Պոեմ հերոսական

Պոեմ հերոսական


ՊՐՈԼՈԳ
I

Լեֆյան թմբուկը թողած մի կողմ,
Հատվող տողերը նետելով դեն,
Կրկին խրթին մի խոր դողով
Առնում եմ յամբ ես ու քողաղոտ,
Որ մեր պայքարը քնարերգեմ:
Կռվի շռինդ էր, թինդ էր երեկ,
Երեկ ճակատ էր ու բարիկադ,
Երեկ ճչում էր ամե՛ն մի քար
Ու պայքարում էր ամե՛ն տերև:
Ելել էր կյանքը հունից երեկ
Ու կոտրատում էր խութերն իր հին.
Հատվող տողեր էր երեկ բերել
Պոեմներին իմ ու երգերին…
Երբ սուր սուլում էր կյանքի քամին,
Ճչում էր կյանքը, ինչպես շչակ —
Օ, հարկավոր էր այնպե՛ս ճչալ,
Որ որոտո՛ւմ էլ իմանային:
Այսօր մեր կյանքը հանգիստ է քիչ,
Ռումբի շաչյունը այսօր չկա.
Թեկուզ այսօր էլ դեռ կա Չեկան,
Սակայն գործում է սառն ու հանգիստ:
Թեկուզ մեր կյանքը հորձանք է դեռ,
Թեկուզ պայքարը կրկի՛ն համառ —
Բայց դադարե՞լ են հո հողմահար
Որոտումները թնդանոթի:
Եվ ես առնում եմ քնար եթե,
Փոխում եմ զենքս, — սակայն գիտեմ՝
Թնդանոթները երբ աղմկեն —
Կրկին տողերս կդառնան թեժ…

II

«Երեկ…»:
Բառում այս որքա՛ն փորձանք,
Որքան կրա՛կ կա ու կամք անկոր.
Ես ո՞նց երգեմ այս խաղաղ հանգով
Այն տարիները անվերադարձ…
Ամեն մի ժամը՝ հիմա մի հարց,
Ամեն վայրկյանը՝ զարմանք մի հուր.
Ամեն մի քայլը` սխալ դրած`
Փոխել կարող էր կյանքը` մահու:
Խոր վարանքո՛վ մի, անհուն ահով,
Ես մոտենում եմ հիմա մեր այն
Տարիներին թեժ ու հողմահար,
Երբ մութ էր դեմը, անապահով:
Երբ հողմերում խուլ ու մթագին,
Ինչպես գարնանը ելման ջրեր —
Հորդել գալիս էր ուժ մի նորեկ`
Անկազմակերպ դեռ, անգիտակից…
Երբ խորշերից խոր, կյանքի տակից
Ելնում էր ուժը մեր ապագա.
Հորդում էր կամքը իր ահագին
Մեր հորձանուտը բանվորական:
Երբ մեր երկրում հին, ուր շարունակ
Քեռի Նիկոլն էր նիզակ ճոճել —
Ելնում էր նո՜ր մի, նո՜ր մի բանակ,
Որ Հոկտեմբերն էր կյանքի կոչել…
Օ, երկունքո՛վ խոր, մահվան գնով,
Կոփվում էր կյանքը մեր իրական.
Ցավով ելնում էր արև մի նոր
Երկրի վրա մեր նաիրական…
Գնում էր կյանքը անդարձ հունով,
Քանդում էր հինը, ոնց զառանցանք —
Ու բարձրանում էր էպոս մի նոր
Տարիներից այն՝ դժվար անցած…

III

Հիմա ելնում են ահա իմ դեմ
Այն տարիները, արդեն անցած.
Եվ այն դեմքերը, որ հրեղեն
Տարիներո՛ւմ այն հերոսացան…
Ելնում են դեմս, ժպտում են ինձ,
Կանչում են բա՜րձր, բա՜րձր ձայնով —
Եվ հարազատ է ամեն մի ճիչ
Այնպես հոգուն իմ, սրտին իմ` մո՛տ:
Ողջո՜ւյն, ողջո՜ւյն ձեզ, իմ ընկերնե՛ր,
Իմ հերոսնե՛ր նոր` ելած երեկ.
Հիմա ձեր կամքն է երկրում ելել,
Ձեր հաղթանա՛կն է ամենուրեք…
Անհուն լույսով մի, մի նո՛ր փայլով
Մեր աչքերի՛ դեմ պայծառացած`
Ահա գործե՛րը ձեր արյունոտ
Եվ բախումները արճիճափայլ…
Եվ ժողովուրդը իմ նաիրյան
Հրե հողմո՛վ ձեր, հողմո՛վ ձեր տար,
Եվ կռիվները այն անդադար,
Եվ քաղաքները՝ իրար վրա…
Դեռ կյանքը ա՛յլ էր, տագնապը` այլ,
Մի ա՛յլ ոգի էր երկրում տիրում,
Բայց աչքերի՛ դեմ ձեր երերուն
Հուրհրատում էր ուրի՛շ մի փայլ:
Երկրում դեռ մուժ էր ու մեգ մռայլ,
Երկրում տիրում էր նաիրյանը…
Բացել էր մահը իր բերանը
Եվ սպասում էր անայլայլ:
Տարիներում այն դեռ ո՞վ գիտեր,
Որ խորշերո՛ւմ խոր, կյանքի տակին
Եռում էր ուժը մեր ահագին,
Մեր հորձանուտը ահագնաթև:
Եվ չտեսա՞վ իմ սիրտը միթե
Մութ հողմերում այն — ո՛ւժը մեր նոր,
Որ վարանքո՛վ մի դեռ նո՜ր, դեռ նո՜ր
Ելնում էր` նո՜ր էր, նո՜ր էր հորդել…
Եվ մի՞թե, մի՞թե, մի՞թե չերգե՞ց
Եվ չողջունե՞ց իմ սիրտը խնդուն
Այն առավոտը — այն խոր մթնում,
Խոր խավարո՛ւմ այն — արևն այն կեզ:
Երկրում երբ մա՛հ դեռ ու մուժ կար մի`
Այն ո՞ւմ հայացքն էր անահասաստ,
Որ մեր գալիքը այնքա՜ն կարմիր
Եվ այնքա՜ն, այնքա՜ն պայծառ տեսավ
Եվ շատերի՛ն դեռ թվում էր երբ,
Թե գերեզմա՛ն է մեր դեմ բացվում —
Իմ աղաղակը, իմ երգը չէ՞ր`
Հնչեց խանդո՛վ խոր ու խաղացկուն…
Խո՜ր հիացքով մի ու խինդով խոր
Ես ողջունեցի այգը երկրիս
Եվ ավետեցի թինդով երգիս
Երկրիս թռիչքը ու բախտը նոր:
Եվ աղմկում են եթե այսօր,
Ղժժում են շուրջս ձայներ նորեկ —
Ես հարցնում եմ թախիծով խոր. —
Ձեր ձայնը ո՞ւր էր, ո՞ւր էր երեկ…
Ինչքան էլ խորը ես դեգերեմ,
Ինչքան երթին ձեր լինեմ «օտար» —
Գիտեմ` երկիրս ինձ փա՛ռք կտա
Եվ սերունդները ինձ կներեն…

1925, Հռոմ