Պոեմ անվերնագիր

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Երազների մասին

1

Զարմանալի շփոթ ու անհեթեթ, ու մութ
Ես մի երազ տեսա այս երեկո հանկարծ։—
Ո՛չ թե երազ էր այդ, այլ էապես մի մութ
Զառանցական տեսիլ, կամ հոգևոր արկած,
Որ ապրեցի կարծես կախարդական քնում,
Աչքերըս բաց, անխոհ կիսարթըմնի պառկած
Իմ սենյակում, ինչպես սովորաբար, հանգիստ,—
Ընտելացած արդեն այս արթըմնի կյանքին։

2

Արդեն վաղուց է, որ ես մատնված եմ այս
Զառանցանքի նման անիրական կյանքին։—
Եվ, իոգի նման ծալապատիկ նստած՝
Վարժեցնում եմ ոգիս հայեցումի անկիրք...
Պարզ՝ ստիպում եմ ինձ՝ կամքիս ուժին վստահ՝
Ճաշակելու համար անեզրական հանգիստ,—
Ինչպես որ այդ հնդիկ իոգին է վայել—
Իմ սեփական պորտին՝ լուռ՝ ժամերով նայել...

3

Եվ ի՞նչ։— Հասնո՞ւմ եմ ես երանության արդյոք,—
Թե՞— զզվելով պորտիս չքնաղագեղ տեսքից—
Նզովելով ոգու ստրկության արդյունք
Հանդիսացող ամեն վերացական հանգիստ,—
Հռնդալով, խնդուն նետելով դեն անթով
Երանությունն հոգու,— հղում եմ հիմն անգին
Բարիքներին կյանքի, որ մարմնական, շարժուն—
Վառվում, կիզվում են վառ ու վառվելով կորչում...

4

Ավա՛ղ — որքան էլ ինձ և՛ հարազատ, և՛ մոտ,
Եվ ըղձալի է լոկ այս բռնկումն անգին,
Որ ապրելու միակ ձևն ու իմաստն է հար,
Միակ ընթացքը թեժ դեռ կենդանի կյանքի,—
Բայց, մատնված բախտի քմհաճությամբ հիմար՝
Այս մենությանն անծայր, այս վիճակին անկիրք,—
Խողխողելով ոգուս հանդգնությունն հախուռն—
Ընտելացա ուրի՛շ մոլեգնության մի խուլ...

5

Օ, անհեթեթ իմ բախտ, Բեհզեբուղի[1] նյութած—
Իմ հորոսկոպ[2] մթին, իմ դիցուհի անքիթ...
Միաչքանի իմ կուռք՝ Կալկաթայում գտած,—
Իմ մահ, իմ մա՛ռ, իմ Մոյրա՛[3]— Մռա՛— ճակատագիր...
Ավա՛ղ, ապողոնյան ոչ թե վճիտ իմաստ,—
Տախտակներիդ վրա, այլև չնչին մի գիր
Հելլենական — չկար... Այլ նշաններ կոպիտ —
Ծուռն՝ հետքերի նման կույր դիցուհու բոպիկ...

6

Բայց ոչ... Ների՛ր ինձ, ո՛վ իմ անժաման ընկեր,
Իմ սիրուհի, իմ քույր, իմ երազանք անեղծ...
Ողջունեցիր դու ինձ, ինչպես լուսաստղը ջեռ,
Քույր Դիանի[4] պայծառ արծաթազօծ աղեղ
Եվ ոսկե նետ ձեռիդ՝ որս չտեսած ու դեռ
Նոր դաշտավայր ելած, ձույլ կոնքերով ու նեղ,
Տղայական մարմնով մի մանկամարդ նրբին,
Լուսաթաթախ, ինչպես աստեղահև[5] արփին...

7

Այո՛... Որքան էլ ես քեզ նզովեմ՝ հիմար
Կամ անճարակ մարդկանց հերյուրանքից զզված,—
Սակայն հո չե՞մ կարող ես մի եզի նման
Անգիտաբար լիզել իմ կողերին քսած
Ամեն կավիճ ու ցեխ,— կամ <1 անընթ. բառ> համար
Անմտորեն փնչալ, հին թելերից հյուսված
Երեսն ի վայր կախված չոր ծոպերի փնջին,
Որ պաշտպանում են դիմքն երամներից ճանճի...

8

Ո՛չ, անթատակ իմ բախտ,— դու գեղեցիկ էիր,
Դու բարձրացար, ինչպես արծաթացոլ, զուլալ,—
Այգաբացի աստղիկ,— և ըղձանքներ բերիր,
Եվ կարոտի վարդեր, և ադամանդ ու լալ
Երջանկության, փառքի, երազանքի վերին,
Եվ սկզբում չկար անգամ չնչին քուլա
Հորիզոնում քո ջինջ, անեզրական, կապույտ,—
Երգըդ երբ նո՛ր էր դեռ փառքի կամար կապում...

9

Ի՞նչ անեիր սակայն, անօգնական իմ սեր,
Նաիրական իմ երգ, եղերական իմ բախտ,—
Որ նախատինք թվաց սյունհոդոսին[6] այն սև,
Եվ սինկլիտին նսեմ — իմ ծառացումն այդ վաղ,—
Եվ աճեցիր որքան ու խոյացար դու վեր —
Այնքան դժնի դարձավ շնորհներից անկախ,
Ծագման տեղից բխող իրավունքով վերին
Քանքարազուրկ մարդկանց այդ եղկ ոհմակներին...

10

Բայց դու ինչքան անգետ, ու միամիտ, ու խեղճ,
Ու բանաստեղծ էիր, բա՛խտ, երկնայի՛ն իմ քույր...
Դու հավատում էիր երգիդ ուժին անեղծ,
Եվ երգելով միայն, հրապույրով մաքուր
Ընդդիմանում նոցա հերյուրանքին ու եղկ
Բամբասանքին,— անգամ, թե բացարձակ, թե խուլ
Խլուրդային, անկանգ արշավանքը նոցա

Համարում քար՝ դեպի արեգակը գցած...

< 1937, մարտ>


  1. Բեհզեբուղ — եբր. իշխան ճանճ, ճանճի իշխան, փյունիկցիների և ասորիների հին աստվածը, ճանճիկ, հրեաների մոտ՝ չար ոգի, դև. ավետարանում (Մատթ. ԺԲ 24) Բ-ն կոչվում է դևերի իշխան:
  2. հորոսկոպ — հուն. բառացի՝ ժամանակը դիտող, մարդու ծննդյան պահին լուսատու մարմինների դասավորության աղյուսակ, որ մարդու ճակատագիրը գուշակելու նպատակով կազմում էին միջնադարյան աստղագետները:
  3. Մոյրա — հուն. ճակատագիր. Մոյրաները երեք քույրեր էին. ըստ հուն. դից. ճակատագրի անողոք աստվածուհիներ (Զևսի և Ֆեմեդի դուստրերը, որոնք գիտեին ճակատագրի կամքը):
  4. Դիանա — հին հռոմեական դից. մեջ որսորդության աստվածուհին, համապատասխանում է հայկական Արտեմիդին
  5. աստեղահև — աստղերի ձևքն ունեցող, աստղերի պես մարմրող:
  6. սյունհոդոս — եկեղեցական ժողով, որ գումարվում էր կրոնական-եկեղեցական զանազան խնդիրներ վճռելու, վճիռը պարտադիր էր եկեդեցիների համար: