ԳԼՈՒԽ ԾԱ

ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ ՕՍՄԱՆՑԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ. ԽՈՆԴԿԱՐ ԿՈՉՎՈՂ ՕՍՄԱՆԻ ՇԱՌԱՎԻՂՆԵՐԻ ԿԱՐԳԸ ԱՅՍ Է

Օսմանի շառավիղների կարգն ու սկիզբը, որ ծնվել են ու բազմացել, բազմաթիվ քաղաքներ ու գավառներ տիրել են ու թագավորել։ Հայոց 671 [1222] թվականին Օսմանճուկ գյուղաքաղաքից Օսման անունով ոմն հարուստ հավաքելով իր նմաններին ելավ պատերազմեց իր բոլոր տերերի դեմ և նվաճեց նրանց, քիչ-քիչ մեծացավ և դարձավ բազմաթիվ քաղաքների ու գավառների թագավոր։ Սուլթան Օսմանի մահից հետո նրա աթոռը գրավեց նրա որդին՝ սուլթան երկրորդ Օրխանը։ Երրորդ սուլթանը Մահմադն է, չորրորդը՝ սուլթան Մուրադը, հինգերորդը՝ Իլտրում Բայազիդը, վեցերորդը՝ սուլթան Մուրադը, յոթերորդը՝ սուլթան Մահմադը, ութերորդը՝ սուլթան Բայազիդը, իններորդը՝ սուլթան Սելումը, տասներորդը՝ սուլթան Սլեյմանը, տասնմեկերորդը՝ սուլթան Սելիմը, տասներկուերորդը՝ սուլթան Մուրադը, տասներեքերորդը՝ սուլթան Մահմադը, տասնչորսերորդը՝ սուլթան Ահմադը՝ հասակով երեխա, Ջհանգիր (անունով)։

Մանրամասն չեմ կարող պատմել սրանց պարագաները, այլ համառոտ կասեմ։

Երբ Լենկթեմուրն եկել է, նա Իլտրում Բայազիդին Բուրսայում նստեցրել է աթոռին, որ գահն է։ Հետո նրա որդին՝ Աուլթան Մուրադը գրավել է Ատրանան։ Հետո սուլթան Մահմադը հայոց 902 (1453) թ․ գրավել Է Պոլիսը, Կաֆան, Ակքրմանը, Տրապիզոնը և շատ քաղաքներով ու գավառներով է անցել սուլթան Մահմադը։ Սուլթան Բայազիդը հասել է սուլթան Սելիմին, երբ 963 [1514] թվին սուլթան Սելիմը բազմաթիվ զորքերով ելավ, գնաց Շահիսմայիլի վրա և պատերազմեց Չալդրանում, բայց չկարողացավ գրավել այն: Ետ դարձավ, 964 (1515) թ. գրավեց Կամախը։ 965 [1516] թվին գրավեց Ամիդը և հետո 966 (1517) թ. մեծ ջանքով գրավեց Մսըրը 967 (1518) թվին այլազգիները Ամիղում հայերից առան մեծ կաթողիկեն՝ սուրբ Թեոդորոսը և դարձրին իրենց համար աղոթանոց։ 970 [1521] թվականին մեռավ սուլթան Սելիմը, գահ նստեց սուլթան Սլեյմանը։ 984 (1535) թվին սուլթան Սլեյմանը մեծ զորքով ելավ, գնաց Թավրիզ Շահթահմազի վրա, բայց չկարողացավ նրան հաղթել, ետ դարձավ, գրավեց Բաբելոնը, որ Բաղդադն է։ Սակայն ճանապարհին շատ նեղություններ կրեց, որովհետև հանդիպեցին մի ահագին մեծ գետի, որ թուրքերեն բառով կոչվում է Տողուղօլում, որ ինը ճյուղ է նշանակում[Ն 1]։ Այս գետը շատ մարդիկ ու գանձ տարավ։ 1005 [1556] թվին բացին Ամիդի նոր դուռը, որ նայում է արևելք, քանզի առաջին կառուցողը չորս դուռ էր բացել, իսկ վրայից երկար ժամանակ էր անցել։ Որոշ ժամանակ անցնելուց հետո թուրքական թագավորը Ամիդը գրավեց և տեսավ, որ մի դուռը բերդի մեջ էր, ելքն ու մուտքը խցել էին այն, որ թագավորի հրամանով Ջրդուռն է կոչվում։ 1000 [1551] թվին Ամիդում նորոգվեց սուրբ Կիրակոսը[Ն 2]։ 999 (1550) թ. սուլթան Սլեյմանը կրկին մեծ զորքով ելավ, գնաց Թավրիզ Շահթահմաղի վրա, բայց չկարողացավ գրավել. դարձավ Շամիրամակերտի վրա, որ Վանն է և գրավեց այն։ Հետո Սլեյմանը մեռավ, գահ նստեց նրա որդի սուլթան Սելիմը։ 1019 [1570] թվին սուլթան Սելիմը մեծ զորք ուղարկեց Կիպրոս կղզու վրա, երկու տարի պաշարեց այն և գրավեց․ շատ քրիստոնյաներ կոտորեց։ Այս թագավորը ութ տարի թագավորեց։ Հետո թագավորեց սրա որդի սուլթան Մուրադը։

1029 [1580] թվին թագավորը վիրավորվեց հրեաների համարձակությունից և հրեաների ու բոլոր քրիստոնյաների գլուխներից վերացրեց գլխարկները։ Ապա տեղ–տեղ կաշառք տվին և թույլտվություն առան, գլխարկ դրին տասնութ տարի հետո։ Ապա Կոստանդնուպոլսում և այլ շատ քաղաքներում մնացին գլխարկով։

Այս թագավոր սուլթան Մուրադը շատ զորք ուղարկեց Պարսկաստանի վրա և գրավեց Թավրիզը, Երևանը, Գանձակը, Արշարը և Շամախին մինչև Ալանների դուռը[1], որ դրել է Ալեքսանդր Մակեդոնացին։

Երեսուն օրվա ճանապարհի լայնությամբ ու երկայնությամբ տիրեց երկրների։ Տասնհինգ տարի ասպատակվելով՝ սովին ու ցրտից շատերը մեռան, շատ երկրներ ավերվեցին։ Հետո մի փոքր ժամանակ խաղաղություն եղավ։

Սուլթան Մուրադի մահից հետո գահ նստեց նրա որդի սուլթան Մահմադը հայոց 1044 [1596] թվին, բայց խաղաղություն չարեց։ Սրա ժամանակ շատ քաղաքներ ու երկրներ ավերվեցին, որովհետև չէր կարողանում թագավորությունը վարել։ Բոլոր ծառաներն ու տերերը ապստամբվեցին և երես դարձրին նրանից, քանզի միայն ինքը չէր կառավարում։ Երբ մի քաղաք տալիս էր որևէ փաշայի կամ պարոնի, տասն օր կամ քսան օր հետո մայրը կամ քույրը, կամ կինը, կամ վեզիրը տալիս էին մի այլ փաշայի և առնում էին շատ կարմիր դահեկան։ Տիգրանակերտ Ամիդը վեց ամսում ինը փաշայի տվին։ Պատահում էր, որ փաշան էր գալիս, պատահում էր, որ փաշայի ներկայացուցիչը, նրանք որ գալիս էին, գիտեին, որ վերջը փուչ է, ուստի նրանք էլ սկսում էին կողոպտել ու թալանել քաղաքն ու երկիրը։ Ինչ երկարեմ, երբ գրով չեմ կարող պատմել։ Ամիդում այստեղ-այնտեղ շինություն կար, իսկ երբ Ամիդից կես օրվա տարածությունից դուրս ես գալիս մինչև մեծ քաղաք Պոլիս, ավերակ է, տեղ-տեղ են շենքեր գտնվում։ Այս սուլթան Մահմադի ժամանակ Չոռոմ գյուղաքաղաքում հայտնվեց Յազիչի անունով մեկը, որ ուներ Հասան անունով մի եղբայր. ոչ թագավորական տոհմից էր և ոչ մեծ ցեղից, այլ գռեհիկի մեկն էր և ավելի ոչինչ, քան մյուս բոլոր մարդիկ։ Շատ ավերածություններ արեց, հարկապահանջություն էր գցել գյուղերում ու քաղաքներում մինչև Բյուզանդիայի քաղաքի դռները։ Գանգատավորներ հավաքվեցին և գնացին սուլթան Մահմեդի մոտ, թե երկիր ու քաղաք բոլորը ավերվեցին մի ոչինչ մարդուց։ Թագավորը հրաման տվեց, Ամիդ քաղաքում հավաքվեցին հիսուն հազար մարդ՝ ավելի, քան թե պակաս, զորագլխով գնացին նրա վրա, բայց չկարողացան հաղթել, այլ իրենք պարտվեցին։ Նա Ուռհայում էր պաշարված, Ուռհայի բերդի մեծավորին բերդից ցած նետեց, տիրեց բերդն ու քաղաքը, մի ավագ քահանա, մի տանուտեր նահատակեց գանձ հավաքելու համար, իսկ մահմեդական մեծամեծներ շատ սպանեց և այնքան շատ վնաս տվեց Ուռհա քաղաքին, որ պատմել չի լինի։

Երեք տարի վրան հարձակվեցին, բայց իրենց զորապետով պարտվեցին ու ոչնչացան։ Հետո թագավորը վիրավորվեց և հնարք մտածեց, ուղարկեց շատ գանձեր ու նվերահանդերձներ և նրան կանչեց, անցկացրեց մեծ ծովը և նշանակեց իր զորքերի զորապետ ֆռանգների ու մաճառների դեմ։ Այնքան տկարացավ այս թագավորը, որ չկարողացավ հաղթել, այլ հնարք մտածեց և այդ արեց։ Սա ինը տարի թագավորեց. սրա ժամանակ Օսմանի շառավիղների թագավորությունը խանգարվեց։

1053 [1604] թվին սուլթան Մահմադը մեռավ, գահ նստեց սրա որդի սուլթան Ահմադ Ջհանգիրը մանուկ հասակում: 1067 [1618] թվին սուլթան Ահմադը մեռավ, թագավորեց սրա եղբայր սուլթան Մուստաֆան։ Բեզամա արին[Ն 3] չորս ամիս ապրեց իբրև թագավոր, հարկադրանքով ցած իջեցրին և թագավորեցրին սրա եղբորորդի սուլթան Օսմանին տղա հասակում տասնչորս տարեկան և այս տարի՝ 1070 [1621] թվին սուլթան Օսմանը Թաթար խանի հետ գնաց լեհերի վրա պատերազմելու, վերադարձան բազմաթիվ գերիներով։ Նրա ողջ երկիրը բեզամա արին։ Այս նույն տարին աստված սուլթան Օսմանից գերիների վրեժը առավ. զորքը հարձակվեց նրա վրա, սպանեց և թագավորեցրեց սուլթան Մուստաֆային՝ նրա հորեղբորը բանտից հանելով։ Այս պատմությունը ավարտվեց։

Օսմանցի թագավորների կարգը

Ա. Օսման, բ. Օրհան, գ. Մուհամադ, դ. Մուրադ, ե. Բայազիդ, ղ. Մուրադ, է. Մուհամադ, ը. Բայազիդ, թ. Սելիմ, ժ. Սուլեյման, ժա. Սելիմ հրեայի որդի, ժբ. Մուրադ, ժգ. Մահմադ, ժդ. Ահմադ, ժե. Մուստաֆա, ժզ. Օսման, ժէ. էլի նույն Մուստաֆան, ժը. Մուրադ, ժթ, Իբրահիմ, ի. Մահմադ։

Օսմանցիների թագավորների մասին, թե ովքեր են մեկը մյուսից հետո

Սրանք են օսմանցիների թագավորները, որոնց Աստվածաշունչը օձ կոչեց. սրանք շատ ժամանակ առաջ տիրեցին աշխարհին և այս է նրանց ցեղը մեկը մյուսից մինչև այսօրվա ժամանակը։ Օսմանցի մահմեդական թագավորների օսմանցի կոչվելու սկիզբն ու պատճառը հետևյալն է։ Ա. Աոաջին՝ անունը Օսման էր, որ Ճոխ գյուղից էր՝ մի շինական հողագործ մահմեդական մարդ, որ թողեց հողագործությունը և միառժամանակ եղավ գող. քիչ-քիչ զորացավ, գնաց միացավ սուլթան Ալադինին, նրանից զորք առավ, գնաց գրավեց Բուրսա քաղաքը։ Բ. Սրանից հետո թագավորեց նրա որդի սուլթան Օրհանը. սա գրավեց Զենգիշեհերը և բացեց։ Գ. Սրանից հետո թագավորեց սրա որդի սուլթան Մուհամադը, Դ. սրանից հետո թագավորեց սրա որդի Մուրադը։ Ե. Մուրադից հետո թագավորեց սրա որդի Բայազիդը, որ կոչվում էր Իլարիմ. սրան Լենկթեմուրը դրեց երկաթե վանդակի մեջ։ Զ. Սրանից հետո թագավորեց մեկ այլ Մուրադ: Է. սրանից հետո մի այլ Մուհամադ, որ գրավեց Պոլիսը մեր թվականության 902 [1453] թվին։ Ը. Սրանից հետո թագավորեց սուլթան Բայազիդը. սրա ժամանակ Սևաստի վանքում էր գտնվում Մատթեոս վարդապետը։ Թ. Սրանից հետո սրա որդի Սեյիմը, որ սահմանեց երեխա հավաքելը։ Ժ. Սրանից հետո թագավորեց սրա որդի Սուլեյման խոնդկարը [թագավոր], որ ամենից շատ թագավորեց և շրջեց երկրով։ Ժա. Սրանից հետո թագավորեց սրա որդի մի այլ Սելիմ։ Ասում են, թե սա հրեայի որդի էր, քանզի սրա հայրը անզավակ էր, մայրը մի աղջիկ ծնեց, իսկ մի հրեա կին տղա ծնեց։ Թագուհին դրամով համաձայնեցրեց հրեային և աղջիկը փոխեց տղայի հետ, որին Սելիմ անվանեցին. այս է սրա պատճառը։ ԺԲ․ սրանից հետո թագավորեց սրա որդի Մուրադը, որ սև գդակներ հագցրեց քրիստոնյաներին։ Ժգ․ Սրանից հետո թագավորեց սրա որդին՝ մի այլ Մուհամադ։ Ժդ․ Սրանից հետո սրա որդի Ահմադը։ Ժե․ Սրանից հետո թագավորեցրին սրա եղբայր Մուստաֆային երեք ամիս։ Երեք ամսից հետո իշխանները Մուստաֆային գցեցին և թագավորեցրին Ահմադի որդի Օսմանին: Ժզ․ Չորս տարի հետո ենիչերիները սպանեցին Օսմանին և երկրորդ անգամ թագավորեցրին Մուստաֆային, որի մասին ասում էին, թե խելապակաս էր, մեր 1071 (1622) թվականին թագավորեց մի տարի վեց ամիս։ Սրան վերացրին և թագավորեցրին Օսմանի որդի Մուրադին 1072 (1623) թվին։ Ժէ․ Սրա ժամանակ և սույն տարին կարմիր գլխարկավորները, որոնք ղզլբաշներն են, Բաղդադը գրավեցին։ Այս սուլթան Մուրադի հայրը՝ սուլթան Օսմանը մշտապես կերպարանափոխվում էր ու շրջում Կոստանդնուպոլիս քաղաքում՝ սրճարաններում, գինետներում և այլ տեղերում, լսում ու տեսնում էր ենիչերիների ու սպաների անկարգությունները, անիրավությունները և անխնա կոտորում էր սրանց մեծերին ու փոքրերին։ Ուստի ենիչերիների դասերը միաբանվեցին և սուլթան Օսմանին սպանեցին։ Նույն ժամանակ Կարին քաղաքում էր Աբազա փաշան, որ չափազանց արի ու քաջ պատերազմող էր և շատ հեծյալների տեր։ Սա թագավորի արյան վրեժխնդրության համար սկսեց ենիչերներին կոտորել։ Սկսելով Կարինից բոլոր քաղաքներում ու գավառներում կոտորելով գնաց մինչև Անկարա: Չափազանց անխնա ու խիստ չարչարանքներով սպանում էր մինչև բոլոր ենիչիրիների սպառումը։ Անկարայից վերադարձավ և կրկին եկավ Կարին, բերդը ամրացրեց և նստեց մեջը։

