ԳԼՈԻԽ ԾԳ[Ն 1]:
ԹԱՆԳԱԳԻՆ ՔԱՐԵՐԻ ԱՆՈԻՆՆԵՐԻ ԵՎ ՈՐՊԻՍՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կայծը, որը յաղութն է, այն հատկությունն ունի, որ եթե մարդ դնի բերանը, ծարավը կոտորվում է, իսկ եթե ոսկին հալես և կայծը հալած ոսկու մեջ գցես, չի այրվի, գույնը չի խանգարվի և պայծառությունը չի կորցնի։ Այլև ասել են, թե ով իր հետ ունենա, նա մարդկանց մոտ [սիրով] կընդունվի, նաև զարկվածի [չարքերի կողմից] լավ է։

Սարդիոնը, որ [թուրք] սեյլանն է, [ունի այն հսւտկությունը], որ երբ մեկից արյուն է հոսում, եթե երկաթի կամ քարի վերք չէ, քթից կամ այլ տեղից է, սարդիոնը մոտը պահի, արյունը կկտրվի, կրակի մեջ չի այրվում, ինչպես որ կայծն է, ինչպես մտնում է կրակը, այնպես էլ դուրս է գալիս, ոչ գույնն է կորցնում, ոչ էլ փայլը[Ն 2]։ Նույնպես էլ դեղին սարդիոնը, որ կոչում են թիլա[Ն 3], այլև պիճատի[Ն 4] և տպազիոն են ասում։

Զմրուխտի սևը[Ն 5] եթե օձի առջևը բռնես, տեսնելուն պես օձի աչքերից ջուր է իջնում, և օձը կուրանում է։ Շատերն են այս բանի համար վկայում շատ անգամ փորձելով։ Եվ, եթե քրքումով ծիրանաքարի վրա լավ մանրես և աչքերի վրա քաշես, աչքերի լույսը կավելացնի։ Իսկ եթե զմրուխտը մատին լինի կամ հետը, ապա վնասակար թունավորները չեն մոտենա ունեցողին։ Նաև սև հազ են ասում, այդ հազից մարդ չի ազատվում և նույն հազին, արյունահոսության, փորցավին օգտակար է. փորձված է։

Հասպիսը, որ զապարճատն է, կանաչ, մի քիչ դեղնավուն է, հատկությունն այն է, որ վրան շատ նայելուց աչքերի լույսն ավելանում է, կամ եթե ծեծում ու քաշում են աչքերին, աչքերի քորը վերանում է և բոր հիվանդության դեմ օգտակար է։

Եղնդաքարը, որ ալմաստն է, հին ու նոր է լինում, հինը ավելի լավ է, ամեն քար մաշում է և կտրում, ինքը չի մաշվում։ Կայծի ու սարդիոնի պես կրակի մեջ չի մոխրանում, ինչպես մտնում, այնպես դուրս է գալիս կրակից։ Իսկ եթե կտրատում են, թե մեծ կտրվի, թե փոքր, եռանկյունի, քառանկյունի կամ վեցանկյունի կտոր է ստացվում և սերթիզ-փերթիզ, այսինքն՝ և ծայրը սուր և կողերը սուր։ Արճիճով կտրվում է, արճիճը բարակացնում են և ալմաստը դնում են արճճի մեջ, փաթաթում, ապա դնում են երկաթե սալի վրա և երկաթե կռանով հարվածում են արճճին, որի մեջ ալմաստն է։ Ալմաստը կոտրվում է և մնում է արճճի մեջ, չի սփռվում, այսինքն՝ ցրվում, արճիճի խոնավությունը այն հավաք է պահում։ Հետո արճիճը բացում են, հանում են կոտրատված ալմաստը և գործածում։ Իսկ եթե արճիճ չի գտնվում, ալմաստը դնում են մեղրամոմի մեջ, տասներկու տակ թղթով փաթաթում և կռանով հարվածում են փաթաթած թղթի վրա, որտեղ ալմաստն է։ Ալմաստը մեջը կոտրատվում է. թուղթը մոմով գցում են եռացրած ջրի մեջ. մոմը հալվում է, թուղթը բարձրանում է ջրի երեսը, իսկ կոտրած ալմաստը մնում է ջրի տակ, հետո հանում են, ծեծում պողպատ հավանգում և գործածում, որովհետև այս մանրած ալմաստով ակնագործները տաշում են թանկագին ալմաստը։ Հետը պահելը ուրախություն է բերում։ Նաև հատկանիշների գրքում ասել են, թե երկու պատերազմողներից ում մոտ որ ավելակշիռ ալմաստ լինի, այն կողմը կհաղթի: Ստույգը աստված գիտե։ Իսկ եթե կնոջ ծննդաբերությունը ուշանում է, ալմաստ քարը կապում են բազուկը, կինը ազատվում է։ Ալմաստ քարը նաև այս բանն է անում, որ ծննդաբերող կինը ձախ ձեռքում է բռնում ադամանդաքարը։ Բազմաթիվ անգամ փորձել են այս։

Ագաթը [կատվի աչք քարը], որ յանըլհըրն է, ունի այն հատկանիշը, ինչ որ ունի կայծը։ Հետը վերցնողը բոր, քոսոտություն, քոր և այլ այսպիսի բաներ չի ունենա, ունեցվածքն ու շնորհքը չեն պակասի. մարդկանց մոտ ինքը և խոսքը կընդունվեն, խելքի շահ կունենա: Ինչքան էլ գինի խմի, խելքը չի կորցնի, ասել են, բայց ես չեմ հավատում, որովհետև գինին առյուծի կաթն է, ով որ ագահությամբ խմի, փառքից, խելքից և ունեցվածքից կզրկվի։

Մեղեսիկը [սուտակը], որ լալն [ամեթիոստոսը] այն հատկանիշը ունի, որ եթե բերանդ առնես, ծարավդ կկոտրի, ինչպես որ կայծը ունի այս հատկանիշը։ Եթե ծեծեն ու խառնեն ուրախարար խյուսի հետ, սրտին ուրախություն է և հոգսն ու մտմտուքները կտանի սրտից, իսկ եթե աչքի դեղերին խառնես, աչքի լույսին օգտակար է, սրատես է դարձնում։

Ոսկեքարը, որ թիլան է [դեղին կայծը] ունի այն հատկանիշը, որ եթե բարակ շորով փաթաթես և կրակ դնես վրան, շորը չի այրվի, իսկ ով որ հետը ունենա, գիշերավախից ու երազատեսությունից զերծ կմնա և աստուծով չար փորձանքից կազատվի։

Բյուրեղը, որ պիլորն է, ունի այն հատկանիշը, որ ծեծեն և հին խոցի վրա ցանեն, խոցը կառողջանա, իսկ եթե ատամները մաքրեն, ատամի ժանգը կտանի, հետը պահողը մղձավանջից և երազախաբից զերծ կմնա։ Իսկ եթե ներկվի կարմիր, կանաչ, դեղին, ամեն գույն ընդունում է. կրակի մեջ կրանում է և այլևս չի նորոգվում. կրացածը աչքի դեղերի մեջ է մտնում։

Գոճազմը [սուտակ], որ լաջվարդն է, երկնագույն կապույտ է և լավը այն է, որ երակներ չունի և սպիտակ չէ, կրակի վրա գույնը չի փոխում, ոսկեգույն բծեր է ունենում, եթե արքալաջրի մեջ գցես, լաջվարդը նույն ժամին սպիտակում է և լինում է ինչպես ձյուն։ Ֆռանկստանում ընդունելի է։ Մեծ-մեծ կտորով է լինում։ Հազար դրամանոց[Ն 6] կտոր տեսա։ Վեց հարյուր դրամը 1100 [1651] թվականին Հալեպում ծախվեց տասնհինգ ռեալով[Ն 7], իսկ դրանից առաջ քառասուն ռեալով էր ծախվել։ Ուզբեկստանից է ստացվում։

Մարգարիտը հայտնի է և երկու տեսակ է. մի տեսակը կոչվում է պորտուգալական, մյուս տեսակը՝ հարմուղի։ Հարմուղի մարգարիտը քաղցր են կոչում. լինում է հարթ և փայլուն, անցքը փոքր. մարգարիտի լավը այդ է։ Պորտուգալականը հարթ չի լինում և փայլուն չէ, ինչպես շիրինը։ Պորտուգալականը քաղցր մարգարտի քառորդ գինը արժե, կրակի մեջ այրվում է և կրանում։

Մարջանը, որ հայերեն բուստ[Ն 8] է կոչվում, լավը մուգ կարմիրն է, լինում է նաև բաց-կարմիր, սպիտակ։ Ծառի նման է, բայց ծովում է բուսնում, փայտի պես ցեցակեր է լինում, որդնոտում է ու ծակծկվում։ Եթե թթվի մեջ են գցում, սպիտակում է, իսկ կրակի մեջ կրանում է և սպիտակում:

Յամանիի /Сердолик/ լավը սյալին է, այսինքն թափանցիկ է. մուգ կարմիր, միջակ կարմիր և բաց-կարմիր է լինում։ Քառասուն գրամից ավել չի տեսնվել։ Ասում են տուն փլվելու կամ պատ տապալվելու համար լավ է, որ յամանի կրողը տան կամ պատի տակ մնացած չի տեսնվել։ Օսմանցիների, պարսիկների և բոլոր ռումինների Եվրոպական Թուրքիայի բնակիչներով մոտ այս քարը ընդունելի՝ հաճելի է, որովհետև անունը գրում են վրան և դնում մատանու մեջ։ Բայց լինում է սպիտակագույն, դեղին և ծովագույն [ծիրանի]։ Բայց մուգ-կարմիրը, որ միագույն է և առանց երակի, լավն է։ Եթե մատանու քարը լավն է, երկու կսւմ երեք ռեալ արժի։

Աղեղը կարմիր, բաց-կարմիր և ալ-կարմիր է լինում. լավը միագույնն է, առանց երակի։ Գինը յամանու մեկ քառորդ գինն արժե։

Օձաքարը չորս տեսակ է՝ սև, դեղին, կարմրագույն և այլագույն։ Այնպես է լինում, որ ամբողջովին վարդագույն է, կա որ բծավոր է, կա, որ երկայն ու կարճլիկ է լինում։ Բոլոր տեսակները օձի մաշկի են նմանվում։ Ամեն տեսակի օձաքարը, եթե հարթ քարի վրա քացախ կամ կիտրոնաջուր լցնես և այս քարը քացախի մեջ գցես, եթե օձաքարերը երկու հատ լինեն, կենդանու նման շարժվում են, գալիս են միմյանց ողջունում և միմյանցից հեռանում։ Հատկությունը այն է, որ եթե օձը թունավորում է մարդուն, օձաքարը հեսանին են քսում, մի պուտ խմեցնում են և քսում թունավորված տեղին, նույն օրը աստուծով թունավորվածը ազատվում է:

Հնդիկները փնտրում են այս քարը և փողով գնում. իրենց թագավորը թագին ու մատին այս քարն է դնում, մի մսխալը երկու ոսկի արժե։

Կա մի այլ քար էլ, որ օձաքար են կոչում, թուրքերեն խտրելիազ աղչասի են կոչում. կլոր ու սպիտակ է լինում, սադաֆի տեսակից է. մի երեսը ուռուցիկ է, մյուս երեսը հարթ։ Հարթ երեսին կա բարակ սև թելանման եզրագիծ, որ խխունջաձև է։ Սրա հատկանիշը այն է, որ եթե դոշաբով (ռուփ) կարմիր քամու (օձիկ ցավ) կարմիր տեղի վրա դնես, կպչում է կարմիր տեղին և ութ օր վրայից չի պոկվում, մինչև որ աստուծով առողջանում է։

Յասբ [հասպիս, արևադեմ] որ ունի կանաչ դանդուռի գույն, և վրան շատ կարմիր կետեր, Ֆռանկստանում ընդունելի հաճելի է, մշակելիս ամուր է, շատ է, ամեն տեղ կա։

Խամահի [Kpobobuk hematlte] որ չինական երկաթ է, այսինքն՝ սանկհատիտ, և հայերեն սղուն քար են ասում. բոլորը ծիրանագույն են, երբ հեսանին քսես, կարմրում է, կա որ քսածը ալ գույն է ստանում, կա որ երկնագույն, որ ծիրանի է, և դեղնագույն, և սպիտակ։ Բաց-կարմիրը, որ սրբածից է ստացվում, ուռուցքի համար լավ է։ Եթե վարդաջրով հեսանի քսես և քսածը ամեն տեսակ ուռուցքի քսես, աստուծով օգնում է։

Ճզահ [եղնգաքար], որ թուրքերեն պապաղորի է կոչվում, բոլոր գույները իր մեջ շաղկապված են, դուրս է գալիս Եմենից։ Ֆռանկստանում ընդունելի, հաճելի է։ Լինում է մեծ-մեծ, չոր ու ամուր։

Մղնադիս [մագնիս], թուրքերեն մղլադուզ, հայերեն աղամանդ. սև գույնի է և հայտնի է, որ եթե մոտը պահում են, ջղացավին օգտակար է. նաև բևեռացուցիչ սլաքը սրանով են շինում. թուրքը ղթլա նումայի է ասում, որ նշանակում է հարավացույց։ Երկաթը ձգում է դեպի իրեն, սրան ասել են անշարժ հոգի։ Եթե այս քարը թրի ու դանակի հետ միատեղ մի գիշեր դնես, մյուս օրը այդ թուրն ու դանակը երկաթը կձգեն դեպի իրենց. ամեն տեղ էժան է։

Յաշմ [հասպիս], բոլոր լեզուներով յաշմ են ասում. լավը սպիտակ թղթի գույն ունի, իսկ ստորինը խուխի: Տխմարների համար լավը դանդուռի և ձիթապտղի գույն ունեցողն է, իսկ ավելի ստորինը սևն է և երակոտը։ Ամեն գույն ունեցողը լավը չէ։ Պատահում է, որ մեկ կտորը երեք հազար գրամ է լինում, նաև ավել է լինում կտորը։ Թուրքի մոտ ընդունելի, հաճելի է, իսկ սպիտակը պարսիկի մոտ է ընդունելի։ Սպիտակը խաթայի է կոչվում, աշխարհում Հնդկաստանից է ստացվում։ Ասում են կայծակի դեմ օգտակար է, ուր որ լինի, կայծակը այնտեղ չի հարվածի։ Սպիտակի զուտը, որ հարյուր դրամն է լինում, արժե չորս ռեալ, իսկ մյուսները ցած գին արժեն։

Նիլում [кианит]. արաբների մեջ կոչում են ֆհամ. լավը զուտն է, ունի բաց-կապույտ գույն, թափանցիկ և բաց-կապույտ յաղութի է նմանվում, բայց ջուրը չի ցոլցլում յաղութի նման։ Եվ մեծ և երկու-երեք մսխալ է լինում, էժան է։

Սլեյմանի [ագաթ], որը շերտավոր է, մի շերտը սպիտակ է, մի շերտը սև, կապտավուն ու սպիտակը լավն է, մշակելիս խիստ ամուր է. այս քարը Ֆռանկստանում շատ հարգի է։

Սեպաճ (գիշերաքար, գիշեր) սև քար է, թեթև և շատ մուգ-սև է գույնը, եթե գցես ջուրը, բարձրանում է ջրի երեսը, հատկաթյունը այն է, որ եթե փոքր երեխայի աչքերի դեմ կախեն օրորոցից, փոքրիկ երեխայի կապույտ աչքերը սևացնում է: Փորձված է, այս քարին նայելիս աչքերի լույսը ավելացնում է։

Դեհնե ֆռանկների մեջ [դահական], որ արաբների մեջ կոչում են դհնեճ, եթե քացախով կամ կիտրոնի ջրով քսես գոհարահարդար դանակի վրա ոսկեգույն կամ արծաթի գույն է, քարը կանաչ է և կաղինագույն մի բծով կանաչ, երբ քսածը ոսկեգույն է, այդ լավն է։ Մտնում է ակնադեղերի մեջ, մի մսխալը երեք-չորս ռեալ արժե, կրակի մեջ չեմ փորձել։

Փիրուզ. երեք տեսակ է՝ իսհադի, նշապուրի և շպապեքի։ Լավը զուտն է, որ առանց երակի է, գույնով լավը իսհաղին է, նաև բացագույն նշապուրին, իսկ սպիտակագույն շպապեքին շուտ է ծերանում և կանաչում։ Փիրուզի մասին ասել են, թե ով որ դնի մատը, դրամի պակասություն չի ունենա, խոսքը ընդունվում է. մատը դնողը չպետք է անպատեհ խոսք խոսի ու մտածի, թե փիրուզ եմ դրել, խոսքս ընդունելի կլինի։ Կրակի մեջ այրվում է։ Եթե իսհաղին, միջակ բակլայի չափ լինի, հիսուն ռեալ արժե, նշապուրին սրա կես գինն արժե, իսկ շպապեքին երկու դրամ արծաթ արժե։

Մղնադիս ֆզա, այսինքն՝ արծաթը ձգող․ այն է՝ արծաթը ձգում է դեպի ինքը։ Եթե ոսկու, երկաթի, պղնձի [արծաթի] և այլ խարտուք միատեղ լինեն, ապա այս քարը արծաթը հավաքում է, ինչպես մագնիսը երկաթը։ Այս քարը ժանգագույն է, թափանցիկ է և սուղ. Հաբեշստանից է ստացվում. հնդիկները շատ են պահանջում այս քարը և կոչում են մղնադիս ֆզա, որ նշանակում է արծաթի ադամանդ. արծաթը ձգում է դեպի ինքը որպես ագահ մարդը, ոը միշտ արծաթասեր է և արծաթը իրեն քաշող։

Այս խոսքերը, որ թանկագին քարերի մասին են, ահա գրեցինք։ Ներկա ժամանակին ժամանեց Սարգիս անունով ոմն քահանա, որ մեր ազգից էր, հմուտ էր ու տեղյակ գրքերին. բնակվում էր Բերա քաղաքում, որ այժմ Հալեպ է կոչվում։ Արաբերենի, օսմանցիների և ֆռանկի լեզուների մեջ շատ հմուտ էր, նաև ծանոթ էր Հոռոմի և հրեաների լեզուներին, արհեստով ականագործ էր, որ թանկագին քարերը հարթում ու շինում էր, նաև սրանք գնող ու վաճառող էր։ Երբ մենք Երուսաղեմ էինք գնում, Հալեպում պատահեցինք այս Սարգիս քահանային, որ զրույցների ժամանակ մեզ հետ մշտապես խոսում էր ակնեղենի որպիսությունից, նրա խոսքերը մեզ հավաստի երևացին, ուստի աղաչեցինք նրան, թե դրանք, որ բանավոր ես ասում, գրավոր շարադրիր, տուր մեզ օրինակելու համար։ Նա մեր խնդրանքի համար գրեց, տվեց, իսկ մենք ընդհանուրի օգտի համար շարադրեցինք այս պատմագրքում, նախ՝ որ մենք էինք խնդրել, և երկրորդ, որ այս խոսքը նորություն է. արդ՝ պատահող, ձեզնից այս ենք խնդրում, նախ մի համարեք մեզ ժամավաճառ, և երկրորդ ասեք՝ աստված ողորմի այն տեր Սարգսին և մեզ, մենք էլ կասենք և ձեզ․ ամեն։ Իսկ սրանից հետո գրված խոսքերը, որ ակնեղենի մասին է, առաջուց օրինակը կար. այդ նույնպես սույն շարքում դասելով գրեցինք ընթերցողների օգտակարության համար ի փառս աստուծո։

Նշումներ
  1. Բնագրում չկա գլուխ ԾԳ նշումը, թեև կա գլուխների ցանկում
  2. Բնագրում ճիլա [թուրք․ փայլ, պայծառություն, ողորկություն]:
  3. Թիլա պրսկ․ ոսկի:
  4. Պինատի պրսկ․ նռնաքար:
  5. Բնագրում ըզսյիտին:
  6. Դրամը զանազան վայրերում տարբեր ծանրություն ունի, Հունաստանում՝ 3, չորստասնորդական գրամ, գրեթե նույնչափ է արաբական դրամը (3,310 գ.), նույնն է նաև Թուրքիայում:
  7. Իսպանական հին արծաթյա դրամ:
  8. Բուստը արևմտահայերենում է, արևելահայերենում տարածված է մարջանը: