Պոեմ իմ մասին, կամ` 24-ն անց 81 րոպե

ՊՈԵՄ ԻՄ ՄԱՍԻՆ, ԿԱՄ՝ 24-Ն ԱՆՑ 81 ՐՈՊԵ


Ճանապարհ - ահա մի հեքիաթ, որի
ոչ մի բառը հորինված չէ, թեեւ, ի վերջո,
բոլոր մարդիկ անառակներ են, իհարկե՝
Լեւ Նիկոլաեւիչ Միշկինից բացի։

ՍԿԶԲԻՑ ԱՌԱՋ

Երբ սերը ներկա չէ՝ բացակայում ենք
բոլորս։ ՈՒրեմն՝
աշխարհում սահման չունի ոչինչ։ Եվ
ես ոչ մի անգամ չեմ գալիս։ Ասել է թե՝
նշանը կորցնում է իր պատկերը, ինչպես ծաղիկը՝
իր գույնը (մեղքը ընթացքինն է)։ Իսկ
չզգալ ծաղիկը, նշանակում է՝
մեռնել օտարության մեջ։ Հիշողության ծառ, որ
իր մեջ ճյուղավորում է ճանապարհները։

1. ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԼԱԼԻՍ Է ԳԵՏԸ՝
    ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՓԵՐԻՆ

Գիշերալույսի ներսում շարժվում են
առավոտը, ծաղիկը,
մութը։ Եվ ձին
նրա համար է սիրում իր սանձը, որ
մեկ-մեկ այն բաց է արձակվում։

Այնքան արագ մեծացա, որ
մանկությանս ընկած ատամի տեղը չհասցրեց
նորը բուսնել։ Մենք բոլորս մահկանացուներ
ենք, չի մեռնում միայն
մանկությունը։Իմ հեռուն
բացարձակորեն իմն է եւ ես իմ
ճանապարհին չեմ հանդիպում, այլ
ճանապարհների։ Իմ տարա-
ստվերներն ասում են՝ ծաղիկները
չեն ծնվում այնտեղ,
որտեղ չեն մեռել նրանց նախնիները։

Մրրկահողմ - ահա օրորոցս։ Վաղ
գարուն է եւ կարելի է անսխալ հաշվել,
թե քանի հոնի կա
դիմացի անտառում,
որովհետեւ միայն նրանք են ծաղկել դեռ։
Ամենալավ երգն աշխարհի՝ հայերեն
լեզվով լսածս էր, որովհետեւ այն առաջին
անգամ լսել եմ
իմ մորից։ Մութը
ձորն ի վեր հրում է
լեռանը՝ դեպի երկինք։ Մի
հասիր ամենահեռուն՝ որովհետեւ
ճանապարհ չես ունենա այլեւս։ Իր հին
հուշերը փորփրում է անձրեւը եւ հանկարծ
հայտնաբերում ինձ՝ տասնյոթ
տարեկան. «Զգույշ,
տղա ջան, սիրո մեջ հաշիշ կա»։
Ճանապարհները դուստրերն են սիրո։ Ու
թեեւ ուշացողը ինքս եմ, բայց
անվերջ վռազում է ժամանակը։

2. ՑԱՎԸ ԱՆԾԱՆՈԹ ԾԱՂԻԿ-
    ՆԵՐ Է ՄԵԿՆՈՒՄ ԻՆՁ

Երբ ես գամ քեզ մոտ՝ գալու եմ, թեպետ
ժամանակը չի հավատում թվականներին...
Իմ քայլերը ես չեմ հորինում,
իմ քայլերը հորինում է ճանապարհը,
եւ հեռուն, դա նույն մոտիկն է,
միայն թե՝
չհաղթահարված, անգամ՝
եթե քոնն է
Պյութագորասի ոսկե ազդրը։

Ժամանակը ծիծաղում է ժամացույցների վրա,
որոնք սուտ են՝ սիրո
հաստատուն խոսքերի պես։ Ահմադ
Շամլուից մի դուռ փոխառնեմ՝
տխրությանս վրա դնելու համար։
Չեմ կարող
ասել՝ ինձ հիշում ես, թե ոչ,
բայց որ
երբեք չես մոռանում, դա
գիտեմ հաստատ։