Նաև այն քարավանները, որ արևելքից և արևմուտքից գալիս էին Կարին ու գնում, արգելեց ամեն կարգի խորամանկությամբ ու խաբեությամբ, մինչև որ շատ քարավաններ հավաքվեցին։ Ապա օրերից մի օր բոլորի ունեցվածքը հափշտակեց՝ թե կանխիկ, թե ապառիկ և հետո ապստամբվեց թագավորի դեմ և դարձավ ջալալի։ Նաև կամեցավ միաբանվել պարսիկների հետ, որովհետև իր քեռորդուն մեծ զորքով ուղարկեց պարսից Շահ-Աբաս թագավորի մոտ։

Իսկ սուլթան Մուրադ թագավորը այս Աբազա փաշայի վրա ուղարկեց իր վեզիրին՝ Խոսրով փաշային, որ եկավ Կարինի բերդը, գրավեց և Աբազա փաշային բռնեց, տարավ Պոլիս մեր 1077 (1628) թվին։ Թագավորը Աբազա փաշային բանտարկեց և հետո 1083 (1634) թվի օգոստոս ամսին սպանեց։

Այս սուլթան Մուրադը իր վեզիր Խոսրով փաշային ուղարկեց, որ գնա Բաղդադ քաղաքի վրա և գրավի այն։ Խոսրով փաշան գնաց, մտավ Պարսկաստան՝ Համադանի կողմը և հասավ մինչև Դարգազին քաղաքը։ Ձմեռն ու ցուրտը վրա հասան, վերադարձավ, եկավ Թոքաթ։ Այս պատճառով սուլթան Մուրադը Մուրթուզա փաշային ուղարկեց Խոսրով աղային սպանելու։ Նա եկավ Թոքաթ, Խոսրով փաշային սպանեց 1079 (1630) թվին։ Այս այն սուլթան Մուրադն է, և վեզիրը այն Խոսրով փաշան է, որոնց հիշատակել ենք Սահակ կաթողիկոսի հակառակության (ընդդեմ Մովսես կաթողիկոսի) գլխում (Ի գլուխ)։

1083 (1634) թվին օգոստոս ամսին սուլթան Մուրադը խիստ արգելք դրեց ծխախոտի վրա իր տերության բոլոր երկրներում։ Բոլոր սրճարանները, որ կային բոլոր քաղաքներում, քանդեց, ավերեց և վերացրեց, որովհետև այն ժամանակ, երբ ենիչարիները սալթան Օսմանին սպանեցին, սրճարաններում նստած սպանության մասին էին խոսում սուրճ խմելով և ծխախոտ ծխելով։

1083 (1634) թվին սուլթան Մուրադը գնաց լեհերի վրա պատերազմի։ Լեհերը հնազանդվելով նրան վերադարձրին իրենցից, 1083 (1634) թվին այս սուլթան Մուրադի ժամանակ հույները ծռազատիկ[2] արին, երբ վեզիր էր Բայրամ փաշան, որ ազգությամ հույն էր ուստի կողմնապահություն արեց հօգուտ հույների, իսկ հայերին թյուր ներկայացրեց թագավորին, որի պատճառով թագավորը բարկացավ և հայերից սպանեց մի քահանա և երկու աշխարհական։

1084 (1635) թվի մարտ ամսին սուլթան Մուրադը Պոլիսից դուրս եկավ, գնաց Երևանի վրա պատերազմի. օգոստոս ամսին հասավ այնտեղ. իր հետ ուներ յոթ հարյուր հազար հեծյալ ռազմիկներ՝ չհաշված ծառայողները, բեռնակիրները։ Մեծ ուժով ռմբակոծեց բերդը, մի օր գիշեր-ցերեկ վեց հարյուր և էլ ավելի արկով հարվածեցին բերդին, ուստի ինը օրում բերդը գրավեց և բերդի իշխանին՝ Ամիրդունա խանի որդի Թահմաղղուլի խանին իր իշխաններով ուղարկեց Պոլիս. այնքան պահեց, որ այնտեղ մեռան: Այս այն Թահմազղուլի խանն է, որ Էջմիածնի քարերն ուղարկեց Սպահան։

Ապա սուլթան Մուրադը Մուրթուղա փաշային տասնհինգ հազար քաջ կռվող զորքով դրեց Երևանի բերդի մեջ, ինքը անցավ գնաց մինչև Թավրիզ։ Ձմեռն ու ցուրտը վրա հասան։ Նաև լուր եկավ Պոլիսից, ուստի այնտեղից վերադարձավ, Վանի վրայով գնաց Պոլիս։

1085 [1636] թվի դեկտեմբեր ամսին՝ այս սուլթան Մուրադի ժամանակ պարսից Շահսեֆի թագավորը եկավ Երևանի բերդը շրջապատեց. իր հետ ուներ հարյուր հազար կռվող զինվոր՝ չհաշված բեռնակիրները և այլք։ Երեք ամիս նստեց բերդի շուրջը և մեծ ջանքով ու չարչարանքով հազիվ կարողացավ բերդը գրավել, օսմանցի զորքերից չափազանց շատ կոտորեց և ինքը ողջ երկիրը գրավեց։ Օսմանցի երեք փաշայի և այլ նշանավոր իշխանների իր հետ տարավ Սպահան, որոնք և այնտեղ մեռան։

1087 (1638) թվի ապրիլի 28-ին միևնույն սուլթան Մուրադը գնաց Բաղդադի վրա և նոյեմբերի 6-ին հասավ Բաղդադ։ Երեսունութ օր բերդը մեծ ուժով ռմբակոծեց և դեկտեմբերի 4-ին բերդը գրավեց․ այնտեղ գտնված պարսից զորքին իսպառ կոտորեց վրեժխնդիր լինելով իր այն զորքերի համար, որոնց պարսիկները կոտորեցին Երևանում։ Իսկ պարսից փառավոր իշխան Խալաֆ բեկին, որ բերդում էր, բազմաթիվ իշխաններով ուղարկեց Պոլիս, այնտեղ մեռան։ Իր իշխաններից իշխան նշանակեց Բաղդադում և ողջ երկիրը հանձնարարեց նրան։ Ապա Բաղդադից վերադարձավ, գնաց մեծ փառքով մտավ Պոլիս 1088 (1639) թվի հունիս ամսի 2-ին: 1089 (1640) թվին հաշտություն եղավ երկու ազգերի ու թագավորների միջև՝ օսմանցիների ու պարսիկների, որովհետև պարսից Շահսեֆի թագավորը Երևանը գրավեց, իսկ օսմանցիների թագավոր սուլթան Մուրադը՝ Բաղդադը։ Այս երկու քաղաքները գրավելուց հետո երկու թագավորները համաձայնվեցին և հաշտություն արին՝ պայման դնելով, որ երեսուն տարի պահեն հաշտությունը։ Ուստի ամբողջ աշխարհը արևելցիներն ու արևմուտցիները ողորմի են տալիս երկու թագավորներին, որ ապրում են խաղաղության մեջ։ Որովհետև հաշտությունից առաջ փախուստի ու թաքստի, հափշտակության ու ավարառության, գերության ու սպանության, սովի ու մրի մեջ էին, մանավանդ մեր հայոց խեղճ ազգը։

Այս սուլթան Մուրադ թագավորը չափազանց մեծացավ արիությամբ, քաջությամբ, սրտոտությամբ ու խելքով և խիստ հնազանդեցրեց օսմանցիներին, որոնք հիշելով նրա անունը դողում էին, որովհետև կերպարանափոխվելով միշտ շրջում էր քաղաքներում, զորքերի բանակում, ենկիչարիների ու սպաների մեջ, տեսնում ու լսում էր նրանց չարություններն ու անիրավությունները։ Նաև հասարակ շինականների մեջ շրջելով հարցնում էր նրանցից տեղեկանում փաշաների, իշխանների, շեյխեր, գադիներ և մուֆտիներ կոտորեց և անխնա կոտորում էր իբրև ոչխարների, ուստի բոլորը սարսռելով դողում էին նրանից։ Որովհետև իբրև առյուծ հաղթող ու զորեղ էր ամենքի վրա. և այսպես իր կյանքում մեծ փառքով ու հսղթական զորությամբ նա իր թագավորությունը վարել է 1089 [1640] թվին սուրբ Սարգսի շաբաթվա հինգշաբթի օրը մեռավ այս սուլթան Մուրադ թագավորը․ ողջ աշխարհը սգաց սրա մահվան վրա։ Մինչդեռ տակավին հոգեվարքի մեջ էր սուլթան Մուրադը, իր առջև կանչեց իր եղբայր սուլթան Իբրահիմին և թագավոր գրեց իր տեղում, իսկ ինքը մեռավ նույն օրը՝ 18-ին։

1089 (1640) թվին թագավոր նստեց սուլթան Իբրահիմը։ Սա հիշատակելու արժանի որևէ գործ չարեց՝ ոչ արիություն, ոչ էլ արդարություն։ Բայց սրա օրոք օսմանցիների ազգը կազմեց բազմաթիվ նավեր, լցրեց ռամիկ մարդկանցով, և լուր տարածեցին, թե գնում ենք Մալթա կղզու վրա, բայց խաբելով գնացին Կրետե կղզու վրա, որ վենետիկցիների ձեռքում էր, և հեշտությամբ գրավեցին այն, որովհետև կղզու բնակիչները համաձայն էին, որ օսմանցիները գրավեն։ Օսմանցիք Կրետե կղզին վենետիկցիներից առան 1095 [1646] թվին։ Այս սուլթան Իբրահիմը հետևեց որովայնի և ախտամոլության բուժմանը, քանզի իգամոլության ախտի մեջ շատ ավելի թաղվեց, որովհետև բացի իր կանանցից ու հարճերից բոզեր էլ էր պահում իր մոտ, նաև իշխանների կանանց ու աղջիկներին բռնությամբ բերում և իր կամքը հայտնի ու համարձակ կատարում էր, ուստի վշտացած ազգը և իր իշխանները և միաբանվելով նրա սուլթան Մահմադ որդուն դրին նրա տեղը թագավոր, ապա սուլթան Իբրահիմին սպանեցին 1097 (1648) թվին հուլիսի 19-ին: 1097 թվի հուլիսի 28-ին սուլթան Մահմադը նստեց թագավոր, բայց հիշելու ոչ մի արժանի գործ չկատարեց, որովհետև զորությամբ և մարմնով տկար էր, նաև հասակով երեխա էր այնքան, որ հազիվ իր տերության երկիրը նվաճած պահի, և այդպես մնում է մինչև այսօր, երբ մեր 1111 (1662) թիվն է։ Իսկ ապագան տեր աստծուն է իմանալի, որին փառք հավիտյան. ամեն։

Մի այլ խոսք ևս օսմանցի թագավորների մասին

Օսմանցիների թագավորությունը․ Օսմանը, որ առաջինը եղավ թագավոր մեր 691 (1242) թվին, թագավորեց հիսունութ տարի. իրենց 1190 թվականին նստեց թագավոր, վաթսուն տարի թագավորեց։

Օրխանը մեր 749 (1300) թվին նստեց թագավոր, քսանինը տարի թագավորեց, իսկ իրենց 699 թվականին նստեց, երեսուն տարի թագավորեց։

Մուրադը մեր 778 (1329) թվին թագավոր նստեց, հիսունութ տարի թագավորեց, իսկ իրենց 729-ին նստեց, վաթսուն տարի թագավորեց։

Բայազիդը մեր 836 (1387) թվին նստեց թագավոր, տասնչորս տարի թագավորեց, իսկ իրենց 889-ին նստեց թագավոր, տասնչորս տարի թագավորեց։

Մահմեդը մեր 850 (1401) թվին նստեց թագավոր, տասնինը տարի թագավորեց, իրենց 803-ին նստավ, քսան տարի թագավորեց։

Մուրադը մեր 869 (1420) թվին նստեց թագավոր, քսանինը տարի թագավորեց, իսկ իրենց 823-ին նստեց, երեսուն տարի թագավորեց։

Մահմեդը մեր 898 (1449) թվին նստեց թագավոր, երեսունմեկ տարի թագավորեց, իսկ իրենց 853-ին նստեց, երեսուներկու տարի թագավորեց։

Բայազիդը մեր 929 (1480) թվին նստեց, երեսունմեկ տարի թագավորեց, իսկ իրենց 885-ին նստեց երեսուներկու տարի թագավորեց։

Սելիմը թագավոր նստեց մեր 960 (1511) թվին, ինը տարի թագավորեց, իսկ իրենց 917 թվին նստեց, ինը տարի թագավորեց։

Սուլեյմանը մեր 969 (1520) թվին թագավոր նստեց, քառասունվեց տարի թագավորեց, իսկ իրենց 926 թվականին նստեց, քառասունյոթ տարի թագավորեց։

Սելիմը մեր 1015 (1566) թվին նստեց, ինը տարի թագավորեց, իսկ իրենց 973-ին նստեց, ինը տարի թագավորեց։

Մուրադը մեր 1024 (1575) թվին նստեց, քսան տարի թագավորեց, իսկ իրենց 982-ին նստեց, քսանմեկ տարի թագավորեց։

Մահմեդը մեր 1044 (1595) թվին նստեց, տասը տարի թագավորեց, իսկ իրենց 1003 թվին նստեց, տասը տարի թագավորեց։

Ահմադը մեր 1054 (1605) թվին նստեց, տասներեք տարի թագավորեց, իրենց 1013-ին նստեց, տասներեք տարի թագավորեց։

Մուստաֆան մեր 1067 (1618) թվին նստեց, երեք ամիս թագավորեց, իրենց 1027-ին նստեց, երեք ամիս թագավորեց:

Օսմանը նույն թվին նստեց, մեր և իրենց հաշվով չորս տարի թագավորեց։

Կրկին միևնույն Մուստաֆան մեր 1071 (1622) թվին նստեց թագավոր, իրենց՝ 1031 թվին։

Եվ դարձյալ այս ստույգ է, մեր 622 (1243) թվին Օսմանը նստեց և թագավորեց հիսունութ տարի։

750 (1301) թվին Օրխունը նստեց թագավոր և թագավորեց քսանինը տարի։

779 (1330) թվին Մուրադը նստեց և թագավորեց հիսունութ տարի։

837 (1388) թվին Բայազիդը նստեց, թագավորեց տասնչորս տարի։

851 (1402) թվին Մահմեդը նստեց, թագավորեց տասնինը տարի։

870 (1429) թվին Մուրադը նստեց, թագավորեց քսանինը տարի։

899 (1450) թվին Մահմեդը նստեց, թագավորեց երեսունմեկ տարի։

930 (1482) թվին Բայազիդը նստեց, թագավորեց երեսունմեկ տարի։

961 (1512) թվին Սելիմը նստեց, թագավորեց ինը տարի։

970 (1621) թվին Սուլեյմանը նստեց, թագավորեց քառասունհինգ տարի։

1015 (1566) թվին Սելիմը նստեց, թագավորեց ինը տարի։

1024 (1575) թվին Մուրադը նստեց, թագավորեց քսան տարի։

1044 (1595) թվին Մահմեդը նստեց, թագավորեց տասը տարի։

1054 (1605) թվին Ահմեդը նստեց, թագավորեց տասնչորս տարի։

1067 (1618) թվին Մուստաֆան նստեց, թագավորեց երեք ամիս։

1067 (1618) թվին Օսմանը նստեց, թագավորեց չորս տարի։

1071 (1622) թվին դարձյալ նույն Մուստաֆան նստեց։

Մի այլ խոսք ու կարգ Օսմանցի թագավորների

692 (1243) թ. թագավորեց տաճիկ ազգից Օսմանը հիսունութ տարի, որի անունով կոչվեցին Օսմանլու։

750 (1301) թ. մեռավ սուլթան Օսմանը և թագավորեց սրա որդի Օրխանը քսանինը տարի։

761 (1312) թ. սուլթան Օրխանը գրավեց Ատրանան։

779 (1330) թ. թագավորեց Մուրադը հիսունինը տարի։

779 (1330) թ. թագավորեց Մուրադը հիսունութ տարի:

837-ին (1388) թ. թագավորեց Բայազիդը տասնչորս տարի։

851 (1402) թ. մեռավ Բայազիդը, թագավորեց սրա Մահմեդ որդին տասնինը տարի։

851 (1402) թ. թագավորեց Մահմեդը տասնինը տարի:

870 (1421) թ. թագավորեց Մուրադը քսանինը տարի:

899 (1450) թ. թագավորեց Մահմեդը երեսունմեկ տարի:

902 (1453) թ. սուլթան Մահմեդը գրավեց Բյուզանդիան:

930 (1481) թ. մեռավ սուլթան Մահմեդը և թագավորեց նրա որդի Բայազիդը։

930 (1481) թ. թագավորեց Բայազիդը երեսունմեկ տարի։

961 (1512) թ. թագավորեց Սելիմը ինը տարի։

961 (1512) թ. Սելիմը սպանեց իր հորը` սուլթան Բայազիդին և ինքը թագավորեց ինը տարի։ Խռովություն ծագեց երկու եղբայրների միջև՝ սուլթան Սելիմի և Ահմադի։ Սուլթան Ահմադի որդի Մուրադ Սոֆին եղավ սուլթան։

961 (1512) թ. խռովություն ծագեց սուլթան Բայազիդի որդիների միջև, և թագավորեց սրա փոքր որդի Սելիմը։

962 (1513) թ. Սելիմը սպանեց իր հորը` սուլթան Բայազիդին և ինքը թագավորեց։

962 (1513) թ. սուլթան Ահմադը գերվեց իր որդիներով ու դուստրերով, իսկ նրա զորքը փախավ։

962 (1513) թ. սուլթան Սելիմը կոտորեց Շահիսմայիլի զորքը։

963 (1514) թ. կամ 964-ին սուլթան Սելիմը գնաց Շահիսմայիլի վրա, և պատերազմեցին Չալդրանում[Ն 4], բայց չկարողացավ այն գրավել։

964 (1515) թ. սուլթան Սելիմը գրավեց Քեմախը:

965 (1516) թ. գրավեց Ամիդը, 966 (1517) թ, գրավեց Մսըրը, 966 թ. գրավեց Շամը և Մսըրը։

968 թ. Սելիմը չարացավ և սկսեց քրիստոնյաների առաջին մանկահավաքը։

970 (1521) թ. մեռավ սուլթան Սելիմը, և թագավորեց նրա որդի Սուլեյմանը։

975 (1526) թ. սուլթան Սուլեյմանը գնաց Պուտունի[Ն 5] Հունգարիայի մայրաքաղաքը և գրավեց այն։

977 (1528) թ. սուլթան Սուլեյմանը գնաց Պուտուն՝ հունգարների մայրաքաղաքը, և գրավեց այն։

984 (1535) թ. սուլթան Սուլեյմանը գրավեց Բաղդադը։ 985 (1536) թ. սուլթան Սուլեյմանը գրավեց Բաղդադը։ 992 (1548) թ. դերջանցի Մաղաքիա վարդապետը գնաց Սուլեյման սուլթանի մոտ և սրա հրամանով վերացրեց մանկահավաքը Դերջանից ու Բաբերդից[3][4]։

1015 (1566) թ. սուլթան Սուլեմյանը գնաց Փեջի[Ն 6] և այնտեղ Սելիթվարում մեռավ։

1015 (1566) թ. սուլթան Սուլեյմանը մեռավ և թագավորեց նրա որդի Սելիմը ինը տարի։

1015 թ. թագավորեց Սելիմը։

1024 (1575) թ. մեռավ սուլթան Սելիմը, և թագավորեց նրա որդի Մուրադը քսան տարի։

1044 (1595) թ. հունվարի վեցին մեռավ սուլթան Մուրադը, և թագավորեց նրա Մահմեդ որդին հունվարի քսաներկուսին, տասներկու տարի։ Սա երկու բերդ գրավեց հունգարներից։

1044 (1595) թ. դեկտեմբերի երեսունմեկին մեռավ սուլթան Մուրադը, և թագավորեց նրա Մահմեդ որդին հունվարի տասնյոթին։

1044 թ. մեռավ սուլթան Մուրադը, և թագավորեց նրա որդին ինը տարի։

1054 (1605) թ. մեռավ Մահմեդը, և թագավորեց նրա Ահմադ որդին տասնչորս տարի։

1067 (1618) թ. սուլթան Ահմադը Թաթար խանին և Խալիլ փաշային ուղարկեց Շահ-Աբասի վրա, բայց չկարողացան հաղթել նրան, միայն Թավրիզն ու սրա շրջակայքը ավերեցին և ետ դարձան։

Այս տարի մեռավ սուլթան Ահմադը, և թագավորեց սրա եղբայր Մուստաֆան նոյեմբերի տասնինի չորեքշաբթի օրը, երեք ամիս։ Սույն տարում իշխանները տապալեցին սուլթան Մուստաֆային և թագավորեցրին սուլթան Ահմադի որդի Օսմանին փետրվարի տասնվեցին երեքշաբթի օրը, որ թագավորեց չորս տարի։

1067 (1618) թ. թագավորեց Մուստաֆան երեք ամիս, սույն տարին փետրվարի տասնվեցին, երեքշաբթի, Օսմանը չորս տարի թագավորեց տասներեք տարեկանում։

1071 (1622) թ. իր զորքերի կողմից սպանվեց սուլթան Օսմանը, և բանտից հանելով սուլթան Մուստաֆային, սուլթան Ահմադի եղբորը կրկին թագավորեցրին մայիսի տասներկուսին։

1072 (1623) թ. գցեցին սուլթան Մուստաֆային և թագավորեցրին սուլթան Մուրադին օգոստոսի երեսունմեկի կիրակի օրը։

Նշումներ
  1. Տողուզօլում նշանակում է խոզասպան։
  2. Հայկական եկեղեցի է։
  3. Բեզամայ բառը, որ երկու տեղ կրկնվում է միևնույն կապակցությամբ (արարին բեզամայ, բեզամայ արարին) անհասկանալի է։ Ռուսերեն հրատարակության մեջ թարգմանված է մեղադրեցին, բայց՝ «նրա՝ ողջ երկիրը Բեզամա արին»-ը այդ նշանակությանը չի համապատասխանում։
  4. Չալդրանը Մակուի մոտերքն է
  5. Հավանորեն Բուդ [Բուդապեշտիմի մասը]:
  6. Փեջը Պեչ քաղաքն է Հարավսլավիայում:
Ծանոթագրություններ
  1. Ալանների դուռը Դարիալն է։
  2. Ծռազատիկը ծաղրական անվանումն է զատկի այն տոնի, որ տոնացույցների զանազանության պատճառով այլ օր է ընկնում, քան զատկի հաստատված օրը։
  3. Դերջանը Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառներից մեկն է։ Այս գավառի կենտրոնն է Մամախաթուն քաղաքը։ Դերջանը Կարինի (Էրզրում) արևմտյան կողմն է։ Դերջանցի Մաղաքիա վարդապետը 1545թ․ գնաց Կոստանդնուպոլիս սուլթան Սուլեյմանի մոտ և փոխեց մանկահավաքի օրենքը, ըստ որի պատանիներին հավաքում էին և դարձնում սուլթանի կամ այլ բարձրաստիճան իշխանավորների թիմնապահներ, նաև ենիչերիներ։ Մաղաքիա վարդապետին հաջողվում է Դերջան գավառի, Բաբերդ քաղաքի և շրջակայքի մանկահավաքը դադարեցնել։
  4. Բաբերդը [Բայբերդ, Բայրուրթ] գտնվում է Բարձր Հալքի Սպեր գավառում Կարինից 121 կմ հյուսիս-արևմուտք։ Ճորոխ գետով Բաբերդ քաղաքը բաժանվում է երկու մասի։