***

Պարզ, թափանցիկ են ապակիները
Իմ պատուհանի:
Ու ես տեսնում եմ փողոցով անցնող
          Այն լավ աղջկան,
Որ ինձ չի՜ տեսնում,
Որ չկամությամբ տեղացող ձյունի
Հրապույրն ունի,
Որին, կարող եմ երդվել այս մաքուր,
          չաղարտված ձյունով,
Դեռ անծանոթ է հուրը համբույրի:
Պարզ, թափանցիկ են ապակիները
Իմ պատուհանի,
Բայց թե ինչու եմ ես ջարդել ուզում…
Ես մտածում եմ աղջկա մասին,
Որ ինձ, կարծում եմ, սիրել չի կարող:
Եվ ես նրա հետ երբեք չեմ խոսի,
Հիմարությո՞ւն չէ,
Եվ նա կլինի չգիտեմ ումը,
Բայց իմը` երբեք, երբեք չի՜ լինի.-
Դրա համա՞ր եմ ես նրան սիրում
Այսքան ինքնուրաց-խելահեղորեն:
Տարօրինակ եմ հիմա ավելի,
Քան կարծում էի:
Իսկ պարզ, թափանցիկ ապակիները
                իմ պատուհանի
Ես դեռ չեմ ջարդել,
Երեւի չեմ էլ ջարդելու երբեք: