Պուղու վրա շուն չի հաչում
Մելիք Շահնազարն ու Պուղին ճամփորդում էին գյուղեգյուղ։ Շեն չհասած, մեկ-մեկ վրա էին տալիս թափառական շներն ու, ասես խոսքները մեկ արած, Պուղուն թողնում, խմբվում էին Մելիքի շուրջը, սկսում հաչել։ Պուղին նման դեպքում արագ ցատկում էր էշից ու երկար մահակի հարվածներով հեռացնում գազազած շներին։
Մի օր էլ Մելիքը չի համբերում.
-Պուղի, էս ինչու շները քեզ թողած, միշտ իմ շուրջն են հավաքվում, ինձ վրա հարձակվում։
-Առանձին գաղտնիք չկա,- բացատրում է Պուղին, -ինձ ճանաչում են, գյուղերում ես ավելի շատ եմ լինում, դրանից բացի էլ՝ Պուղու վրա շուն չի հաչում։
Մելիքը մի քիչ մտածում է ու թե.
-Չէ, Պուղի, երեւի ուրիշ բան էլ կա...
-Դեհ, էդ մեկը ես չուզեցի ասել։
-Ո՞ր մեկը...
-Հնուց ասված խոսք է՝ շների հոտառությունն ուժեղ է լինում, գիշակեր են նրանք, հոտը հեռվից էլ են զգում։ Իսկ քո սիրտը, Մելիք, քեֆիդ չդիպչի, վաղուց է հոտած-փտած։
-Ինչո՞ւ, ա պել,- փորձում է կատակի վերածել Շահնազարը։
-Սիրտդ փտած չլիներ, մեր Արցախի «սրտում» թուրքին տեղ չէիր տա... Փանահ խանին։ Շուշին հիմա ձեռքից գնում է։
Նրանք արդեն գյուղ էին հասնում, Մելիքը չուզեցավ այդ զրույցը շարունակվի, խոսքը փոխեց։ Հեռվից դեռ լսելի էր շների կենտահաչը։