Անսովոր է վայրը, առավել եւս՝
ժամանակը։ 24-ն անց 81 րոպե։ Ես
ամեն գիշեր սպասում եմ մի ուրիշ գիշերվա,
ամեն օր՝ մի ուրիշ օրվա։ Եվ
ծաղիկն ինձ
պոկում է ու տեղավորում
իր արմատներից ներքեւ,
կավահողի մեջ։ Թե աչք չփակեմ քո առաջ,
քեզ չեմ կարող տեսնել։ Որովհետեւ քո աչքերը
համբույրի ծաղիկներ են, որ ստեղծագործում են
իմ շուրթերը։ Ի դեպ, ես
միշտ համբուրում եմ քո ոտքերը, որով-
հետեւ շատ եմ սիրում
ճանապարհները։ Ես
երկար ժամանակ սիրում էի՝ չիմանալով, ավա՜ղ,
կարծում էի, թե ատում եմ։ Հոգիս նուրբ է՝
որպես թերթիկը Պարսկական վարդի, այնքան որ՝
նրա վրա ոչինչ գրել հնարավոր չէ, մանավանդ, եթե
ձեռքիդ գրիչը չէ Ֆորուղ Ֆարրոխզադեի։

Մութն արգելված սերերի
հովանավոր է։ Իսկ Չարենցը՝ Կարինե
Քոթանջյանի ձեռքից բռնած, ցատկեց
Կարսի կամրջից, որ
լողա անտաշ ջրերի մեջ, հանկարծ
զգաց՝ Կարինեի հետ հրաժեշտի
հանդիպումը չի կայանա, քանի որ
գետն այլեւս իր տեղում չէր։
Ծովի ու երկնքի միացման գծում ձուկը մեռավ՝
շփոթելով կապույտ ջուրն
ու օդը։ Ճանապարհը, որ քեզ հետ եմ
անցել, անցել եմ
կամ շրջանցել։Ոչ մի
պոետ, երաժիշտ կամ նկարիչ դեռ
ներողություն չի հայցել՝
կնոջ կերպարը
աղավաղելու համար, բոլորի անունից ես
դա անում եմ հիմա, քանի որ
կինը միշտ այլ է, քան
ներկայացնում են նրան։ Իսկ այդ «այլը»
դեռ ոչ-ոք չի հայտնաբերել։ Երբ ես եւ
դու սիրում ենք իրար, ես
Ադամն եմ, դու՝ Եվան,
երբ մենք ուրիշին ենք սիրում,
ոչ դու ես Եվա եւ,
առավել եւս, ոչ ես եմ Ադամ։ Դու
ծաղկանոց ես, ուր մտնողը դուրս
չի գալիս՝ եթե անգամ դուրս է գալիս։
Թող քո աչքերին նայեմ՝ մի երկու տող,
թող քո շուրթերին... նայեմ՝ մի երկու տող,
թող մի երկու տող քեզ հետ քայլեմ։

Ես տեսա աշխարհի ամենագեղեցիկ աչքերը,
բայց, ավաղ, արցունքներ
կային նրանց մեջ։ Քամու
փշուրները հավաքում եմ ափիս մեջ։ Առվի
շուրթերին հնչում է լուսնի սրինգն այնպես,
որ ես այլեւս
ասելիք չունեմ, մանավանդ՝ քեզ։

Հանդիպումը բաժանման առաջին
պայմանն է, իսկ նախապայմանը
տիեզերքի մեջ է՝ որպես շարժում
ու ընթացք։ Եվ, ընդհանրապես,
լինո՞ւմ է, արդյոք, երկրորդ
հանդիպում։ Վաղը ես
այնպես եմ գալու քեզ մոտ, որ քեզ
թվա, թե դու ես ինձ մոտ եկել։

3. ՀԵՌՈՒՆ ԻՄԸ ՉԷ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆՐԱ
    ՀԱՄԱՐ ԵՍ ԻՆՁ ՉԵՄ ԶՈՀԵԼ

Լքվածությունը աշուն է հասունացնում
իմ այն տարածքներում, որոնց
սահմանները նշմարելի էին դառնում քո
ոտնահետքերով։ Իմ ուղին սկիզբ է առել
գալիքից, եւ ես սիրում եմ հեռուն, որից
սնվում է իմ ճանապարհը։ Ցանկացած
հանդիպման մեջ ինչ-որ չափով
մերձենում են հեռուները։ Մեր Ջրաղացի
ձորը մտա այն պահին, երբ այնտեղից
մի անսովոր ու տարօրինակ աղմուկ էր ելնում
լուսնի խառնարանն ի վեր, մոտեցա՝ իմ դիմաց
Ալեն Գինզբերգն էր, երկար ու ձիգ ոռնում էր,
խիստ գզգզված ու խելագար աչքերով։
Ձորն ի վար գայլերը հեռանում էին
անմռունչ ու լուռ, իսկ դելֆյան գուշակուհին
լուսինը հրում էր դեպի հորիզոն։

Ծերությունը ժամանակի սարդոստայնն է, ուր
ընկնում է, ի վերջո, մեր
երիտասարդությունը։ Մանավանդ, որ կարելի է,
վերջապես ջրում խեղդվել, նաեւ առանց
ջուրը մտնելու։ Ամեն մեկս
ազնիվ ենք՝ առանձին-առանձին, մինչդեռ
դժվարը բոլորս միասին
ազնիվ լինելն է։ Բայց, ահա, նա,
ով հրահրում-հորդորում էր՝ սպանել
Էյնշտեյնին, տուգանվեց
ընդամենը 6 դոլարով
(Հոքինգի վկայություններից)։
Ինձ ծնունդ տալուց հետո, միայն
դառնություններ ես պարգեւել, հայրենիք։

Հայոց պատմության թանաքը չչորացած, այն
կրկին դառնում է ներկա, մեր
պատմությունը չի անցյալանում։
Վիշտ - ահա մեր միաբանության միակ
մերանը։ Ցավը մեզ հավաքագրում է,
խինդը՝ ցրում։ Եթե
Կայենը Կայեն է՝ Աբելին սպանելու, ապա
Աբելը եւս Կայեն է՝ թույլ լինելու
եւ սպանվելու համար։ Այդ դեպքում՝
ո՞ւր է Աբելը։ Հասարակ, շատ
հասարակ մի բան. «Պիտի պարզապես
ուժեղ լինել»։ Ահա ամբողջը։ Ի վերջո՝
մորթելուց ոճրական է մորթվելը։ Չլիներ
թռիչքն այնքան գեղեցիկ ու անպաշտպան,
համոզված եմ, որ
չէր հորինվի կյանքում եւ ոչ մի վանդակ։

Սերվանտեսի քաղցը՝
որպես լավագույն խոհարար,
մեզ արդեն ուտում է։ Սեւ՝
որպես անպատուհան պատ։
Անձրեւի մեջ՝ մթան անլուծելի
փոշեհատիկներ։ Գետերը չեն կարող
տարածքների ճշգրիտ սահմանումը տալ՝
որքան էլ անկողմնակալ լինի ընթացքը,
թեեւ, ի վերջո, նրանք հասնում են
ճիշտ այնտեղ, որտեղից
ճանապարհ են ընկել։ Եվ եթե
ժամանակին հատվեր թաթը թալեաթների, իմ մեջ
խոսում եմ Սողոմոն Թեհլերյանի եւ ինձ հետ,
ապա հայոց Մայիսը կգար
ավելի վաղ, քան Ապրիլը եղեռնական։
Հայրենիքը չէ հայրենիքը,
հայրենիքը
վաղն է։

Տառապանքի սահմանումը զուրկ է
բառերից, ավելին՝
տարածություն ու ժամանակից (որովհետեւ
տարիները չեն գնում, տարիները գալիս են։ Եվ ես
բացառիկ եմ, ուղղակի՝ ապուշ)։
Բռնիր Արխոնդուլա Նեխամայի ձեռքը եւ նրանով
բացիր անցյալը, չէ որ այն եւս կարող է
կորցնել իր պիտանելիության ժամկետը։
Եվ երբ պատերազմ չէ, դեռեւս
խաղաղություն չէ,
նույնիսկ՝ խաղաղություն չէ,
երբ արդեն խաղաղություն է, քանզի
խաղաղությունը բոլոր-բոլոր
պատերազմներից ամենազարհուրելին է։
Մութն ու լույսը նույն
հերթափոխում են իմ շուրջ։ Ես
ձեզանից մեկն եմ, որը բոլորովին
ձեզանից մեկը չէ։ Բացարձակապես։

Պոեզիայի գերնոր մաքառումներում երկինքը
աճում է, եւ ես մեկ-մեկ Ջոնաթան
Լիվինգսթոն ճային
հանդիպում եմ
Այստեղ ու Այժմ կոչվող տարածքում։

Իսրայելում Արցախի կարոտից զոհված
երգահան Էդուարդ Ղազարյանցը
թողել է մի կտակ. «Ստեփանակերտցի
Գարիկ Բալասանյանին եմ նվիրում
իմ «Ակորդեոնը», որի մեջ մի մեղեդի կա, որ
ոչ ոք դեռ չի հնչեցրել, խնդրում եմ, այն նվագել
մեր բարձրիկ երկրի բոլոր անկյուններում»։
Նվագել, որ մեր զոհերը
չզոհվեն երկրորդ անգամ։ Իսկ լքել
հողն՝ արյամբ մաքրված, նշանակում է
ոտնահարել իրավունքները նահատակների։
Մանավանդ՝ մենք լավ գիտենք միասին զոհվելը,
ուրիշ է, որ միասին ապրելը դեռ չենք սովորել։
«Հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղիցի անուն քո...»։
Ես չեմ ուզում բառը դառնա
մահապատիժը մտքի։ Եվ
այն կարծիքին չեմ, թե քնելու
ամենահարմար տեղն ուղտի ականջն է։
«Բա հասունացած մեղո՞ւն՝ չհասունացած
վարդի մեջ»,- ասում է
ամառը։ «Բա դափնու տերեւը՞» ,-
փեշիցս ձգում է մրջյունը։ Նա,
ով գիտե, նշանակում է՝
հարգում է դիմացինին եւ
չի աճեցնում չբեր բառերի բազմություն։

Ինքնամութ գիշեր։ Եթե, երազիդ մեջ
հանդիպում ես չքնաղ ու մեղավոր աղջիկների եւ
քնած ես կնոջդ ծոցում, ապա
միակ փրկությունն, ընդհանրապես, քնից
չարթնանալն է, մանավանդ, երբ
փափուկ անկողին է
դարձել ԱԺ-ն, որտեղ բոլոր
երեսփոխանների ականջները դասավորված են
սխալ՝ ձախն ու աջը շփոթել են տեղերն իրենց եւ,
բացարձակապես, ոչ մի կանչ չեն լսում,
չեն լսում, առավել եւս, ձայները ժողովրդի։
Մեզ խեղում է դանդաղ
մանդարինյան մի լեզու, ծամված,
ատամի տակ, հնադավան ու
խեղճ՝ որպես բացարձակ
մեծամասնություն։ Եվ ելքն
այնտեղ է միշտ, ուր
ինքը չկա։ Լույսի ամենաապահով թաքստոցը,
դա խավարն է։ Աթենական բոռի
խելահեղ բզզոցներն իմ ունկերից
չեն հեռանում, իսկ Հռոմը ղեկավարած
կայսրերից 20-ը (20-200թթ.) եղել են
հոգեկան հիվանդներ, նրանք, ասում են,
թունավորվել են կապարով։
Ծանր։ Ստրկադավ։ Մինչդեռ
ով ոչինչ չի տեսնում,
թվում է նրան, թե
տեսնում է ամեն ինչ։ Երկրագունդը թե
կլոր չլիներ, գուցե եւ, ով գիտե,
տարիները չգլորվեին այսքան արագ
եւ կյանքը մի քիչ երկար տեւեր։

Մեծ լեռը պիտի անընդհատ բարձրանա, որ
կարողանաս հասնել
փոքրերին։ Մենք
այնքան ենք հեռացել մեզանից, որ
մեր աչքում Փոքր Մհերն արդեն
այլմոլորակայինի կարգավիճակ ունի։ Իսկ
կրկնել ուրիշին, նշանակում է՝
անհարգելի բացակայել։
Հրթիռի նախատիպը քարայրն է։

4. ՎԵՐՋԻՑ ՀԵՏՈ

Իմ գոյության զարկերակը, դա ցավն է,
միակն իմ ունեցածների մեջ, որ միայն
իմն է, մնացած ամեն ինչը
ենթակա է վիճարկման։ Գրեթե միշտ։ Ես
հարգում եմ քո հարգանքն իմ հանդեպ եւ
այլեւս ինձ սեր հարկավոր չէ։ Բոլորով
ոչ մի ժամանակ ներկա չեն
լինում, եւ իմ բառերի եզակի կապը
թղթի խաբուսիկ հարթությունն է։ Ես միշտ
խոսքս ավարտելուց հետո եմ
ասում ասելիքս։ Իսկ ճանապարհն
աշտարակ է մի անվերջանալի, որը
ձգվում է սակայն ոչ թե
դեպի վեր, այլեւ երկրի հարթությամբ, ուր
ամեն քայլ բացասում է նախորդին։