Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԾԴ
Ալմաստը լինում է տասներկու տեսակ: Երկու վայրից է ստացվում։ Հինը Զուլումաթից[Ն 1] է ստացվում։ Ասում են, թե Ալեքսանդրը գնաց Զուլումաթ, հասավ մի լեռան տակ, հանկարծ ձիու պայտը սայթաքեց․ հարցրեց, թե այս ի՞նչ է, իմաստունները, որոնք հետն էին, ասացին, թե ալմաստ է, երկնքի ցողից է առաջանում։ Պարսիկները դրան խուդայի[Ն 2] են ասում, Ալեքսանդրին ասացին, թե այս լեռան հետևը ավազուտ դաշտ է, ամբողջովին ալմաստ է և անմարդաբնակ, թռչուններից բացի ուրիշ ոչինչ չկա այնտեղ։ Ալեքսանդրը ուզեց այդ ալմաստից, ասացին, թե հեծյալները թող բարձրանան լեռան գլուխը և լեռան գլխին անասունի լեշ գցեն։ Ապա այնտեղ մեծ թռչուններ կան, ալմաստը կկպչի լեշերին, թռչունները կառնեն, կբարձրանան լեռան գլուխը, կնստեն, կուտեն։ Հեծյալները կգնան կթռցնեն, ինչ որ կպած է եղել լեշերին, բոլորը այնտեղ կմնա։ Այդպես արին, որչափ որ կարողացան։ Այդ ալմաստը չափազանց արժեքավոր է, այլ մարդ այնտեղ չի գնացել, իսկ ներկայումս ինչ որ հին ալմաստ գոյություն ունի, այն ալմաստից է։ Ասում են Հնդկաստանում բարձր գին ունի, բայց ամեն երկրում գոհարագետների մոտ այնքան էլ հարգի չէ։ Կրակից դուրս է գալիս, ավելի լավն է, քան նորը։ Վեց երես ունի, որ կողմն էլ շրջես, երեք երես է երևում։ Ասում են, թե գոհարները տասնմեկ կարատից բարձր չեն լինում, բացարձակ սխալ է, քսաներկու կարատ էլ է լինում, գոհարագետները հին ալմաստ չեն տեսել։ Նոր ալմաստ ստացվում է Գուջարատում, Դեկանում, Քալբարկում, Մահուռի Դելեբեջանում, Կարուճանում, Փոռում։ Երեսուն-քառասուն կարատ է լինում. փորում են խոր, շերտ ունի, շերտի մեջ է լինում, հանում են, լվանում։ Հողի միջից է դուրս գալիս, յոթը գույն ունի. հինգ ցորենի քաշին մի մանճալի[Ն 3] են ասում։ Լինում է սառնաշաքարագույն, ձիթապտղագույն, պիստակագույն, բյուրեղային, դեղին, կարմիր, սև։ Ամենից լավը սառնաշաքարագույնն ու բյուրեղը, սրանցից հետո ձիթապտղագույնը, պիստակագույնը։ Այլ տեսակները սրանց նման չեն։ Ալմաստի կարատը հինգ ցորենի քաշ է։ Գոհարների թագավորը ալմաստն է. երկու կարատ սառնաշաքարագույնը կամ բյուրեղին՝ (երեսի) լավ ջրով, այնպես, որ վրան բիծ չլինի Քալբարկում երկու ֆլորինով[1] կարելի է առնել, իսկ Ֆռանկստանում քառասուն ֆլորինով կծախվի, եթե հաճախորդ լինի, էլ ավելի թանկ կծախվի. տաշելուց հետո առաջ է գալիս ծակելը, որ ֆռանկից բացի մարդ չգիտի։ Տաշածի չորս կարատը տասը հազար օթմանի[2] պետք է ծախել: Ֆրանկը Հալեքում ուժ չունի[3], գոհարների թագավորը ալմաստն է, բայց առանց տաշելու մի բան չէ. նրա համար, որ դուրս է գալիս քարերի հետ խառնված, մինչև չտաշվի, չի երևա։ Եթե հատկանիշից հարցնես, այն մարդը, որ ունի խայտաբղետ գույն, ապա ալմաստը վերացնում է, թագավորներին հաճելի է երևում, և խոսքը ընդունելի է լինում, չարքից չի վախենում, փորացավ չի ունենում, քոր չի առաջանում, մոռացկոտ չի լինում, հանգիստ է մնում։ Եթե սալի վրա մանրեն ու տան մարդու, մահադեղ է։
Կայծի [յաղութի] կարատը չորս ցորենի հատիկի քաշ է։ Կայծը երկու բանից է առաջանում. հինը Ցեյլոնում է առաջանում, սա մի կղզի է, որի լայնքը չորս փարսախ է, իսկ երկայնքը՝ չորս հարյուր։ Այն լեռը [որից կայծը դուրս է գալիս] Սալանղիրի սար են կոչում։ Ադամը դրախտից, ասում են, այդ լեռան վրա իջավ. ասում են դրա շնորհիվ էլ կայծը [յաղութը] առաջացավ։ Այդ լեռանից բացի այլ վայրում չկա։ Այնպես իմացիր, որ [կայծը] չորս գույն ունի՝ կարմիր ու լուրթ, դեղին ու սպիտակ։ Կարմիրը յոթ երանգ ունի՝ ծիրանի, նռնագույն, եղրևանագույն, գինեմրուրագույն, գինեգույն, քացախագույն, գունատ [պալխի]։ Լուրթը հինգ երանգ ունի՝ երկնագույն, լեղակի, որ կանաչին է տալիս։ Նախ դեղինը չորս երանգ ունի՝ մոմագույն, նարնջի, հարդագույն [ծղոտագույն], լեռնաբյուրեղագույն։ Սրանք շատ են ստացվում, ուստի արժեք չունեն, կա նոր, որ դեռ խամ է (հասուն չի)։ Ծիրանի կարմիրը լրիվ համահավասար ջրով, եթե քսան կարատ լինի, արժե երկու հազար ֆլորին։ Ցեյլոնի հանքից բացի այլ վայրում չկա, ոչ էլ Խորասանում։ Լուրթ գույնի կայծ Թավուսին[Ն 4] ունի ու Օսմանը Հնդկաստանում [այդպիսի կայծը] արժեք ունի, որովհետև հնդիկները գոտու ծայրին են կապում։ Եվ դեղինը Շիրվանում գին ունի։ Երեխայի համար շատ լավ, ու դեղինը ճանաչելը դժվար է, որովհետև ֆռանկը լեռնաբյուրեղը ներկում է [այնպես], որ կայծից [յաղութից] չի զանազանվում. վարպետ մարգ պիտի լինի, որ ճանաչի։ Այնպես իմացիր, որ կատվի աչքից [թանկագին քար է] իր տեսակի կայծ [յաղութ] է առաջանում և մաքուր [թիրմիլ] կանաչ-կարմիր է առաջանում։ Ասում են, թե հասպիսն էլ իրենից է լինում։ Այնտեղ, ուր կայծն է լինում, մի ջրոտ տեղ է. մարդիկ ավելի քան խոր փորում են, մի ավազոտ տեղ է, լվանում են։ Երբեմն֊երբեմն քար է դուրս գալիս, որ կանաչ ու սպիտակ երիզներից փայլուն երակներ ունի, իմացիր, որ դա ակաթն է [այնիհուր]։ Մի միավոր[Ն 5] ղունարը[Ն 6] կանաչ ջրով, երբ ամեն կողմ շուռ են տալիս, թվում է, թե ամեն կողմից ջուր է կաթում. սրա գինը երեքհարյուր ֆլորին արժե։ [Այն քարը, որ] Միլի ու Ցեյլոնի հանքերից է ստացվում, արժեք չունի։ Տաս ֆլորին գին ունի Արաբիայում։ Կայծի նոր հանքը Բենգալիայի ծովեզերքի մոտ Բանդարում[Ն 7] է ստացվում։ Բանկավ են ասում, որ մի կղզի է, այն կայծը [յաղութը], որ լավ երանգով [ջրով] կանաչ ու նռնագույն է, այն կղզուց է ստացվում, մանլուր է ըրքնակի, որ քարպիկ կակուղ է[Ն 8], կրակից դուրս չի գալիս, հակինթը դրանից էլ լավն է, ֆռանկների համար կոշտն ու փափուկը միևնույնն է, միայն լավ գույն ունենա։ Կայծը [յաղութը] երանգով [ջրով] ու նռնագույնն են ուզում, փափուկին [ու կոշտին] չեն նայում։
Մեղեսիկ [լալ]. իմացիր, որ առաջ մեղեսիկ չկար։ Ջեմշեդ անունով մի թագավոր կար, նրա ժամանակ երկրաշարժ եղավ, և շատ մարդիկ մեռան։ Բալաշխանի մոտիկ մի բարձր լեռ կար, երկրաշարժից այդ լեռը ճեղքվեց, աստծու հրաշքով մեղեսիկը [լալը] այնտեղ երևաց։ Այն լավ մեղեսիկները, որ մարդկանց մոտ կան, բացի այն լեռանից, ուրիշ տեղ դրանց նմանը չկա։ Ամեն երեք հարյուր տարին մեկ դուրս է գալիս։ Այնուհետև մեղեսիկը յոթ գույն ունի՝ կարմիր, նռնագույն, հրագույն, քացախագույն, գինեգույն, կարիճագույն, սիսեռագույն։ Իմացիր, որ տասնմեկ կարատ լրիվ կշիռը քառասուն ֆլորին արժե։ Իսկ եթե երեք կամ չորս կարատ լրիվ կշիռ կարմրագույն լինի, մաքուր կարատը հինգ ֆլորին արժե։ Նռնագույնը և հրագույնը դրա կես գինն արժեն, այդպես է նաև սիսեռագույնը։ Իմացիր, որ մեղեսիկի հատկությունը, իմաստունները ասել են, տաք ու չոր է։ Եվ հետը մեղեսիկ ունենա, ամեն հիվանդության դեմ օգտակար է։ Մեջքացավի համար լավ է, մարդկանց աչքին [մոտը ունեցողը] լավ կթվա, վատ երազ չի տեսնի։ Երեխաների մոտ պահելը լավ չէ, դևերի դեմ էլ օգտակար է, կտապին խառնելիս ուրախացնում է, երեսի գույնը կարմիր է լինում, ախորժակ է բացում։
Զմրուխտ․ երեք ցորենահատը մի կշիռ է[Ն 9]։ Ծախվում է այդ կշիռով։ Իմացիր, որ 1500 տարի առաջ երկու տեղից էր ստացվում, իսկ իր հանքը Եգիպտոսի մոտ է։ Այն զմրուխտի գինը մի ֆլորին է, լինում է 516 կշիռ։ Իսկ այն զմրուխտը, որ մարդկանց ձեռքում է, Ֆռանկստանում է ստացվում, այլ տեղում չկա։ Ունի երեք գույն՝ սամիթագույն, ռեհանագույն և եղինջագույն։ Ռեհանագույնն ու եղինջագույնը մեծ գնի չեն, իսկ սամիթագույնի մի մսխալը Հնդկաստանում երկու հարյուր ֆլորին արժի. նռնագույնն էլ նույն գինն ունի։ Ոմանք ասացին, թե զմրուխտի բնույթը սառն ու չոր է, իսկ ուրիշներն էլ ասացին, թե լավ է, ով որ հետը ունենա, աչքերը չեն ցավի, տեսողությունը կուժեղանա, երկար կապրի, հավկուր չի լինի։ Ասացին, թե զմրուխտը ամեն թույնի դեմ թունաթափ է (հակաթույն), եթե մարդու թույն տված լինի։ Երկու կարատ նռնագույնը ուղտի կաթով տալիս են, ապա աստծով ազատվում է, քրտինքը [թույնը] դուրս է գցում: Եթե վիշապ օձ տեսնի, դիմացը պահիր, աչքերը կպատռվեն, կարիճ կամ օձ խայթելիս [զմրուխտը] վարդաջրով հարում են և քսում են [կծածի] վրա, ողջանում է․ տագնապի ու մտահոգության մեջ չի ընկնում։
Իմացիր, որ մարգարիտը երեք տեղից ավել տեղում չի լինում. ծովի ափից ստացվեց։ Ղեսիմալաքանի մոտ մի կղզի կա՝ ափին, լավ մարգարիտը այն կղզուց է. մեկ էլ Դահթերեում Բենգալիայի Քաքուլի մոտ։ Ընդարձակ է, այնտեղ շատ է ստացվում։ Մեկ կամ կես մսխալ պակաս է գտնվում, մանր շատ է լինում։ Մեկ էլ Եգիպտոսի մասում Կայշաման անունով մի ծով կա, սրա շուրջը նավահանգիստներ կան, շատ են բերում (այստեղ), իմացիր, որ սրա կենդանին հավի չավի է ու սերմը ձկնկիթի նման է, գցում է ծովի մեջ։ Գաղտիկուրը [սատաֆ] նրա սերմից է, երբ անձրև է գալիս և մայիսն է լինում, դուրս են գալիս ծովի մակերևույթին տաքանում և գոյանում են․ գիշերը իջնում են ծովի մեջ․ մինչև քառասուն օր այդպես մնում են, ապա գոյանում: Բծավորն ու դեղինը տարվա եղանակից է, իմացիր, որ ութ կարատը փայլուն (կամ անբիծ) է լինում, արժի ութսուն ֆլորին։ Եթե սպիտակ քաֆուրագույնը (կամֆորագույն) մի մսխալ լինի, հազար հինգ հարյուր ֆլորին արժե, չորս կարատը վաթսուն ֆլորին արժե, երկու կարատ սպիտակ ֆոսֆորագույնը քառասուն ֆլորին արժե, դեղին մոմագույնը անարժեք է։ Եթե հարցնեն, թե այսինչ ծանրության մարգարիտն ինչ արժե, մինչև չտեսնես, չգնես։ Բնույթը սուր է ու թաց, ցերեկակուրին[Ն 10] օգտակար է. աչքի քորին կամ եթե մարդը խայտավոր է, ծեծում ու քացախով քսում են, աստուծով առողջանում է։
Իմացիր, որ փիրուզը ստացվում է չորս տեղից ոչ ավելի: Իր հանքը Նշավուրում է, լավն ու արժեքավորը այնտեղ է լինում։ Երկրորդ հանքը Խոջանդեում է, այն էլ հինգ ֆլորինից պակաս չի լինում։ Երկրորդ հանքը Քիրմանում է՝ Շահպվաքե գյուղում, բայց սա առաջինների համեմատ արժեքավոր չէ։ Չորրորդ հանքը Իսպիրում է, որ արժեք չունի։ Նշավուրի փիրուզից լավը չկա։ Լավ մաքուրի քսան կարատը չորս հարյուր ֆլորին արժե, իսկ մաքուր լավի մեծ կարատը մեկ ֆլորին արժե։ Փիրուզի (որակի) անկումը մուշկից, խոնավությունից ու կրակից, քաֆուրից է, թե որ սրանցից (զերծ) պահեն, գույնը չի անցնի։ Ակնագործները ասացին, թե բոլոր թանկագին քարերից սա լավն է. շատ հատկություններ ունի, ով մոտը պահի, թագավորների բարկությունից զերծ կմնա։ Եթե առավոտյան դրան նայի, հոգս չի քաշի, աչքացավի դեմ օգտակար է, երկար ժամանակ բերրիության, անասունի (առատության) համար օգտակար է, մոտը պահողը վատ երազ չի տեսնի։
Դեղթափը [փանզահը], որին կոչում են մաթոլի հայաթ[Ն 11], մոտը պահելը շնորհներ է տալիս։ Եթե մեկը շաբաթական վեց կարատ քարի վրա ծեծի և ուտի հարյուր քսան տարի կապրի, ցավ չի տեսնի, ով ուտի կամ մոտը պահի, սրտոտ կլինի, չար աչքը վրան չի գործի, օձ կամ իժ չի խայթի։ Ուտողը պետք է վարդաջրով հարի և զգուշությամբ ուտի, որ ակռային չհասնի, վնաս է։ Եթե հարցնես, թե որտեղից է ստացվում, ապա Շիրազի մոտ մի լեռ կա, որին Շաբան քար են ասում, այդ լեռան վրա ցուլ կա, որ մեծ եղջյուրներ ունի, ուրիշ խոտ չի ուտում. Շաբան քար են ասում, այդ խոտից բացի այլ խոտ չի ուտում, այն փորում դեղաթափ ունի։ Ազնիվ քարախունկն էլ այն լեռան վրա է լինում։ Մի խոր ձոր կա, կաթում է այդ [ձորի] քարերին։ Տարեկան հազար մսխալ հազիվ է առաջանում է: Հատկությունը այն է, որ եթե մեկը բարձր տեղից ընկնի ու ջարդվի, ապա եթե կես մսխալ խմեցնեն, կողջանա։ Այդ տեղը պետական է. հարյուր խոյից մեկ խոյի մեջ է առաջանում, այն որ ունի մեծ եղջյուրներ և նիհար է։ Ընդերքում է լինում և փափուկ է, երբ բերան են դնում քար է դառնում: Եթե տասը մսխալ լինի երկու հարյուր ֆլորին արժե, իսկ եթե երկու կամ երեք մսխալ է լինում, արժի տասնհինգ ֆլորին։ Շատերը կան, որ սարքում են, եթե կամենում ես իմանալ, քսիր քարի վրա, եթե սպիտակի, ուրեմն սարքված է, իսկ եթե այլ գույն ստանա, այն լավն է [իսկական է]։ Դեղթափի տեղը առ վետաճրիպան կրով քսիր ձեռքիդ, դեղինը լավն է։ Կրակի մեջ եթե ծուխ առաջացավ, և տեղում բան չմնաց, լավն է, եթե հող մնաց, վատ է։
Հաջարըլթեսը (այծեքարը), որ դեղթափն է և որը հայերը թունադեղ են կոչում, ունի առաջին դեղթափի հատկությունը, իսկ տեսքը նման է կաղնեպտղի, երկարավուն և կլորավուն է լինում, մեկը մեկի տակն է, մեջը կորիզ է, իսկ այս քարի գույնը հողագույն է, սևին է զարկում և մի քիչ էլ կարմրավուն է: Լավը այն է, երբ կաթով քարին ես քսում, կարմրագույն է դառնում։ Իսկ այն, որ լավը չէ, երբ տրորում են, կանաչ գույն է ստանում։ Այդ [քարը] գտնում են վայրի քոշի [արու այծ] փորի մեջ։ Շիրվանի կողմերում է լինում, բժշկապետները շատ են խոսել։ Բժշկարանի հեղինակը ասել է, թե այն քոշը, ասում են, օձից և մուխայից [հակաթույն բույս] բացի այլ կերակուր չունի։ Այս պատճառով հիշյալ քարը առաջանում է քոշի փորում, դրա համար ազնիվ հակաթույն են [թիրյաք] ասում։ Եվ երբ այս քարը քսում են, շատ գույն է առնում, լավը չէ։ Իսկ լավը այն է, երբ քսում են, կարմրախառն սևագույնին է զարկում։ Շամում այդ դեղթափի նման սարքում են այնպես, որ մեկը մեկից հազիվ է զանազանվում։ Սրանց փորձարկելը այսպես է. եթե ասեղը կրակով կարմրացնես, ապա դնես այդ քարի վրա, եթե քարը սարքովի է, սև ծուխ է ելնում, թե ստույգ հակաթույն է, դեղին ծուխ է բարձրանում։ Եթե այն սամիթաջրով տրորեն և օձահարին քսեն կօգնի և անմիջապես ցավը կմեղմացնի։ Ամեն տեսակի գազանահարի օգնում է, չարը խափանում է։ Եթե տասներկու գարեհատի քաշով տան, սրտի թուլությանը օգնում է և մարդուն լավ ուժ է տալիս։ Իր ընդունելու չափը կես դանգ է [երկու գարեհատի կշիռի]. ով ամեն օր սրանից կես դանգ ուտի, կազատվի ամեն չար փորձանքից ու ամեն մահացու դեղերից. օգնում է նաև դյուրաբորբոքին, սրա պատճառը այն է, որ դյուրաբորբոքը այդ բանը անում է ոչ իր բնույթով, իսկ այս դեղի հատկությունը խիստ ջերմ է, իմացիր։
Այնպես իմացիր, որ համպարը թանկագին քարերի կարգին չի պատկանում, բայց դրանց շարքում է գործածվում։ Եմենի ծովի մակերևույթին է լինում։ Զուլումաթը մի քանի կղզի է, այնտեղ ծառեր կան. այդ ծառերի վրա է իջնում ինչպես մանանա [տըփս], ինչպես մեղր։ Վրան շատ ճանճ է իջնում։ Ծառերի վրա այնքան է իջնում, որ ավելանում, հոսում է դեպի ծովը և ծովի մակերևույթը մոմի նման պատում է և խփում է ափը, ծովեզրում շրջող մարդիկ հավաքում են 5—10 լիտր։ Մի անգամ վաճառականները գտան ինչպես քար. մարդ չէր հանդիպել [ծովի] վրան քարի նման էր դարձել։
Իմացիր, որ համպարը չորս տեսակ է լինում շամամագույն, խաշխաշագույն, ծխախոտագույն, պիստակագույն։ Շամամագույնը կլոր է լինում, երբ վերևի շերտը կոտրեն, նմանվում է խաշխաշագույնին։ Խաշխաշագույնն էլ այդպես է։ Ծխախոտագույնն էլ մեջը սպիտակ է ու ամուր։ Պիստակագույնը փափուկ է, շամամագույնը, պետք է իմանալ, 10 մսխալը 5 ֆլորինով կարելի է առնել, իսկ եթե այլ վայրում ծախես, 15 և էլ ավելի կբերի։ Եթե խաշխաշագույնը չորս ֆլորինով առնես, տասներկուսով կծախվի, իսկ եթե ծխախոտագույնը և պիստակագույնը երկու ֆլորինով առնես, այլ վայրում վեց արժե։ Համպարը անուշաբույր է, մարդու քիմքը անուշ է պահում, թախիծը վանում է, աչքերին լավ է, քոսի ու գլխացավի օգտակար է։
Լաջվարդի հանքը Բադախշանում է, Քաղում էլ է լինում, սակայն ամայի է։ Ինչ-որ տներում են մշակում, Քաշից է։ Սամոսատում մի սևագույն քար կա, ծեծում ու բերում են ծախում. կրակից դուրս չի գալիս, իսկ բադախշանը տասը օր կրակում մնում է, չի փչանում, որովհետև գոհար է։ Այնպես իմացիր, որ լավը ձվի նման կեղև ունի՝ սպիտակ ու փափուկ։ Հարյուր մսխալը արժի քսանհինգ ֆլորին։ Խամը (չմշակված) կտոր-կտոր է լինում։ Հարյուր մսխալ լվանում են, կանգնում է քսանհինգ մսխալ։ Ով իմանում է լվանալը, շատ շահավետ է, անլվան քաշին է նման։ Ամալին ու բադաշխին կրակն է զանազանում. աչքերին ավելի օգտակար է, քան ծարիր քաշելը, մաքուր է պահում։ Ճինար[Ն 12] ցավի դեմ օգտակար է, մեջքացավը վանում է։
Մարջանը երեք վայրում է լինում՝ Թուսե քաղաքում, որ Մղրիբի կողմն է։ Դարձյալ ծովից են հանում, ինչպես մարգարիտը։ Քանի դեռ ծովում է, փափուկ է, երբ դուրս են բերում, ամրանում է։ Մի քաղաք էլ կա Ֆռանկստանում, Քիսա են կոչում, այնտեղ էլ է լինում։ Օրմուզի ծովի նավահանգիստներում կա, սև է լինում, որին ուսր են անվանում, նրա սպիտակը մի բան չէ, կարմիր չտաշածը Կուճրաթում գնահատվում է։ Տաշվածը արևելքում արծաթի հետ հավասար գնում է։ Հատկությունը մոռացկոտի համար լավ է, գլուխը չի շարժի, սրտին ուժ է տալիս, ծաթրաքարի հետ խառնված աչքերին օգտակար է։
Աղեղը (սարդիոն) երեք վայրում է լինում՝ Ա. Եմենում, Բ. Գուջարաթում, Պարվաճում[4] շատ է լինում, Գ. Քալբարկում. բայց սրանք Եմենինի նման չեն։ Եմենինի բնույթը այն է, որ իրեն նայելիս չար են կամենում, լավ է լինում։ Հղի կնոջ մոտ օգտակար է։
Հասպիսը, Խաթայի ու Չինաստանի միջև մի գետ կա, այս գետի քարերը հասպիս են։ Հասպիսը հինգ գույն ունի՝ սպիտակ, ձիթապտղագույն, կանաչ, սև, սամիթագույն։ Ամենալավը ձիթապտղագույն քարն է։ Այնտեղ, ով իր մոտ չի պահում (դրանից), նրան չեն հարգում։ Տարեկան հինգ հազար ֆլորին է ստացվում, ով մոտը ունենա, երկրաշարժ չի լինի, մարդու սիրտ չի խփի, կայծակի դեմ օգտակար է։
- Նշումներ
- ↑ Քիչ հետո ասվում է, թե Զուլումաթը 3 կղզի է։
- ↑ Բառացի աստվածային։
- ↑ Բնագրում մաստանա: Ըստ Ք. Պատկանյանի:
- ↑ Կարծում ենք որ Թավուսի աշխարհագրական և ոչ թե սիրամարգագույն։ Նախադասության իմաստը այդ է թելադրում։ Պատկանյանը թարգմանել է սիրամարգ, կրակ, երկինք։
- ↑ Մարդ կամ մարդ պայմանական կերպով թարգմանում են միավոր [Հավանորեն կշռի անուն է]
- ↑ Թանկագին քարի անուն է։
- ↑ Պատկանյանը թարգմանել է իբրև նավահանգստային քաղաք։
- ↑ Ոչ մի կերպ չկարողացանք հասկանալ, թե ինչ է նշանակում «մանլար է ըրքնակի, որ քարպիկ կակուղ է» նախադասությունը։
- ↑ Բնագրում ըռթլ, որ կարատից քիչ պակաս է:
- ↑ Իմա՝ գիշերը ավելի լավ է տեսնում, քան ցերեկը։
- ↑ Կյանքի ձագում՝ սնունդ։
- ↑ Հիվանդության անուն է։
- Ծանոթագրություններ
- ↑ Իտալական հին ոսկյա դրամանիշ է։
- ↑ Թուրքիայում դրամական միավոր էր հնում։
- ↑ Կարչի ուզում եմ մտածել կար չի, այսինքն ուժ չունի, չնայած չի կապակցվում հաջորդ նախադասությանը։ Հնարավոր է, որ կարչի այլ բան նշանակի։
- ↑ Պարտավը Մեծ Հայքի Ուտիք նահանգի և ողջ Հայոց Արևելից կողմանց մայրաքաղաքն էր սկսած 462 թվականից, այժմ կոչվում է Բարդա, կոչվել է նաև Պերոզապատ, Պերոզ-կավատ