրկիզությանը մենք ականատես չենք եղել, քանզի այդ օրերին մենք Սուրբ աթոռ Էջմիածնում էինք, բայց այնպես եղավ, որ մեր վարդապետ միաբաններից մեկը պատահեց Կոստնանդնոպոլսում. նա Ստեփան վարդապետ էր հորջորվում. տեղով Մեղրի գյուղացի լինելով՝ իր կենցաղավարության հանգամանքները դրեց Էջմիածնի միաբաններին. միևնույն նամակում նկարագրել էր նաև Կոստնանդնոպոլիս մեծ քաղաքի հրկիզությունը, որին նա այնտեղ ականատես էր եղել։ Նրա նամակը առնելով՝ նույն գրածը նրա շարադրությամբ հենց այժմ այստեղ արտագրեցի հետևյալ պատճառով։

Նախ՝ որովհետև առձեռն պատրաստ գրվածը հարմար չհամարեցի վերաշարադրել, և երկրորդ՝ իմ երկար աշխատանքների պատճառով, որից ձանձրացել եմ, քանի որ արդեն տասնմեկ տարին եմ թևակոխում, որ այս պատմության վրա աշխատում եմ։ Որովհետև հարյուր թվականին սկսեցի [ուզում է ասել 1100-1651] գրել, այժմ 111 թվականը թևակոխեցի և տակավին աշխատում եմ սրա վրա. և երրորդ որովհետև ծերացել եմ և ուժից խիստ ընկել, իսկ մահը եկել ամեն օր կանգնել է իմ աչքերի դիմաց, գիտեմ, որ ես կմեռնեմ, իսկ այս գիրքս կմնա կիսակատար, և իմ թափած աշխատանքը ամբողջովին իզուր կկորչի, որովհետև ոչ մեկի հոգը չէ աշխատանքը ձեռնարկելու և ի կատար ածելու, ուստի շտապում եմ, աճապարում, գուցե ավարտեմ, որ անկատար չմնա, և իմ աշխատանքը կորչի։ Ստեփանոս վարդապետի Կոստնանդնոպոլսից ուղարկված գրածի սկիզբը հետևյալն է, որ միևնույն շարադրությամբ արտագրում եմ։

«Բայց Բյուզանդիայի իրադարձությունների ու վշտաբեր եղելությունների, անտանելի տառապանքների ու եղերական դիպվածների մասին ո՞վ կարող է պատմագրությամբ արտահայտել նյութական թղթի միջոցով միևնույն ձևով, որովհետև աստծու կողմից էր այն ցասումը և ամեն մարդու հակառակ ընթացքի մեղքերի դատապարտությունը։ Ուստի ըստ նախախնամության էր ընդհանուր վճիռը մի անձի նկատմամբ իբրև զգաստացում բոլորի։ Ապա թե ոչ ընդհանուր պատիժ կստանային երկու կյանքում ըստ տերունական հրամանի ու պայմանի[Ն 1] ըստ Նոյի լինելու օրերի և ըստ վերջանալի հավիտենական ապագայի: Ուստի զարհուրելի իրեր, երկյուղով լի տեսարաններ, սարսափելի ձայներ, բազմատեսակ ճայթյուններ, բազմազան աղաղակներ, անսպառ տարակույսներ (են լինում): Այսպես և այս կերպ ներկա ժամանակս հրաշագործվեց, որի մասին տկարանում եմ այս նկարագրության առջև։ Քանզի հուլիս ամսի քսանմեկին ըստ հունական տոմարի և հայկական հազար հարյուր ինը թվականի շաբաթ օրվա իններորդ ժամին պատահում է այդ չարաբաստիկ դեպքն ու կսկծալի բանը այս մեծ քաղաքում։ Քաղաքի հյուսիսային կողմից, նրա ծովի մոտ լինում է հրդեհի դեպք խիստ մեծ ու չընդհատվող երևույթով ըստ վերջին նշանի։ Քանզի արքայի նորաշեն պալատից սկսած դեպի վեր ընդարձակ և մեծ տարածությամբ ու սահմանով հրդեհը բռնում է մինչև ջրաբեր կամարը, այնտեղից իջնում է միևնույն տեղը, որտեղից սկսվեց՝ սաստիկ բորյաս քամու օժանդակությամբ։ Եվ այսպես երկու ճյուղի բաժանվելով, տարածվելով ու սպառվելով հասավ մինչև բլուրի գագաթը, որտեղ այլազգիների մեծամեծ ժողովարաններն են կառուցված երևում, որոնք արտաքին տեսքով գեղեցկաշեն արժանի են հիացման ըստ միևնույն նայվածքի։ Ապա այնտեղից իսկույն ու ավելի շուտ երեք ճյուղի բաժանվեց և յուրաքանչյուրի բաժանված ծայրից շտապեցին իրենց առաջ դրված գործի կատարմանը ըստ հաջողակ հողմի ստիպման ու հարվածի իբրև ինչ-որ չափով, սահմանով ու ձևով բանականների պես։ Քանզի, ինչպես ասվեց, ճախրելով երկու եզրերով ամբողջ տարածության հետ միասին մի վայրում փլվում էին բոլոր շենքերի կառուցվածքները լրիվ տապալումով ու ոչնչացումով, այսինքն՝ բարձրաբերձ աշտարակների, ոսկեզօծ պալատների, գեղեցկագիր սարավանդների, բազմածախս շինված ապարանքների ու տների։ Ինչպես ասվեց, երկու ծայրերից մեկը իջնելով գագաթից դեպի արևելք, շրջան առած ծովեզերքով և անցնելով Մաքսապետարանի ու Ավաղակոչականի դռներով վերջացավ իջևանատան մոտ։ Իսկ մյուս ծայրը սաստիկ դեպի արևմուտք գնալով ըստ իր զորության շառաչումով, պարփակելով նույն ձևով դիմեց յոթնակերտ աշտարակների մոտով տարածության չնչին հեռավորությամբ դեպի ծովը իջնելով և անցնելով Նորակոչիկ դռնով, միջոցի եզրի հետ միասին զետեղվում է առաջինի ծայրի մոտ։ Այսպես և այս ձևով վաթսուներեք ժամում երևելի մայրաքաղաքը իր բոլոր արդուզարդից դատարկվեց ըստ այլատեսակ քամիների փչման՝ բորյասների, հարավային քամիների (նոտոսների), փոթորիկների և ուրիշ շատերի։ Մինչև անգամ քարերը այրեց և բոլորովին մոխրի վերածեց։ Եվ արդ՝ այնտեղ պետք էր տեսնել ընդհանուրի տագնապը, այնտեղ պետք էր տեսնել կրծքերի կոծումը, ձայների աղաղակը, աչքերի արտասուքը։ Այնտեղ պետք էր տեսնել ալիքների գալարումը, սրտերի մորմոքը, ձայների ճիչը։ Այնտեղ պետք էր տեսնել անձերի անուրաձևությունը [վշտից օղակվելը], մեջքերի բեկումը, մտքերի սպառումը, որովհետև հուրը ստիպում էր, մշտապես հրահրում և սարսափեցնում. ապարանքներ էին փլվում, որոտմունք էին լինում, ցոլացումներ էին երևում: Ուստի հարուստները տարակուսում էին, ռամիկները հուսահատվում, աղքատները վարանում էին, վիրավորները գոչում էին, ծնողները սգում էին, որդիները դառնապես լացում, որովհետև վերացավ նրանց հույսը, վերացավ իրենցից օգնությունը, զրկվեցին իրենց ունեցվածքից։ Ահա և մի անգամից մեկուսացան, միմյանցից հեռացան և անհայտացան, որովհետև քայքայվեցին, պառակտվեցին և բաժանվեցին հայրերը որդիներից, որդիները հայրերից, մայրերը դուստրներից, դուստրերը մայրերից, բարեկամները բարեկամներից, սիրելիները իրենց սիրելիներից, տակավին միմյանց չգտան ըստ տերունական Հրամանի։

Նաև չէին կարողանում ճանաչել մեռյալներին՝ դիակները թաղելիս, որովհետև մեռած մարդկանց թիվը ասում էին երեք հազար ըստ բացահատ ականատեսության, ըստ կարգված հանձնաժողովի քննության։ Ուստի և տրտմություն, ուստի և հեծություն, ուստի և խռովություններ տարածվեցին ընդհանուրի մեջ ըստ Աստվածաշնչի, թե ձեր տարեկան տաները սգի վերածվեն[Ն 2]։

Ահա կատարվեց այս ամենը մեր մեղքերի պատճառով իբրև հավատացյալ մարդկանց խրատ ու զգուշություն, իսկ ծայր աստիճան հակառակ կանգնածին կորուստ ու կործանում»։ Եվ արդ` սիրելիներ, հարմար չեմ համարում այսպիսի եղելությունը արհամարհել, մանավանդ [կամենում եմ] արժանի անել պատմության, իսկ եթե ոչ, դուք ողջ լինեք ամենքի տիրոջով. ամեն։

Նշումներ
  1. Աստված հրամայեց և պայմանավորվեց, որ նորաստեղծ մարդը բոլոր ծառերի պտուղներից ուտի, բացի գիտության և բարու ծառի պտղից
  2. Դարձցին տարեկանք ձեր ի սուգ եւ ամենայն ուրախությիւնք ձեր ի տրտմութիւն (Տովրիթ Բ 6)